Showing posts with label գրախոսություն. Show all posts
Showing posts with label գրախոսություն. Show all posts

Tuesday, December 30, 2014

«Անահիտ» մուլտֆիլմի մասին

Մի քանի օր առաջ ֆեյսբուքում «նախառևյու» էի գրել «Անահիտ» մուլտֆիլմի մասին, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչու չարժի նայել այդ մուլտֆիլմը: Հետո հասկացա, որ ուշադիր չէի եղել, թե ով է մուլտի հեղինակը. եթե ուշադիր լինեի, «նախառևյուս» կլիներ «нахառևյու»:

Փորձեմ ընդլայնել կարծիքս, որպեսզի տպավորություն չլինի, թե «не читал, но осуждаю» վերաբերմունք եմ ցուցաբերում:

Նախ՝ ֆիքսենք, թե ինչպես ենք գնահատում մուլտիպլիկացիոն աշխատանքը: Մենք գնահատում ենք սյուժեն, վիզուալ ոճը, անիմացիայի որակը, սաունդտրեկն ու վերջում՝ թե ինչպես է այդ ամենը համադրվում:

Քանի որ մուլտֆիլմն, ինչպես նախորդ անգամ, չեմ դիտել, ու չեմ պատրաստվում դիտել, կարծիքը հենվում է promotional material-ների վրա, որոնք հենց նախատեսված են ֆիլմի մասին պատկերացում ստեղծելու համար:

Սյուժեն. ընդհանուր առմամբ, սեփական ասելիք ունեցող մուլտ նկարահանելը, որը կգրավի առավել փոքր տարիքի երեխաներին, բավականին դժվար է (լավ օրինակներ՝ Սայմոն Ուելլս - «Բալտո»/«Balto», Տոմմ Մուր, Նորա Տվոմի - «Կելլսի գաղտնիքը»/«The Secret of Kells»), ինչի պատճառով նույնիսկ սեփական ասելիքով մուլտերը հաճախ հենվում են հայտնի հեքիաթների վրա՝ առնվազն հերոսներ ներգրավելով, familiarity-ի սկզբունքը կիրառելով. երեխաներն առավել հեշտ կապվում են հերոսների հետ, որոնց հետ իրենք արդեն կապված են («Շրեկ», և այլն): Պակաս ասելիք ունեցող մուլտֆիլմերը էկրանիզացնում են հեքիաթները, հաճախ whitewash անելով առավել մութ ու մռայլ թեմատիկաները (Դիսնեյի «Ջրահարսը»):

Բնական է, որ Սահակյանցները, ելնելով իրենց «գենդերային» նախասիրություններից, չէին էկրանիզացնի Ղազարոս Աղայանի «Արեգնազանը», որտեղ շոշափվում է տրանսսեքսուալիզմի թեման՝ նախընտրելով «Անահիտը», ներգրավելով տարրեր «Զանգի-Զրանգի»-ից: Վերջին երկու հեքիաթներում էլ ընդամենը կաննիբալիզմն է շոշափվում, իսկ դա բնավ գեյրոպական սարսափելի երևույթ չի երևի: Իրենց տրամաբանությամբ: Հետաքրքիր կլիներ, եթե ինչ-որ մեկը, նույն «ծնողկոմիտեական» տրամաբանությամբ, իրենց մեղադրեր կաննիբալիզմի քարոզի մեջ:

Կարճ կապելով, հեքիաթի էկրանիզացիա իրականացնելը խոսում է մի բանի մասին՝ մուլտֆիլմի հեղինակները սեփական ասելիք չունեին կամ ի վիճակի չէին սեփական սյուժե գրել: Թե ինչքանով է իրենց մոտ ստացվել գոնե հեքիաթ էկրանավորելը, սյուժեի առումով, կարող են ասել միայն մուլտը դիտած մարդիկ:

Ես նկատեցի տեսահոլովակի մեջ ձիու ու շան միջոցով comic relief ստանալու փորձ՝ շատ անհաջող, ընդ որում, Շրեկի Էշի ու Կատվի կերպարների պլագիատ էր հիշեցնում:

Հայտնի հեքիաթները մոդեռն ոճով վերարտադրելը մոդայի մեջ հիմնականում Դիսնեյն է մտցրել դեռ 80-ականներին, բայց հետխորհրդային երկրներում այդ ավանդույթը նոր է սկսել մոդայիկ դառնալ: Դրա պարզ ու խիստ անհաջող տարբերակ է «Երեք Դյուցազունների» մասին ռուսական մուլտֆիլմերի շարքը: Որ պատկերացնեք վերջինի ամբողջ սարսափը, առաջարկում եմ նայել հետևյալ տեսահոլովակը.


Վիզուալ ոճը. «Անահիտ» մուլտֆիլմի ամենաթույլ կետերից մեկը վիզուալ ոճն է: Այս հարցում շատ է շոշափվում «նմանակում» բառը, բայց իմ կարծիքով այստեղ տեղի ունի ոչ թե նմանակում, այլ մաքուր պլագիատ:


Սայմոն Ուելսի ոճը, լինելով ավելի հասուն ու բարդ, նույնպես իր մասն է ունեցել՝


Իհարկե, նույնիսկ նմանակումը բավականին էժանագին է ստացվել: Եթե Դիսնեյի մուլտֆիլմում հերոսները յուրահատուկ խարիզմա ունեին նույնիսկ դիզայնի մակարդակի վրա, իսկ Ուելսի «Եգիպտոսի Արքայազնը»/«The Prince of Egypt» էպիկ մասշտաբի աշխատանք էր, ապա, հուշեք ինձ, ինչ խարիզմա կարելի է տեսնել Վաչագանի ու Անահիտի հերոսների մեջ:

Եթե մուլտֆիլմը նկարեր Deviantart-ի սկսնակներից մեկը, նրա նկատմամբ կարելի էր դեռ ներողամիտ լինել: Բայց որպես լուրջ ստուդիայի կոմերցիոն աշխատանք, վիզուալ ոճի ու նկարչական տեխնիկայի տեսանկյունից, այն պարզապես աղետալի է (վատ որակի վեկտորային գրաֆիկա, որի վրայից կաթում է, որ այն վեկտորային գրաֆիկա է): Խնդիրն այստեղ հայերի նկարչական անտաղանդությունը չի՝ ես ինքս գիտեմ բավականին լավ երիտասարդ նկարիչներ: Այստեղ խնդիրը «մենք մերոնցով կանենք» մոտեցումն է: Ու բյուջեն էլ բան չի փոխում՝ հայաստանում դժվար թե ինչ-որ նկարիչ Հոլիվուդյան ասղաբաշխական հոնորարներին գոնե մոտ փող պահանջեր իր աշխատանքի համար:

Անիմացիայի որակն ու սաունդտրեկը. այս երկու կատեգորիաները միասին են քննարկվում, քանի որ հենվում են նույն աղբյուրի՝ մուլտֆիլմի trailer-ի վրա.


Անիմացիայի որակը խոսում է անիմատորների անվարժության մասին: Հենց այս պահին զբաղվելով համակարգչային անիմացիայով, ես բավականին լավ եմ գիտակցում, որ մի բան կա, որ միայն փորձի հետ է գալիս. դինամիկան: Կարելի է անիմացնել պերսոնաժին, կարծես թե ամեն ինչ ճիշտ է, բայց անիմացիան համոզիչ/կենդանի չի ստացվի: Այն կարծես «պարտադրված» է, այն ներկայացնում է շարժումը, բայց չի մարմնավորում այն: Դրա համար էլ անիմացիայի կուրսին զուգահեռ ես կոմիքսներ նկարելու կուրս էի անցնում, որովհետև այդ ոլորտում սառած շարժման դինամիկան շատ լավ է ուսումնասիրված: Իսկ շարժումն անիմացիայի մեջ ընդամենը ընթացք է: Եթե պատկերացնում ես շարժումը սառած ժամանակի ցանկացած պահին, ապա հանգիստ կարող ես վերարտադրել նաև ընթացքը: Ստանում ես ամենաարտահայտիչ կետերն ու սկսում աշխատել անցումների վրա: Անահիտ մուլտֆիլմում «ձեռքը շարժվեց աջ-ձեռքը շարժվեց ձախ» մոտեցումն է:

Այո, անիմացիան թանկ հաճույք է: Օրինակ՝ անիմեն, ի սկզբանե լինելով ավելի փոքրաբյուջե ժանր, ձգտում էր մինիմիզացնել անիմացիայի քանակը՝ կենդանություն հաղորդելով կադրին պերսոնաժների չափազանցրած, հիպերակտիվ վարքի միջոցով: Ու չափազանցումը, ժառանգված մանգայից, դինամիկ ու կենդանի էր ստացվում.


Կարճ ասած, անիմեի բանաձևը հետևյալն է՝ եթե չես կարող մի բան անիմացիա անել, այն անիմացիա մի արա: Թույլ տուր  մնացած արտահայտչամիջոցներին փոխանցել դինամիկան: Միմիկան, գեղեցիկ, հեշտ անիմացվող էֆեկտները, ծաղրանկարային չափազանցումները: Դինամիկայի ընդգծված բացակայությունն ընթացքի մեջ ու դրա փոխանցումը պոզաների մեջ բերում է խիստ ոճայնացված պատկերի:

Ինչու՞ ես բերեցի անիմեի օրինակը: Որովհետև սա նաև օրինակ է, թե ինչպես ճապոնացիները, չբավարարվելով էժանագին իմիտացիայով, փնտրեցին սեփական լուծումներ ու արդյունքում ինքնուրույն ժանր ստեղծեցին, որը դժվար է ուրիշի հետ շփոթել:

Ի վերջո, մուլտֆիլմը շարժվող պատկեր է: Եթե պատկերը կա, ապա շարժման պակասը դեռ կարելի է ինչ-որ չափով անտեսել: Բայց վատ շարժումն անտեսել անհնարին է:

Եռաչափ գրաֆիկան, որ հասցրեցի նկատել trailer-ում, ոչ միայն ավելորդ էր, այլ նաև անընդունելի նույնիսկ խաղային գրաֆիկայի մակարդակի վրա, չեմ խոսում ռենդված գրաֆիկայի մասին:

Սաունդտրեկի առումով, եթե trailer-ում մուլտֆիլմի իրական սաունդտրեկն է, ապա այն midi է հիշեցնում: Ակնհայտ կերպով համակարգչով շատ վատ հավաքված երաժշտություն է, որն արժեք չի ներկայացնում ոչ զուտ երաժշտական, ոչ էլ գործիքավորման տեսանկյունից: Արդյո՞ք դժվար կլիներ ժողովրդական երաժշտություն կատարող լավ համույթ գտնել, «Հովերի» նման երգչախումբ, կամերայինի նվագախումբը, լավ կոմպոզիտոր գտնել կոնսի կադրերից: Դժվար, իհարկե չէր լինի: Միայն ցանկություն էր պետք: Ու կստացվեր կոլորիտ, օրիգինալություն և այլն: Իհարկե, Շուշան Պետրոսյանին, Նազենի Հովհաննիսյանին և այլոց հերոսներին ձայներ տալու համար կանչելուն բյուջեն, բնականաբար, բավականացրեց:

Ինչպես է այս ամենը համադրվում. այս վերջին հարցին հնարավոր չի սպառիչ պատասխանել, եթե մուլտֆիլմը չեմ նայել, բայց դժվար է պատկերացնել, որ բոլոր վերևի կատեգորիաներում իրեն չարդարացված մուլտֆիլմն իրեն հանկարծ արդարացնի այս կատեգորիայում:

Ասածս ինչ էր: Իրականում նույնիսկ ճիշտ մոտեցման դեպքում, կախված հանգամանքներից (ժամկետ, բյուջե, այլ հանգամանքներ), մուլտֆիլմը կարող է վատը ստացվել կամ չարդարացնել սպասելիքները: Բայց երբ տեսնում ես մուլտֆիլմի ստեղծողների սխալ մոտեցումները միանգամից մի քանի կատեգորիաներում, ապա դրա արդյունքում լավ մուլտֆիլմ կարող է ստացվել զուտ մի դեպքում՝ պատահաբար: Իսկ այս հարցում հույսը պատահականության վրա դնելը մի քիչ սխալ է:

Ոմանք կասեն, որ այս մուլտֆիլմն, իհարկե, լավը չի, բայց ավելի լավ է, քան հայկական մուլտֆիլմերի բացակայությունն ընդհանրապես: Թույլ տվեք չհամաձայնել. նոր ավանդույթ ստեղծելն անհամեմատ ավելի հեշտ է, քան արդեն ստեղծված արատավոր ավանդույթներն արմատախիլ անելը կամ շտկելը: Բացի դրանից, նման ֆիլմերը սպանում են ապագա նկարիչների ու մուլտիպլիկատորների հավատը հայկական մուլտիպլիկացիայի նկատմամբ:

Մուլտֆիլմին արժեք չի տալու փաստը, որ հերոսուհու ձայնով հայտնի մարդ է խոսում, նամանավանդ եթե այդ հայտնի մասը որպես voice actor առանձնապես տաղանդ չունի: Մուլտֆիլմին արժեք չի տալու սովետական հայտնի մուլտիպլիկատորի անվան ստուդիան: Մուլտֆիլմին արժեք չի տալու նրա հայկական լինելը: Մուլտֆիլմին արժեք չի տալու Ղազարոս Աղայանը: Մուլտֆիլմի արժեքն իրականացման մեջ է: Եվ այս հարցում, վախենամ, այս մուլտֆիլմն իրեն չի արդարացրել:

Ահա թե ինչու իմաստ չունի դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:

Փոխարենը կարելի է սպասել իռլանդական Cartoon Saloon-ի («The Secret of Kells») նոր «Song of the Sea» մուլտֆիլմին (գարուն 2015). մարդիկ կարողանում են անել, որովհետև ձեռքերը ճիշտ տեղից են աճում:

Thursday, September 11, 2014

Անվանեք ինձ Իշմայել. Հերման Մելվիլի «Մոբի Դիկ կամ Սպիտակ Կետը» վեպի քննադատություն

Ներածություն

«Անվանեք ինձ Իշմայել»: American Book Review պարբերականն իր «Գրքի 100 լավագույն առաջին նախադասություններ» ցանկի առաջին տողում նշում է հենց Հերման Մելվիլի «Մոբի Դիկ» վեպի սկիզբը, ու ես լրիվ համաձայն եմ պարբերականի հետ: Հենց այդ պատճառով էլ ես չէի կարող այլ կերպ սկսել հոդվածս: «Մոբի Դիկը» պատմում է իրական անունը չնշվող պատճառներով թաքցնող հերոսի մասին, որը նավաստի է դառնում նավապետ Ահաբի «Պեքոդ» կետորսական նավի վրա, դրանով դառնալով Ահաբի ու Մոբի Դիկ անունը ստացած ալբինոս կետի միջև մահացու պայքարի մասը:

«Պեկոդի ճանապարհորդությունը»
նկարիչ՝ Էվերետտ Հենրի
«Մոբի Դիկը» համարվում է ամերիկյան ռոմանտիզմի շրջանի որոշիչ աշխատանքներից մեկը, թեև իր հրապարակման պահից մինչև Մելվիլի մահը ենթարկվել է ոչնչացնող քննադատության ու խիստ ցենզուրայի: Փաստացի, այն արժանի ուշադրություն է սկսել ստանալ միայն Առաջին Համաշխարհայինից հետո, երբ հաստատված, ընդունված արժեքները սկսել են վերանայվել: Կցանկանայի զգուշացնել, որ թեև մեծ է այս վեպը որպես արկածային գրականություն կարդալու գայթակղությունը (իմ կարծիքով՝ Մելվիլի ժամանակակիցների մեծ սխալներից մեկը), այն կտրուկ տարբերվում է Ստիվենսոնի, Ֆենիմոր Կուպերի, Մայն Ռիդի ու Ժյուլ Վեռնի արկածային վեպերից: Ավելին, ես պնդում եմ, որ «Մոբի Դիկը» հանդիսանում է ամերիկյան գոթական գրականության ներկայացուցիչ ու գոթական վեպ, որը պետք է դիտարկել այնպիսի աշխատանքների կողքին, ինչպիսիք են Էդգար Ալան Պոյի «Աշերի տան անկումն» ու Բրեմ Ստոկերի «Դրակուլան»:

Քանի որ արտասահմանյան գրականության հայալեզու քննադատությունը բավականին սուղ է, այն էլ ինտերնետում, հոդվածս ավելի ծավալուն կստացվի, քան նախատեսված էր, ու կանդրադառնա նաև գրական ձևերին, որոնք այստեղ քննարկվում են: Առավել մեծ կտավ վերցնելը նաև ինձ հնարավորություն կտա ցույց տալ գրական ոճի էվոլյուցիան Էդգար Ալան Պոյի, Հերման Մելվիլի ու Էռնեստ Հեմինգուեյի օրինակների վրա:

