Showing posts with label տեսություն. Show all posts
Showing posts with label տեսություն. Show all posts

Monday, February 21, 2011

Հոկկու և Հայկու. բանաստեղծական չափի կոնցեպցիան

Եթե կարծում եք, թե հայկուն ցանկացած եռատող բանաստեղծություն է, որը կտրուկ ավարտ է ունենում, ապա չարաչար սխալվում եք: Ավելին. ճապոներենով հայկուներն ընդհանրապես մի ուղղահայաց տողով են գրվում, պարզապես իրենց մեջ երեք արտահայտություն են պարունակում, որոնք թարգմանիչը պատկերում է երեք տողի տեսքով:
Հոկկու (発句) և հայկու (俳句). ինչու՞մ է կայանում տարբերությունը: Իրականում հայկուն հոկկուի նոր անվանումն է, որը տասնիններորդ դարում ներմուծել է Մեյձի ժամանակաշրջանի պոետ, քննադատ ու տեսաբան Մասաոկա Սիկին (իրական անունը՝ Մասաոկա Ցունենորի):
Եթե դեմ չեք, մի փոքր բանաստեղծական տեսություն բացատրեմ ձեզ: Նամանավանդ որ այս բնագավառում ինձ հայտնի ոչ մի հայալեզու գրականություն գոյություն չունի: Հոկկուն ունի առանձնահատուկ չափ, որը հասկանալու համար պետք է նախ հասկանալ անտիկ բանաստեղծության մի հասկացություն, որն անվանում են մորա (լատ. mora, ժամանակի հատված, ժամանակ, հայտնի է նաև որպես հին հունարեն χρόνος πρῶτος, լատիներեն tempus primum՝ նախնական ժամանակ): Մեկ մորան այն ժամանակն է, որը պետք է արտասանողին մեկ կարճ վանկ արտասանելու համար: Արտասանեք «կարճ» բառը: Ժամանակահատվածը, որը պահանջվեց, մեկ մորա է: Համարվում է, որ երկար վանկի տևողությունը հավասար է երկու մորայի:

Wednesday, February 16, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. ընդլայնում
Ժանրը ձնահոսքի պես էր զարգանում՝ հերթական կիլոմետրանոց նշանասյուները կանգնեցնելով, ու Փառքի Սրահն արագ լցվում էր հեղինակների դիմանկարներով:
1961 թվականին լույս տեսան Մայքլ Մուրկոկի «Էլրիկ» ու «Լուսնային Բազե» ասքերը: 1963-ին՝ Անդրե Նորտոնի առաջին «Կախարդական Աշխարհը»: Վերսկսվեց Ֆրից Լեյբերի «Ֆաֆհրն ու Մոխրագույն Մկնորսը»: Վերջապես, 1968 թվականին մեծ աղմուկով թողարկվում են Ուրսուլա Լե Գյուինի «Երկրածովի Կախարդն» ու Պիտեր Ս. Բիգլի «Վերջին Միաեղջյուրը»՝ բացարձակապես պաշտանմունքային մակարդակի գրքեր: Ալիքի պես վրա տվեցին յոթանասունականները՝ հայտնվում են ու վաճառքի բոլոր ռեկորդներն են խփում Սթիվեն Քինգի գրքերը: Իհարկե, նրանց մեջ ավելի շատ սարսափ է, քան ֆենտեզի, բայց դա գրեթե առաջին դեպքն է, երբ «գետտոյից» դուրս եկած գրողը բեսթսելլերների բոլոր հնարավոր ցուցակներից դուրս է մղում «մեյնսթրիմցիներին»: Շուտով նրան հետևեց Սթիվեն Ռ. Դոնալդսոնի «Թոմաս Նվիրյալ Անհավատի Քրոնիկները», Ռ. Ժելյազնու «Ամբերը», Պիրս Էնտոնիի «Քսանթը», Քեթրին Կուրտցի «Դերինին», Տանիթ Լիի «Ծննդյան Գերեզմանը», Մերիոն Զիմմեր Բրեդլիի «Ավալոնի Մշուշները», Դևիդ Էդդինգսի «Բելգարիադը»: Եվ այդպես շարունակ... Կապակցումը չի թուլանում:

