Showing posts with label բնապահպանական. Show all posts
Showing posts with label բնապահպանական. Show all posts

Tuesday, March 19, 2013

Կողքից նայելու ու ծափահարելու մասին

Մի քիչ դառը գրառում է, բայց վաղուց պետք է կատարվեր:

Մարիամ Սուխուդյանի անունը պետք է որ շատերիդ ծանոթ լինի: Այն աղջիկը, որն ինքն իրեն, ինչքան իրեն հիշում եմ, նվիրել է Հայաստանի բազմատեսակ բնապահպանական խնդիրներին, փողոցային կենդանիներին, հուշարձաններն ավերումից փրկելուն, անտեսված ու ոտնահարված մարդկանց իրավունքներին: Միայն նա չէ, բայց հենց նրան եմ նշում, որովհետև իմ պայքարը Մարիամից է սկսել ու որ անուններ նշելիս ոչ մեկին չմոռանամ ու չվիրավորեմ:

Մարիամն արդեն 33 տարեկան է ու շարունակում է պայքարել բոլորիս իրավունքների համար՝ մի կողմ թողնելով առողջությունը, կարիերան ու անձնական կյանքը: Մի մասը հիանում է նրանով, ծափահարում, ողջունում, որոշ իշխանամետներ նրան անվանում են գրանտակեր ու լրտես: Ինձ ծանոթ շատ մարդիկ նրան համարում են հերոս, բայց քչերն են գիտակցում, որ այս ամբողջ բեռը կարող էր չընկնել մեկ մարդու վրա, եթե կողքից նայելու ու ծափահարելու փոխարեն մարդիկ այդ բեռի մի մասն իրենց վրա վերցնեին:

Մաշտոցի պուրակում մեր պայքարը տևեց 90 օր, կայուն ակտիվիստների քանակը հազիվ հասներ 50-ի: Մեր ստորագրահավաքին մասնակցել էր մոտ 10,000 մարդ: Եթե բոլոր այդ մարդիկ մեկ օրով հավաքվեին Մաշտոցի պուրակում, խնդիրը հենց այդ օրն էլ կլուծվեր:

Երբ մի օր Մարիամին նայեք որպես հերոս, հիանաք նրանով, մտածեք այն մասին, արդյո՞ք կարող եք փոխհատուցել նրա երիտասարդության այն տարիները, որ նա ծախսել է ձեր իրավունքների համար պայքարելով:

Շավարշ Կարապետյանին հիմա գրեթե չեն հիշում: Պրոֆեսիոնալ լողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, որը 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Ստացած վնասվածքների պատճառով ստիպված եղավ թողնել լողորդի կարիերան: Նա նույնպես հերոս է:

Բայց եթե Շավարշ Կարապետյանի զոհաբերությունը բխում էր անհրաժեշտությունից, ապա Մարիամինը բխում է մեր անգործությունից:

Մտածեք այս մասին: Իսկ ավելի լավ է՝ կանգնեք Մարիամի կողքին: Գառնի, Խոսրովի անտառ, Ջերմուկ, Թեղուտ՝ մենք հենց հիմա պարտվում ենք այս բնապահպանական ճակատամարտները:

Sunday, July 8, 2012

Կոշիկի խանութը, քաղաքի աղտոտումն ու բուտիկների զոհերը

Երեկ ընկերներիցս մեկը պատմեց, թե ինչպես էր Շրջանայինում գտնվող MegaBox կոշիկի խանութի զեղչը չտեսների գնորդների մեծ հոսք առաջացրել: Խանութի աշխատողները ժամանակ առ ժամանակ կոշիկի տուփեր և այլ աղբ էին հանում ու լցնում խանութի դիմաց: Ընկերս մտավ խանութ, որ բողոքի աղբի համար: Խանութում նախ մունաթով հարցրեցին, թե ինչու է հետաքրքրվում, հետո ասացին, որ դա աղբ չի, կոշիկի տուփեր են: Հետաքրքիր է, փաստորեն՝ MegaBox կոշիկի խանութում կոշիկները վաճառում են Տաշիր պիցցայի տուփերով:

Կարճ ասած, ահա լուսանկարներ դեպքի վայրից:

Sunday, June 17, 2012

Ահազանգ. Գայի արձանի հետևի այգին կառուցապատում են

Բնապահպաններ, մտահոգ քաղաքացիներ ու մնացած բոլորն, ում հետաքրքիր է Երևանի ճակատագիրը: Այսօր ահազանգ է ստացվել, որ Նորքի 1-ին զանգվածի Գայի արձանի հետևում գտնվող այգին վտանգված է ու ենթակա է կառուցապատման:

Ահազանգ է տվել հենց տեղի բնակիչ Աննա Կուրղինյանը:

Այսօր ժամը 15:00 հավաքվում ենք այգում, որպեսզի քննարկենք իրավիճակն ու հետագա գործողությունները:

Saturday, May 26, 2012

Թեղուտի ուսանողական ֆորումը հետաձգվում է

Ինչպես նախապես հայտարարված էր «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» մայիսի 26-ին' այս շաբաթ օրը, նախատեսում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում կազմակերպել «Թեղուտ. հա՞նք, թե՞ կյանք» խորագրով ուսանողական ֆորում, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Թեղուտի հանքարդյունաբերական աղետաբեր ծրագիրը:

Նախաձեռնությունը համալսարանի ուսանողական խորհրդի միջոցով նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել «Մանուգյան» դահլիճում անվճար նշված միջոցառումն իրականացնելու համար:

Ղեկավարությունը, միջոցառումից երկու օր առաջ, տեղեկանալով Թեղուտի ֆորումի մասին, ուսանողական խորհրդին առաջարկում է արգելել լրատվամիջոցների ներկայությունը տվյալ միջոցառմանը: Սակայն, քանի որ միջոցառումը հանրային էր, նախաձեռնությունը որևէ կերպ չէր կարող սահամանափակել լրատվամիջոցների մասնակցությունը:

Միջոցառումից մեկ օր առաջ, արդեն շրջանցելով ուսանողական խորհուրդը, համալսարանի ղեկավարությունը նախաձեռնությանն առաջարկել է վարձակալության պայմանագիր կնքել:

Քիչ անց՝ աշխատանքային օրվա ավարտից առաջ, համալսարանի ղեկավարությունը տեղեկացրել է, որ առհասարակ հրաժարվում է տրամադրել «Մանուգյան» դահլիճը Թեղուտի ֆորումի համար, քանի որ խախտվել է դահլիճի վարձակալություն ստանալու համար դիմումի ընթացակարգը, բացի այդ Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքականության համաձայն արգելվում է համալսարանում քաղաքական ենթատեկստ ունեցող հարցերի քննարկումը:

Փոխարենը, համալսարանի ղեկավարությունն առաջարկել է ապագայում վարձակալությամբ տրամադրել տարածք Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնես կենտրոնում:

Առաջացող հարցադրումներ'

Արդյո՞ք ձևական բնույթ չեն կրում քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին մի շարք հաստատությունների և կառույցների հայտարարությունները

Ո՞րն է այն տեղը, որտեղ ենթադրվում է, որ կարող է կայանալ այդ քաղաքացիական հասարակությունը

Ինչպե՞ս կարելի է հստակ սահմանազատել քաղաքացիականը և քաղաքականը՝ կամայական շահարկումներից խուսափելու համար

Արդյո՞ք Հայաստանում ուսանղությունն ունի ազատություններ, ո՞ւմ համար են ԲՈՒՀ-երը

Հ.Գ. Թեղուտի ֆորումը հետաձգվում է: Մանրամասների համար կտեղեկացնենք:

«Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն»

Wednesday, May 23, 2012

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր:

Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին:
Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ:
Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում:

Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

Sunday, February 19, 2012

Նստացույց, օրեր 7-րդ և 8-րդ

Play the man, Master Ridley; we shall this day light such a candle, by God's grace, in England, as I trust shall never be put out.
Hugh Latimer

Այսպիսով, ցույցի յոթերորդ և ութերորդ օրերի մասին:

Օր Յոթերորդ
Օրը սկսում է ոստիկանների կողմից առավոտը շուտ նստացույցի մասնակիցներին բռնի կիսակառույց կրպակի կարկասից տեղահանելով, որտեղ մեր հավաքատեղին էր: Այդ ժամին ցուցարարների քանակը դեռ յոթ էր, ու նրանք փորձում են պատ կանգնել ու խաղաղ դիմադրել ոստիկանների կիրառած ուժին, բայց ոստիկանները նրանց հրմշտելով դուրս են գցում:

Բետոնախառնիչ մեքենան գալիս է, ինչպես նախորդ օրը: Ահա թե ինչ է տեսնում բետոնախառնիչ մեքենայի տակ պառկած մարդը.

Ուղիղ մեր աչքերի առաջ շարունակում է մոնտաժվել բուտիկների մետաղական կարկասը: Վերջապես «Մաշտոցի և Արայի փողոցների (չեմ հիշում մի քանի բառ) առընթեր կրպակների իրացման ու նորերի տեղադրման Երևանի քաղաքապետարանի նախագիծ» փաստաթուղթ են ներկայացնում, որը կտրուկ տարբերվում է նախորդ օրը բերված գրիչով ուղղումներով կեղծիքից, որը մեր ձեռքերում չհայտնվեց (այս մեկը մենք ունենք երկու պատճենով):

Friday, February 17, 2012

Իսկ այսօ՞ր ինչ էի անում շարքից

Ժողովուրդ, միշտ հիշեք. մեր մեջքին կանգնած է այնպիսի մեծ ուժ, ինչպիսին է տնական խորոված կարտոֆիլը: Դա՝ հաճելի բաներից: Բայց երբ երեխեքի վրա բետոն խառնող մեքենա են քշում, հաճելին քիչ է:


Ժողովուրդ, մենք ձեր կարիքն ունենք:

Քաղաքապետարանի ներկայացուցիչը գալիս, ասում է՝ մենք խոստացել էինք մինչև հարցի պարզաբանումը կասեցնել շինարարությունը: Մենք հարցնում ենք՝ իսկ բետոնամեշալկան այստեղ ի՞նչ է անում: Քաղաքապետարանի ներկայացուցչի հարցը: Պատրաստվեք: Ի՞նչ բետոնամեշալկա:

Աբսուրդ ու անասուն վիճակ: Ի՞նչ կարող եմ ասել: Бетономешалка! Мешает бетон!

Thursday, February 16, 2012

S.O.S

Ահազանգ
Վերջին տվյալներով նստացույցը փորձում են ցրել, շինարարներ են եկել որ շարունակեն կառուցումը: Հիշեցնեմ, որ քաղաքապետարանը կառույցների իրականացման իրավական հիմնավորում չի բերել ու արդարացրել է տեղի ունեցածը «չենք նկատել» վերաբերմունքով, իսկ շինությունն իրականացնողը, որի անունը կճշտվի, ըստ վկայությունների, սպառնացել է «քսան մարդու արյուն էլ լինի՝ թափի, բայց կառույցը շարունակի»:

Առաջ դեպի Մարգարյան ծննդատան մերձակա այգին: Մեզ պետք է ամեն մեկի օգնությունը:

Friday, January 27, 2012

Թեղուտի պատմական արժեքը

Այ, այս նյութի թեմայով:
Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով արդեն վնասվել են մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Պատմամշակութային այդպիսի հուշարձաններից մեկն է Դուքանաձորի տարաշքում հայտնաբերված միջնադարյան ձուլարանը:

Հանքի այն տարածքը, որը կվերածվի պոչամբարի, կվնասի նաև այստեղ գտնվող բոլոր հուշարձանները, մասնավորապես կվերանա Խառատանոցի տարածքում հայտնաբերված Կուր-արաքսյան մշակութային շերտը, որն իր տեսակով առանձնահատուկ է: Տարածքի պեղված հուշարձանները գրանցված են պատմամշակութային պահպանվող հուշարձանների ցուցակում:
Թեղուտի տարածքում առկա մեծաթիվ պատմամշակութային հուշարձանները կարելի է օգտագորշել տեղանքը զբոսաշրջության կենտրոն դարձնելով:

Տուրիզմն աշխարհում բարձր տնտեսական ճյուղ է հանդիսանում, ինչը հավասար է մեքենաշինությանը կամ արդյունաբերությանը: Փաստորեն մենք ոչ միայն ոչնչացնում ենք պատմական շերտերը, այլ նաև դրա վրա գումար աշխատելու հնարավորությունը:

Ռադիոներից, թերթերից և կայքերից եկել էին Հանրային Ռադիո, Ռադիո Վան, Արմռադիո, Lurer.com+ video+ photo, Aravot.am+ video+ photo,1in.am+ video,Panarmenian.net+ photo,Panorama.am,Tert.am,Haynews.am,Armenianow.am, Անկախ շաբաթաթերթ, Ankakh.com, Hayatsk.am, Հայացք օրաթերթ, Ազգ Օրաթերթ, Արմինֆո:

Ներկա են եղել հետևյալ ալիքները` Հ1, Հ2, Ար, Կենտրոն, Արմնյուզ, Արմենիա, Շանթ, Երևան, 12tv, ATV:
-Մարիամ Սուխուդյան
Եթե տեղյակ չեք, թե ինչ է պոչ-ամբարը (хвост), ապա ասեմ. այն իրենից ներկայացնում է արհեստական ջրամբար, որի մեջ լցվում են հանգաարդյունաբերական թափոններ: Այդ թափոններն իրենց մեջ պարունակում են ծանր մետաղներ՝ սնդիկ, կապար և այլն, որոնք աղտոտում են հողն ու տարածվում արտեզյան ջրերի միջոցով: Ու այդ էկոլոգիական աղետը՝ մեր ամենագեղեցիկ ու կարևոր անտառներից մեկի տեղում:

Կապանի շրջանում՝ Արծվանիկ գյուղի շրջակայքում, նույնպես կա պոչ-ամբար, որտեղ լցվում են Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնները: Մի քանի տարին մեկ պոչ-ամբար տանող խողովակները պատռվում են ու թափոններով աղտոտված ջուրը լցվում է Ողջի գետը, որը հոսում է ամբողջ Կապանի երկայնքով: Ջուրը դառնում է կակաոյի գույնի: Քաղաքացիներից շատերը գետափին ունեն բանջարանոցներ, որոնցում աճեցվող բույսերը, նամանավանդ արմատապտուղները կարող են իրենց մեջ կուտակել ծանր մետաղներ ու վնաս հասցնել առողջությանը: Ինչևէ, այդ վնասը չի հաշվարկվում, գործողություններ ձեռք չեն առնվում այն հաշվարկելու ու փոխհատուցելու ուղղությամբ: Վթարը սովորաբար վերացվում է... երեք օրից մինչև մեկ շաբաթ ընթացքում:

Խնդրում եմ օգնել տարածել մեր խոսքն ու չհանձնվել. Թեղուտը դեռ կարելի է փրկել: