Showing posts with label արևի խավարում. Show all posts
Showing posts with label արևի խավարում. Show all posts

Wednesday, May 8, 2013

Մայիսի 10-ի արևի խավարումը

Ու նորից մեր բախտը չի բերում՝ ամսի 10-ի արևի օղակաձև խավարումը հիմնականում կտեսնեն Ավստրալիայում ու Պոլինեզիայում: Ինչպես նախորդ անգամները, գոնե լուսանկարներ կլինեն:

Եկեք հիշենք արևի խավարման տեսակները (ինչից հետո երկնային մարմինները դիտել սիրողներին լավ նորություն էլ կհայտնեմ).
  • ամբողջական խավարում, երբ լուսնի սիլուետն ամբողջությամբ ծածկում է արևը (ու կարելի է տեսնել լուսնային հովիտների գծագրությունն, ի միջի այլոց),
  • օղակաձև խավարում, երբ լուսնի սիլուետն ավելի փոքր է, քան արևինն, ու արևը երևում է լուսավոր օղակի տեսքով,
  • հիբրիդային (ամբողջական/օղակաձև) խավարում, երբ տարբեր պահերի խավարումը տատանվում է ամբողջականի ու օղակաձևի միջև,
  • մասնակի խավարում, երբ արևն ու լուսինն այնքան էլ նույն գծի վրա չեն ու լուսնի սիլուետը ծածկում է արևի միայն մի մասը:
Իսկ հիմա՝ լավ նորությունը:

Դատելով աջի սխեմայից, այս տարվա նոյեմբերի 3-ի հիբրիդային խավարումը մեզ մոտ տեսանելի կլինի ուղիղ մայրամուտից առաջ: Հիշենք նաև, որ հիբրիդային խավարումները համեմատաբար հազվադեպ են պատահում:

Մեզ մոտ դա կլինի 0,115 ուժգնությամբ մասնակի խավարում (տպավորություն կլինի, թե ինչ-որ մեկն արևից կտոր է կծել), կսկսի GMT+4 17:22:10-ին, իր գագաթնակետին կհասնի 17:53:19-ին ու կավարտվի 17:54-ին:

Երևանում տեսանելի մոտակա ամբողջական արևի խավարումը տեղի կունենա 2060 թվականի ապրիլի 30-ին:

Monday, May 21, 2012

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ բացել է, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը:

Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր:

Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են).
Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California
Tom Bridges/Tokio, Japan
Tom Bridges/Tokio, Japan
Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին:

Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Sunday, May 20, 2012

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP
Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու:

Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում:
Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը).
  • Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ
  • (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07)
  • (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17)
  • Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54)
  • (U4) Լիարժեք խավարման ավարտը. 1:39:11 (04:39:11)
  • (P4) Մասնակի խավարման ավարտը. 2:49:21 (05:49:21)
Լուսանկարը՝ Shi Tou/Reuters
Ափսոսում եմ, որ չեմ կարողանա այս խավարումն էլ լուսանկարել, ինչպես 2011-ի հունիսի 16-ի լուսնի խավարումը: