Showing posts with label մուլտֆիլմեր. Show all posts
Showing posts with label մուլտֆիլմեր. Show all posts

Tuesday, December 30, 2014

«Անահիտ» մուլտֆիլմի մասին

Մի քանի օր առաջ ֆեյսբուքում «նախառևյու» էի գրել «Անահիտ» մուլտֆիլմի մասին, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչու չարժի նայել այդ մուլտֆիլմը: Հետո հասկացա, որ ուշադիր չէի եղել, թե ով է մուլտի հեղինակը. եթե ուշադիր լինեի, «նախառևյուս» կլիներ «нахառևյու»:

Փորձեմ ընդլայնել կարծիքս, որպեսզի տպավորություն չլինի, թե «не читал, но осуждаю» վերաբերմունք եմ ցուցաբերում:

Նախ՝ ֆիքսենք, թե ինչպես ենք գնահատում մուլտիպլիկացիոն աշխատանքը: Մենք գնահատում ենք սյուժեն, վիզուալ ոճը, անիմացիայի որակը, սաունդտրեկն ու վերջում՝ թե ինչպես է այդ ամենը համադրվում:

Քանի որ մուլտֆիլմն, ինչպես նախորդ անգամ, չեմ դիտել, ու չեմ պատրաստվում դիտել, կարծիքը հենվում է promotional material-ների վրա, որոնք հենց նախատեսված են ֆիլմի մասին պատկերացում ստեղծելու համար:

Սյուժեն. ընդհանուր առմամբ, սեփական ասելիք ունեցող մուլտ նկարահանելը, որը կգրավի առավել փոքր տարիքի երեխաներին, բավականին դժվար է (լավ օրինակներ՝ Սայմոն Ուելլս - «Բալտո»/«Balto», Տոմմ Մուր, Նորա Տվոմի - «Կելլսի գաղտնիքը»/«The Secret of Kells»), ինչի պատճառով նույնիսկ սեփական ասելիքով մուլտերը հաճախ հենվում են հայտնի հեքիաթների վրա՝ առնվազն հերոսներ ներգրավելով, familiarity-ի սկզբունքը կիրառելով. երեխաներն առավել հեշտ կապվում են հերոսների հետ, որոնց հետ իրենք արդեն կապված են («Շրեկ», և այլն): Պակաս ասելիք ունեցող մուլտֆիլմերը էկրանիզացնում են հեքիաթները, հաճախ whitewash անելով առավել մութ ու մռայլ թեմատիկաները (Դիսնեյի «Ջրահարսը»):

Բնական է, որ Սահակյանցները, ելնելով իրենց «գենդերային» նախասիրություններից, չէին էկրանիզացնի Ղազարոս Աղայանի «Արեգնազանը», որտեղ շոշափվում է տրանսսեքսուալիզմի թեման՝ նախընտրելով «Անահիտը», ներգրավելով տարրեր «Զանգի-Զրանգի»-ից: Վերջին երկու հեքիաթներում էլ ընդամենը կաննիբալիզմն է շոշափվում, իսկ դա բնավ գեյրոպական սարսափելի երևույթ չի երևի: Իրենց տրամաբանությամբ: Հետաքրքիր կլիներ, եթե ինչ-որ մեկը, նույն «ծնողկոմիտեական» տրամաբանությամբ, իրենց մեղադրեր կաննիբալիզմի քարոզի մեջ:

Կարճ կապելով, հեքիաթի էկրանիզացիա իրականացնելը խոսում է մի բանի մասին՝ մուլտֆիլմի հեղինակները սեփական ասելիք չունեին կամ ի վիճակի չէին սեփական սյուժե գրել: Թե ինչքանով է իրենց մոտ ստացվել գոնե հեքիաթ էկրանավորելը, սյուժեի առումով, կարող են ասել միայն մուլտը դիտած մարդիկ:

Ես նկատեցի տեսահոլովակի մեջ ձիու ու շան միջոցով comic relief ստանալու փորձ՝ շատ անհաջող, ընդ որում, Շրեկի Էշի ու Կատվի կերպարների պլագիատ էր հիշեցնում:

Հայտնի հեքիաթները մոդեռն ոճով վերարտադրելը մոդայի մեջ հիմնականում Դիսնեյն է մտցրել դեռ 80-ականներին, բայց հետխորհրդային երկրներում այդ ավանդույթը նոր է սկսել մոդայիկ դառնալ: Դրա պարզ ու խիստ անհաջող տարբերակ է «Երեք Դյուցազունների» մասին ռուսական մուլտֆիլմերի շարքը: Որ պատկերացնեք վերջինի ամբողջ սարսափը, առաջարկում եմ նայել հետևյալ տեսահոլովակը.


Վիզուալ ոճը. «Անահիտ» մուլտֆիլմի ամենաթույլ կետերից մեկը վիզուալ ոճն է: Այս հարցում շատ է շոշափվում «նմանակում» բառը, բայց իմ կարծիքով այստեղ տեղի ունի ոչ թե նմանակում, այլ մաքուր պլագիատ:


Սայմոն Ուելսի ոճը, լինելով ավելի հասուն ու բարդ, նույնպես իր մասն է ունեցել՝


Իհարկե, նույնիսկ նմանակումը բավականին էժանագին է ստացվել: Եթե Դիսնեյի մուլտֆիլմում հերոսները յուրահատուկ խարիզմա ունեին նույնիսկ դիզայնի մակարդակի վրա, իսկ Ուելսի «Եգիպտոսի Արքայազնը»/«The Prince of Egypt» էպիկ մասշտաբի աշխատանք էր, ապա, հուշեք ինձ, ինչ խարիզմա կարելի է տեսնել Վաչագանի ու Անահիտի հերոսների մեջ:

Եթե մուլտֆիլմը նկարեր Deviantart-ի սկսնակներից մեկը, նրա նկատմամբ կարելի էր դեռ ներողամիտ լինել: Բայց որպես լուրջ ստուդիայի կոմերցիոն աշխատանք, վիզուալ ոճի ու նկարչական տեխնիկայի տեսանկյունից, այն պարզապես աղետալի է (վատ որակի վեկտորային գրաֆիկա, որի վրայից կաթում է, որ այն վեկտորային գրաֆիկա է): Խնդիրն այստեղ հայերի նկարչական անտաղանդությունը չի՝ ես ինքս գիտեմ բավականին լավ երիտասարդ նկարիչներ: Այստեղ խնդիրը «մենք մերոնցով կանենք» մոտեցումն է: Ու բյուջեն էլ բան չի փոխում՝ հայաստանում դժվար թե ինչ-որ նկարիչ Հոլիվուդյան ասղաբաշխական հոնորարներին գոնե մոտ փող պահանջեր իր աշխատանքի համար:

Անիմացիայի որակն ու սաունդտրեկը. այս երկու կատեգորիաները միասին են քննարկվում, քանի որ հենվում են նույն աղբյուրի՝ մուլտֆիլմի trailer-ի վրա.


Անիմացիայի որակը խոսում է անիմատորների անվարժության մասին: Հենց այս պահին զբաղվելով համակարգչային անիմացիայով, ես բավականին լավ եմ գիտակցում, որ մի բան կա, որ միայն փորձի հետ է գալիս. դինամիկան: Կարելի է անիմացնել պերսոնաժին, կարծես թե ամեն ինչ ճիշտ է, բայց անիմացիան համոզիչ/կենդանի չի ստացվի: Այն կարծես «պարտադրված» է, այն ներկայացնում է շարժումը, բայց չի մարմնավորում այն: Դրա համար էլ անիմացիայի կուրսին զուգահեռ ես կոմիքսներ նկարելու կուրս էի անցնում, որովհետև այդ ոլորտում սառած շարժման դինամիկան շատ լավ է ուսումնասիրված: Իսկ շարժումն անիմացիայի մեջ ընդամենը ընթացք է: Եթե պատկերացնում ես շարժումը սառած ժամանակի ցանկացած պահին, ապա հանգիստ կարող ես վերարտադրել նաև ընթացքը: Ստանում ես ամենաարտահայտիչ կետերն ու սկսում աշխատել անցումների վրա: Անահիտ մուլտֆիլմում «ձեռքը շարժվեց աջ-ձեռքը շարժվեց ձախ» մոտեցումն է:

Այո, անիմացիան թանկ հաճույք է: Օրինակ՝ անիմեն, ի սկզբանե լինելով ավելի փոքրաբյուջե ժանր, ձգտում էր մինիմիզացնել անիմացիայի քանակը՝ կենդանություն հաղորդելով կադրին պերսոնաժների չափազանցրած, հիպերակտիվ վարքի միջոցով: Ու չափազանցումը, ժառանգված մանգայից, դինամիկ ու կենդանի էր ստացվում.


Կարճ ասած, անիմեի բանաձևը հետևյալն է՝ եթե չես կարող մի բան անիմացիա անել, այն անիմացիա մի արա: Թույլ տուր  մնացած արտահայտչամիջոցներին փոխանցել դինամիկան: Միմիկան, գեղեցիկ, հեշտ անիմացվող էֆեկտները, ծաղրանկարային չափազանցումները: Դինամիկայի ընդգծված բացակայությունն ընթացքի մեջ ու դրա փոխանցումը պոզաների մեջ բերում է խիստ ոճայնացված պատկերի:

Ինչու՞ ես բերեցի անիմեի օրինակը: Որովհետև սա նաև օրինակ է, թե ինչպես ճապոնացիները, չբավարարվելով էժանագին իմիտացիայով, փնտրեցին սեփական լուծումներ ու արդյունքում ինքնուրույն ժանր ստեղծեցին, որը դժվար է ուրիշի հետ շփոթել:

Ի վերջո, մուլտֆիլմը շարժվող պատկեր է: Եթե պատկերը կա, ապա շարժման պակասը դեռ կարելի է ինչ-որ չափով անտեսել: Բայց վատ շարժումն անտեսել անհնարին է:

Եռաչափ գրաֆիկան, որ հասցրեցի նկատել trailer-ում, ոչ միայն ավելորդ էր, այլ նաև անընդունելի նույնիսկ խաղային գրաֆիկայի մակարդակի վրա, չեմ խոսում ռենդված գրաֆիկայի մասին:

Սաունդտրեկի առումով, եթե trailer-ում մուլտֆիլմի իրական սաունդտրեկն է, ապա այն midi է հիշեցնում: Ակնհայտ կերպով համակարգչով շատ վատ հավաքված երաժշտություն է, որն արժեք չի ներկայացնում ոչ զուտ երաժշտական, ոչ էլ գործիքավորման տեսանկյունից: Արդյո՞ք դժվար կլիներ ժողովրդական երաժշտություն կատարող լավ համույթ գտնել, «Հովերի» նման երգչախումբ, կամերայինի նվագախումբը, լավ կոմպոզիտոր գտնել կոնսի կադրերից: Դժվար, իհարկե չէր լինի: Միայն ցանկություն էր պետք: Ու կստացվեր կոլորիտ, օրիգինալություն և այլն: Իհարկե, Շուշան Պետրոսյանին, Նազենի Հովհաննիսյանին և այլոց հերոսներին ձայներ տալու համար կանչելուն բյուջեն, բնականաբար, բավականացրեց:

Ինչպես է այս ամենը համադրվում. այս վերջին հարցին հնարավոր չի սպառիչ պատասխանել, եթե մուլտֆիլմը չեմ նայել, բայց դժվար է պատկերացնել, որ բոլոր վերևի կատեգորիաներում իրեն չարդարացված մուլտֆիլմն իրեն հանկարծ արդարացնի այս կատեգորիայում:

Ասածս ինչ էր: Իրականում նույնիսկ ճիշտ մոտեցման դեպքում, կախված հանգամանքներից (ժամկետ, բյուջե, այլ հանգամանքներ), մուլտֆիլմը կարող է վատը ստացվել կամ չարդարացնել սպասելիքները: Բայց երբ տեսնում ես մուլտֆիլմի ստեղծողների սխալ մոտեցումները միանգամից մի քանի կատեգորիաներում, ապա դրա արդյունքում լավ մուլտֆիլմ կարող է ստացվել զուտ մի դեպքում՝ պատահաբար: Իսկ այս հարցում հույսը պատահականության վրա դնելը մի քիչ սխալ է:

Ոմանք կասեն, որ այս մուլտֆիլմն, իհարկե, լավը չի, բայց ավելի լավ է, քան հայկական մուլտֆիլմերի բացակայությունն ընդհանրապես: Թույլ տվեք չհամաձայնել. նոր ավանդույթ ստեղծելն անհամեմատ ավելի հեշտ է, քան արդեն ստեղծված արատավոր ավանդույթներն արմատախիլ անելը կամ շտկելը: Բացի դրանից, նման ֆիլմերը սպանում են ապագա նկարիչների ու մուլտիպլիկատորների հավատը հայկական մուլտիպլիկացիայի նկատմամբ:

Մուլտֆիլմին արժեք չի տալու փաստը, որ հերոսուհու ձայնով հայտնի մարդ է խոսում, նամանավանդ եթե այդ հայտնի մասը որպես voice actor առանձնապես տաղանդ չունի: Մուլտֆիլմին արժեք չի տալու սովետական հայտնի մուլտիպլիկատորի անվան ստուդիան: Մուլտֆիլմին արժեք չի տալու նրա հայկական լինելը: Մուլտֆիլմին արժեք չի տալու Ղազարոս Աղայանը: Մուլտֆիլմի արժեքն իրականացման մեջ է: Եվ այս հարցում, վախենամ, այս մուլտֆիլմն իրեն չի արդարացրել:

Ահա թե ինչու իմաստ չունի դիտել «Անահիտ» մուլտֆիլմը:

Փոխարենը կարելի է սպասել իռլանդական Cartoon Saloon-ի («The Secret of Kells») նոր «Song of the Sea» մուլտֆիլմին (գարուն 2015). մարդիկ կարողանում են անել, որովհետև ձեռքերը ճիշտ տեղից են աճում:

Thursday, October 31, 2013

«Սովորենք Ռուսերեն» կամ պսիխոդելիկների հնարավոր քարոզ մանկահասակների մեջ

Ռոբերտ Սահակյանցի «Սովորենք ռուսերեն» մուլտֆիլմն էի նայում, մի քանի բան մտքովս անցավ.
  • ավելի պարզ եմ պատկերացնում Սահակյանցների ընտանիքի մտավոր, մմմ, առանձնահատկությունների պատճառները
  • չեմ զարմանա, եթե պարզվի, որ «Мокренькая Кисонька»-ն Ռոբերտ Սահակյանցի աշխատանքներից է
  • նապաստակի հայացքից դատելով՝ ինքը դպրոցից փախնելուց հետո մոտական նարկոդիլլերից մետամֆետամին է գնել ու օգտագործել, ու հավանաբար՝ ոչ առաջին անգամ
  • երկրորդ րոպեն չլրացած, պարզում ենք, որ նապաստակը բացի մետամֆետամինից նաև հալյուցինոգեններ է օգտագործել, հավանաբար՝ պսիլոցիբին, ու սկսել է bad trip ունենալ
  • մուլտֆիլմը հակացուցված է էպիլեպսիայով տառապող երեխաներին, որոնք կարող են դրանից նոպա ունենալ
  • հայերեն մուլտֆիլմում պարզում ենք, որ նամակ գրելու համար պարտադիր պետք է ռուսերեն տառեր իմանալ
Այս 45 րոպեանոց նեադեկվատի վակխանալիան 4 րոպեից ավել չկարողացա նայել:

Բուն վակխանալիան.


Мокренькая кисонька-ն.


Նույն հավանականությամբ այս աշխատանքն էլ կարող է Սահակյանցինը լինել.


Ու ընդհանրապես՝ ես սահմանում եմ տարօրինակ, առողջ դատողության համար վտանգավոր, ոչ ադեկվատ մուլտֆիլմերի Ռոբերտ Սահակյանցի մրցանակ:

Tuesday, August 28, 2012

91 սանտիմետր

Ամենաէմոցիոնալ կարճամետրաժ ֆիլմերից մեկը, որ վերջերս տեսել եմ: Դիզայնը, մինիմալիզմն ու ընդհանուր էսթետիկան էլ շատ հաճելի են:

«Skhizein»-ը կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ է մի մարդու (Անրիի) մասին, որը հայտնվել է ուղիղ 91 սանտիմետր հեռավորության վրա այն տեղից, որտեղ պետք է լիներ:

Հավատացեք, չնայած հումորային տոնին, սա լուրջ ֆիլմ է ու ցնցող մոտեցում թեմային՝ եթե ուշադիր լինեք, դուք էլ դա կնկատեք:

Ես զուգահեռներ տարա Անրիի՝ ֆիլմի հերոսի, ու ինձ տարիներ շարունակ ոգեշնչած մարդու՝ Ուոլտեր Ինգլիս Անդերսոնի միջև: Ես չգիտեմ, արդյոք այդ նմանությունները պատահական էին, թե նպատակային: Երևի մի օր կհարցնեմ պարոն Կլապենին:


Ահա և մուլտֆիլմի կոմպոզիտոր Նիկոլյա Մարտենի աշխատանքների շարք (հույս ունեմ՝ ուշադիր էիք երաժշտության նկատմամբ).

Saturday, July 14, 2012

Գտնված Երազը

Գիտեմ, բոլորդ հազար անգամ տեսել եք, բայց առանց արցունքների նայել չեմ կարողանում: Ու նամանավանդ «Գիշերվա աստղազարդ նկարում» երգը, որը հնչում է վերջում: