Showing posts with label Դարրեն Արոնոֆսկի. Show all posts
Showing posts with label Դարրեն Արոնոֆսկի. Show all posts

Saturday, September 8, 2012

Դարրեն Արոնոֆսկի, «The Fountain». վերլուծություն

«Ու վտարեց Տերն Ադամին ու Եվային Եդեմի այգուց ու հրե սուր կանգնեցրեց, որ պաշտպանի Կենաց Ծառը»:
Ծննդոց 3:24

Ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկի
Սցենար Դարրեն Արոնոֆսկի, Արի Հանդել
Պրոդյուսերներ Էրիկ Վատսոն, Արնոն Միլչան, Յաին Սմիթ
Երաժշտություն Կլինտ Մանսել
Թոմի դերում՝ Հյու Ջեքման (X-Men, Australia, Swordfish)
Իզզիի դերում՝ Ռեյչլ Վեյսց (Mummy)

Այս ֆիլմ-հանելուկն, իմ կարծիքով, կատարյալ է ամեն տեսանկյունից. դերասանների ընտրությունը, դերասանական խաղը, Կլինտ Մանսելի անզուգական երաժշտությունը, որն ինձ հիացրել էր դեռ Արոնոֆսկու նախորդ՝ «Requiem for a Dream» ֆիլմում, օպերատորական աշխատանքը, մոնտաժը՝ ամեն ինչ արված է վերին աստիճանի լավ:

Իրականում "The Fountain"-ը կարող էր դառնալ Արոնոֆսկու առաջին աշխատանքը, երբ ֆիլմի նկարահանման իրավունքը 2002 թ. գնել էր Warner Bros ընկերությունը: Թոմի դերը պետք է իրականացներ Բրեդ Պիտը, իսկ Իզզիինը՝ Կեյտ Բլանշետը: Ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել Պիտին Թոմի դերում: Դրա համար էլ ինչ-որ տեղ ուրախ եմ, որ նրա հետ տարաձայնություններ առաջացան ու ֆիլմի նկարահանումը հետաձգվեց անորոշ ժամանակով:

2006 թվականին Դարրեն Արոնոֆսկին նկարահանեց ու թողարկեց ֆիլմը կես բյուջեով: Համակարգչային էֆֆեկտների փոխարեն նա օգտագործեց ավելի էժան մակրոլուսանկարչություն, իսկ գլխավոր դերերը խաղացին Հյու Ջեքմանն ու Ռեյչլ Վեյսցը:

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում երեք զուգահեռ իրականություններում. Իզզիի գրքի մեջ Իսպանիայի Թագուհին Կոնկիստադորին ուղարկում է Կենտրոնական Ամերիկա՝ այնտեղ Կենաց Ծառը գտնելու ու Իսպանիան այն զավթող Ինկվիզիտորից փրկելու համար: Երկրորդ իրականությունը Թոմի գլխում է. մտասևեռված ու առանձնացված ամբողջ Տիեզերքից՝ նա փորձում է մահացող Ծառը հասցնել Շիբալբա, որտեղ այն նորից կծաղկի: Երրորդ իրականությունը մեր ժամանակներում կամ մոտիկ ապագայում է. հանճարեղ բժիշկ Տոմ Կլեոն փորձում է քաղցկեղի դեղ գտնել, որպեսզի փրկի իր կնոջն՝ Իզզիին:

Շատերի համար հաճելի կլինի իմանալ, որ Կլինտ Մանսելի գրած սաունդտրեկը կատարել են Սան Ֆրանցիսկոյի Կրոնոս կվարտետն ու շոտլանդական Mogwai պոստ-ռոք խումբը:

Այն մարդկանց, ովքեր ֆիլմը դեռ չեն դիտել, խորհուրդ չի տրվում կարդալ հոդվածի շարունակությունը: