Showing posts with label երազներ. Show all posts
Showing posts with label երազներ. Show all posts

Thursday, November 13, 2014

Երազ

Երազումս Մանեին ռեանիմացիայից պալատ էին տեղափոխել, սենյակի մյուս կողմում նստած ֆեյսբուքով չատ էի անում: Գնացի մոտը, որ հետը խոսեմ, Մանեն վզիցս կախվեց, շալակած տարա նոուտբուկի մոտ: Դեռ թույլ էր ինքնուրույն քայլելու համար: Չատերս էր կարդում, ասաց՝ տամ ինքն էլ մտնի, հազար տարի ինտերնետ ձեռքում չի եղել:

Ես մտածեցի՝ Մանե, սա արդեն մի անգամ եղել է, դու շուտով մահանալու ես, բայց չկարողացա հասկանալ, ինչից է մահանալու, եթե այդքան լավ է արդեն, ու ճիշտ կլինի արդյոք իրեն դա ասել:

Հետո արթնացա: Վատ էի: Լավ կլիներ՝ չարթնանայի:

Thursday, October 16, 2014

երազումս
երկու հարկանի տուն էր
վերևի հարկում ռեանիմացիայի սենյակ
ներքևում՝ թաղման բյուրոյի նման բան
սեղանի վրա դագաղ դրած
դատարկ
լիքը մարդիկ կանգնած
ու ինձ խնդրում են Մանեի մարմինը վերևի սենյակից իջեցնել ներքև
ու ես գրկում իջեցնում եմ, դրան զուգահեռ ոնց որ նույն երազն ընթանա, բայց նորիս սկզբից
ու վրայից՝ երրորդ շերտով
չորրորդ
և այլն
ու ամեն անգամ՝ ինչ-որ մանրուքներ փոխված
զուգահեռ, բայց ոչ միաժամանակ
որ էպիզոդը ժամանակի ցանկացած պահի անվերջ անգամ սկսում է ու անվերջ անգամ վերջանում
անվերջ չնչին փոփոխություններով
ու ես հասկանում եմ
թե հենց որ պահին է Մանեն իմ ձեռքերի մեջ մահանում
ասենք սիրտը կանգնած է
բայց հենց երբ է միտքը մեռնում վերջնականապես
ժամանակի ցանկացած պահի
ու միակ անփոփոխ կետը դա է
ու էդ գիտակցությունը գլխիս մեջ աճում է
ես ոնց որ սոխի նման շերտատվեմ երազի տարբեր շերտերի մեջ
ու արթնանում եմ


Monday, February 10, 2014

Էլի երազ

Ուրիշ վերջերս տեսած երազ: Տնեցիքով ինչ-որ տարօրինակ խանութ էինք գնացել, ծնողներս իրենց համար դագաղներ էին ուզում վերցնել: Հորս դագաղը կամ բոյով չէր բռնում, կամ կոշիկները խանգարում էին կափարիչին: Տանը քույրս կատվիս ականջներին «каналка» էր արել, ինչ-որ փշերով վզնոց գցել վրան ու ծակերով անց կացրել: Կատուս էլ շուտով պիտի մեռներ: Ինչ-որ շուն ունեի, ինքն էլ:

Հետո Գայանեի հետ գնացի Վանաձոր, Մանուկյանն ինչ-որ խմբի հետ The Hives-ի երգ էր նվագում: Ասացի որ, The Hives-ն անասուն խումբ է, Գայանեն էլ պատասխանեց՝ «էլի դու քո կատեգորիկ բաներով» և այլն: Իսկ ես զգացի, որ ահավոր, աններելի ֆալշ են նվագում ու երգում, սկսեցի չարախնդալ:

