Tuesday, March 10, 2015

Նեմցովի սպանության կոնտեքստը. քաղաքական սպանությունները Պուտինի օրոք

Ներողություն եմ խնդրում ուշացած գրառման համար՝ այն հետաձգում էի, քանի որ պլանավորում էի լրատվամիջոցների միջոցով հրապարակել: Բայց քանի որ դա հետաձգեց, որոշեցի տեղադրել այստեղ, քանի դեռ այն չի կորցրել իր ակտուալությունը:

2015 թվականի փետրվարի 27-ը նշանավորվեց Մոսկվայի կենտրոնում՝ Մոսկվա գետի մեծ կամրջի վրա ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությամբ: Կամուրջը գտնվում է Կրեմլի անմիջական հարևանությամբ՝ ուղիղ արևելյան կողմում: Նեմցովը ՌԴ նախկին փոխվարչապետ էր ու, Վլադիմիր Ռիժկովի ու Միխաիլ Կասյանովի հետ միասին, ղեկավարում էր ռուսական ընդդիմադիր РПР-ПАРНАС կուսակցությունը:

Ցավոք, սա ոչ առաջին, ոչ էլ, կարծում եմ, վերջին դեպքն էր Պուտինյան ռեժիմի օրոք իրականացված քաղաքաքական սպանություններից: Այս հոդվածը նպատակ ունի ի մի բերել Նեմցովի սպանությանը նախորդած կոնտեքստն ու նախորդ աղմկահարույց քաղաքական սպանությունները:

Նախ՝ վերհիշենք, որ 1999 թ. օգոստոսի 19-ին Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նախագահ Բորիս Ելցինի կողմից նշանակվել է ՌԴ փոխվարչապետ, նույն օրը վերանշանակվելով Վարչապետ: Ու, նորից նույն օրը, Բորիս Ելցինը հայտարարեց, որ Պուտինին ցանկանում է տեսնել որպես իր հաջորդ նախագահ: Պուտինի նախարարների կաբինետի կազմը որոշեց ոչ թե ինքն, այլ նախագահի ադմինիստրացիան: 1999 թ. դեկտեմբերի 31-ին Ելցինն անսպասելիորեն հրաժարական տվեց, ու Պուտինը, ՌԴ Սահմանադրության համաձայն, դարձավ ՌԴ գործող նախագահ: Նույն օրը Պուտինը ստորագրեց իր առաջին նախագահական հրամանագիրը՝ «ՌԴ նախկին նախագահի ու նրա ընդանիքի անդամների համար երաշխիքների մասին»: Ըստ հրամանագրի, պաշտոնաթող նախագահի ու նրա մերձավորների նկատմամբ չէին հարուցվելու կոռուպցիայի մեղադրանքներ: 2000 թ. փետրվարի 12-ին հրամանագիրը փոխարինվեց նույն պարունակությամբ ֆեդերալ օրենքով:

Sunday, March 1, 2015

Ընդդիմադիր կոնֆորմիզմ

Երբեք չեմ հասկացել, թե ինչպես կարող է մեկը հույս ունենալ, թե միտինգներով ու լոզունգներով սահմանափակվող քաղաքական պայքարը բացի նոր միտինգներից ու լոզունգներից ուրիշ արդյունքի կարող է բերել:

Եթե նույնիսկ ամբողջ պասսիվ, չկողմնորոշված մասսան դուրս գա փողոց, Սերժը չի ասելու՝ լավ, ժող, կներեք, ես սխալ էի, իշխանությունը ձեզ, ու ցրվենք տներով: Սերժը կարող է լավագույն դեպքում այնքան ժամանակ անտեսել այդ մարդկանց, մինչև իրենք հոգնեն ու գնան տներով: Վատագույն դեպքում կարող է բերել էսկալացիայի, քանի դեռ իր համար վտանգավոր մասսա չի հավաքվել, տրորել այդ շարժումն, ահաբեկել ու ցրել:

«Մենք զոհեր չենք ուզում» տեսանկյունը գեղեցիկ է հնչում, մինչև փորձում ես հասկանալ, թե այն իրականում ինչ է նշանակում. «մենք գիտենք, որ ինչքան ավելի մեծ վտանգ ներկայացնենք ռեժիմի համար, այնքան ռեժիմը ստիպված է լինելու ավելի կտրուկ ու բռնի քայլերի գնալ մեր նկատմամբ: Դրա համար մենք ռեժիմի համար կներկայացնենք փոքր, բայց կայուն վտանգ, ոչ այնքան ռեալ, որ ռեժիմը մեր դեմ կոշտ քայլերի գնա, բայց, համենայն դեպս, կպայքարենք հանուն պայքարելու ու խիղճներս մաքուր կլինի»: Ի՞նչ է սա, եթե ոչ հասարակ քաղաքական կոնֆորմիզմ. մենք գիտակցաբար կտապալենք օպոզիցիոն շարժումը, ռեժիմի հետ լուռ պայմանավորվածությամբ, ինչի փոխարեն ռեժիմը մեր վրա չի կրակի:

Նման ընդդիմությունն անվանում են համագործակցող (cooperative): Այն կանխատեսելի է, անատամ, միգուցե տհաճ ռեժիմին, բայց ոչ ավելին: Նման ընդդիմությունից չի կարելի սպասել հաղթանակ, երբեք: Ու նման ընդդիմությունը, բնականաբար, իր մեղքերը բարդելու է մարդկանց փոքրաթիվ կամ պասիվ լինելու վրա, ռեժիմի քրեաօլիգարխիկ լինելու վրա և այլն: Բայց այս մարդիկ երբեք ու ոչ մի հանգամանքներում չեն գնալու մինչև վերջ:

Իրականում այս ընդդիմությունը ռեժիմի լավագույն ընկերն է, նամանավանդ երբ փորձում է մոնոպոլիզացնել արմատական ընդդիմության իր դերը:

Իսկ ռեժիմը Սերժը հո չի: Սերժը, հնարավոր է, ինքը վաղուց հրաժարական տված լիներ, եթե կարողանար: Չէ, Սերժին ովքեր դրել են իշխանության գլուխ, ու նրա միջոցով կառավարում են երկիրը՝ լինեն դա տեղական, թե ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը, իրենք էլ Սերժից պահանջելու են մնալ իշխանության գլուխ: Որովհետև Սերժն իրենց մարդն է: Մի քիչ թպրտա՝ ինչպես պահում էին, այնպես էլ կվռնդեն:

Մյուս կողմից՝ ընդդիմության ներքին կոնֆլիկտներն ինձ ընդհանրապես անհասկանալի ու աբսուրդ են թվում: Կարծես մազոխիստների մրցույթ լինի, որտեղ մի քանի քաղաքական ուժեր պայքարում են ամենաանարդար հալածվածի էքսկլյուզիվ դերի համար: Նամանավանդ երբ իրենցից ոչ մեկը իշխանության հասնելու ոչ մի ռեալ ուղի չի կարող նշել, բայց կարող է նշել հազարավոր պատճառներ, թե ինչու են մնացած ընդդիմադիր ուժերը պակաս ընդդիմադիր, քան ինքը: Միանգամից սա է միտքս գալիս.


Մյուս կողմից, ոչ ոք չունի քաջություն օրինակ վերցնելու հաջողության հասած ազատագրական շարժումներից ու նրանց հաջողություններից ու սխալներից օգտվել: Բազմիցս բերել եմ Մայքլ Քոլինսի օրինակը. Իռլանդիայի ազատագրման շարժումը հաջողության հասավ միայն նրա շնորհիվ, որ Քոլինսը չենթարկվեց հեղափոխական կառավարության իշխանությանը՝ թույլ տալ, որ իրենց ձերբակալեն, ժողովրդի դժգոհությունը հարուցելու նպատակով: Փոխարենը ինքը թաքնվեց, իսկ հետո սկսեց ընդհատակյա պարտիզանական պայքար: Ու, արդյունքում, այդ պայքարն ազատեց Իռլանդիան, բացի Ուլստերից, Բրիտանական իշխանությունից:

Իհարկե, մեզ մոտ այդ մոդելն ավելի դժվար կլինի կիրառել, քանի որ չկա միջազգային կոնֆլիկտ ու շատ ավելի դժվար ու ինչ-որ տեղ անհեթեթ է պարտիզանական պայքար անց կացնել մի երկրում, որտեղ բոլորն իրար ճանաչում են: Բայց Քոլինսի առնվազն գաղափարը, որ պետք է մերժել պասիվ «ձերբակալեն մեզ՝ մարդիկ իմանան, թե իրենք ինչ վատն են», «ծեծեն մեզ՝ մարդիկ իմանան, թե իրենք ինչ վատն են», շատ արժեքավոր դաս է. մարդիկ շատ լավ գիտեն, թե ռեժիմն ինչ վատն է: Պետք է մտածել ռեժիմն իշխանությունից վռնդելու, ոչ թե ռեժիմի նկատմամբ moral high ground ձեռք բերելու մասին:

Ահա թե ինչու եմ ես ինձ 2013-ից հետո զգալի չափով առանձնացրել ներկայիս ընդդիմադիր շարժումներից. իմ տեսանկյունից, իրենք ոչ մի տեղ չեն գնում: Պետք է այլընտրանք այս ամենին: Կոշտ, կոնֆորմիզմից զուրկ, մինչև վերջ գնալու պատրաստ այլընտրանք, ու խոսքը նույնիսկ Շանթի «ես բանտ կնստեմ ձեր մեղքերի համար» տարբերակն ընդունելի չի: Պիտի լինի իրատեսական ուղի, որը ռեժիմին կզրկի իշխանության իր լծակներից ցանկացած գնով:

Նյուէյջոլոգիա, մաս վեցերորդ. բրետարիանիզմ, օդակերներ, պրանայոբներ


Ընդհանուր առմամբ, բրետարիանիզմի մասին (breatharianism) ես վաղուց էի ցանկանում գրել, բայց կամ թեման ակտուալ չէր թվում, կամ բուսակերներին դեռ չէի անդրադարձել, կամ էլ ուրիշ գործեր էին առաջանում:

Ի՞նչ է բրետարիանիզմը: Այն նյուէյջերական պսևդոգիտական համոզմունք է, որ մարդը կարող է գոյատևել առանց սնունդի, որոշ դեպքերում՝ նաև առանց ջրի, ու շարունակել իր նորմալ կենսագործունեությունը ցանկացած ժամանակ: Չշփոթել պասերի ու ծոմերի հետ: Ըստ բրետարիանների, մարդը կարող է իր կենսագործունեության համար անհրաժեշտ նյութերը ստանալ շնչառության միջոցով կամ արևի լույսից:

Ընդհանուր առմամբ, բրետարիանիզմը կապված է արևելյան պրակտիկաների ու հավատալիքային համակարգերի արևմուտքում տարածման հետ, որոնց սխալ, պարզեցված ընկալումն ու ոչ կոմպետենտ «գուրուները» կարող են շատ վտանգավոր, նույնիսկ մահացու ելքերի հասցնել միամիտ մարդկանց:

Ինչևէ, ես ինքս խորհուրդ չէի տա ձեզ բրետարիանիզմով զբաղվել, եթե ձեր վրա տերևներ չեն աճում, կամ եթե չեք որոշել ինքնաոչնչացման միջոցով նպաստել մոլորակի գերբնակեցման խնդրի լուծմանը:

Այո, որոշ վկայություններ պնդում են, որ բուդդիստական վանականները խորը մեդիտացիայի մեջ կարող են երկար ժամանակ յոլա գնալ առանց սնունդի, ջրի ու շարժվելու: Իհարկե, անշարժ մեդիտացիայի մեջ գտնվելը դժվար է անվանել լիարժեք կենսագործունեություն: Փոքրացնելով էներգիայի ծախսը, օրգանիզմի էներգիա ստանալու կարիքն էլ է փոքրանում: Բայց եկեք նաև համաձայնենք, որ դա չի նշանակում, թե բուդդիստական վանականները օդից կամ լույսից սնունդ են ստանում: Ու նաև համաձայնենք, որ մենք օրվա մեծ մասն անշարժ մեդիտացիայի մեջ անց կացնող բուդդիստական վանականներ չենք ու, մեծ առումով, չենք կարող գիտակցաբար կառավարել մեր նյութափոխանակությունը:

Փոքրիկ նկատողություն սեփական փորձից
Ծիծաղը ծիծաղ, բայց սովը բավականին լուրջ ու վտանգավոր երևույթ է:

2013 թ. նախագահական ընտրությունների կեղծմանը հաջորդած ցույցերի ժամանակ ես ինքս 6 օր հացադուլ եմ արել, ու մոտավոր կարող եմ ասել, թե ինչ է զգում մարդն առանց ուտելիքի տևական ժամանակ մնալու դեպքում: Իհարկե, ես հաշվի էի առել, որ երիկամների ֆունկցիան պահպանելու, ճարպաշերտից առանձնացող ու օրգանիզմ մտնող թույներից ու ջրազրկումից խուսափելու համար պետք է անընդհատ ջուր խմել: Ու բնականաբար գիտակցում էի, որ օրգանիզմս ամբողջ հացադուլի ընթացքում դրսից սնուցում չի ստանալու՝ լինի դա օդից, լույսից, թե ջրից: Երկրորդ օրվանից հետո ես կորցրեցի սովի զգացողությունը: Բայց, փոխարենը, ամեն օր ավելի ու ավելի խորը զգում էի մկանային թուլություն, սրտի աշխատանքն արագանում էր:

Որպեսզի հասկանաք սովի պրոցեսը, հիշեք, որ մեր օրգանիզմը բավականին զարմանալի երևույթ է: Այն ունի էներգիայի պաշարներ՝ ճարպային շերտի տեսքով: Երբ օրգանիզմը սնունդ չի ստանում, օրգանիզմը սկսում է այն օգտագործել: Հետո, երբ ճարպային շերտը սպառվում է, օրգանիզմը սկսում է օգտագործել մկանային սպիտակուցը: Հետո՝ ոսկորները: Փորձում է կենդանի պահել առաջնային ֆունկցիաները՝ երկրորդայինների հաշվին: Այդ ընթացքում օրգանիզմը գործում է լրացուցիչ ծանրաբեռնվածության ռեժիմում: Երբ հյուծվածությունը հասնում է կրիտիկական աստիճանի, ներքին օրգանները դադարում են աշխատել ու մարդը մահանում է:

Հացադուլի առաջին օրվանից, ուժերս փորձելու համար, ես Ազատության հրապարակից քայլում էի դեպի ԵՊՀ ու վերադառնում: Վեցերորդ օրը ես չկարողացա դա անել առանց կողմնակի օգնության:

Հացադուլը սկսելով 60 կիլոգրամ քաշով՝ հացադուլի ավարտին ես կշռում էի 52 կիլոգրամ:

Ջասմուհին
Իսկ հիմա տեսնենք, պրակտիկ օրինակի վրա, թե ինչի է բերում ինքդ քեզ բուդդիստական վանական երևակայելը: Հայտնի պրանայոբ Էլեն Գրիվը, առավել հայտնի որպես Ջասմուհին, հաճախ ելույթ է ունենում նյուէյջերական կոնֆերենցիաներին, լեկցիաներ է կարդում օդով սնվելու մասին ու, սեփական պնդմամբ, ամիսներ կարող է յոլա գնալ շատ քիչ  սնունդով կամ ընդհանրապես առանց սնունդի: Իր պնդմամբ, վերջին 14 տարիների ընթացքում ինքը սնունդից ստացել է օրեկան 300 կալորիա (Սպորտային բժշկության ամերիկյան քոլեջը որպես թույլատրելի մինիմում նշում է 1800 կալորիա՝ տղամարդկանց համար, 1200 կալորիա՝ կանանց համար): Հարցազրույց վերցնողները տեսան, որ Էլենի սառնարանը լի էր սնունդով, բայց Էլենը պնդեց, որ սառնարանի ուտելիքն իր ամուսնու ու երեխաների համար է:

Իհարկե, նյուէյջերի պատկերն ամբողջական չէր լինի եթե տիկինը չպնդեր, որ իր գիտելիքներն ինքը ստացել է հին, առասպելական, մերից անհամեմատ ավելի զարգացած, հանելուկային, բայց անհայտ կորած քաղաքակրթությունից ու վերակենդանացնում է իրենց ավանդույթները: Պատկերն ամբողջականացրեց «The Legend of Atlantis: Return of the Lightmasters» վավերագրական ֆիլմը: Նայեք, բավականին զվարճալի է:

Ու, բնականաբար, կային մարդիկ, ովքեր որոշեցին ստուգել Էլեն Գրիվի պնդումները: Ավստրալիական «60 Minutes» հաղորդումը առաջարկեց ցուցադրել, տեսախցիկների հսկողության տակ, իր առանց սնունդի յոլա գնալու ունակությունը: Արդեն 48 ժամից վերահսկող բժիշկ Բերես Վենքը նկատեց Էլենի մոտ բարձր ճնշում, ստրես ու սուր ջրազրկման սիմպտոմներ: Էլենը պնդեց, որ դա «աղտոտված օդի» հետևանք է, ինչից հետո իրեն տեղափոխեցին լեռնային հանգստավայր: Էլենը կորցրել էր վեց կիլոգրամ քաշ, բիբերը լայնացած էին, սրտի զարկերի արագությունը նախնականից երկու անգամ աճել էր, խոսքը դանդաղել էր: Նկարահանումների չորրորդ օրը բժիշկը, կողմերի համաձայնությամբ, պահանջեց դադարեցնել փորձը, քանի որ այն կարող էր բերել մահացու ելքի:

Սա էլի կլիներ զվարճալի, եթե Էլենի գրքերը, լեկցիաներն ու ֆիլմերը լուրջ չընդունվեին բազմաթիվ նյուէյջերների կողմից: Զվարճանքն ավարտվեց, երբ Ջասմուհինի հետևորդները սկսեցին մահանալ թերսնումից ու ջրազրկումից, ու 2012 թ. տվյալներով երեք մահ էր գրանցված, որոնք ուղղակիորեն կապված էին իր ուսմունքի հետ: Լանի Մարսիա Ռոսլին Մորրիսը, 53 տարեկան, Մելբուռն քաղաքից, մահացավ 1999 թվականին: Ջասմուհինը, ինչ եք կարծում, ընդունե՞ց իր պատասխանատվությունը: Ոչ, նա պնդեց, որ մեղավորը մահացածն էր, ու հավանաբար «նրա բրետարիանիզմը չէր բխում ճիշտ մոտիվացիայից»: Նույն բացատրությունը բերեց նաև, երբ Շոտլանդիայում նույն թվականին մահացավ 49-ամյա Վերիտի Լիննը: 2012 թ. գրանցվեց ևս մի զոհ՝ Շվեյցարիայում: Նույն արդարացումը:

Այլ կերպ ասած, Ջասմուհինը պատրաստ է վերցնել ձեր փողը, բայց չի պատրաստվում իր վրա վերցնել պատասխանատվությունը, եթե ձեզ ինչ-որ բան պատահի իր ուսմունքների հետևանքով:

Դրա հայկական տեսակը
Հայկական նյուէյջը ընդհանուր առմամբ աչքի է ընկնում իր էկլեկտիզմով, որը ժառանգել է Ռուսաստանից: Այլ կերպ ասած, մարդիկ եթե քարոզում են մի ոչ ադեկվատ երևույթ, կարող եք վստահ լինել, որ նրանք կքարոզեն բոլոր հարակից ոչ ադեկվատ երևույթները: Օրինակ՝ դիետոլոգ Հայկազ Սարգսյանը: Ինքն իրեն անվանում է բժիշկ-սննդաբան, քարոզում է ինչպես վեգանություն, հումակերություն, այնպես էլ բրետարիանիզմ: Իսկ այս հոդվածում նա նույնիսկ պնդում է, որ քաղցի զգացողությունը հիվանդություն է:

Նախ՝ ինձ հայտնի չի, արդյոք բժշկական համալսարանում կա սննդաբանության ֆակուլտետ ու արդյոք կա բժիշկ-սննդաբանի մասնագիտություն, համենայն դեպս, ԵՊԲՀ պաշտոնական կայքում այն չի նշված: Եվ եթե չկա, ինչպե՞ս է մեր դիետոլոգ Հայկազը ստացել իր բժշկական պրակտիկա իրականացնելու լիցենզիան: ՀՀ Լիցենզավորման մասին օրենքի 46-րդ հոդվածը պնդում է, որ
Հոդված 46. Առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը
1. Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով:
Առանց լիցենզիայի սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
2. Լիցենզավորված անձի կանոնադրությունում կամ պետական գրանցման վկայականում լիցենզավորված գործունեության տեսակի մասին գրառման բացակայությունը չի կարող համարվել լիցենզիայի պահանջների կամ պայմանների խախտում, ինչպես նաեւ չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն:
Լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկում հինգերորդ կետը հետևյալն է՝ «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացում»:

Միգուցե իմ կողմից անպատասխանատվություն է սահմանափակվել միայն զգույշ տեղեկացմամբ, երբ գործ ունենք պոտենցիալ վտանգավոր մարդու հետ: Հնարավոր է, որ ավելի ճիշտ կլիներ ստուգել, ինչ բնույթի բժշկական պրակտիկա է ներկայացնում իրեն բժիշկ անվանող, բայց իր կվալիֆիկացիայի նկատմամբ կասկած ներշնչող մարդն ու, իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում, հասնել իր գործունեության իրավական կասեցմանը: Ինչևէ, դա չի կարելի անել առանց մասնագետ բժշկի ու իրավաբանի հետ խորհրդակցելու՝ նախ վտանգը, հետո՝ իրավական կողմը լիարժեք հասկանալու համար: Ի տարբերություն Հայկազի, ես չեմ կարող սահմանափակվել ինձ հոգեբույժ-նյուէյջոլոգ հայտարարելով ու դրա հիման վրա իմ հեղինակավորագույն կարծիքը հայտնելով:

Ինչևէ, հենվելով սննդաբան Հայկազի ելույթների ու ֆեյսբուքյան էջում հայտարարությունների վրա, կարող եմ որոշ վստահությամբ ասել, որ գործ ունենք պսևդոգիտություն տարածող ու պոտենցիալ որոշակի վտանգ ներկայացնող մարդու հետ:

Եզրահանգում
Պրանայոբությունը վտանգավոր պրակտիկա է, բայց, ինչպես նյուէյջի մնացած դեպքերում, այն շահութաբեր է մարդկանց համար, ովքեր այն քարոզում են: Եթե ձեզ մոտ միտք առաջանա այն մասին, որ դուք կարող եք օդով կամ լույսով սնվել ու նորմալ կենսագործունեություն ապահովել, ձեր սեփական սխալը կարող եք ստուգել հետևյալ կերպ. փորձեք քաշ հավաքել՝ առանց սնվելու: Մեկ օր ընդամենը: Կտեսնեք, որ քաշը չսնվելու դեպքում միայն պակասում է: Փորձեք ֆիզիկական վարժություններ անել օրվա ընթացքում՝ ոչ շատ ծանր: Կտեսնեք, որ երեկոյան արդեն բավականաչափ հյուծված եք, ու այն, ինչ առավոտյան նորմա էր, երեկոյան դառնում է տառապանք: Հիշեք, որ նույնիսկ երեք օրն առանց ջրի կարող է մահացու լինել: Սնվեք առողջ ու համեղ, ու սննդին մի վերաբերվեք նույն կերպ, ինչպես քյառթուները վերաբերվում են կանացի սեռականությանը:

Ադիոս :) ու ողջ եղեք: