Պրովոկացիոն վերնագիր է, ու հուսով եմ՝ վայրենասերները գրառումս կշրջանցեն. ի վերջո, այս հարցում ես դեռ ոչ մի ադեկվատ առարկություն չեմ լսել: Միտքը գլուխս եկավ Արտակի բլոգի
մի գրառում կարդալիս, բայց արդեն մի քանի ամիս է, ինչ խմորվում է:
Ասույթներին կամ դրանք ասողներին կպնել չեմ պատրաստվում. հեղինակներից առնվազն մեկին դրական եմ վերաբերվում, ու մարդու տեղ չեմ դնում միայն մեկին: Խնդիրն ուրիշ բանում է:
Լավ, սկսենք սկզբից: Հայերենը մեռնում է: Այո, հայերենը կայուն կերպով մահանում է: Պատճառները շատ են: Նախ՝
1. Ակադեմիկ ու խոսակցական հայերենների միջև երկխոսության բացակայությունը դրանցից մեկն է: Բացատրեմ: Ընդհանուր առմամբ, լեզուն նման է բնությանը: Շատ սխալ է կարծել, թե լեզվի տեսչությունը կամ Կրթության և գիտության նախարարությունն պետք է որոշեն, թե ինչպիսին պետք է լինի հայերենը: Խոսակցական հայերենն այն լեզուն է, որով հայերը խոսում են: Այն իր մեջ ներառում է բոլոր հնարավոր վարիացիաները՝ բարբառներով ու սփյուռքի տարբեր համայնքների տարբերակներով հանդերձ: Գրական հայերենն այն լեզուն է, որով գրում են: Գրականության լեզուն, լինի դա գիտական, գեղարվեստական թե այլ: