Showing posts with label վարք սրբոց. Show all posts
Showing posts with label վարք սրբոց. Show all posts

Tuesday, January 1, 2013

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս չորրորդ


Հիպաթիա
Իսպանացի տաղանդավոր ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի 2009 թվականին թողարկված «Ագորա» ֆիլմն անդրադառնում է մ. թ. 5-րդ դարի սկզբում Ալեքսանդրիայում տեղի ունեցած դեպքերին: Ֆիլմը ես դեռ չեմ դիտել, իսկ դեպքերի մասին կարող եմ պատմել որոշ բաներ:
Նշեմ, որ ֆիլմը մեղադրվում է պատմությունն աղավաղելու ու հակաքրիստոնեական պրոպոգանդայի մեջ, ինչի պատճառով այն դեռևս չի թողարկվել Իտալիայում:
Ստորև կբերվի պատմությունը. թե որքանով է ֆիլմն այն աղավաղել, դատեք ինքներդ:

Կյուրեղ Ալեքսանդրիացի
Քրիստոնեական սուրբ* Կյուրեղ Ալեքսանդրիացին ծնվել է մ. թ. մոտ 376 թվականին Եգիպտոսի Թեոդոսիոս ավանում: Լավ կրթություն ստանալով, նա 412 թվականի հոկտեմբերի 18-ին նա իր քեռի Թեոֆիլուսից ժառանգեց Ալեքսանդրիայի պատրիարխի պաշտոնը: Նա մշակութային այդ կենտրոնում ամենամեծ հեղինակություն ու իշխանություն ունեցող մարդկանցից էր: Իսկ ի՞նչ է պատահում, երբ քրիստոնյան իշխանություն է ունենում մշակութային կենտրոնում: Ոչ մի լավ բան մշակույթի համար:

Օրեսթես
Օրեսթեսի Ալեքսանդրիայի հռոմեական պրեֆեկտ նշանակվելը տեղի ունեցավ Կյուրեղի պատրիարխություն ստանալուն զուգահեռ: Օրեսթեսը հակադրվեց Կյուրեղի քաղաքականությանը. վերջինս ճնշումներ ու բռնություն էր կիրառում քաղաքի հեթանոս ու հրեական բնակչության նկատմամբ: Ըստ որոշ պատմաբանների, բոլոր հրեաներն արտաքսվեցին Ալեքսանդրիայից, թեև որոշ պատմաբաններ պնդում են, որ դա չափազանցում է, ու որ հրեա բնակչության միայն մի մասն է արտաքսման ենթարկվել:
Կյուրեղը զգում էր, որ իր իշխանությանը վտանգ է սպառնում, քանի դեռ պրեֆեկտն իրեն հակադրվում է: Մոտ 414-415 թվականներին հոգևորականները հարձակվեցին ու ծանր վիրավորեցին Օրեսթեսին: Պրեֆեկտը բռնեց ու տանջամահ արեց ամբոխի առաջնորդին. Կյուրեղը փորձեց վերջինիս նահատակ հռչակել, բայց տեղական առաջնորդներն ու կայսրը չարդարացրեցին հոգևորականների հարձակումը Կայսրության ներկայացուցչի վրա, ու Կյուրեղը ստիպված եղավ նահանջել:

Հիպաթիա Ալեքսանդրիացի
Օրեսթեսին աջակցում էր կին փիլիսոփա ու Ալեքսանդրիայի գրադարանի ղեկավար Հիպաթիան, ով քաղաքում զգալի հեղինակություն էր վայելում:
Ալեքսանդրիայում մի կին կար Հիպաթիա անունով, դուստրը Թեոն փիլիսոփայի, ով այնպիսի ձեռքբերումներ ունեցավ գրականության ու գիտության մեջ, որ գերազանցում էին իր ժամանակվա փիլիսոփաներինը: Լինելով Պլատոնի ու Պլոտինուսի դպրոցների ժառանգորդը, նա փիլիսոփայության հիմքերն էր բացատրում իր ունկնդիրներին, որոնցից շատերը երկար ճանապարհ էին անցնում նրա ցուցումները ստանալու համար:
Սոկրատես Սխոլաստիկուս, «Կրոնական Պատմություն»
415 թվականի մարտի մի օր նրա կառքը դարանակալեցին տուն վերադառնալու ճանապարհին: Քրիստոնյա ամբոխը, որին առաջնորդում էր Պետրոս անունով մի մարդ (հավանաբար, Պետրոս Ընթերցողը՝ Կյուրեղի օգնականը): Ամբոխն ամենայն հավանականությամբ գրգռել էին վանականները: Ցանկացած դեպքում, նրան մերկացրեցին ու տարան Կեսարիումյան եկեղեցին: Ըստ որոշ աղբյուրների, նրան ծեծեցին դագանակներով, հետո կենդանի-կենդանի այրեցին: Ուրիշները պնդում են, որ նրան մասնատեցին ու այրեցին քաղաքից դուրս: 5-րդ դարի պատմիչ Սոկրատես Սխոլաստիկուսի վկայությամբ, նրա կաշին կենդանի-կենդանի քերթեցին խեցիների ու աղյուսների կտորներով:

Այս քաղաքական սպանությունը բերեց նրան, որ Օրեսթեսը կարևոր ու զորեղ աջակից կորցրեց ու ստիպված եղավ դադարեցնել իր պայքարը Կյուրեղի դեմ: Նա թողեց պրեֆեկտի պաշտոնն ու լքեց Ալեքսանդրիան:

Եկեղեցին հաղթեց հերետիկոսներին ու Աստծո խոսքը լուսավորեց անհավատների հոգին: Օրհնյալ լինեն սրբերն ու անիծյալ՝ եկեղեցու թշնամիները: Հեգնու՞մ եմ: Այո, բայց այս անգամ հեգնանքս դառն է:
---------------------------------------

* Կյուրեղ Ալեքսանդրիացին թվարկվում է Եկեղեցու Հայրերի ու Եկեղեցու Ուսուցիչների մեջ, ու նրա հեղինակությունը քրիստոնեական աշխարհում հիմք է դարձել, որ նա արժանանա Հավատի Սյուն ու Հայրերի Կնիք տիտղոսների: Նրա տոնը նշում են ուղղափառ եկեղեցիները (հունվարի 18-ին ու հունիսի 9-ին), հռոմեակաթոլիկ ու լյութերական եկեղեցիները (հունիսի 27-ին), ավանդական հռոմեակաթոլիկներն ու որոշ տեղական օրացույցներում (փետրվարի 9-ին):

ՀԱՋՈՐԴ ՄԱՍԸ

Monday, December 10, 2012

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս երրորդ


Հերետիկոսներն ու պայքարը նրանց դեմ

Մարդկանց ուղղահավատների ու հերետիկոսների բաժանելը, հերետիկոսների նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը սովորաբար համարվում է կաթոլիկ եկեղեցու նորամուծությունը: Բոլորը միանգամից հիշում են Domini Canes ու Իգնատիուս Լոյոլայի ճիզվիտների կազմակերպությունները, որոնք դատեր էին իրականացնում կախարդանքով, հերետիկոսությամբ ու եկեղեցուն անհաճո այլ գործունեությամբ: Ինչևէ, վաղ քրիստոնեական եկեղեցիների ու «հերետիկոսական» հայտարարված ուղղությունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրոնական ու այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը միշտ էլ հատուկ է եղել քրիստոնյաներին: Գումարենք Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու և այլոց նկատմամբ ՀԱԵ հալածանքները, պավլիկյան և թոնդրակյան շարժումների նկատմամբ հաշվեհարդարը՝ մեր առաքելականների ձեռքերը նույնպես մինչև դաստակներն արյան մեջ են: Դա ցույց տալու համար ևս մեկ անգամ դիմենք Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանությանն» ու բարռացի մեջբերումներ կանենք (նշեմ, որ գիրքն աչքի է ընկնում վերին աստիճանի ապուշ շարադրանքով ու մութ, հետամնաց մտքերի մեծ քանակով):
Թեոդոտոսը, որին նզովել է Հռոմի Վիկտոր եպիսկոպոսը (189-198), կարծում էր, թե Քրիստոս ծնվել է Աստծո կամքի համաձայն, կույս Մարիամից և ընդունել Աստվածային ուժը՝ մկրտության ժամանակ, երբ և որդեգրվել է Հոր կողմից: Քրիստոս աստվածացել է հարությունից հետո (Հիպպոլիտոս, Ընդդեմ Հերետ. Է 35):
Էջ 240 («Հերետիկոսություններ»)
Նզովել է: Ընդամենը փոքրիկ այլախոհության համար:
...Նրա հայացքների քննության նպատակով 264-268 թթ. միջև գումարվել են 3 ժողովներ: Երրորդում Մալխիոն քահանային հաջողվել է ցույց տալ Պողոս Սամոսատցու վարդապետության չարիքը, և այդպիսով Սանիսատցին դատապարտվել է գահընկեցության: Սակայն Անտիոքի եպիսկոպոսության տունը լքել է միայն 272 թ., պետական իշխանության միջամտությամբ:Էջ 241 («Հերետիկոսություններ»)
Թվում է՝ պարզապես մի քանի լաչառ եպիսկոպոս աթոռակռիվ էին տալիս, բայց տեքստի շարունակության մեջ նկարագրվում է ինչ կլիներ, եթե եկեղեցին ամեն ինչ իր ձևով աներ.
Պետրոս Սամոսատցին էլ էր որդեգրական ու, ընդհանուր առմամբ, հակադրվում էր միայն Քրիստոսի աստվածացմանը՝ համարելով, որ նա Աստծո որդի է միայն բարոյական տեսանկյունից: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:
Կրկնեմ: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:

Միանգամից տեսնում ենք հելլենիստական շրջանից անկում ապրող աշխարհիկ իշխանությունների ցիվիլ բնույթը, որը հակադրվում է քրիստոնեական արյունարբու բնույթին, ու ավելի խիստ կտեսնենք այն շարքի հաջորդ հոդվածում, որտեղ խոսվում է Հիպաթիա Ալեքսանդրիացու մասին:

Շարունակենք կարդալ:
...Տարվելով գնոստիկյան շրջանակներից, հոր կողմից վտարվել է եկեղեցուց: 140 թ. գնացել է Հռոմ: 144 թ. ցանկանալով գտնել ընդհանուր ճանաչում, գուցեև փափագելով գրավել Հռոմի եպիսկոպոսական աթոռը, ներկայացնում էիր հայացքները Հռոմի հոգևորականության առջև, սակայն, հակառակ իր սպասածի, դատապարտվում է և բանադրվում:
Էջ 253 («Հերետիկոսություններ»)
Խոսքը գնում է Մարկիոնի ու մարկիոնականների ուղղության հիմնադրման մասին:
Եթե ինչ-որ տեր հայր որոշի ինձ մեղադրել, որ ես քննադատում ու ծաղրում եմ մի բան, որը չեմ հասկանում, ահա ևս մի մեջբերում այն մասին, ինչպես էր եկեղեցու ականավոր գործիչ Տերտուղիանոսը «հասկանում» նրանց, ում ծաղրում էր: Էջ 199 («Գ Դարի Լատին Հայրերը Եվ Գրողները»).
Ընդդեմ Վալենտինոսի (Adversus Valentinianos)
Գրել է 206/7 թթ.: Ծաղրում է գնոստիկ Վալենտինոսին [sic] ու նրա հետևորդներին առանց նրանց տեսությունների սիստեմատիկ հերքման:
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ լատիներեն վերնագրում նշվում է ոչ թե «Վալենտինոս», այլ «Վալենտինիանոս» անունն ու անցնենք բուն նյութին, կհասկանանք, որ ես շատ ավելի մեծահոգի եմ քրիստոնյաների նկատմամբ, քան նրանք են եղել իրենց հակառակորդների նկատմամբ:

Քրիստոնեությունն ուղղակիորեն քարոզում է վհուկների ու կախարդների ոչնչացումը (Ելից 22:18).
Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։
Սրան հաջորդում է ընդունելի մահապատժի ևս երկու օրինակ (Ելից 22:19-20).
Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։
Ղևտացիների 20:1-5.
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
Ղևտացիների 20:9.
Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
Հոմոսեքսուալներին մահվան դատապարտելու մասին՝ Ղևտացիների 20:13.
Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
Նորից վհուկների ու կախարդների մասին Ղևտացիների 20:27.
Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են։
Սա դեռ փոքր մասն է կրոնական սանկցիայով իրականացվող մահապատիժների չաղ ցուցակի, որոնք նշվում են աստվածաշնչում: Այս ամենի վրա հիմնված է կազմել ինկվիզոտորական «Malleus Maleficarum» աշխատանքը, որը հանդիսացել է ինկվիզիցիայի զոհերին հայտնաբերելու, հարցաքննելու ու մահապատժի ենթարկելու հեղինակավոր ձեռնարկ կաթոլիկ եկեղեցու աշխարհիկ իշխանությամբ օժտված լինելու ամբողջ ընթացքում:

Ոչ, ինկվիզիտորներն իսկական քրիստոնյաներ էին: Իսկ երևույթը, երբ մեկը քրիստոնեությունից վերցնում է միայն այն, ինչ իրեն դուր է գալիս, ու իրեն համարում քրիստոնյա, անվանում են cafeteria christianity, ու քրիստոնեությունն էլ իր համար բուֆետի սեղանի նման բան է:

Tuesday, February 9, 2010

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս երկրորդ


«Քրիստոնյա» տերմինը
«Քրիստոնյա» (հունարեն՝ «Χριστιανες») բառը Նոր Կտակարանում հանդիպում ենք միայն երեք անգամ. այնքան էլ շատ չի, եթե հաշվի առնենք, որ հենց Նոր Կտակարանն է քրիստոնեության հիմքը: Առաջին անգամ՝ Գործք Առաքելոց 11:26-ում (Նոր Կտակարանի մեջբերումներն արված են Աբեղյանական քերականությամբ, հաշվի առնելով հունական բնագրի հետ ունեցած տարբերությունները, ինչը մեր կոնտեքստում ոչ մի էական իմաստային փոփոխության չի բերում, իսկ ծանոթագրություններն իմն են).
Ու նրանք [Բառնաբասն ու Պողոսը, վերջինս դեռ որպես Սողոս է հիշատակվում] երկուսով մի ամբողջ տարի հավաքվում էին եկեղեցում մեջ և ուսուցանում էին շատ շատերին: Եվ առաջին անգամ Անտիոքում էր, որ աշակերտածներին քրիստոնյաներ անվանեցին:
Հաջորդ հիշատակումը Գործք Առաքելոց 26:28-ում է, երբ այդ բառն օգտագործում է Հերովդես Ագրիպպա Երկրորդը.
Եվ Ագրիպպան ասաց Պողոսին. «Քիչ է մնում՝ ինձ էլ քրիստոնյա դարձնես»:
«Քրիստոնյա» բառի երրորդ հիշատակումն Ա Պետրոս 4:14-16-ում է, որը բավականին լավ նկարագրում է, թե ինչպես պետք է իսկական քրիստոնյան դիմակայի չարչարանքներին ու նահատակվի.
Իսկ եթե նախատվեք էլ Քրիստոսի անվան համար, երանելի՜ եք, քանի որ փառքն [ընդհանրապես, Աստվածաշունչ գրողն, ըստ երևույթին, փառամոլությամբ էր տառապում] ու Աստծո Հոգին են հանգչում ձեր վրա: Ձեզնից ոչ ոք թող չտանջվի որպես գող կամ որպես չարագործ կամ որպես ուրիշի գործին խառնվող. իսկ եթե տանջվում է որպես քրիստոնյա, թող չամաչի, այլ փառավորի [ի՞նչ էի ասում] Աստծուն այդ անվամբ...

«Քրիստոնյա» տերմինը ծագում է Հիսուսին վերագրվող «Քրիստոս» (թարգմանվում է որպես «օծյալ», ոչ թե «խաչյալ», ինչպես կարծում են շատերը) մականունից:

Հենց այստեղ է, որ բախվում ենք առաջին հակասության հետ, ինչը հերթական անգամ հարցականի տակ է դնում Նոր Կտակարանում անփոփոխ, նախնական տարբերակով ներառված տեքստի քանակն ու «աստվածային ոգեշնչման» մասին առասպելն, ըստ որի Աստվածաշնչի հեղինակն Աստված է. համենայն դեպս, Աստծո կողմից հրատարակություն ուղարկված ձեռագիրը մինչև տպագրությունը լավ խմբագրվել է:

Խնդիրը նրանում է, որ Նոր Կտակարանի ծագման ժամկետները բավականին անորոշ են, ավետարանների ու նրա այլ մասերի գրավոր տարբերակները սկսում են հիշատակվել մ.թ. II դարի վերջից, ինչից հետո այն անընդհատ խմբագրվել ու վերամշակվել է մինչև Տրենտյան Եկեղեցաժողովը: Այս դինամիկ վիճակում այն չի կարող համարվել պատմական հեղինակությամբ օժտված գրվածք:

Ինչևէ, եկեղեցին հաճախ «քրիստոնյա» տերմինի ծագման վաղեմության հաստատման նպատակով մեջբերում է կատարում հռոմեացի պատմաբան ու սենատոր Պուբլիուս (կամ Գայուս) Կոռնելիուս Տակիտայի «Տարեգրությունները», որտեղ (15:44) իսկապես կիրառվում է լատինատառ «christianos» բառը: Ձեռագրի ամենավաղ տարբերակի (Biblioteca Medicea Laurenziana) ուլտրամանուշակագույն լույսի տակ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձեռագիրն ակնհայտ կերպով փոփոխության է ենթարկվել. նախնական գրվածքի մեջ կիրառվել է ոչ թե «christianos» («քրիստոնյաները»), այլ «chrestianos»՝ «լավերը» բառը: Ընդ որում, որոշ վաղ քրիստոնեական ուղղություններ Հիսուսի Քրիստոս-Օծյալ մականվան փոխարեն կիրառել են Քրեստոս-Լավ մականունը: Դրա օրինակ են մարկիոնականները (մարկիոնականությունը եկեղեցու կանոնում համարվում է հերետիկոսություն ու հիշատակվում է Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանություն» երկի «Հերետիկոսություններ» հավելվածում): Դա երևում է Դեիր Ալիում (Սիրիա, Դամասկոսից երեք մղոն հարավ) հայտնաբերված մարկիոնական եկեղեցու փորագրությունից.

Հավաքատեղի մարկիոնականների Լեբաբա գյուղում, պատկանող Տեր և Փրկիչ Հիսուս Քրեստոսին:

Wednesday, November 25, 2009

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս առաջին

«...Այսպէս, ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, եւ չար ծառ չար պտուղ է տալիս: Լաւ ծառը չի կարող վատ պտուղ տալ, ոչ էլ վատ ծաոը՝ լաւ պտուղ տալ: Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրւում եւ կրակն է նետւում: Ուրեմն՝ իրենց գործերից կը ճանաչէք նրանց»:
Մատթէոս 7:15-20

Ֆու, այնքան երկար սրբապղծությամբ չեմ զբաղվել, արդեն «թափս կորցրել եմ»: Կարծում եմ՝ վերականգնելը երկար ժամանակ չի քաշի:

Կրոնական ֆանատիզմը տարբեր կրոնների մոտ է զվարճալի մասշտաբների հասնում, բայց այն, ինչ անում են քրիստոնեական եկեղեցին ու նրա տարբեր աղանդները, բոլոր սահմաններն անցնում է))) Մեր գործն է՝ զվարճանալ դրա վրա, ինչը մենք կանենք այս թեմայում: Ի տարբերություն քրիստոնյաների, կանենք դա էթիկայի որոշ կանոններ պահպանելով, մասնավորապես՝ առանց ավելորդ վիրավորական արտահայտությունների, միայն փաստերի հիման վրա)))

Ինչպես գրում է անգլիական Թայմսը, տղամարդիկ ու կանայք տարբեր կերպ են այրվում դժոխքում՝ այսպիսին են Վատիկանի վերջին ուսումնասիրության արդյունքները, որն անց է կացրել պապ Բենեդիկտ XVI-ի անհատական աստվածաբան Վոյցեխ Գերտիխը:

«Տղամարդիկ ու կանայք տարբեր մեղքեր ունեն»,- հայտարարել է Գերտիխը L'Osservatore Romano վատիկանյան թերթում: Նրա կարծիքով, մարդկության ուժեղ կեսը չափազանց ծույլ է, որպեսզի բարկանա, հպարտանա, նախանձի ու ագահություն անի: Բայց ուժ շատակերության ու տարփանքի համար, ինչպես համարում է աստվածաբանը, նրանց բավականացնում է: Կանայք, նրա կարծիքով, նույնպես չեն խորշում տարփանքից, բայց, ինչևէ, նրանց հիմնական մեղքերն են՝ հպարտությունը, նախանձն ու զայրույթը:Ընդ որում, ուսումնասիրությունը պնդում է, որ եթե կինը չդիմակայի շատակերությանը, ծուլությունից փրկվել էլ չի կարողանա: ԻՆչպես համարում է աստվածաբանը, հպարտությամբ տառապող կանանց հոգիները դժոխքում անվատման են ենթարկում, իսկ տարփոտ տղամարդկանց հոգիները տապակվում են ծծմբի մեջ:

Գերտիխն ավելացրել է, որ «մաքրել» հոգին մեղքերից կարելի է միայն ընդունելով դրանք ու մեղա գալով: Ճիշտ է, ըստ The Times-ի տվյալների, կաթոլիկների արդեն 30 տոկոսը հոգևորականի մոտ պարբերաբար մեղա գալը պարտադիր չեն համարում չեն համարում: Իսկ 10 տոկոսն ընդհանրապես համոզված է, որ խոստովանությունը խանգարում է նրանց անձնական զրույցին Աստծո հետ:

Ի միջի այլոց, անցյալ տարի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ջանֆրանկո Ջիրոտտին L'Osservatore Romano-ին ինտերվյու տալիս հայտարարել է, որ մահկանացու մեղքերի ցուցակը, մինչ այժմ սահմանափակված յոթ կետով, ժամանակն է ընդլայնել: Հոգու կորստին, ըստ նրա կարծիքի, բերում են փորձերը մարդու նկատմամբ, գենետիկ մոդիֆիկացիան, շրջակա միջավայրի աղտոտումը, հասարակական անարդարությունը, աղքատության հասցնելը, թմրադեղերի օգտագործումն ու տարածումը: Եպիսկոպոսի խոսքերով, հավիտենական տանջանքներ են սպասում նաև աբորտներ կատարելու ու պեդոֆիլիայի համար: Ինչից հետո Ջիրոտտին խոստովանել է, որ ամենից շատ նրան հուզում է արվամոլությունը հոգևոր անձանց մոտ, որը մատնանշում է տալիս եկեղեցու մարդկային խոցելիությունը:

Ինչևէ, եթե կարծում եք, թե սա նշան է Վատիկանի բարքերի անկման, ապա սխալվում եք. ժամանակակից կաթոլիկ վանականներն իրենց մեղսավոր անցյալի համեմատ հիրավի ասկետիկ կյանք են վարում: Ասածը հիմնավորելու համար մի քանի զվարճալի օրինակներ բերենք))) Սկսենք «ինտիմ օրհնության» մասին դրույթից, որն առաջադրվել է Ստեփանոս VIII-ի օրոք (աղբյուրը՝ Լեո Տաքսիլ, «Սրբազան Ավազակաորջը»):

«Աշխարհականները երբեք իրավասու չեն մեղադրելու քահանաներին, նույնիսկ եթե նրանց հանցանքի մեջ բռնեն իրենց կանանց կամ դուստրերի հետ շնություն անելիս: Հավատացյալները նման դեպքերում պետք է մտածեն, որ քահանան ցանկացել է նրանց մերձավորներին օրհնել ավելի ինտիմ իրադրության մեջ»:

Հաջորդն այդքան էլ զվարճալի չի. Գրիգոր պապի օրոք, երբ կանանց վանքի մեծ ավազանը նորոգելու համար ջուրը բաց թողեցին, հատակին գտան մահացած նորածինների մի քանի հազար դիակներ: Նշեմ, որ նույնիսկ մայաների զոհաբերական ջրհորներում ու ացտեկական տաճարներում նման հետքեր չեն գտնվել: