Showing posts with label գրականություն. Show all posts
Showing posts with label գրականություն. Show all posts

Thursday, January 8, 2015

Արևմտյան հեքիաթների ադապտացիան ու պրոպագանդան ԽՍՀՄ-ում

Վերջերս ի մի բերելով ավելի վաղ արած նշումներս, նկատեցի հետաքրքիր օրինաչափություն, որը ավելի ու ավելի շատ սկսեց հաստատվել: Օրինաչափությունը վերաբերում էր խորհրդային շրջանի երեք տարածված մանկական գրքերի՝ Ալեքսեյ Տոլստոյ, «Ոսկե Բանալին կամ Բուրատինոյի արկածները», Ալեքսանդր Վոլկով, «Զմրուխտե քաղաքի հրաշագործը», Կոռնեյ Չուկովսկի, «Բժիշկ Այբոլիտը»:

Խնդիրը նրանում էր, որ երեք աշխատանքներն էլ օրիգինալ պատմություններ չէին: «Ոսկե Բանալին» (1936) Կառլո Կոլլոդիի «Պինոկիոյի արկածների» (1883) մշակում էր, «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» (1939)՝ Ֆրենկ Լ. Բաումի «Օզի հիասքանչ հրաշագործը» (1900) մանկական վեպի, «Բժիշկ Այբոլիտը» (1936)՝ Հյու Լոֆտինգի «Բժիշկ Դուլիտլի ճանապարհորդությունները» (1920) գրքի:

Նիկոլայ Նոսովն իր «Անգետիկի» նկատմամբ մի քիչ ավելի օրիգինալ մոտեցում էր ցուցաբերել՝ կանադացի նկարիչ Պալմեր Կոքսի կոմիքսնեի հերոսի համար նոր արկածներ էր գրել, ոչ թե վերամշակել ու սովետականացրել արդեն գրվածը:

Եկեք տեսնենք, թե հենց ինչ են «մշակել» մեր հեղինակները: Ավելի ճիշտ, համեմատենք օրիգինալ ու մշակված գրքերը:

Կոլլոդիի Պինոկիոն չար երեխա է, որն աստիճանաբար սովորում է իր շրջապատին լավ վերաբերվել, ինչի շնորհիվ իրեն պարգևատրում են իսկական մարդ դարձնելով: Կոլոդդիի Մանջեֆուոկոն (որի համարժեքն է Տոլստոյի Կարաբաս Բարաբասը) հակասական կերպար է, բայց ոչ Կարաբասի նման «չար կապիտալիստական էքսպլուատատոր»: Օրինակ, նա հինգ ոսկեդրամ Պինոկիոյին տալիս է ոչ թե շահամոլական նկատառումներով, այլ որովհետև Պինոկիոն պատմում է, որ ինքն ու իր հայր Գեպատոն աղքատ են: Բուրատինոն, ի հակառակ Պինոկիոյի, ի սկզբանե այդքան բացասական կերպար չի, ու աստիճանաբար ոչ թե դառնում է ավելի մարդկային ու զգայուն, այլ, եթե տիկնիկ մնալը համարենք հավերժական երիտասարդության սիմվոլ, վերածվում է «հավերժական երիտասարդ կոմսոմոլի»: Նա չար կապիտալիստ Կարաբասի տիկնիկներին համոզում է գնալ ու իրենք՝ կոմունիստական տիկնիկային թատրոնը բացել, ինչն ավարտվում է Կարաբասի կապիտալիստական համակարգի անկմամբ: Դե ֆակտո, Կոլլոդիի «բարի, լսող երեխա եղիր, թեչէ կպատժվես» խրատաբանությունը վերածվում է «իսկական կոմունիստը պետք է զբաղվի պրոլետարիատի մեջ դասային գիտակցություն արթնացնելով ու կոմունիստական կարգեր հաստատելով» խրատաբանության:

«Զմրուխտե քաղաքի հրաշագործը» գրքին թղթային տարբերակով ծանոթ չէի, մինչև չդիտեցի նրա սովետական տիկնիկային էկրանավորումը: Հետո կարդացի գիրքը: Այստեղ հեղինակ Վոլկովն ավելի քիչ է ձգտել օրիգինալության ու մանր, ոչ էական փոփոխություններ է մտցրել, որոնք ավելի շատ Բաումի նկատմամբ անշնորհք վերաբերմունքի մասին են խոսում, քան «ադապտացիայի» բնույթի: Բայց երբ հասնում ենք գրքի այն մասին, որտեղ Արևմուտքի Չար Վհուկը բանտարկում է Դորոտիին (Բոլկովի մոտ՝ Էլլիին) իր ամրոցում, հանկարծ Վոլկովի Էլլին ու խոհարարը սկսում են... Վհուկի ծառաներին մղել հեղափոխության: Վոլկովի գիրքն օրիգինալի հետ համեմատ բավականին ողորմելի նմանակում է, ինչի պատճառով մեծ մասամբ մոռացվել է հետսովետական շրջանում:

Այբոլիտը Դուլիտլից ավելի է հեռացել, մանկական արկածային պատմությունից վերածվելով խրատականի, ինչով Չուկովսկին հաճախ է աչքի ընկնում: Բայց երևի երեքից ամենաանմեղ օրինակը սա է:

Ինչի մասին էր խոսքը: Խորհրդային շրջանում պաշտոնական պրոպագանդան ուղղված էր գիտության ոլորտում ռուս կամ խորհրդային գիտնականներին ամեն ինչ վերագրելուն: Չէր խոսվում այն մասին, որ Մենդելեևի պարբերական աղյուսակին նախորդել էին Լավուազիեի և այլոց պարբերական աղյուսակներն, ու որ Մենդելեևին զուգահեռ ոչ լիարժեք պարբերական աղյուսակ է հրատարակել գերմանացի քիմիկոս Ջուլիուս Լոթար Մեյերը: Լոբաչևսկու երկրաչափության մասին խոսելիս դասագրքերում չէր հիշատակվում, որ ոչ էվկլիդյան երկրաչափության հայտնագործությունը կապված է երեք անունների՝ Գաուսի, Լոբաչևսկու ու Բոլյայի: Ընդ որում, երեքից առաջինը Գաուսն էր, բայց լայն հասարակությանը տեսությունը ներկայացրեց հենց Լոբաչևսկին: Քանի որ Գաուսը Լոբաչևսկու հրապարակումները բարձր էր գնահատում, գրագողության մասին խոսք լինել չի կարող: Բայց մենք խոսում ենք ոչ թե Լոբաչևսկու վատ գիտնական լինելու մասին, ինչը շատ անարդար կլիներ տաղանդավոր մարդու նկատմամբ, այլ հայտնագործության մոնոպոլիզացիայի: Պետրովսկու հոգեբանության դասագրքում հոգեբանության հայտնագործությունը որպես գիտություն վերագրվում է Պավլովին: Գնահատելով Պավլովի կողմից պայմանական ռեֆլեքսների մեխանիզմի հայտնագործությունը, պետք է նշել, որ հոգեբանության արմատները գալիս են դեռ հին հույներ Արիստոտելի ու Գալենի դիտարկումներից, ինչն արդարացի նշում է ժամանակակից հոգեբանության հայր Զիգմունդ Ֆրեյդը:

Ընդ որում, մոնոպոլիզացիան առավել հատուկ էր կրթական կամ մանկական նյութերին՝ «ուղեղ լվալանու» տարիքներին: Բայց, փաստորեն, ԽՍՀՄ-ում գողանում էին ոչ միայն «արտասովետական» գիտության ձեռքբերումները (ֆիքսենք, որ խորհրդային բազմաթիվ հայտնագործություններ «կապիտալիստական» հայտնագործությունների կլոններ էին՝ ինչպես սովետական ֆոտոապարատները պատճենահանում էին Leica-ի և այլ ապարատներ, օբյեկտիվները՝ Carl Zeiss Biotar ու Jenna օբյեկտիվները, Электроника БК համակարգիչները IBM PC-ի կլոններ էին և այլն), այլ նաև արտասահմանյան գրողների աշխատանքները, դրանք հարմարեցնում «հեռափոխական-պրոլետարական» մտածելակերպին ու օգտագործում «պիոներական» սերունդ մեծացնելու համար:

Այնպես որ, զարմանալի չի, որ մեր մեջ դեռ սեպի նման խրված է սոցիալիստական մտածելակերպը. մեզ հեքիաթի մակարդակի վրա այդպես են դաստիարակել: Այնպես որ, եթե ցանկանում եք ձեր երեխաներին լավություն անել, մի կարդացեք նրանց համար խորհրդային հեքիաթներ: Գտեք լավ գրքեր (Katherine Paterson, «Bridge to Terabithia», Paul Gallico, «Jennie», Walter Macken, «Rain on the Wind», Robert C. O'Brien, «Mrs. Frisbie and the Rats of NIMH»` եթե իմ ցանկը ձեզ չափազանց մռայլ թվա, լավ գրքերի ցանկ ինքներդ կարող եք կազմել), թող դրանք շոշափեն բարդ, զգայուն թեմաներ, ինչպիսիք են վախը հաղթահարելն ու սեփական «եսը» գտնելը, բարդ իրավիճակներ, կորուստ հաղթահարելը, թող դրանք ձեզ էլ մտածելու տեղիք տան: Հիշեք, եթե դուք համարում եք, որ ձեր երեխան հիմար է ու նրան պետք է պրիմիտիվ, հիմար գրքր կարդալ, նա, հնարավոր է, այդպիսին էլ մեծանալ: Ու բացի ձեզանից ոչ ոք դրա մեջ մեղավոր չի լինի:

Tuesday, November 11, 2014

«Բարձի գիրք», գրառում առաջին, “Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը”

Կանո Սանրակու, վաղ 17-րդ դար
“Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը: Երբ լույսը սահում է սարերի վրայով, նրանց ուրվագծերը գունատ կարմիր են ներկվում, ու մանուշակագույն ամպերի ծվենները թափառում են նրանց վրայով:

Ամռանը՝ գիշերները: Ոչ միայն երբ լուսինն է փայլում, այն նաև մութ գիշերներին, երբ լուսատտիկներն այս ու այն կողմ են թռչում, ու նույնիսկ երբ անձրև է գալիս, որքան գեղեցիկ է այն:

Աշնանը՝ երեկոները, երբ փայլող արևը սուզվում է սարերի եզրին, ու ագռավները ետ են թռչում դեպի իրենց բները եռյակներով ու քառյակներով. էլ ավելի հմայիչ է վայրի սագերի երամը, որ հեռավոր երկնքում կետերի է նման: Երբ արևն արդեն մայր է մտել, մարդու սիրտը հուզվում է քամու ձայնից ու միջատների բզզոցից:

Ձմռանը՝ վաղ առավոտները: Իրոք գեղեցիկ է, երբ գիշերվա ընթացքում ձյուն է եկել, բայց երբ հողը սպիտակ է եղյամից, դա էլ է հիասքանչ, կամ երբ նույնիսկ ձյուն կամ եղյամ չկա, բայց պարզապես շատ ցուրտ է, ու սպասավորները շտապում են սենյակից սենյակ, որ կրակներ վառեն և ածուխ բերեն, ինչքան է դա համապատասխանում եղանակի տրամադրությանը: Բայց հենց մոտենում է կեսօրն ու ցուրտը կոտրվում է, էլ ոչ ոք չի հոգում, որ օջախները վառ մնան, ու շուտով կրակներից մնում են միայն սպիտակ մոխրի կույտեր”:
Սեյ Սյոնագոն, «Բարձի գիրք», գրառում 1
մ.թ. 1002 թվական

Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի, Իվան Մորրիսի անգլերեն թարգմանության հիման վրա («The Pillow Book of Sei Shōnagon», Penguin Books, 1991, ISBN 978-0-231-07337-0)

Thursday, September 11, 2014

Անվանեք ինձ Իշմայել. Հերման Մելվիլի «Մոբի Դիկ կամ Սպիտակ Կետը» վեպի քննադատություն

Ներածություն

«Անվանեք ինձ Իշմայել»: American Book Review պարբերականն իր «Գրքի 100 լավագույն առաջին նախադասություններ» ցանկի առաջին տողում նշում է հենց Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» վեպի սկիզբը, ու ես լրիվ համաձայն եմ պարբերականի հետ: Հենց այդ պատճառով էլ ես չէի կարող այլ կերպ սկսել հոդվածս: «Մոբի Դիկը» պատմում է իրական անունը չնշվող պատճառներով թաքցնող հերոսի մասին, որը նավաստի է դառնում նավապետ Ահաբի «Պեքոդ» կետորսական նավի վրա, դրանով դառնալով Ահաբի ու Մոբի Դիկ անունը ստացած ալբինոս կետի միջև մահացու պայքարի մասը:

«Պեկոդի ճանապարհորդությունը»
նկարիչ՝ Էվերետտ Հենրի
«Մոբի Դիկը» համարվում է ամերիկյան ռոմանտիզմի շրջանի որոշիչ աշխատանքներից մեկը, թեև իր հրապարակման պահից մինչև Մելվիլի մահը ենթարկվել է ոչնչացնող քննադատության ու խիստ ցենզուրայի: Փաստացի, այն արժանի ուշադրություն է սկսել ստանալ միայն Առաջին Համաշխարհայինից հետո, երբ հաստատված, ընդունված արժեքները սկսել են վերանայվել: Կցանկանայի զգուշացնել, որ թեև մեծ է այս վեպը որպես արկածային գրականություն կարդալու գայթակղությունը (իմ կարծիքով՝ Մելվիլի ժամանակակիցների մեծ սխալներից մեկը), այն կտրուկ տարբերվում է Ստիվենսոնի, Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի ու Ժյուլ Վեռնի արկածային վեպերից: Ավելին, ես պնդում եմ, որ «Մոբի Դիկը» հանդիսանում է ամերիկյան գոթական գրականության ներկայացուցիչ ու գոթական վեպ, որը պետք է դիտարկել այնպիսի աշխատանքների կողքին, ինչպիսիք են Էդգար Ալան Պոյի «Աշերի տան անկումն» ու Բրեմ Ստոկերի «Դրակուլան»:

Քանի որ արտասահմանյան գրականության հայալեզու քննադատությունը բավականին սուղ է, այն էլ ինտերնետում, հոդվածս ավելի ծավալուն կստացվի, քան նախատեսված էր, ու կանդրադառնա նաև գրական ձևերին, որոնք այստեղ քննարկվում են: Առավել մեծ կտավ վերցնելը նաև ինձ հնարավորություն կտա ցույց տալ գրական ոճի էվոլյուցիան Էդգար Ալան Պոյի, Հերման Մելվիլի ու Էռնեստ Հեմինգուեյի օրինակների վրա:

«Մոբի Դիկի» սյուժեի ու գրական ոճի վերլուծություն

«Մոբի Դիկ» վեպը բավականին յուրահատուկ կերպով է սկսում. վեպից առաջ բերվում է կետի ստուգաբանությունն ու համաշխարհային գրականության ու առասպելաբանության մեջ կետերի հիշատակումները:

Այստեղ և հետագայում բնագրից թարգմանությունները ես ինքս եմ արել, ու դրանք ակադեմիկ, ոչ թե գեղարվեստական թարգմանություններ են: Փորձ է արվել պահպանել հեղինակի ոճական առանձնահատկությունները, բառախաղերն ու որոշ բառեր չեն թարգմանվել՝ փոխարենը բացատրվելով: Ծանոթագրությունները կբերվեն կապույտ մգեցված տեքստով: Եթե թարգմանությունն իմը չի, դա առանձին կնշվի:
Ստուգաբանություն
(Քերականության դպրոցին տրամադրված հանգուցյալ թոքախտավոր Աշերի կողմից)

Գունատ Աշերը՝ մաշված վերարկուով, սրտով, մարմնով ու մտքով. կարծես աչքերիս առաջ լինի: Նա իր արտառոց թաշկինակով, որի վրա, ասես ծաղրի նշան, ասեղնագործված էին աշխարհի բոլոր հայտնի երկրների զվարթ դրոշները, անվերջ մաքրում էր իր հին բառարանների ու քերականության գրքերի վրայի փոշին: Նա սիրում էր իր հին քերականության գրքերի փոշին հավաքել. ինչ-որ կերպ դա իրեն մեղմորեն հիշեցնում էր իր մահկանացու լինելու մասին:

«Երբ հանձն եք առնում կրթել ուրիշներին, ու սովորեցնում իրենց, թե ինչ անվամբ է պետք կոչել կետաձկանը (բնագրում՝ whale-fish) մեր լեզվով, տգիտության պատճառով բաց թողնելով H տառը (whale բառում, հայերենում այն կորցնում է իր նշանակությունը), որը գրեթե մենակ ներկայացնում է բառի նշանակալիությունը, դուք փոխանցում եք այն, ինչ ճշմարիտ չի»:
—Հեքլայտ

«ԿԵՏ (նորից՝ ստուգաբանելիս կարևոր է անգլերեն WHALE բառը, քանի որ հենց նրա ստուգաբանությունն է բերվում).... Շվ. ու Դան. hval: Այս կենդանին իր անվանումը ստացել է կլորությունից կամ գլորվելուց, քանի որ Դան. hvalt նշանակում է կամարաձև (բնագրում՝ arched or vaulted, որոնք կամարների երկու տարբեր ձևեր են նշանակում)»:
—Վեբստերի Բառարան

«ԿԵՏ (WHALE).... Այն առավել ուղղակիորեն ծագում է Հոլ. ու Գեր. Wallen բառից. անգլո-սաքսոնական Walw-ian՝ գլորվել, թավալ տալ»:
—Ռիչարդսոնի Բառարան
Ստուգաբանությանը հաջորդում են վերոհիշյալ մեջբերումները, որոնք արված են բազմաթիվ աղբյուրներից, որոնք ներառում են հետևյալները.
  • Աստվածաշունչ
  • Պլուտարքոսի «Բարոյականությունների» Ֆիլմոն Հոլլանդի թարգմանությունը
  • Ուիլիամ Տուկի «Լյուցիանից»
  • Շեքսպիրի «Համլետից» ու «Հենրի արքայից»
և այլն:

Այսպիսով, ինչու՞ է հեղինակը ռոմանտիզմի շրջանի վեպը սկսում քերականության կամ բնագիտության հին դասագրքի նման: Սա հասկանալու համար դիմենք անտիկ գրականությանն ու ինվոկացիայի գրական հնարքին. մասնավորապես, Հոմերոսի «Իլիականին», թեև գրական հնարքը հատուկ է անտիկ էպիկ պոեմի ժանրին ընդհանրապես ու ժառանգաբար փոխանցվել է մինչև մեր օրերը, թեև օգտագործումը բավականին նվազել է: Իլիականից մեջբերումը բերվում է ըստ Մկրտիչ Խերանյանի 1987 թ. գրաբարից թարգմանության.
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազնների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց րարձըրեց կեր թըռչունների և շների:
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտվըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:
Ի միջի այլոց, նույն հնարքը դուք կնկատեք նաև Սասնա Ծռերի սկզբում: Այս հնարքն անվանում են ինվոկացիա. հեղինակը փորձում է իր կոչով իր մտքի մեջ մարմին տալ, գրեթե շոշափելի դարձնել, օգնության կանչել այն, ինչ իրեն ոգեշնչելու է ամբողջ գրքի ընթացքում: Տվյալ դեպքում նա ինվոկացիա է անում ինչպես կետին, այնպես էլ գրքերն ու հեղինակները, որոնք իրեն օգեշնչման նյութ են տվել: Բայց, իհարկե, այս ամենի մեջ, նույնիսկ որպես ոգեշնչման աղբյուր, կետը պարզապես վիթխարի տեղ է զբաղեցնում. կարծես թե ամեն ինչ՝ մարդիկ, գրքերը, գրողները, որոնք վկայակոչվում են, ընդամենը կետի մեջքին փոքրիկ, դժվար նկատելի պատկերներ են: Մյուս կողմից, հեղինակը մեզ հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են կետաձկանը տեսել տարբեր ժամանակների ու մշակույթների մարդիկ:

Այս յուրահատուկ, ոչ ավանդական ինվոկացիային հաջորդում է հանրահայտ «Անվանեք ինձ Իշմայել» նախադասությունը: Այն միանգամից ֆիքսում է, որ պատմողը չի ցանկանում իր անձը հայտնել ընթերցողին: Միևնույն ժամանակ նա ընտրում է Իշմայել արաբական անունը՝ Աստվածաշնչում Աբրահամի առաջին որդին իր ներքինի Ագարից, որին իր մոր հետ Աբրահամի կին Սառայի հրամանով արտաքսել են անապատ: Միևնույն ժամանակ հերոսը պատմում է իր աճող ապատիայի մասին, որի միջոցով ցամաքն իրեն արտաքսում է իր անապատը՝ դեպի ծով: Իշմայել անվան ընտրությունը նաև հուշում է ընթերցողին, որ վեպն իրեն խոստանում է արկած, ճանապարհորդություն դեպի այնտեղ, որտեղ նա չի եղել: Որոշելով նավաստի վարձվել կետորսական նավի վրա, նա Մանհետտենից մեկնում է Նյու Բեդֆորդ ու նավաստի դառնում Պեքոդ կետորսանավի վրա:
... հազվագյուտ ծեր նավ էր... նա (այստեղ և հետագայում հեղինակն օգտագործել է իգական she դերանունը) հին դպրոցի նավ էր, երևի բավականին փոքր, հնաոճ ճանկոտ տեսքով: Փորձված ու հողմահար բոլոր չորս օվկիանոսների փոթորիկներից ու հանդարտությունից, նրա ծեր մարմնի գույնը մգացել էր, ինչպես ֆրանսիացի նռնակաձգինը, որը նույն կերպ մարտնչել է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիբիրում: Նրա պատկառելի քթամասն ասես միրուքավոր լիներ: Նրա կայմերը... ձիգ կանգնած էին, ինչպես Կոլոնի երեք հին արքաների մեջքերը: Նրա հինավուրց տախտակամածները մաշված ու կնճռոտ էին, ինչպես  Քենտենբերիի տաճարի ուխտագնացների կողմից երկրպագված նշանաքարը, որտեղ Բեքետն է արյունահոսել: Բայց այս բոլոր հնություններին ավելացված էին նոր ու զարմանալի գծեր, կապված վայրի արհեստի հետ, որին նա հետևում էր կես դարից ավելի... Նա հագնված էր ինչպես ամեն բարբարոսական Եթովպիական կայսր, որի վիզը ծանրաբեռնված է փայլեցրած փղոսկրից վզնոցներով: Նա հաղթանշանների մարմնացում էր: Կաննիբալ նավերի մեջ կաննիբալ, զարդարված իր թշնամիների ոսկորներով:


(շարունակելի)

Friday, November 29, 2013

Այստեղ կարող էր լինել հերթական տափակ աֆորիզմը

Որը ձեր կյանքում ոչ մի տանձս էլ չէր փոխի

Կոելիոյի, Բուկովսկու, Ռիչարդ Բախի ու մնացած տանձերի գրքերի նման

Բայց չկա

Շնորհակալություն ուշադրության համար

Saturday, December 1, 2012

Գրական բլից-մրցույթ. ARMCON at World's End

Գիտեմ, նորից կորել եմ, բայց պարապ չէի մնում:) ARMCON ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ գրականության մրցույթի կազմակերպման ընթացքում որոշեցինք բլից-մրցույթ կազմակերպել՝ մոտակա  աշխարհի վերջի չգալու կապակցությամբ: Այնպես որ, բոլորդ հրավիրված եք մասնակցելու:

Մրցույթի կանոնները կարող եք կարդալ այստեղ: Ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն աշխատանքներ: Գրանցվելու ու մանրամասների համար զանգահարեք (+374) 91 07 13 42 հեռախոսահամարով, կամ կարդացեք Armcon.am ֆորումում:

Wednesday, September 19, 2012

Ռուշդիի վիդեոչատի ձայնագրությունը

Հատուկ նրանց համար, ովքեր բաց թողեցին Ռուշդիի վիդեոչատը, ահա ձայնագրությունը: Ցավոք, ժամանակը սուղ էր ու իմ հարցը չփոխանցեցին:

Watch live streaming video from goodreads at livestream.com

Կենդանի վիդեոչատ գրող Ահմեդ Սալման Ռուշդիի հետ

Մի քանի ժամից Goodreads-ը կազմակերպում է վիդեոչատ ծագմամբ հնդիկ գրող Ահմեդ Սալման Ռուշդիի հետ («Սատանայական Տաղեր», «Ամոթ», «Կեսգիշերվա Զավակները»): Դիտել եթերը կարող եք հենց այստեղ, իսկ չատին մասնակցելու և Ռուշդիին ձեր հարցերն ուղղելու համար կարող եք հետևել այս հղմանը (կպահանջվի գրանցում Goodreads համակարգում):

Watch live streaming video from goodreads at livestream.com

Saturday, July 7, 2012

Եթե դուք մի պահ հիշեիք, որ Մարկեսը փալասե տիկնիկ չի

«Գնդապետը բացեց թիթեղե տուփն ու հայտնաբերեց, որ թեյի գդալից էլ պակաս սուրճ է մնացել: Նա կաթսայիկը վերցրեց կրակի վրայից, ջրի կեսը թափեց հողե հատակին ու սկսեց քերել տուփը, կաթսայիկի մեջ լցնելով սուրճի վերջին մնացորդները, որոնք միախառնված էին ժանգի փաթիլների հետ»:
Վերջը ստիպեցիք, էլի, այս թեմայով գրել: Խոսքը վերաբերում է Մարկեսի չգրած, բայց նրան վերագրվող աշխատանքներին: Սկսենք «Տիկնիկից» (իրական հեղինակը՝ Ջոննի Վելչ, անհայտ մեքսիկացի տիկնիկային ներկայացումներ տվող մարդ, պրուֆլինկ): Գոնե մի պահ պատկերացրեք, որ Մարկեսն այսպիսի արտահայտություններ օգտագործի.
«...հավանաբար ես չէի ասի ամեն ինչ, որ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի ամեն ինչ- որ ասում եմ...»«...ամեն աչքերը փակ րոպե մենք կորցնում ենք վաթսուն վայրկյան լույս...»
«...եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ատելությունը սառույցի վրա ու կսպասեի, որ արևը դուրս գա: Վան Գոգի երազով ես Բենեդետտիի բանաստեղծություն կնկարեի աստղերի վրա, ու Սերրատի երգն իմ սերենադը կլիներ լուսնին...»
«...Իմ արցունքներով ես վարդեր կջրեի, որ զգայի նրանց փշերի ցավն ու նրանց թերթերի մարմնավորված համբույրը...»

«...ու ես կապրեի սիրահարված սիրուն...»
Եվ այլն: Ձեռքս կոտրվեր՝ նման բան չթարգմանեի: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իմ սիրելի հեղինակներից մեկը գրեր նման բաներ: Ախր հենց սա եմ ես ամբողջ քննադատական աշխատանքիս ընթացքում քլնգել: Ախր սա տափակ զիբիլ է, որն ավելի շատ մտավոր ունակություններով չփայլող դեռահաս աղջկա հուշատետրին է վայել: Կլիշե կլիշեի վրա՝ կլիշեով համեմված: Ու, չնայած այդ ամենին, իրական հեղինակն իրավունք ունի, որ իր աշխատանքն իրեն վերագրվի: Հիշեք. անկախ նրանից, «Տիկնիկը» ձեզ դուր է գալիս, թե ոչ, այն Ջոննի Վելչի աշխատանքն է, ոչ թե Գաբրիել Գարսիա Մարկեսի:

Աֆորիզմները... աֆորիզմները մեկ այլ պատմություն են: Մարկեսը երբեք, որքան հայտնի է, չի ասել կամ գրել՝ «մի լացիր, ոչ ոք արժանի չի քո արցունքներին, իսկ ով արժանի է, քեզ չի լացեցնի»: Կամ՝ «մի լացիր, քանի որ վերջացել է, ժպտա, որ եղել է»: Ընդհանրապես, Մարկեսը, որքան ինձ հայտնի է, աֆորիզմներ ընդհանրապես չի գրել: Սրանք առավել հաճախ վերագրվում են մեկ այլ գրողի, ով աֆորիզմներ սիրում էր. Դոկտոր Սեուսին: Բայց քանի որ կայուն ապացույցներ չկան, բացի դրանից՝ Սեուսը մի փոքր այլ դեմոգրաֆիայի համար էր գրում, նույնիսկ դա է վիճելի հարց: Հավանաբար հասարակ անանուն աֆորիզմներ են:

Ժողովուրդ, սովորեք բամբասանքը տարբերել փաստից: Ու հեռու մնացեք աֆորիզմներից: Նամանավանդ գրողների աֆորիզմներից, որոնց աշխատանքները չեք կարդացել:
Գնդապետին պետք եղավ ապրել յոթանասունհինգ տարի՝ ուղիղ յոթանասուն ու հինգ, րոպե առ րոպե, այդ պահին հասնելու համար: Նա ինքն իրեն անպարտելի զգաց, երբ պարզ ու հատու պատասխանեց.
- Քաք:

Thursday, June 28, 2012

Մարկես, Խաչատուր Աբովյան և «Հարյուր Տարվա Մենություն». պրուֆլինկ, խնդրում եմ

Վարդան Ջալոյանի հոդվածն էի կարդում Մարկեսի, Խաչատուր Աբովյանի ու «Հարյուր Տարվա Մենության» մասին ու, մեղմ ասած, մի քիչ համոզված չեմ:

Իմ հիշողությունն ինձ հուշում էր, որ «հայ գնչուի հանելուկային կերպարը», որի մասին խոսում է Վարդանը, Մելկիադեսը չի կարող լինել, չնայած գրքում իրոք կա հայ գնչուի կերպար (որը որոշակի Աբովյանական գծեր է արտահայտում՝ մասնավորապես, անհետանում է): Ստուգեցի, ու դուրս եկավ, որ ճիշտ էի.
Վերջապես նա հասավ այն վայրին, որտեղ Մելկիադեսը սովորաբար տեղադրում էր իր վրանն ու գտավ լռակյաց հայի, ով մարդուն անտեսանելի դարձնող օշարակ էր վաճառում: Նա մի շնչով գլխին քաշեց սաթե հեղուկի բաժակը, քանի դեռ Խոսե Արկադիո Բուենդիան արմունկներով ճանապարհ էր բացում տեսարանը դիտող մարդկանց կլանված խմբի միջով, ու հասցրեց տալ իր հարցը: Գնչուն նրան պարուրեց իր հայացքի սարսափազդու եղանակով, նախքան ժանտահոտ ու ծխացող հեղուկի ջրափոսի վերածվելը, որի մակերեսին դեռ լողում էր նրա պատասխանի արձագանքը. «Մելկիադեսը մահացել է»: Նեղված նորությունից, Խոսե Արկադիո Բուենդիան կանգնած էր անշարժ, փորձելով իր վշտից վեր կանգնել, մինչև խումբը ցրվեց, ու լռակյաց հայի ջրափոսը վերջնականապես գոլորշիացավ:
Ստուգել եմ այս անգլերեն թարգմանությամբ (էջ 20), բայց վեպը բնագրով էլ եմ կարդացել ու «հայ» բառի այլ հիշատակում չեմ հիշում:

Կասկածի տակ չվերցնելով Վարդան Ջալոյանի հեղինակությունը, նշեմ, որ հոդվածն իրենով վատ էր գրված. շարադրանքը կցկտուր էր, մարդկանց անուններն ու գրքերի վերնագրերը, ինչպես նաև հիշատակված աշխատանքների համապատասխան հատվածները բացակայում էին:

Այսպիսով, արդյո՞ք կապ ունի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպի հերոսներից որևէ մեկը Խաչատուր Աբովյանի հետ, թե ոչ. քանի դեռ ապացույցներ չեմ տեսել, ոչ մի կապ էլ չունի: Իսկ ապացույցներ, ցավոք, դեռ չեմ տեսել: Դրա համար էլ խնդրում եմ. պրուֆլինկ: Աշխատանքի վերնագիր, համապատասխան հատված կամ հաստատում Մարկեսի կողմից:

Wednesday, May 16, 2012

Եղիր հերոսիդ հոգեբանը I. Ծավալ` հերոսի տրավմատիկ ապրումների համար

Կատարյալ, սյուժեին համապատասխանեցված ապրումներով հերոսներն առնվազն ձանձրալի են ու ոչ համոզիչ: Հերոսները պետք է ենթարկվեն իրենց էությանն ու հանգամանքներին, ինչի հիման վրա պետք է հիմնվի սյուժեն, և ոչ թե հակառակը՝ սյուժեն կառուցի հերոսների էություններն ու հանգամանքները:

Իհարկե, հերոսը շատ ավելի անկեղծ, ամբողջական ու համոզիչ է ստացվում, երբ նրա ապրումները վերապրվել կամ դիտարկվել են հեղինակի կողմից, բայց մի կողմից միայն սեփական/դիտարկված ապրումների հիման վրա հերոսներ ստեղծելը խիստ սահմանափակում է գրողի ներկապանակը, հեղինակի համար բավականին դժվար կլինի լինել իր բոլոր աշխատանքների բոլոր հերոսները միաժամանակ, իսկ ծանոթների ապրումները նկարագրելը ոչ միշտ է էթիկ կողմից արդարացված: Մյուս կողմից՝ թե՛ սեփական ապրումը, թե՛ դիտարկումը հաճախ չափազանց սուբյեկտիվ են երրորդ դեմքից իրավիճակը լիարժեք ներակայացնելու համար:

Դրա համար էլ առավել հարմար է իրավիճակը բերել մոդելի/մոդելների համախմբի ու լրացնել սեփական ապրումներով/դիտարկումներով: Նման եղանակն օգնում է հնարավորինս լիարժեք հասկանալ իրավիճակը:

Tuesday, May 15, 2012

«Մեր Խոսքը» գրական մրցույթ

Վերջերս բլոգվելու համար ժամանակ չգտնելու պատճառով բաց թողեցի, որ «Հավաքածու» բլոգի գրական մրցույթի ժյուրիի կազմում եմ (չորրորդ և հինգերորդ մրցույթներին), ու չլուսաբանեցի մրցույթի ընթացքը:

Հիմա, երբ Հավաքածու բլոգն ու Գրական ակումբը որոշել են միավորել ուժերն ու միասին կազմակերպել «Մեր Խոսքը» գրական մրցույթների շարքը, ես էլ գրելու համար ունեմ թե՛ ժամանակ, թե՛ ինտերնետ, հնարավորինս կանդրադառնամ մրցույթին:

Ի միջի այլոց, մրցույթի հայտեր հանձնելու վերջնաժամկետն է մայիսի 21-ը: Նյութերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով՝ dakopia[аt]gmail[dоt]com

Ժյուրիի ներկայիս կազմը.
  • Գրիշ Դավթյան
  • Արսեն Համբարյան
  • Գիսանե Հովսեփյան
  • Բյուրակն Իշխանյան
  • Բայանդուր Պողոսյան
  • Դօրիան
  • Գոռ Հարությունյան
  • Արմինե Պետրոսյան
  • Հասմիկ Սիմոնյան
  • Անի Հովնանյան
  • Արուսյակ Օհանյան
  • Լիլիթ Կարապետյան
Մրցույթի պայմանները, կանոններն ու ընթացակարգն՝ այստեղ:

Sunday, May 13, 2012

The Peaceful Pill Handbook. գրառում էֆտանազիայի ու ինքնասպանության մասին

The Peaceful Pill Handbook
Ֆիլիպ Նիչկե, Ֆիոնա Ստյուարտ

Զգում էի, որ ինչ-որ պահից սկսած պետք է լինելու այս թեմաներին էլ անդրադառնալ: Նամանավանդ Սիրարփիի մոտ քննարկումից հետո:

Խնդիրը նրանում է, որ այս հարցում մարդկանց կարծիքները բաժանվում են բոլոր հնարավոր տարբերակներին, որոնցից հիմնականներն այս երկուսն են.
  • էֆտանազիան անթույլատրելի է + ոչ ոք իրավունք չունի որոշել, ինքը պետք է ապրի, թե ոչ
  • էֆտանազիան ու անբուժելի հիվանդների ինքնասպանությունները թույլատրելի են, բայց ինքնասպանությունն ընդհանուր դեպքում դատապարտելի է
Իմ անձնական կարծիքն այս երկուսից էլ տարբեր է:

Թեև Սիրարփիի մոտ իմ տեսանկյունը բավականաչափ պարզ արտահայտել եմ, որոշ կետերի այստեղ էլ անդրադառնամ:

Saturday, March 3, 2012

Քլու՛նգ հայ ժամանակակից գրականության անունից

Հասմիկ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրական խմբում փոխադարձ քլնգոցներից ամբողջական բլոգային գրառում ձևավորվեց:) որոշեցի վերաձևակերպել և այստեղ տեղադրել:

Հայ ժամանակակից գրականության ամենատարածված ոճական տենդենցը... մոդեռնիզմն է: Մոդեռնիզմը (անվանը պետք չի խաբնվել) ոչ թե մղումն է դեպի ժամանակակիցը, այլ 19-րդ դարի սկզբի / 20-րդ դարի վերջի գրական ժանր: + մեզ մոտ տենդենց կա՝ գրողների գերակշռող մասսան իրեն տեսնում է արտհաուսի և միայն արտհաուսի մեջ: Այլ կերպ ասած՝ գրեթե չկան գրողներ, որոնք ի վիճակի են պոպուլյար գրականություն գրել:

Ինչու՞մ է կայանում իմ կոնֆլիկտն արտհաուսի հետ: Այն էլ մի դար հնության արտհաուսի հետ: Չէ՞ որ արտհաուսն ըմբոստություն է գրական կանոնի դեմ ու արվեստի ընդլայնման միջոց, իսկ հնացած ոճերին վերադառնալն էսկապիզմի գիծ է: Բացատրեմ. ռետրոակտիվ ու արտհաուսային գրականությունը ստեղծագործական էքսցենտրիզմ է, ու կենտրոնական գրական ուղղության բացակայության դեպքում դառնում է անիմաստ ու ինքնանպատակ բան. ըմբոստություն ոչ մի բանի դեմ կամ, ինչն ավելի հավանական է, ինչ-որ ժամանակ ինչ-որ տեղ տեղի ունեցած ըմբոստության իմիտացիա: + արտհաուսն ինքն իրենով կոմերցիոն տեսանկյունից կենսունակ չի: Այն պետք է լինի, բայց եթե այն գերակշռում է մեր գրականության մեջ, ապա լրիվ բացատրելի է դառնում, թե ինչու է մեր ժամանակակից գրականությունն ընդհանուր առմամբ կոմերցիոն կենսունակությունից զուրկ: Պարզ բառերով՝ գրողը չի կարող գրական գործունեությամբ տուն պահել:

Մեր գրական արտհաուսն էլ սովորաբար Վան Գոգի ասածին է ենթարկվում՝ ավելի լավ է կոշկակար լինել, քան վրձինով երաժշտություն նկարող երաժիշտ:

Friday, February 3, 2012

Armgrak.info

Կխնդրեի մի քիչ ուշադրություն դարձնել Armgrak.info գրական ակումբի վրա:) ընդհանրապես, գրական խմբերի քանակի ու որակի կտրուկ աճը 2011-ից խոսում է նրա մասին, որ 2012-ին գրքի մայրաքաղաք կոչվելն ինչ-որ օգտակար բան արեց:

Armgrak.info-ի դրական կողմը կայքի ղեկավարության կողմից քննադատությանն ադեկվատ ռեակցիա տալն է, որն էլ կայքի ու գրական ակումբի առաջընթացի երաշխիքն է: Այնպես որ՝ հաջողություն ցանկանանք նախաձեռնությանը:

Thursday, January 26, 2012

Ալան Մուր, «Saga of the Swamp Thing, vol.1» (գրախոսություն)

Swamp Thing, Vol. 1: Saga of the Swamp Thing

Իմ գնահատականը՝ 5 աստղ 5-ից

Դե, չնայած, որ ես մեծ հավատ ունեմ Ալան Մուրի նկատմամբ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի «բանջարեղենից մարդու» մտքից: Պատկերացրեք՝ քայլող կարտոֆիլ, բադրջան ու կաղամբ. ընդհանուր դեպքում լուրջ գրականության մասին իմ պատկերացման հետ այնքան էլ չի բռնում: Բարեբախտաբար, Swamp Thing-ն, ինչպես պարզվեց, մամուռից էր ու մաքուր հիասքանչից:

Նույնիսկ կոմիքսներ գրելու կարիերայի սկզբում Մուրն իրեն լավագույն ձևով է արտահայտում: Խորը, հուզիչ սյուժեներ (չնայած նրան, որ տեղ-տեղ արտահայտվում է նույն լեկցիա կարդացող տոնը, որը «Promethea»-ի ամբողջ թողարկումներ է քաքմեջ արել):

Ես «Saga of the Swamp Thing»-ը կարժանացնեմ ամենաբարձր գովասանքին, որին կարող եմ՝ այն Նիլ Գեյմանի «Sandman»-ի հետ համեմատական մակարդակի է (ու վերջինիս հետ կրում է ոճական նմանություններ ու ընդհանուր հերոսներ):

Հետաքրքիր է, թե Ալանն ինչպես է հերոսներին խորություն ավելացնում: Սուպերմենը՝ Վաղվա Մարդը, «DC Comics Presents #85: Superman and Swamp Thing»-ում էլ նույն մեծամիտ ու մակերեսային տանձն է: Բայց ինչքան կենդանի է Ալանը նրան ներկայացնում՝ տեսնում ես հերոսին, զգում նրա ողբերգությունն, ընկալուն այն, ինչ նա ինքն էլ չի կարող, զգում նրա ցավը:

Հինգ աստղ, ձեռքս կկոտրվեր, եթե ավելի ցածր գնահատեի:

Կարդալ իմ մնացած գրախոսություններն (անգլերեն)

Monday, January 16, 2012

Կոմիքսներ

Հին հոդվածներս էի բզբզում ֆորումներում, զարմացա, որ մի քանի բան մտքովս չի անցել նախ և առաջ բլոգում տեղադրել: Հիմա կլրացնեմ այդ բացը:
Շատերը կոմիքսները համարում են «թեթև» ու «անլուրջ» երևույթ: Այդ մարդկանց խորհուրդ կտամ սնոբ չլինել ու մի փոքր կարդալ:

Իհարկե, ես համաձայն եմ, որ Սուպերմենը լրիվ սանտաբարբարա է (չնայած լավ թողարկումներին): Բայց կոմիքսները չեն սահմանափակվում Սուպերմենով:

Շատ ժամանակակից գրքեր թողարկվում են նաև «գրաֆիկական վեպի» կոմիքսային ֆորմատով: Ոմանք կարող են ասել, թե դա գրականության ու ընթերցողի երևակայության համար վատ է բլա-բլա-բլա, բայց մյուս կողմից՝ նույնն ասում էին կինոյի մասին:

Փաստ՝ գրաֆիկական վեպը ոչ մի դեպքում չի փորձում դասական գրականությունը դուրս մղել շուկայից: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ նկարիչն էլ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում ունի, գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ:

Երբ խառը պատմությունների հետևանքով Warner Brothers-ը (որոշ մարդիկ պնդում են, որ ընկերության անունը 666 անգամ թարս կարդալով կարելի է կանչել Մեծն Կտուլհուին) դադարեցրեց Դարրեն Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի ֆինանսավորումը, Արոնոֆսկին նկարիչ Կենտ Ուիլիամսի հետ նախնական սցենարով գրաֆիկական վեպ սկսեց նկարել: Արանքում նա վերափոխեց սցենարն ու ֆիլմը նկարահանեց շատ ավելի փոքր բյուջեով, այնպես որ գրաֆիկական վեպն ու ֆիլմը դուրս եկան գրեթե միաժամանակ: Դիմավորեք՝ «The Fountain, a Graphical Novel»:

Այո, երբ կոմիքսի վրա վատ հեղինակ է աշխատում, այն ստացվում է խիստ մակերեսային ու գրեթե միշտ մարտական տեսարանների վրա հիմնված: Դա առավել տարածված է մանգայում (ճապոնական կոմիքսներ): Օրինակ՝ «Fairy Tail»: Նարուտոյի մասին էլ չխոսեմ քանի դեռ երկրպագուները մազերս չեն պռճոկել: Բայց հենց նույն մանգայի մեջ՝ հիանալի աշխատանքներ.

Կոմիքսների ոլորտում են աշխատում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալան Մուրը («V for Vendetta», «Watchmen», «Promethea»), Ֆրենկ Միլլերը («Batman: Year One», «Sin City», «Ronin»), Նիլ Գեյմանը («Sandman», «Books of Magic», «Harlequin Valentine»), Մայքլ Մուրկոկը («Elric: The Making of a Sorcerer», «Swords of Heaven, Flowers of Hell», «Michael Moorcock's Multiverse»), նույնիսկ Սթիվեն Քինգի հայտնի «The Dark Tower» շարքի նախաբանը ՝ «Gunslinger Born», «The Long Road Home», «Treachery», «The Fall of Gilead», «Battle of Jericho Hill» կոմիքսների տեսքով:

Այնպես որ՝ կոմիքսները շատ բան ունեն հակադրելու ժանրի քննադատներին: Իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ միևնույն է՝ գրականությունն իր խորությամբ գերազանցում է կոմիքսներին, թող հիշի «Twilight»-ը: Թող հիշի ու սարսափի:

Saturday, January 14, 2012

Մայքլ Մուրկոկ. «Կարդա՛»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Իմ առաջին կանոնը ես սովորել եմ «Թուրը Քարի Մեջ» ու այլ Արթուրյան ֆենտեզի-պատմությունների հեղինակ Թի Էյչ Ուայտից, և այն էր. «կարդա՛»: Կարդա ամեն բան, ինչ ձեռքդ կընկնի: Ես ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա կամ ռոմանտիկ գրականություն գրել ցանկացողներին միշտ խորհուրդ եմ տալիս դադարել կարդալ որևէ բան այդ ժանրերում ու սկսել կարդալ մնացած ամեն ինչ՝ Բանյանից մինչև Բյատ:
  • Գտիր գրողին, որով կհիանաս (իմ դեպքում դա Կոնրադն էր) ու ընդօրինակիր նրա սյուժեներն ու հերոսներին սեփական պատմությունը պատմելու համար, ինչպես մարդիկ սովորում են նկարել՝ ընդօրինակելով վարպետներին:
  • Ներկայացրու գլխավոր հերոսներիդ ու թեմաները վեպի առաջին մեկ երրորդում:
  • Եթե սյուժեի վրա կենտրոնացված ժանրի վեպ ես գրում, հետևիր, որ գլխավոր թեմաներն ու սյուժեի տարրերն առաջին մեկ երրորդում են ներկայացվում, որը կարող ես անվանել «ներածություն»:
  • Զարգացրու թեմաներն ու հերոսներին երկրորդ մեկ-երրորդում, որը կանվանես «զարգացում»:
  • Լուծիր թեմաները, հանելուկներն ու նման բաները վերջին մեկ-երրորդում, որը կանվանես «լուծում»:
  • Լավ մելոդրամայի համար ուսումնասիրիր «Լեստեր Դենտի Սյուժեի Ուրվապատկերի Բանաձևը» (բլոգում այն ներկայացված է հայերենով ծ.թ.), որը կարող ես գտնել ինտերնետում: Այն գրվել է, որ ցույց տա, թե ինչպես կարճ պատմվածք գրել pulp-ամսագրերի համար, բայց կարող է հարմարեցվել ցանկացած երկարության կամ ժանրի գրեթե բոլոր պատմություններին:
  • Եթե հնարավոր է, թող ինչ-որ բան կատարվի, քանի դեռ հերոսները բացատրություններ են տալիս կամ փիլիսոփայում են: Դա օգնում է պահպանել դրամատիկ լարվածությունը:
  • Գազար ու ճիպոտ. այնպես արա, որ հերոսներիդ հետապնդեն (սևեռուն գաղափարը կամ սրիկան), կամ որ հերոսներդ հետապնդեն (գաղափար, օբյեկտ, անձ կամ հանելուկ):
  • Անտեսիր բոլոր նախընտրելի կանոններն ու սեփական կանոններ ստեղծիր, որոնք հարմար կլինեն այն բանի համար, ինչ դու ցանկանում ես ասել:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Հիլարի Մենթլ. «Չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
  • Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քեզ համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են ինչ-որ մեկին վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
  • Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
  • Եթե լավ պատմության գաղափար ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենալ: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
  • Հաշվի առ, որ ընթերցողը կարող է բաց թողնել այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
  • Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
  • Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
  • Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը դա նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
  • Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, լոգանք ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես՝ պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը խնդրի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
  • Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի և կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Friday, January 13, 2012

Էյ Էլ Քեննեդի. «Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Համեստ եղիր: Տարիքով/ավելի փորձված/ավելի համոզիչ գրողները կարող են կանոններ ու խորհրդի ընտրանի առաջարկել: Հաշվի առ այն ամենն, ինչ նրանք կասեն: Ինչևէ, պետք չի միանգամից ուղեղը դրանով լիցքավորել՝ նրանք կարող են դառնացած, ծուռմիտ, սպառված, մանիպուլյատիվ լինել, կամ էլ պարզապես քեզ ոչ այնքան նման:
  • Ավելի համեստ եղիր: Հիշիր, որ չգիտես քո ունակությունների սահմանները: Հաջողակ, թե ոչ՝ քանի դեռ դու շարունակում ես ինքդ քո սահմաններն անցնել, կհարստացնես սեփական կյանքդ, ու միգուցե մի քանի անծանոթների ուրախացնես:
  • Պաշտպանիր ուրիշներին: Իհարկե, կարող ես պատմություններ ու հատկանիշներ գողանալ ընտանիքից ու ընկերներից, թղթե քարտեր լրացնել սիրով զբաղվելուց հետո և այլն: Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես (ու սերն ինքը), գրելով այնպես, որ բոլորի գաղտնիքներն ու արժանապատվությունն անվնաս մնա:
  • Պաշտպանիր աշխատանքդ: Կազմակերպությունները, հաստատություններն ու անհատները հաճախ կկարծեն, թե ավելի լավ գիտեն աշխատանքդ, նամանավանդ եթե նրանք քեզ վճարում են: Երբ դու անկեղծորեն կարծում ես, որ նրանց որոշումները կվնասեին քո աշխատանքին, գնա: Փախիր: Փողն այդքան նշանակություն չունի:
  • Պաշտպանիր ինքդ քեզ: Պարզիր, թե ինչն է քեզ երջանիկ, տրամադրված ու ստեղծագործող պահում:
  • Գրիր: Ինքդ քեզ պատճառած ոչ մի տառապանք, փոփոխված վիճակների, սև պուլովերների ու հասարակայնորեն անտանելի լինելու ոչ մի քանակ քեզ ավելի գրող չի դարձնի: Գրողները գրում են: Գործի անցիր:
  • Կարդա: Որքան կարող ես: Այնքան խորը, լայն, կլանված ու գրգռված, որքան կարող ես: Ու լավ բաները կստիպեն քեզ հիշել իրենց, ինչի շնորհիվ կարիք չես ունենա նշումներ կատարել:
  • Անվախ եղիր: Դա անհնարին է, բայց թող փոքր վախերը մղեն քեզ արտագրելու ու մի կողմ դիր մեծերը, մինչև իրենց պահել չսովորեն՝ հետո օգտագործիր, կարող ես նույնիսկ գրել նրանց: Չափազանց շատ վախ՝ ու միակ բանը, որ կունենաս, կլինի լռությունը:
  • Հիշիր, որ սիրում ես գրել: Իմաստ չէր ունենա, եթե չսիրեիր: Եթե սերը հանգի, արա անհրաժեշտ ամեն ինչ ու հետ բեր այն:
  • Հիշիր, որ գրելը քեզ չի սիրում: Այն անտարբեր է: Ինչևէ, այն կարող է նկատելիորեն շռայլ պահել իրեն: Լավ խոսիր նրա մասին, քաջալերիր ուրիշներին, փոխանցիր այն մնացածին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Փի ԴԻ Ջեյմս. «Կարդա շատ ու խտրականորեն»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Մեծացրու բառերիդ ուժը: Բառերը հում նյութ են մեր արհեստում: Որքան ավելի մեծ է բառարանդ, այնքան ավելի ավելի էֆեկտիվ է գրածդ: Մենք, որ գրում ենք անգլերենով, բախտավոր ենք ունենալ ամենահարուստ ու ամենաճկուն լեզուն աշխարհում: Հարգիր այն: (հիմա հայոց լեզվի ուսուցչուհիների մի ամբողջ բանակ վրդովմունքից վեր կթռչի ծ. թ.)
  • Կարդա շատ ու խտրականորեն: Վատ գրելը վարակիչ է:
  • Մի պլանավորիր գրել՝ գրիր: Գրելով, ոչ թե գրելու մասին երազելով է, որ ձևավորում ենք մեր ոճը:
  • Գրիր այն, ինչ կարիք ունես գրել, ոչ թե այն, ինչ հիմա մոդայիկ է, կամ ինչ կարծում ես, որ կվաճառվի:
  • Միտքդ բացիր նոր ապրումների, հատկապես այլ մարդկանց ուսումնասիրության համար: Գրողի հետ տեղի ունեցած ոչինչ՝ որքան էլ երջանիկ, որքան էլ ողբերգական լինի, չի վատնվում:
Թարգմանեց Բ. Պողոսյանը