Tuesday, September 13, 2011

Ինքնաթիռը

Допрыгался, ինչպես ասում են:
Կիսաքնած վիճակում ձայնային հալյուցինացիաներն աճում են դեպի երազը: Սկզբում թվում է, թե ինչ-որ դխկոցներ ես լսում, արթնանում ես, ձայների աղբյուրը փնտրում, հետո նորից թմրած ընկնում բարձին: Հետո՝ ուժեղ պայթյուն: Կիսաքնած քայլում ես դեպի պատուհանը: Պատուհանի ապակին ճաքած է ու թեքված դեպի ներս: Դիմացի շենքի վրա պատուհաններ չկան, ու ներսն էլ ասես այրված լինի: Բակում ընկած ինքնաթիռի մասեր են:
Ապակու ճեղքերից այրվող մսի հոտը թափանցում է քո մոտ: Այնքան իրական, որ երազ լինել չի կարող: Արթնանում ես ու էլ չես կարողանում քնել:
Ու սա դեռ երկրորդ երազն էր: Առաջինը չեմ պատրաստվում պատմել:

Sunday, June 19, 2011

Երազ

Բավականին տպավորիչ ու տհաճ երազ տեսա: Առավել ուժեղ հիշված մասն այն էր, որ գնացել էի հյուսիս, որտեղ պատահաբար մայրս ու չեմ հիշում ով բռնակ էին քաշել, ու ռադիացիան լցվել էր խցիկը, որի մեջ ես էի: Երազն իմ կլոնի տեսանկյունից էր (որը ես էի): Կլոնին էին փոխանցվել իմ բոլոր հիշողությունները մինչև գնալը: Նախ՝ չէի կարողանում հավատալ, որ իսկապես մահացել էի, մտածում էի՝ ինչ-որ բան մտածած կլինեմ, ցանկանում էի գնալ, գոնե գտնել մարմինը: Մյուս կողմից, ոչ մեկը չէր հավատում, երբ ես ասում էի, որ բնօրինակս մահացել է: Մեկ էլ՝ զրոյից թվային ֆոտոապարատ էի հավաքում, որն իմ վեբկամի կլոր տեսքն ուներ, բայց ավելի մեծ էր, թափանցիկ ու կեղտոտ պատյանով:
Հուսով եմ այսօր ավարտել ու տեղադրել «Մահվան Մյուս Կողմը»:

Saturday, December 12, 2009

Ցիտադել

երազի գրառում արթնանալուց հետո
... ժամանակն ընդամենը դաշտ է, որտեղ մենք ցանում ենք մեր սերմերը

Ես մերկ քայլում եմ լաբիրինթոսով, տարբեր գազաններ հարձակվում են ինձ վրա: Նրանց սպանելով հասնում եմ օղակի, որից աղջիկ է դուրս գալիս. նա սպառնում է ինձ, մարտահրավեր նետում: Ես ցատկում եմ առաջ, ոլորում նրա ձեռքը, բռնում վզից ու արդեն պատրաստ եմ մեջքը ջարդել ծնկիս, բայց հասկանում եմ, որ նա չի հարձակվում ինձ վրա ու նույնիսկ չի պաշտպանվում: Բաց եմ թողնում, աղջիկը գրկում է ինձ, համբուրում: Ասում է, որ ես պետք է փախչեմ, քանի դեռ նրա քրոջ քույրը չի գտել ու սպանել ինձ: Ես նրան բաց եմ թողնում ու վազում:

Ես ամրոցում եմ, ինչ-որ մարդիկ հարձակվում են նրա վրա: Ամրոցը կառուցված է դատարկության մեջ լողացող հողի կտորի վրա: Հարձակվող մարդիկ ծնվում են հենց դատարկությունից: Ես հսկա ցատկերով ամրոցի պատից պատ եմ թռնում, հրում մագլցողներին ներքև: Երբեմն հարվածում եմ իմ Կամքով՝ հրացանի կրակոցի ազդեցություն է թողնում: Հայտնվում է պաշարման տեխնիկա, բայց ես մոխրագույն դատարկությունից մոխրագույն հրեշներ եմ ստեղծում (փիղ ու սարդ), որոնք դրանք կուլ են տալիս: Մարդիկ շարունակում են հարձակվել, բայց անզոր են: Երբ ես դա հասկանում եմ, սկսում եմ սկսում եմ ծիծաղել, ծիծաղն արձագանքում է դատարկության մեջ: Հարձակվողները վախեցած հետ-հետ են գնում:

Ես հասկանում եմ, որ ամրոցն ընդամենը զոհասեղան է ինձ, ու հարձակվողները՝ զոհեր իմ զոհասեղանին: