Showing posts with label Գաբրիել Գարսիա Մարկես. Show all posts
Showing posts with label Գաբրիել Գարսիա Մարկես. Show all posts

Saturday, July 7, 2012

Եթե դուք մի պահ հիշեիք, որ Մարկեսը փալասե տիկնիկ չի

«Գնդապետը բացեց թիթեղե տուփն ու հայտնաբերեց, որ թեյի գդալից էլ պակաս սուրճ է մնացել: Նա կաթսայիկը վերցրեց կրակի վրայից, ջրի կեսը թափեց հողե հատակին ու սկսեց քերել տուփը, կաթսայիկի մեջ լցնելով սուրճի վերջին մնացորդները, որոնք միախառնված էին ժանգի փաթիլների հետ»:
Վերջը ստիպեցիք, էլի, այս թեմայով գրել: Խոսքը վերաբերում է Մարկեսի չգրած, բայց նրան վերագրվող աշխատանքներին: Սկսենք «Տիկնիկից» (իրական հեղինակը՝ Ջոննի Վելչ, անհայտ մեքսիկացի տիկնիկային ներկայացումներ տվող մարդ, պրուֆլինկ): Գոնե մի պահ պատկերացրեք, որ Մարկեսն այսպիսի արտահայտություններ օգտագործի.
«...հավանաբար ես չէի ասի ամեն ինչ, որ մտածում եմ, բայց հաստատ կմտածեի ամեն ինչ- որ ասում եմ...»«...ամեն աչքերը փակ րոպե մենք կորցնում ենք վաթսուն վայրկյան լույս...»
«...եթե ես սիրտ ունենայի, ես կգրեի իմ ատելությունը սառույցի վրա ու կսպասեի, որ արևը դուրս գա: Վան Գոգի երազով ես Բենեդետտիի բանաստեղծություն կնկարեի աստղերի վրա, ու Սերրատի երգն իմ սերենադը կլիներ լուսնին...»
«...Իմ արցունքներով ես վարդեր կջրեի, որ զգայի նրանց փշերի ցավն ու նրանց թերթերի մարմնավորված համբույրը...»

«...ու ես կապրեի սիրահարված սիրուն...»
Եվ այլն: Ձեռքս կոտրվեր՝ նման բան չթարգմանեի: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ իմ սիրելի հեղինակներից մեկը գրեր նման բաներ: Ախր հենց սա եմ ես ամբողջ քննադատական աշխատանքիս ընթացքում քլնգել: Ախր սա տափակ զիբիլ է, որն ավելի շատ մտավոր ունակություններով չփայլող դեռահաս աղջկա հուշատետրին է վայել: Կլիշե կլիշեի վրա՝ կլիշեով համեմված: Ու, չնայած այդ ամենին, իրական հեղինակն իրավունք ունի, որ իր աշխատանքն իրեն վերագրվի: Հիշեք. անկախ նրանից, «Տիկնիկը» ձեզ դուր է գալիս, թե ոչ, այն Ջոննի Վելչի աշխատանքն է, ոչ թե Գաբրիել Գարսիա Մարկեսի:

Աֆորիզմները... աֆորիզմները մեկ այլ պատմություն են: Մարկեսը երբեք, որքան հայտնի է, չի ասել կամ գրել՝ «մի լացիր, ոչ ոք արժանի չի քո արցունքներին, իսկ ով արժանի է, քեզ չի լացեցնի»: Կամ՝ «մի լացիր, քանի որ վերջացել է, ժպտա, որ եղել է»: Ընդհանրապես, Մարկեսը, որքան ինձ հայտնի է, աֆորիզմներ ընդհանրապես չի գրել: Սրանք առավել հաճախ վերագրվում են մեկ այլ գրողի, ով աֆորիզմներ սիրում էր. Դոկտոր Սեուսին: Բայց քանի որ կայուն ապացույցներ չկան, բացի դրանից՝ Սեուսը մի փոքր այլ դեմոգրաֆիայի համար էր գրում, նույնիսկ դա է վիճելի հարց: Հավանաբար հասարակ անանուն աֆորիզմներ են:

Ժողովուրդ, սովորեք բամբասանքը տարբերել փաստից: Ու հեռու մնացեք աֆորիզմներից: Նամանավանդ գրողների աֆորիզմներից, որոնց աշխատանքները չեք կարդացել:
Գնդապետին պետք եղավ ապրել յոթանասունհինգ տարի՝ ուղիղ յոթանասուն ու հինգ, րոպե առ րոպե, այդ պահին հասնելու համար: Նա ինքն իրեն անպարտելի զգաց, երբ պարզ ու հատու պատասխանեց.
- Քաք:

Thursday, June 28, 2012

Մարկես, Խաչատուր Աբովյան և «Հարյուր Տարվա Մենություն». պրուֆլինկ, խնդրում եմ

Վարդան Ջալոյանի հոդվածն էի կարդում Մարկեսի, Խաչատուր Աբովյանի ու «Հարյուր Տարվա Մենության» մասին ու, մեղմ ասած, մի քիչ համոզված չեմ:

Իմ հիշողությունն ինձ հուշում էր, որ «հայ գնչուի հանելուկային կերպարը», որի մասին խոսում է Վարդանը, Մելկիադեսը չի կարող լինել, չնայած գրքում իրոք կա հայ գնչուի կերպար (որը որոշակի Աբովյանական գծեր է արտահայտում՝ մասնավորապես, անհետանում է): Ստուգեցի, ու դուրս եկավ, որ ճիշտ էի.
Վերջապես նա հասավ այն վայրին, որտեղ Մելկիադեսը սովորաբար տեղադրում էր իր վրանն ու գտավ լռակյաց հայի, ով մարդուն անտեսանելի դարձնող օշարակ էր վաճառում: Նա մի շնչով գլխին քաշեց սաթե հեղուկի բաժակը, քանի դեռ Խոսե Արկադիո Բուենդիան արմունկներով ճանապարհ էր բացում տեսարանը դիտող մարդկանց կլանված խմբի միջով, ու հասցրեց տալ իր հարցը: Գնչուն նրան պարուրեց իր հայացքի սարսափազդու եղանակով, նախքան ժանտահոտ ու ծխացող հեղուկի ջրափոսի վերածվելը, որի մակերեսին դեռ լողում էր նրա պատասխանի արձագանքը. «Մելկիադեսը մահացել է»: Նեղված նորությունից, Խոսե Արկադիո Բուենդիան կանգնած էր անշարժ, փորձելով իր վշտից վեր կանգնել, մինչև խումբը ցրվեց, ու լռակյաց հայի ջրափոսը վերջնականապես գոլորշիացավ:
Ստուգել եմ այս անգլերեն թարգմանությամբ (էջ 20), բայց վեպը բնագրով էլ եմ կարդացել ու «հայ» բառի այլ հիշատակում չեմ հիշում:

Կասկածի տակ չվերցնելով Վարդան Ջալոյանի հեղինակությունը, նշեմ, որ հոդվածն իրենով վատ էր գրված. շարադրանքը կցկտուր էր, մարդկանց անուններն ու գրքերի վերնագրերը, ինչպես նաև հիշատակված աշխատանքների համապատասխան հատվածները բացակայում էին:

Այսպիսով, արդյո՞ք կապ ունի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր Տարվա Մենություն» վեպի հերոսներից որևէ մեկը Խաչատուր Աբովյանի հետ, թե ոչ. քանի դեռ ապացույցներ չեմ տեսել, ոչ մի կապ էլ չունի: Իսկ ապացույցներ, ցավոք, դեռ չեմ տեսել: Դրա համար էլ խնդրում եմ. պրուֆլինկ: Աշխատանքի վերնագիր, համապատասխան հատված կամ հաստատում Մարկեսի կողմից:

Friday, June 17, 2011

«Դեգուստացիա»

Գնացքում էր (հիմա հիշում եմ), ու անցնում էր (այդ երազը ես հաճախ եմ տեսնում) նատյուրմորտային տարածքով, որտեղ արհեստական, կեղծ ծառեր էին աճում, որոնց վրա մրգերի փոխարեն դանակներ, մկրատներ ու (հիմա հիշում եմ՝ պետք է մազերս կտրեի) վարսավիրի տարբեր այլ պարագաներ էին: Այդ երազը նա հաճախ էր տեսնում, բայց այն դեռ ոչ մի անգամ նույն ցնցումը չէր պատճառել: Ծառի ետևում իր եղբայրն էր՝ մյուսը, երկվորյակը, որին այդ երեկոյան թաղել էին, ու նշաններով հասկացնում էր (սա իրական կյանքում էլ է պատահել), որ գնացքը կանգնեցնի: Համոզվելով, որ հասկացնելու իր ջանքերն ապարդյուն են, նա սկսեց վազել վագոնի ետևից, մինչև չընկավ գետնին՝ ծանր շնչելով, բերանին փրփուր: Իհարկե, այս երազն անհեթեթ էր, հակատրամաբանական, բայց ոչ մի առումով չէր չպետք է այդ ծանր արթնացման պատճառը դառնար: Նա նորից փակեց աչքերը. արյունը սեղմված բռունցքի նման դեռ հարվածում էր նրա քունքերին: Գնացքը սկսեց անցնել անապատային, անպտուղ, միապաղաղ տարածքով, ու ոտքի ցավը նրան ստիպեց շեղվել բնապատկերից:

Շուտով:

Saturday, February 19, 2011

Գաբրիել Գարսիա Մարկես, «Երկնագույն Շան Աչքերը»

Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, հենց հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթուն վիճակի միջև: Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս ետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով: Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.