Showing posts with label թարգմանություններ. Show all posts
Showing posts with label թարգմանություններ. Show all posts

Tuesday, November 11, 2014

«Բարձի գիրք», գրառում առաջին, “Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը”

Կանո Սանրակու, վաղ 17-րդ դար
Գարնանն ամենից գեղեցիկ է լուսաբացը: Երբ լույսը սահում է սարերի վրայով, նրանց ուրվագծերը գունատ կարմիր են ներկվում, ու մանուշակագույն ամպերի ծվենները թափառում են նրանց վրայով:

Ամռանը՝ գիշերները: Ոչ միայն երբ լուսինն է փայլում, այն նաև մութ գիշերներին, երբ լուսատտիկներն այս ու այն կողմ են թռչում, ու նույնիսկ երբ անձրև է գալիս, որքան գեղեցիկ է այն:

Աշնանը՝ երեկոները, երբ փայլող արևը սուզվում է սարերի եզրին, ու ագռավները ետ են թռչում դեպի իրենց բները եռյակներով ու քառյակներով. էլ ավելի հմայիչ է վայրի սագերի երամը, որ հեռավոր երկնքում կետերի է նման: Երբ արևն արդեն մայր է մտել, մարդու սիրտը հուզվում է քամու ձայնից ու միջատների բզզոցից:

Ձմռանը՝ վաղ առավոտները: Իրոք գեղեցիկ է, երբ գիշերվա ընթացքում ձյուն է եկել, բայց երբ հողը սպիտակ է եղյամից, դա էլ է հիասքանչ, կամ երբ նույնիսկ ձյուն կամ եղյամ չկա, բայց պարզապես շատ ցուրտ է, ու սպասավորները շտապում են սենյակից սենյակ, որ կրակներ վառեն և ածուխ բերեն, ինչքան է դա համապատասխանում եղանակի տրամադրությանը: Բայց հենց մոտենում է կեսօրն ու ցուրտը կոտրվում է, էլ ոչ ոք չի հոգում, որ օջախները վառ մնան, ու շուտով կրակներից մնում են միայն սպիտակ մոխրի կույտեր”:
Սեյ Սյոնագոն, «Բարձի գիրք», գրառում 1
մ.թ. 1002 թվական

Թարգմանությունը՝ Բ. Պողոսյանի, Իվան Մորրիսի անգլերեն թարգմանության հիման վրա («The Pillow Book of Sei Shōnagon», Penguin Books, 1991, ISBN 978-0-231-07337-0)

Monday, October 8, 2012

Օտարալեզու բառերի տրանսլիտերացիա. տ, թե՞ թ

Ընդհանուր առմամբ, որոշ անգլերեն բառեր թարգմանվելու փոխարեն տրանսլիտերացվում են հայերեն (հնչյունային համարժեքներով են փոխարինվում), ինչը հաճախ վիճելի կետեր է առաջացնում (Էյնշտեյն-Այնշտայն, Ֆրեյդ-Ֆրոյդ և այլն):

Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ընդհանուր առմամբ, եթե նայենք անգլերենի ծագումնաբանական տեսանկյունից, կտեսնենք այդ երկու հնչյունները թե՛ հույների մոտ (տաու-թետա), թե՛ սկանդինավյան լեզուներում (տեյվազ-թունոր): Հունական երկու աստվածուհիների անունների օրինակի վրա պարզ է դառնում, թե ինչպես են անգլերեն տրանսլիտերացվում հունական տաուն ու թետան. Θέτις` Thetis, Թետիս, ու Τηθύς` Tethys, Տեթիս: Ակնհայտ է դառնում, որ հունական թետան, հայերեն համարժեքը՝ թ, անգլերենում հնչյունափոխվում է th բաղաձայն հնչյունին (իր երկու տարբերակներով, ձայնեղ ð-ն ու անձայն θ-ն): Նույնը տեղի է ունենում Þ թեյվազ ու T տունոր հին սկանդինավյան հնչյունների հետ (Thor - Týr): Հունական դիցաբանության հետ ես ծանոթացել եմ ռուսական աղբյուրներից, որոնց հեղինակները... թ հնչյունի բացակայության պատճառով նույնացրել էին Թետիս ու Տեթիս աստվածուհիներին, հայ թարգմանիչներն էլ ընդամենը Тетис բառի առաջին Т-ն Թ էին դարձրել:

Տեսնելով, թե ինչ տրամաբանությամբ են անգլերենում տրանսլիտերացնում հունական ու նորդական Տ ու Թ հնչյունները, կարող ենք հետևություն անել, թե ինչպես է պետք անգլերենից տրանսլիտերացնել T ու Th հնչյունները: T=Տ, Th=Թ:

Ֆրեյդի ու Էյնշտեյնի խնդիրն ավելի բարդ է: Ռուսերեն դրանք փոխանցվել են գրելաձևից ենթադրված տրանսլիտերացիայով, հայերեն մտել ռուսերենից: Ֆրոյդ ու Այնշտայն գրելաձևերի կողմնակիցները, որպես արգումենտացիա բերում են, որ նախնական լեզվով դրանք այդպես են արտասանվել: Հակափաստարկ՝ ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, հնդիկներն իրենցը՝ Բհարատա, վրացիներն իրենցը՝ Գեորգիա: Ինչևէ, մենք դրանք անվանում ենք այլ լեզուներից փոխառած կամ հնուց ձևավորված անուններով՝ Ֆինլանդիա, Հնդկաստան, Վրաստան: Անձամբ իմ կարծիքով, այս հարցին կարելի է առավել ճկուն մոտենալ ու երկու տարբերակն էլ ճիշտ համարել:

Իհարկե, ես լեզվաբան չեմ, ու հետաքրքիր կլիներ մասնագետ լեզվաբանի կարծիք լսել այս հարցի շուրջ:

Thursday, June 7, 2012

Ապրի՛ր հավերժ, Ռեյ Բրեդբերի

Կրկին ողջույն:
Իմ վերջին կայքային զրույցի վերջում ես խոստացա պատմել, թե ինչպես հաջողացրի գրող դառնալ:
Դա մասամբ աստիճանաբար կատարվեց, ու մի մասը պատահական էր:
Երբ ես տասներկու տարեկան էի, կատաղի սիրահարված էի Լ. Ֆրենկ Բաումին ու Օզ երկրի մասին գրքերին՝ Ժյուռ Վեռնի ու Հ. Ջ. Ուելլսի վեպերին զուգահեռ, ու հատկապես Էդգար Ռայս Բերրոուզի Տարզանի գրքերին ու Ջոն Կարտեր, Մարսի Տիրակալը գրքերին: Այդ ժամանակ էր, որ ես սկսեցի մտածել գրող դառնալու մասին:
Դրան զուգահեռ ես բեմի վրա տեսա Բլեքստոուն Մոգին ու մտածեցի՝ ինչ հիանալի կյանք կունենայի, եթե մեզածայի ու բեմական մոգ դառնայի:
Շատ առումներով ես հենց այդպես էլ վարվեցի:
Մեկ այլ բեմական մոգի հետ հանդիպումն էր, որ իմ կյանքն անդառնալի կերպով փոխեց:
1932 թվականի Աշխատանքի օրվա շաբաթվա ընթացքում մահացավ իմ սիրելի քեռին. նրա թաղումը շաբաթ օրն էր: Եթե նա այդ շաբաթ չմահանար, իմ կյանքը միգուցե չփոխվեր, քանի որ շաբաթ կեսօրին նրա թաղումից վերադառնալիս ես Միչիգան լճի ափին կառնավալ տեսա: Ես գիտեի, որ լճի ափին, իր հատուկ վրանում, ապրում էր պարոն Էլեկտրիկո կոչվող մի բեմական մոգ:
Պարոն Էլեկտրիկոն հրաշքների արարիչ էր: Ամեն երեկոյան նա նստում էր էլեկտրական աթոռին ու հոսանքահարվում Իլինոյս նահանգի Ոկեգան քաղաքի բոլոր մարդկանց աչքի առաջ, թե՛ երիտասարդ, թե՛ ծեր: Երբ էլեկտրականությունը հոսում էր նրա մարմնով, նա բարձրացնում էր թուրն ու ասպետ ձեռնադրում բոլոր երեխաներին, որոնք իր հարթակի տակի առաջին շարքում էին նստած: Ես նախորդ երեկոյան էլ էի եկել պարոն Էլեկտրիկոյին տեսնելու: Երբ եկավ իմ հերթը, նա թուրն ուղղեց իմ գլխին ու կպավ իմ քունքին: Էլեկտրականությունը հոսեց թրից գանգիս մեջ, մազերս բիզ-բիզ կանգնեցրեց ու ականջներիցս կայծեր թռան: Հետո նա գոռաց ինձ. «Ապրի՛ր հավերժ»:
Հավերժ ապրելն ինձ հիանալի միտք թվաց, բայց ինչպե՞ս դա անել:
Հաջորդ օրը, երբ հայրս ինձ թաղումից անմիջապես հետո տուն էր տանում ավտոմեքենայով, ես նայեցի կառնավալի վրաններին ու մտածեցի. .«Պատասխանն այնտեղ է: Նա ասաց՝ ապրիր հավերժ, ու ես պետք է գնամ ու պարզեմ, թե ինչպես»: Ասացի հորս, որ կանգնեցնի ավտոմեքենան: Նա չէր ցանկանում, բայց ես պնդեցի:  Նա կանգնեցրեց մեքենան ու ինձ դուրս թողեց՝ կատաղած, որ ես չեմ վերադառնում տուն՝ քեռուս պատվին կազմակերպված հոգեհացին մասնակցելու համար: Երբ մեքենան գնաց, հայրս՝ զայրույթով լի, ես վազեցի բլուրն ի վար: Ի՞նչ էի անում: Ես փախչում էի մահվանից, վազում դեպի կյանքը:
Երբ ես հասա կառնավալի վայրին, աստված վկա, պարոն Էլեկտրիկոն նստած էր այնտեղ՝ ասես ինձ սպասեր: Ես հանկարծ շատ ամաչկոտ դարձա: Չէի կարող հարցնել նրան՝ ինչպե՞ս ապրել հավերժ: Բարեբախտաբար, գրպանումս մոգական հնարք կար: Ես այն հանեցի գրպանիցս, ցույց տվեցի պարոն Էլեկտրիկոյին ու խնդրեցի ցույց տալ, թե ինչպես անել հնարքը: Նա ցույց տվեց, թե ինչպես, հետո նայեց դեմքիս ու հարցրեց. «Կուզե՞ս տեսնել այ, այն վրանի յուրահատուկ մարդկանցից մի քանիսին»:
Ես ասացի՝ այո:
Նա ինձ տարավ միջանկյալ վրանի մոտ, հարվածեց վրանին իր ձեռնափայտով ու ներսում եղածներին գոռաց. «Լեզուներդ մաքրե՛ք»: Հետո նա քաշեց վրանի ծածկն ու ինձ ներս տարավ ծանոթացնելու Պատկերազարդ Մարդու, Գեր Տիկնոջ, Կմախք Մարդու, ակրոբատների ու միջանկյալ վրանի բոլոր տարօրինակ մարդկանց հետ:
Հետո նա ինձ տարավ լճափ ու մենք նստեցինք ավազաբլրի վրա: Նա խոսում էր իր փոքրիկ փիլիսոփայությունների մասին ու ինձ թույլ տալիս խոսել իմ մեծերի մասինն: Մի որոշակի պահի նա առաջ թեքվեց ու ասաց. «Գիտե՞ս, մենք արդեն հանդիպել ենք»:
Ես պատասխանեցի. «Ոչ, պարոն, ես ձեզ առաջ չեմ տեսել»:
Նա ասաց. .«Այո, դու իմ լավագույն ընկերն էիր Ֆրանսիայի մեծ պատերազմում՝ 1918 թվականին, ու քեզ վիրավորեցին, դու մահացար իմ գրկում Արդենի անտառի ճակատամարտում: Բայց հիմա, այստեղ, այսօր ես տեսնում եմ, թե ինչպես է նրա հոգին փայլում քո աչքերից: Ահաև դու՝ նոր դեմքով, նոր անունով, բայց հոգին, որը փայլում է քո դեմքից, իմ թանկագին հանգուցյալ ընկերոջ հոգին է: Բարի վերադարձ աշխարհ»:
Ինչու՞ նա դա ասաց ինձ՝ չգիտեմ: Միգուցե իմ պատրաստակամության, կյանքի նկատմամբ կրքի, իմ նոր բան անելուն պատրաստ լինելու մեջ ինչ-որ բան կար: Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը: Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ նա ասաց՝ ապրի՛ր հավերժ ու ինձ ապագա տվեց, ու այդպես վարվելով՝ անցյալ տվեց շատ տարիներ առաջ, երբ նրա ընկերը մահացավ Ֆրանսիայում:
Այդ օրը, կառնավալի վայրը լքելիս, ես կանգնեցի կարուսելի մոտ ու սկսեցի նայել, թե ինչպես են ձիերը պտույտներ գործում «Չքնաղ Օհայո» մեղեդու տակ: Ես կանգնած էի այդտեղ ու արցունքներ էին հոսում դեմքովս, որովհետև ես զգում էի, որ ինձ ինչ-որ տարօրինակ ու հիանալի բան է պատահել պարոն Էլեկտրիկոյի հետ հանդիպման շնորհիվ:
Ես տուն գնացի ու հաջորդ օրը տնեցիների հետ ուղևորվեցինք Արիզոնա: Երբ մենք մի քանի օրից տեղ հասանք, ես սկսեցի գրել լիարժեք ռեժիմով: 69 տարի առաջ այդ օրվանից մինչ այժմ ես ամեն ապրած օր գրում եմ:
Ես վաղուց կորցրել եմ պարոն Էլեկտրիկոյի հետքը, բայց կցանկանայի, որ նա գոյություն ունենար աշխարհում ինչ-որ տեղ, որ ես կարողանայի վազել նրա մոտ, գրկել նրան ու շնորհակալություն հայտնել իմ կյանքը փոխելու ու ինձ գրող դառնալ օգնելու համար:
-Ռեյ Բրեդբերի, Դեկտեմբեր 2001
Ապրի՛ր հավերժ, Ռեյ: Մենք դեռ կհանդիպենք, կարծում եմ:

Friday, June 17, 2011

«Դեգուստացիա»

Գնացքում էր (հիմա հիշում եմ), ու անցնում էր (այդ երազը ես հաճախ եմ տեսնում) նատյուրմորտային տարածքով, որտեղ արհեստական, կեղծ ծառեր էին աճում, որոնց վրա մրգերի փոխարեն դանակներ, մկրատներ ու (հիմա հիշում եմ՝ պետք է մազերս կտրեի) վարսավիրի տարբեր այլ պարագաներ էին: Այդ երազը նա հաճախ էր տեսնում, բայց այն դեռ ոչ մի անգամ նույն ցնցումը չէր պատճառել: Ծառի ետևում իր եղբայրն էր՝ մյուսը, երկվորյակը, որին այդ երեկոյան թաղել էին, ու նշաններով հասկացնում էր (սա իրական կյանքում էլ է պատահել), որ գնացքը կանգնեցնի: Համոզվելով, որ հասկացնելու իր ջանքերն ապարդյուն են, նա սկսեց վազել վագոնի ետևից, մինչև չընկավ գետնին՝ ծանր շնչելով, բերանին փրփուր: Իհարկե, այս երազն անհեթեթ էր, հակատրամաբանական, բայց ոչ մի առումով չէր չպետք է այդ ծանր արթնացման պատճառը դառնար: Նա նորից փակեց աչքերը. արյունը սեղմված բռունցքի նման դեռ հարվածում էր նրա քունքերին: Գնացքը սկսեց անցնել անապատային, անպտուղ, միապաղաղ տարածքով, ու ոտքի ցավը նրան ստիպեց շեղվել բնապատկերից:

Շուտով:

Monday, June 13, 2011

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդիկ այս բլոգ են մտնում մեծ մասամբ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն Շան Աչքերը» պատմվածքի իմ թարգմանությունը կարդալու համար: Կարճ ասած, կտրուկ ամենաշատ ընթերցված գրառումն է:
Հատուկ այդ ընթերցողների համար խոստանում եմ առավելագույնս մինչև շաբաթվա վերջն ավարտել Մարկեսի «Մահվան Մյուս Կողմը» պատմվածքի թարգմանությունն ու տեղադրել այստեղ: Հետո՝ «Եվան Իր Կատվի Ներսում»:

Saturday, February 19, 2011

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով Աղջիկը»

Երբ փոքր ժամանակ կարդացի այս կախարդական պատմվածքը, ինքս ինձ խոստացա, որ կգտնեմ, կփրկեմ հեքիաթի միջի այդ լուցկիներով աղջկան, թույլ չեմ տա, որ սառի այդ տան ելուստի ետևի անկյունում:
Ժամանակն անցավ, ու ես հասկացա, որ չեմ կարողանում, չափազանց թույլ եմ դրա համար: Դրա համար էլ որոշեցի ձեզ պատմել լուցկիներով աղջկա մասին այս պատմությունը. միգուցե դուք գտնեք նրան: Եթե գտնեք, շոյեք նրա այդքան գեղեցիկ գանգուրներն ու ասացեք, որ ամեն ինչ լավ կլինի:
Այդ երեկոյան այնքան ցուրտ էր... Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրց էր իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառեթներից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:

Նիլ Գեյման, «Վամպիրի տարոն. ավագ արկանի տասնհինգ խաղաթղթեր»

0. Հիմարը
- Ի՞նչ ես ուզում:
Ամեն գիշեր երիտասարդը հայտնվում էր գերեզմանոցում: Արդեն մի ամիս: Նա դիտում էր, թե ինչպես են լուսնի անտարբեր լույսի տակ ջնջվում սառը գրանիտի, բծավոր մարմարի, հին թավշյա գերեզմանաքարերի ու արձանների գույները: Նա վախեցնում էր բվերին ու գիշերային ուրվականներին: Հետևում էր սիրահար զույգերին, հարբած թափառաշրջիկներին, նյարդայնորեն շտապող դեռահասներին՝ բոլորին, ովքեր գիշերով գերեզմանոցում էին հայտնվում:
Քնում էր ցերեկը: Բոլորը թքած ունեին: Նա միայնակ դողալով կանգնում էր գիշերվա ցրտին: Այն հայտնվեց, երբ նա արդեն եզրին էր հասել:
Արձագանքը հայտնվեց լռությունից, ամեն կողմից, հնչելով ներսից ու դրսից:
- Ի՞նչ ես ուզում:
Նրան հետաքրքիր դառավ, արդյոք քաջությունը կբավարարի՞ դրա աչքերի մեջ նայել: Հասկացավ, որ չի կարողանա:
- Դե՞: Ես տեսել եմ քեզ, դու ամեն գիշեր գալիս ես այստեղ, որտեղ կենդանի մարդկանց չեն սիրում: Ինչու՞:

Միխաել Էնդե, «Օֆելիայի Ստվերների Թատրոնը»

Մի փոքրիկ, հին քաղաքում մի փոքրիկ, ծեր ֆրոյլյայն էր ապրում՝ Օֆելիա անունով:
Երբ նա ծնվեց (դա, իհարկե, շատ վաղուց էր), նրա ծնողներն ասացին.
- Մեր դուստրը մի օր անպայման հայտնի դերասանուհի կդառնա:
Նրանք երազում էին դրա մասին, այդ պատճառով էլ նրա անունը մի հայտնի պիեսի հայտնի հերոսուհու պատվին էին դրել:
Փոքրիկ Օֆելիան ծնողներից միայն մի բան ժառանգեց. սերն ու հիացմունքը Պոետների Մեծն Խոսքերի նկատմամբ, էլ ուրիշ ոչինչ:
Նա չկարողացավ հայտնի դերասանուհի դառնալ. ձայնը չափազանց թույլ էր: Բայց, միևնույն է, նա ուզում էր գոնե ինչ-որ կերպ ծառայել արվեստին, թող նույնիսկ ամենալուռ ձևով:
Այդ փոքրիկ քաղաքում հին, հիասքանչ թատրոն կար:

Գաբրիել Գարսիա Մարկես, «Երկնագույն Շան Աչքերը»

Նա ուշադիր նայում էր ինձ, իսկ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ՝ էլ որտեղ եմ տեսել այդ աղջկան: Նրա խոնավ, անհանգիստ հայացքը փայլեց կերոսինային լամպի օրորվող լույսի տակ, ու ես հիշեցի. ես ամեն գիշեր երազում տեսնում եմ այդ սենյակն ու լամպը, ամեն գիշեր հանդիպում եմ այստեղ անհանգիստ աչքերով աղջկան: Այո-այո, հենց նրան եմ տեսնում ամեն անգամ, հենց հատում եմ երազների սորուն սահմանը, որ կանգնած է քնի ու արթուն վիճակի միջև: Ես գտա սիգարետներն ու ծխեցի, հենվելով աթոռի թիկնակին ու պահպանելով հավասարակշռությունս ետևի ոտքերի վրա. տտիպ, թթվահամ ծուխը հոսեց օղակներով: Լռում էինք: Ես՝ աթոռի վրա ճոճվելով, նա՝ բարակ սպիտակ մատները լամպի ապակե գլխարկի վրա տաքացնելով: Նրա կոպերի վրա ստվերներ էին դողում: Ինձ թվաց, թե ես պետք է ինչ-որ բան ասեմ, ու ես ինձանից անկախ արտասանեցի.

Չակ Պալանիկ, «Ուղեկցություն»

Պատմվածքն այնքան սարսափելի շարադասությամբ էր գրված, որ չդիմացա այն մի փոքր փոխելու գայթակղությանը: Ես կարդում էի այն ու վայելում լռությունը: Հմ: Ես միանգամայն կարող էի կարդալ այս պատմվածքը:
Ամեն մեկը կարող էր այն կարդալ:

Այսօր ուղեկցությանս առաջին օրն է: Զբոսանք միոտանի մարդու հետ:
Նա ինձ ասաց, որ համասեռականների բաղնիք էր մտել, որ տաքանա, չնայած ես կարծում եմ, որ պարզապես սեքս էր ուզում: Ու քնով էր անցել շոգեբաղնիսում: Հենց ինքնաշխատ տաքացուցիչի մոտ: Անգիտակից վիճակում ընկած էր, մինչև նրան չհայտնաբերեցին: Մինչև նրա ձախ ոտքի միսը մանրամասն ու անշտապ չտապակվեց:

Wednesday, February 16, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. ընդլայնում
Ժանրը ձնահոսքի պես էր զարգանում՝ հերթական կիլոմետրանոց նշանասյուները կանգնեցնելով, ու Փառքի Սրահն արագ լցվում էր հեղինակների դիմանկարներով:
1961 թվականին լույս տեսան Մայքլ Մուրկոկի «Էլրիկ» ու «Լուսնային Բազե» ասքերը: 1963-ին՝ Անդրե Նորտոնի առաջին «Կախարդական Աշխարհը»: Վերսկսվեց Ֆրից Լեյբերի «Ֆաֆհրն ու Մոխրագույն Մկնորսը»: Վերջապես, 1968 թվականին մեծ աղմուկով թողարկվում են Ուրսուլա Լե Գյուինի «Երկրածովի Կախարդն» ու Պիտեր Ս. Բիգլի «Վերջին Միաեղջյուրը»՝ բացարձակապես պաշտանմունքային մակարդակի գրքեր: Ալիքի պես վրա տվեցին յոթանասունականները՝ հայտնվում են ու վաճառքի բոլոր ռեկորդներն են խփում Սթիվեն Քինգի գրքերը: Իհարկե, նրանց մեջ ավելի շատ սարսափ է, քան ֆենտեզի, բայց դա գրեթե առաջին դեպքն է, երբ «գետտոյից» դուրս եկած գրողը բեսթսելլերների բոլոր հնարավոր ցուցակներից դուրս է մղում «մեյնսթրիմցիներին»: Շուտով նրան հետևեց Սթիվեն Ռ. Դոնալդսոնի «Թոմաս Նվիրյալ Անհավատի Քրոնիկները», Ռ. Ժելյազնու «Ամբերը», Պիրս Էնտոնիի «Քսանթը», Քեթրին Կուրտցի «Դերինին», Տանիթ Լիի «Ծննդյան Գերեզմանը», Մերիոն Զիմմեր Բրեդլիի «Ավալոնի Մշուշները», Դևիդ Էդդինգսի «Բելգարիադը»: Եվ այդպես շարունակ... Կապակցումը չի թուլանում:

Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

Բ. Պողոսյանի թարգմանությամբ

ԳԼՈՒԽ II
Բայց հետո, օրերից մի օր, թագավորի աղջիկն՝ արքայադուստրը, պետք է նշեր իր ծննդյան օրն, ու թագավորը ցանկանում էր այն յուրահատուկ ձևով նշել:
«Ես հրավառությու՛ն եմ ցանկանում»,- ասաց նա:
«Այո, տիրակալ: Լավ գաղափար է»,- ասաց առաջին խորհրդականը:
«Այո, իսկապե՛ս, տիրակա՛լ: Շա՛տ լավ գաղափար է»,- ասաց երկրորդ խորհրդականը:
«Օ, այո՛, մեծն տիրակալ: Շատ, շատ լավ գաղափար է»,- ասաց երրորդ խորհրդականը:
«Հմմ, իսկ որտեղի՞ց գտնենք հրավառություններ, տիրակալ»,- հարցրեց չորրորդ խորհրդականը, որին պալատում երբեք էլ առանձնապես չէին սիրել (բայց քանի որ նրա այրի մորաքույրը թագուհու մտերիմներից էր, թագավորը նրան պահում էր այդ պաշտոնում՝ չնայած անհարմար հարցեր տալու սովորությանը):
«Մարդն, ով հրավառություններ էր պատրաստում, մոտ տաս տարի առաջ մահացել է»,- բացատրեց նա,- «ու ոչ ոքի չի սովորեցրել իր արհեստը: Ահա թե ինչու վերջին տարիներին հրավառություններ չեն եղել»:
«Մենք պարզապես պետք է դրանք ձեռք բերենք»,- ասաց թագավորը,- «քանի որ ես այդպես եմ ցանկանում»:
«Այո»,- ասաց առաջին խորհրդականը:

Tuesday, February 15, 2011

Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

ՌՈՋԵՐ ԺԵԼՅԱԶՆԻ
Այստեղ վիշապներ են ապրում
Բ. Պողոսյանի թարգմանությամբ

ԳԼՈՒԽ I
Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում: Իրոք, նրա թագավորությունն այնքան փոքր էր, որ շատ մարդիկ անգամ չգիտեին, որ այն գոյություն ունի: Թագավորն, ինչևէ, կարծում էր, որ իր թագավորությունը բավականաչափ մեծ է թագավորության համար: Դրա պատճառն այն էր, որ տեղանքը շրջապատված էր դժվարանցանելի լեռներով: Այդ լեռների պատճառով ճանապարհորդները թագավորությունով անցնելուն նախընտրում էին շրջանցել այն: Ու չափազանց քիչ մարդիկ էին երբևէ լքում թագավորությունը, որ վերադառնային ու պատմեին ուրիշ երկրների մասին: Մարդիկ շատ էին վախենում դա անել: Նրանք վախենում էին վիշապներից:
Հաշվի առեք՝ նրանք երբեք վիշապներ չէին տեսել, բայց վախենում էին նրանցից: Պատճառն այն էր, որ, թագավորության բոլոր քարտեզներից դատելով, նրանք շրջապատված էին վիշապներով. այստեղ վիշապներ են, այնտեղ վիշապներ են, ամենուրեք վիշապներ են, ու այդ ամենը՝ պարոն Գիբբերլինգի պատճառով:

Monday, January 31, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. մեծ պայթյուն
Հովարդի մահվանից մի փոքր անց՝ 1937 թվականին, հայտնիությամբ աչքի չընկնող քառասունհինգամյա պարոն Տոլկիենն Անգլիայում «Հոբբիթ» վերնագրով մանկական գրքույկ է հրատարակում:Տոլկիենական Միջերկրի գաղափարը ծնվել է մեր հարյուրամյակի քսանական թվականներին, բայց միայն 1954 թվականին է, որ «Allen & Unwin» հրատարակությունը թողարկում է «Մատանիների Տիրակալը»: Ստեղծագործությունը, աշխարհը ցնցած այդ եռագրությունը ստեղծելու համար հեղինակին պահանջվեց տասներկու տարի: Ք. Ս. Լյուիսն իր «Նարնիայով» նրանից առաջ ընկավ. վերջինս լույս տեսավ 1950 թվականին: Բայց աշխարհը ծնկի իջեցրեց հենց Տոլկիենը: Ինչևէ, քանի որ, ինչպես հայտնի է, չկա մարգարե սեփական հայրենիքում, փառքը գտավ նրան միայն 1965-1966 թվականներին՝ այն բանից հետո, ինչ այդ գրքերը փափուկ կազմով թողարկվեցին ԱՄՆ-ում: Եռագրության հրատարակումն ըստ ժամանակի համընկնում է «Կոնանների» Սպրեգ Դե Կեմպի կողմից շռայլորեն լրացված ամբողջ շարքի վերահրատարակության հետ: Ուշադրություն դարձրեք. երկու հեղինակ ու երկու ստեղծագործություն՝ այնքան տարբեր, որքան տարբեր են նրանց հեղինակները: Երիտասարդ նևրոտիկ ու հասուն, հարգարժան պրոֆեսսոր: Կիմմերիացի Կոնանն ու Հոբբիտանիացի Ֆրոդոն: Երկու այդքան տարբեր երկրներ: Ու ընդհանուր հաջողություն: Ու ստեղծված ժանր: Սկսած կուլտ ու խելագարություն: Երբ ետ նայեցին, իհարկե, տեսան Լյուիս Քերոլի «Ալիսան...», նույնիսկ 1900 թվականին Ֆրենկ Բաումի գրած «Օզ Երկրի Կախարդին»: Բայց եթե այդ մակարդակի լայնացնենք չափանիշներն, ապա ու՞ր է «Պիտեր Պենի» ու «Վիննի Թուխի» տեղը: Չէ՞ որ դա էլ է ֆանտազիա, ֆենտեզի: Դրա համար էլ թափով ծեփեցին տերմին՝ հասուն ֆանտաստիկա, ֆանտաստիկա մեծահասակների համար: Ով գիտի՝ որ փակեն Վիննի Թուխի ճանապարհը ֆանտաստիկ բեսթսելլերների ցուցակ:

Sunday, January 30, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզիի հետ կապված հետաքրքրության վերակենդանանալուն զուգահեռ որոշեցի ես էլ վերանայել ու ավարտել այդ ժանրի հետ կապված հոդվածներս, մշակումներս ու թարգմանություններս:
Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական երկրի ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, իմաստ ունի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք նման դեպքերում հատուկ են սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Գնացինք:

Tuesday, September 4, 2007

Իննը Սատանայական մեղքեր

Տարիներ շարունակ մարդիկ հարցրել են Սատանայի Եկեղեցու ներկայացուցիչներին. «Լավ, ձեր փիլիսոփայությունը հիմնված է մարդկային բնազդներին ենթարկվելու վրա, բայց դուք ունե՞ք, ինչպես մյուս կրոնները, մեղքի հասկացություն»: Մեր պատասխանն անփոփոխ բացասական էր: Բայց ժամանակն է դա փոխել: Վերջին ավելի, քան քսան տարիների ընթացքում մենք անընդհատ աճում էինք ու հայտնաբերեցինք, որ ավելի պարզ նպատակներ և ուղղություններ պետք է սահմանվեն ոչ միայն այն բաների համար, որոնց մենք ձգտում ենք, այլ նաև այն բաների, որոնցից մենք ձգտում ենք խուսափել, ինչի հետ համաձայն չենք: Սատանիզմի և այլ կրոնների միջև տարբերությունը նրանում է, որ այլ կրոնները մեղքեր են հորինում, որոնցից հնարավոր չի խուսափել, իսկ մենք համարում ենք, որ որոշ ջանքեր գործադրելու դեպքում մարդիկ կարող են չանել այն ամենն, ինչ մենք դիտարկում ենք որպես մեղքեր:

Հիմարություն: Գլխավորում է սատանայական մեղքերի ցուցակը: Սատանիզմի գլխավոր մեղքը: Ցավոք, հիմարությունը ցավային զգացողություններ չի առաջացնում: Տգիտությունն այլ բան է, բայց մեր հասարակությունը մեծ մասամբ ծաղկում է հիմարության շնորհիվ: Այն հենվում է մարդկանց վրա, որոնք կհամաձայնեն ամեն ինչի հետ, ինչ իրենց կասեն: Զանգվածային լրատվության միջոցները հիմարությունը զարգացնում են որպես դիրքորոշում, որը ոչ միայն ընդունելի, այլ նաև գովելի է: Սատանիստը պետք է սովորի ճանաչել այդ հնարքներն ու թույլ չտա ինքն իրեն հիմար լինել:

Հավակնոտություն: Դատարկ «ձև բռնելը», հավանաբար մեղքերից ամենազայրացնողը: Այն մարմնավորող մարդը չի կիրառում Փոքր մոգության հիմնական կանոնները: Ներկայումս հիմարությունն ու հավակնոտությունը դրամաշրջանառության շարժիչ ուժերն են: Մեր օրերում բոլորն ուզում են իրենց մեծ քաք ցույց տալ անկախ նրանից, հանդիսանում են այդպիսիք, թե ոչ:

Սոլիպսիզմ: Կարող է շատ վտանգավոր լինել Սատանիստի համար: Սեփական ռեակցիաների, էմոցիաների ու զգացողությունների փոխադրումը նրանց վրա, ում զարգացման աստիճանը չի համապատասխանում ձերին: Սխալ է մարդկանցից նույնպիսի ուշադրություն, քաղաքավարություն ու հարգանք սպասել, ինչպիսին դուք եք արտահայտում նրանց նկատմամբ: Անիմաստ է: Դրա փոխարեն Սատանիստը պետք է գործնականում կիրառի «հատուցիր նրանով, ինչ ստացել ես» սկզբունքը: Դա ջանքեր ու մշտական զգոնություն է պահանջում, հակառակ դեպքում հեշտ է տրվել իլյուզիաների, թե բոլորը ձեզ նման են: Ինչպես ասվում է, որոշ ուտոպիաներ կատարյալ կլինեին փիլիսոփաների երկրում, բայց, դժբախտաբար (կամ, մաքիավելիական տեսանկյունից, բարեբախտաբար) մենք դրանից հեռու ենք:

Ինքնախաբեություն: Այս մեղքը դիտարկվում է Սատանայական պատվիրաններում, բայց արժանի է, որ կրկնվի այստեղ, քանի որ նույնպես հանդիսանում է սկզբունքային մեղք: Մենք չպետք է տուրք տանք մեզ փաթաթած սրբազան կովերին, մտնելով դերերի մեջ, որոնք, սպասվում է, պետք է խաղանք: Միակ թույլատրելի ինքնախաբեությունը հանուն զվարճանքի գիտակցված ինքնախաբեությունն է: Ինչևէ, դա արդեն ինքնախաբեություն չի:

Հոտային համաձայնվողականություն: Սատանայական տեսանկյունից ակնհայտ է, որ ոչ մի վատ բան չկա մեկ այլ մարդու ցանկությունների հետ համաձայնելու մեջ, եթե արդյունքում դուք դրանից շահում եք: Բայց միայն ապուշներն են հետևում հոտին, թույլ տալով դիմազուրկ արարածին հարկադրել իրենց իր կամքը: Ավելի լավ է գիտակցաբար ինքդ քեզ տեր ընտրես, քան դառնաս ամբոխի քմահաճության ստրուկը:

Լայնախոհության բացակայություն: Սատանիստի համար սա կարող է բավականին հիվանդագին հետևանքների: Երբեք չի կարելի հաշվի չառնել, թե ով կամ ինչ եք դուք հանդիսանում ու ինչպիսի վտանգ կարող եք ներկայացնել ձեր գոյությամբ: Մենք արարում ենք պատմությունն այսօր ու հիմ: Միշտ մտքում պահեք ավելի լայն պատմական ու հասարակական պատկեր: Դա շատ կարևոր է թե՛ Մեծ, թե՛ Փոքր մոգության համար: Գիտակցեք, որ դուք մնացած աշխարհից տարբեր մակարդակի վրա եք գործում:

Մոռացկոտություն անցյալի օրթոդոքսիաների նկատմամբ: Գիտակցեք, որ դա մարդկանց ուղեղը լվանալու ամենահաջող ձևերից մեկն է, որոնք որպես «նոր» ու «յուրահատուկ» ընդունում են այն, ինչը վաղուց հայտնի էր ու պարզապես վաճառվում է նոր փաթեթավորմամբ: Մեզանից սպասում են հիացմունք «արարչի» հանճարով ու մոռացկոտություն օրիգինալի նկատմամբ: Դա է, որ մեզ վերածում է թափոնների վերամշակման հասարակության:

Հպարտություն, որը խանգարում է աշխատանքին: Հպարտությունն իր էությամբ վատ բան չի, բայց միայն եթե չի անցել այն սահմանները, երբ օճառաջրի հետ երեխային էլ են տաշտից թափում: Այս կապակցությամբ Սատանայական կանոնը հետևյալն է. եթե դա ծառայում է ձեզ, շատ լավ: Երբ այն դադարում է ծառայել, երբ ձեզ անկյուն են գցել ու իրավիճակից միակ ելքն ասելն է՝ «ցավում եմ, ես սխալվել եմ, ու ցանկանում եմ փոխզիջման գալ», հենց այդպես էլ պետք է վարվել:

Էսթետիկ նախասկզբի բացակայությունը: Հավասարակշռող գործոնի նյութական մարմնավորումը շատ կարևոր է Փոքր մոգության համար ու պետք է զարգացվի: Ակնհայտ է, որ դրա միջոցով դժվար է կայուն փող աշխատել, ինչի պատճառով էլ այդ հատկությունը չի խթանվում սպառողական հասարակության մեջ: Ինչևէ, այն կարևորագույն մոգական գործիք է ու պետք է կիրառվի մոգության էֆեկտիվության համար: Էսթետիկ նախասկիզբը շատ սուբյեկտիվ է և արտահայտում է մարդու էությունը, բայց կան ունիվերսալ դասակարգումներ, որոնք պետք չի ժխտել:

Սա ավելի քան տաս տարվա մեջ առաջին հռչակագիրն է ու հայտարարում է Սատանայական պրակտիկայի որոշ կարևոր կանոններ: Պետք է նշել, որ այս դոկտրինան որևէ կերպ չի փոխարինում Իննը Սատանայական Պատվիրանները կամ Տասնմեկ Սատանայական Կանոնները Երկրի Վրա, այլ նպատակ ունի շարունակել ու զարգացնել վերոհիշյալ սկզբունքները:

Անտոն Շանդոր ԼաՎեյ
XXII Аnnо Satanas (մ.թ. 1987)