«Մոբի Դիկի» սյուժեի ու գրական ոճի վերլուծություն

«Մոբի Դիկ» վեպը բավականին յուրահատուկ կերպով է սկսում. վեպից առաջ բերվում է կետի ստուգաբանությունն ու համաշխարհային գրականության ու առասպելաբանության մեջ կետերի հիշատակումները:

Այստեղ և հետագայում բնագրից թարգմանությունները ես ինքս եմ արել, ու դրանք ակադեմիկ, ոչ թե գեղարվեստական թարգմանություններ են: Փորձ է արվել պահպանել հեղինակի ոճական առանձնահատկությունները, բառախաղերն ու որոշ բառեր չեն թարգմանվել՝ փոխարենը բացատրվելով: Ծանոթագրությունները կբերվեն կապույտ մգեցված տեքստով: Եթե թարգմանությունն իմը չի, դա առանձին կնշվի:
Ստուգաբանություն
(Քերականության դպրոցին տրամադրված հանգուցյալ թոքախտավոր Աշերի կողմից)

Գունատ Աշերը՝ մաշված վերարկուով, սրտով, մարմնով ու մտքով. կարծես աչքերիս առաջ լինի: Նա իր արտառոց թաշկինակով, որի վրա, ասես ծաղրի նշան, ասեղնագործված էին աշխարհի բոլոր հայտնի երկրների զվարթ դրոշները, անվերջ մաքրում էր իր հին բառարանների ու քերականության գրքերի վրայի փոշին: Նա սիրում էր իր հին քերականության գրքերի փոշին հավաքել. ինչ-որ կերպ դա իրեն մեղմորեն հիշեցնում էր իր մահկանացու լինելու մասին:

«Երբ հանձն եք առնում կրթել ուրիշներին, ու սովորեցնում իրենց, թե ինչ անվամբ է պետք կոչել կետաձկանը (բնագրում՝ whale-fish) մեր լեզվով, տգիտության պատճառով բաց թողնելով H տառը (whale բառում, հայերենում այն կորցնում է իր նշանակությունը), որը գրեթե մենակ ներկայացնում է բառի նշանակալիությունը, դուք փոխանցում եք այն, ինչ ճշմարիտ չի»:
—Հեքլայտ

«ԿԵՏ (նորից՝ ստուգաբանելիս կարևոր է անգլերեն WHALE բառը, քանի որ հենց նրա ստուգաբանությունն է բերվում).... Շվ. ու Դան. hval: Այս կենդանին իր անվանումը ստացել է կլորությունից կամ գլորվելուց, քանի որ Դան. hvalt նշանակում է կամարաձև (բնագրում՝ arched or vaulted, որոնք կամարների երկու տարբեր ձևեր են նշանակում)»:
—Վեբստերի Բառարան

«ԿԵՏ (WHALE).... Այն առավել ուղղակիորեն ծագում է Հոլ. ու Գեր. Wallen բառից. անգլո-սաքսոնական Walw-ian՝ գլորվել, թավալ տալ»:
—Ռիչարդսոնի Բառարան
Ստուգաբանությանը հաջորդում են վերոհիշյալ մեջբերումները, որոնք արված են բազմաթիվ աղբյուրներից, որոնք ներառում են հետևյալները.
  • Աստվածաշունչ
  • Պլուտարքոսի «Բարոյականությունների» Ֆիլմոն Հոլլանդի թարգմանությունը
  • Ուիլիամ Տուկի «Լյուցիանից»
  • Շեքսպիրի «Համլետից» ու «Հենրի արքայից»
և այլն:

Այսպիսով, ինչու՞ է հեղինակը ռոմանտիզմի շրջանի վեպը սկսում քերականության կամ բնագիտության հին դասագրքի նման: Սա հասկանալու համար դիմենք անտիկ գրականությանն ու ինվոկացիայի գրական հնարքին. մասնավորապես, Հոմերոսի «Իլիականին», թեև գրական հնարքը հատուկ է անտիկ էպիկ պոեմի ժանրին ընդհանրապես ու ժառանգաբար փոխանցվել է մինչև մեր օրերը, թեև օգտագործումը բավականին նվազել է: Իլիականից մեջբերումը բերվում է ըստ Մկրտիչ Խերանյանի 1987 թ. գրաբարից թարգմանության.
Երգի՛ր, Մուսա, քենը երգի՛ր Պելիսածին Աքիլլեսի,
Քենը դըժնյա, որ անհամար ցավեր բերեց աքայեցոց,
Որ բազմաթիվ դյուցազնների գահավիժեց դըժոխքն ի վար
Եվ դին նըրանց րարձըրեց կեր թըռչունների և շների:
Կատարվում էր Արամազդի կամքը այսպես, երբ մի անգամ
Վեճի մըտան իրարու հետ ու մեկ-մյուսից գըժտվըվեցին
Ատրիդեսը՝ արանց արքան և Աքիլլեսն աստվածազարմ:
Ի միջի այլոց, նույն հնարքը դուք կնկատեք նաև Սասնա Ծռերի սկզբում: Այս հնարքն անվանում են ինվոկացիա. հեղինակը փորձում է իր կոչով իր մտքի մեջ մարմին տալ, գրեթե շոշափելի դարձնել, օգնության կանչել այն, ինչ իրեն ոգեշնչելու է ամբողջ գրքի ընթացքում: Տվյալ դեպքում նա ինվոկացիա է անում ինչպես կետին, այնպես էլ գրքերն ու հեղինակները, որոնք իրեն օգեշնչման նյութ են տվել: Բայց, իհարկե, այս ամենի մեջ, նույնիսկ որպես ոգեշնչման աղբյուր, կետը պարզապես վիթխարի տեղ է զբաղեցնում. կարծես թե ամեն ինչ՝ մարդիկ, գրքերը, գրողները, որոնք վկայակոչվում են, ընդամենը կետի մեջքին փոքրիկ, դժվար նկատելի պատկերներ են: Մյուս կողմից, հեղինակը մեզ հնարավորություն է տալիս տեսնել, թե ինչպես են կետաձկանը տեսել տարբեր ժամանակների ու մշակույթների մարդիկ:

Այս յուրահատուկ, ոչ ավանդական ինվոկացիային հաջորդում է հանրահայտ «Անվանեք ինձ Իշմայել» նախադասությունը: Այն միանգամից ֆիքսում է, որ պատմողը չի ցանկանում իր անձը հայտնել ընթերցողին: Միևնույն ժամանակ նա ընտրում է Իշմայել արաբական անունը՝ Աստվածաշնչում Աբրահամի առաջին որդին իր ներքինի Ագարից, որին իր մոր հետ Աբրահամի կին Սառայի հրամանով արտաքսել են անապատ: Միևնույն ժամանակ հերոսը պատմում է իր աճող ապատիայի մասին, որի միջոցով ցամաքն իրեն արտաքսում է իր անապատը՝ դեպի ծով: Իշմայել անվան ընտրությունը նաև հուշում է ընթերցողին, որ վեպն իրեն խոստանում է արկած, ճանապարհորդություն դեպի այնտեղ, որտեղ նա չի եղել: Որոշելով նավաստի վարձվել կետորսական նավի վրա, նա Մանհետտենից մեկնում է Նյու Բեդֆորդ ու նավաստի դառնում Պեքոդ կետորսանավի վրա:
... հազվագյուտ ծեր նավ էր... նա (այստեղ և հետագայում հեղինակն օգտագործել է իգական she դերանունը) հին դպրոցի նավ էր, երևի բավականին փոքր, հնաոճ ճանկոտ տեսքով: Փորձված ու հողմահար բոլոր չորս օվկիանոսների փոթորիկներից ու հանդարտությունից, նրա ծեր մարմնի գույնը մգացել էր, ինչպես ֆրանսիացի նռնակաձգինը, որը նույն կերպ մարտնչել է ինչպես Եգիպտոսում, այնպես էլ Սիբիրում: Նրա պատկառելի քթամասն ասես միրուքավոր լիներ: Նրա կայմերը... ձիգ կանգնած էին, ինչպես Կոլոնի երեք հին արքաների մեջքերը: Նրա հինավուրց տախտակամածները մաշված ու կնճռոտ էին, ինչպես  Քենտենբերիի տաճարի ուխտագնացների կողմից երկրպագված նշանաքարը, որտեղ Բեքետն է արյունահոսել: Բայց այս բոլոր հնություններին ավելացված էին նոր ու զարմանալի գծեր, կապված վայրի արհեստի հետ, որին նա հետևում էր կես դարից ավելի... Նա հագնված էր ինչպես ամեն բարբարոսական Եթովպիական կայսր, որի վիզը ծանրաբեռնված է փայլեցրած փղոսկրից վզնոցներով: Նա հաղթանշանների մարմնացում էր: Կաննիբալ նավերի մեջ կաննիբալ, զարդարված իր թշնամիների ոսկորներով:


(շարունակելի)

Sunday, December 23, 2012

The Hobbit: An Unexpected Journey

Կինոն նայեցի, մեղմ ասած, հետույքային էր: Անցնեմ վրայով կետ առ կետ:

Մակարդակը
Պատկերացրեք Spy Kids-ը՝ Տոլկիենի տարրերով: Տեխնոլոգիական դեմոնստրացիա, մեծ բյուջե՝ ընկած անճաշակ ու չտես ստեղծագործական խմբի ձեռքը: Համակարգչային անիմացիան նույն չափի տգեղ էր, ինչ «Մատանիների Տիրակալում»: 3D-ի միակ իմաստը 3D-ի պատճառած անհարմարությունները հաղթահարելով ֆիլմը նայելն էր: Գնոմների պարկուրն ու «Մատանիների Տիրակալից» գրեթե կադր առ կադր կրկնօրինակած տեսարանները (Թորինի ու Ազոգի կռիվը համեմատեք Իսիլդուրի ու Սաուրոնի կռվի հետ), արհեստական կերպով մտցված էքշն-տեսարաններն ու կրճատած ոչ էքշն տեսարանները խոսում էին ծույլ, կոմերցիոն, պոպսա աշխատանքի մասին: Գազանիկները լրիվ Դիսնեյի «Սպիտակաձյունիկին» էին արժանի:

Սյուժեն
Խեղճ վիպակը (այո, այս եռագրության համար հիմք հանդիսացած աշխատանքը՝ Տոլկիենի «Հոբբիտը» փոքրիկ վիպակ է, իսկ «Մատանիների Տիրակալը»՝ երեք վեպ) ձգձգել էին այնքան, որ նախնական նյութն ու ավելացվածը երևի նույն քանակի էին: Միևնույն ժամանակ՝ գրքից վերցրածը սարսափելի փոփոխված էր. Ազոգը գրքում գոբլին է, որը սպանվում է Դաինի, ոչ թե Թորինի կողմից, ու որի տղան՝ Բոլգը, փոխարինում է նրան Մորիայում: «Քարե հսկաների» մասին հիշատակումը գրքում ընդամենը գնոմների լեգենդն է որոտի բնույթի մասին: Ռադագաստը Տոլկիենի որևէ ինձ հայտնի ստեղծագործության մեջ էական դեր չի խաղում, որովհետև թքած ունի մարդկանց, էլֆերի ու մնացած բոլորի պատերազմների վրա: Դոլ-Գուլդուրի կոնֆլիկտն իրականում թեև տեղի է ունենում, բայց ոչ «Հոբբիտում» ու առանձնապես չի նկարագրվում: Տրոլլների հետ հանդիպման ժամանակ ոչ թե Բիլբոյով քիթ են սրբում, ինչից հետո նա սկսում է խոսել աղիքային ճիճիուների մասին, այլ Գենդալֆը անընդհատ խորհուրդներ է տալիս տրոլլներին՝ տրոլլի ձայնով, մինչև արևը բացվում է: Ֆիլմ խցկած հոլիվուդյան հումորդը պարզապես զուգարանային էր: Կլիշեներն անտանելի շատ էին («Ո՜չ», «Համոզված եմ, ամենավատն արդեն անցյալում է» և այլն): Ֆիլմն այնպես էր հանված, որ պամպերսավոր հանդիսատեսին հուզի, բայց չտխրեցնի: Զզվում եմ տրագիկ տեսարան -> հեփփի էնդ բանաձևից, որն այս ֆիլմում չարաշահված էր, բռնաբարված, սպանված, թաղված, գերեզմանից հանված ու նորից բռնաբարված:

Հերոսները
Հերոսներին հնարավորինս զրկել էին իրենց բնորոշիչ գրական գծերից ու բերել վերջին շրջանի հոլիվուդյան շաբլոնին՝ սրամիտ, սրալեզու, բռի կատակներ սիրող: Փոխարենը ամեն մեկին տվել էին բնութագրիչ one-liner/catchphrase խոսքեր, որոնք մակերեսային ու բութ հանդիսատեսի մոտ կտպավորվեին ու հնարավորություն կտային տեսնել հերոսների տարբերությունները: Բալինն ասում է՝ «Ես մեր երկուսի չափ խելք ունեմ», վերջ, Բալինը խելոք է, Դվալինն՝ ուժեղ: Պրծավ: Շատ դժվար էր էական տարբերություն տեսնել, ասենք, որոշ գնոմների ու գոբլինների թագավորի անհատականությունների միջև: Գնոմները գրքում քաղաքավարի, բայց ագահ ու չոր-ցամաք տպեր են, իսկ ֆիլմում՝ բարեհոգի տրոլլինգի սիրահարներ, համառ, բայց հերոսական ու «տղավարի», Բիլբոն ոչ թե պահպանողական հոբբիտ-ջենտլմեն է, որին ձգում-տանում է արկածների նկատմամբ հետաքրքրությունը, այլ վախկոտ դեռահաս, Գանդալֆը ոչ թե գրեթե ամենազոր մայար է, որը մարդկային մոգի կերպարանք է ընդունել, այլ լավ ինֆորմացված բոմժ, մյուս իստարին՝ Ռադագաստը, նույնպես բոմժ է, այն էլ շիզոֆրենիկ: Բիլբոյի հերոս, որպես այդպիսին, գոյություն չուներ. Բիլբոն ֆիլմում խաղում էր գրեթե նույն դերը, ինչ Ֆրոդոն, Սեմը, Մերին ու Պինը «Մատանիների Տիրակալում» միաժամանակ: Արդյունքում ստացվել էր ֆրանկենշտեյնի հրեշ՝ հերոս, որը մի քիչ Ֆրոդո էր, մի քիչ՝ Սեմ, մի քիչ՝ Մերի, մի քիչ՝ Պին:

Գնահատականը՝ կարդացեք գիրքը: Նույնիսկ մեկ անգամ նայելն անիմաստ է:

Thursday, January 26, 2012

Ալան Մուր, «Saga of the Swamp Thing, vol.1» (գրախոսություն)

Swamp Thing, Vol. 1: Saga of the Swamp Thing

Իմ գնահատականը՝ 5 աստղ 5-ից

Դե, չնայած, որ ես մեծ հավատ ունեմ Ալան Մուրի նկատմամբ, այնքան էլ մեծ սպասելիքներ չունեի «բանջարեղենից մարդու» մտքից: Պատկերացրեք՝ քայլող կարտոֆիլ, բադրջան ու կաղամբ. ընդհանուր դեպքում լուրջ գրականության մասին իմ պատկերացման հետ այնքան էլ չի բռնում: Բարեբախտաբար, Swamp Thing-ն, ինչպես պարզվեց, մամուռից էր ու մաքուր հիասքանչից:

Նույնիսկ կոմիքսներ գրելու կարիերայի սկզբում Մուրն իրեն լավագույն ձևով է արտահայտում: Խորը, հուզիչ սյուժեներ (չնայած նրան, որ տեղ-տեղ արտահայտվում է նույն լեկցիա կարդացող տոնը, որը «Promethea»-ի ամբողջ թողարկումներ է քաքմեջ արել):

Ես «Saga of the Swamp Thing»-ը կարժանացնեմ ամենաբարձր գովասանքին, որին կարող եմ՝ այն Նիլ Գեյմանի «Sandman»-ի հետ համեմատական մակարդակի է (ու վերջինիս հետ կրում է ոճական նմանություններ ու ընդհանուր հերոսներ):

Հետաքրքիր է, թե Ալանն ինչպես է հերոսներին խորություն ավելացնում: Սուպերմենը՝ Վաղվա Մարդը, «DC Comics Presents #85: Superman and Swamp Thing»-ում էլ նույն մեծամիտ ու մակերեսային տանձն է: Բայց ինչքան կենդանի է Ալանը նրան ներկայացնում՝ տեսնում ես հերոսին, զգում նրա ողբերգությունն, ընկալուն այն, ինչ նա ինքն էլ չի կարող, զգում նրա ցավը:

Հինգ աստղ, ձեռքս կկոտրվեր, եթե ավելի ցածր գնահատեի:

Կարդալ իմ մնացած գրախոսություններն (անգլերեն)