Monday, January 31, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզի. մեծ պայթյուն
Հովարդի մահվանից մի փոքր անց՝ 1937 թվականին, հայտնիությամբ աչքի չընկնող քառասունհինգամյա պարոն Տոլկիենն Անգլիայում «Հոբբիթ» վերնագրով մանկական գրքույկ է հրատարակում:Տոլկիենական Միջերկրի գաղափարը ծնվել է մեր հարյուրամյակի քսանական թվականներին, բայց միայն 1954 թվականին է, որ «Allen & Unwin» հրատարակությունը թողարկում է «Մատանիների Տիրակալը»: Ստեղծագործությունը, աշխարհը ցնցած այդ եռագրությունը ստեղծելու համար հեղինակին պահանջվեց տասներկու տարի: Ք. Ս. Լյուիսն իր «Նարնիայով» նրանից առաջ ընկավ. վերջինս լույս տեսավ 1950 թվականին: Բայց աշխարհը ծնկի իջեցրեց հենց Տոլկիենը: Ինչևէ, քանի որ, ինչպես հայտնի է, չկա մարգարե սեփական հայրենիքում, փառքը գտավ նրան միայն 1965-1966 թվականներին՝ այն բանից հետո, ինչ այդ գրքերը փափուկ կազմով թողարկվեցին ԱՄՆ-ում: Եռագրության հրատարակումն ըստ ժամանակի համընկնում է «Կոնանների» Սպրեգ Դե Կեմպի կողմից շռայլորեն լրացված ամբողջ շարքի վերահրատարակության հետ: Ուշադրություն դարձրեք. երկու հեղինակ ու երկու ստեղծագործություն՝ այնքան տարբեր, որքան տարբեր են նրանց հեղինակները: Երիտասարդ նևրոտիկ ու հասուն, հարգարժան պրոֆեսսոր: Կիմմերիացի Կոնանն ու Հոբբիտանիացի Ֆրոդոն: Երկու այդքան տարբեր երկրներ: Ու ընդհանուր հաջողություն: Ու ստեղծված ժանր: Սկսած կուլտ ու խելագարություն: Երբ ետ նայեցին, իհարկե, տեսան Լյուիս Քերոլի «Ալիսան...», նույնիսկ 1900 թվականին Ֆրենկ Բաումի գրած «Օզ Երկրի Կախարդին»: Բայց եթե այդ մակարդակի լայնացնենք չափանիշներն, ապա ու՞ր է «Պիտեր Պենի» ու «Վիննի Թուխի» տեղը: Չէ՞ որ դա էլ է ֆանտազիա, ֆենտեզի: Դրա համար էլ թափով ծեփեցին տերմին՝ հասուն ֆանտաստիկա, ֆանտաստիկա մեծահասակների համար: Ով գիտի՝ որ փակեն Վիննի Թուխի ճանապարհը ֆանտաստիկ բեսթսելլերների ցուցակ:

Sunday, January 30, 2011

Անդժեյ Սապկովսկի, «Вареник. Нет золота в серых горах!»

Հոդվածի ներկայումս տեղադրված բոլոր մասերը կարդալու համար սեղմեք այստեղ:
Ֆենտեզիի հետ կապված հետաքրքրության վերակենդանանալուն զուգահեռ որոշեցի ես էլ վերանայել ու ավարտել այդ ժանրի հետ կապված հոդվածներս, մշակումներս ու թարգմանություններս:
Քանի որ Դավիթն (Rounin) ու Նոր Հայաստանի մի շարք անդամներ ներկայումս աշխատում են հայկական մոտիվներով ֆենտեզիի վրա, իմ պարտքն եմ համարում քննադատության առողջ նշույլ մտցնել գործի մեջ ու ծանոթացնել նրանց Վարենիկ/Վարենիկիադա տերմինների հետ:
Անդժեյ Սապկովսկուն, կարծում եմ, ներկայացնելու կարիք այնքան էլ չկա: Հեղինակը «երրորդ աշխարհի երկրից» դուրս եկած ամենահայտնի ոչ անգլալեզու ֆենտեզի հեղինակներից է: Լեհաստանում սեփական երկրի ֆենտեզիի առաջացումը տեսած ու անմիջականորեն դրան մասնակցած մարդու կարծիքը, կարծում եմ, իմաստ ունի լսել: Այն կարող է օգնել զուգահեռներ տանել ու խուսափել ավելորդություններից ու սխալներից, որոնք նման դեպքերում հատուկ են սկսնակներին: Ինչևէ, կտրականապես հրաժարվում եմ սույն օպուսը տեղադրել միայն հայերեն թարգմությամբ՝ հենց թեկուզ «սլավոնիզմն» ու «վարենիկիզմը» պահպանելու համար: Նյութը տեղադրվում է հետևյալ աղբյուրից: Գնացինք: