Showing posts with label խորհուրդներ. Show all posts
Showing posts with label խորհուրդներ. Show all posts

Friday, July 26, 2013

Լուսանկարների թվային մշակում

Ընդհանուր առմամբ, թվային մշակումը մի բան է, որին որոշ լուսանկարիչներ, նամանավանդ Հայաստանում, մի քիչ վատ են նայում: Խնդիրն այն է, որ թվային մշակման միջոցով կարելի է, տեսախցիկի կարգավորումներին բավականին քիչ տիրապետելով, ստանալ բավականին բարձր արդյունք, ինչպես նաև շրջանցել տեսախցիկի որոշ տեխնիկական սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ մեծ է գայթակղությունն անցնել բոլոր չափերն ու լրիվ անճաշակ բան ստանալ:

Ցանկացած դեպքում, դիտարկենք թվային մշակման դրական կիրառումը: Ահա մի լուսանկար, որ ես արել էի երկու տարի առաջ իմ Canon PowerShot A410-ով.
 

Տեսախցիկի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին ավելի լավ պատկեր ստանալ, ցավոք: Ակնհայտ թերություններից են՝ լուսանկարը չափազանց մուգ է, ինչից տուժում է տարածականությունը, ու կա անհամաչափ կապույտ color cast:

Փրկելու տարբերակ մեկ՝ լուսանկարը դարձնել մոնոխրոմատիկ.





Nik Color Efex Pro 4 փլագինը իր գործը բավականին լավ է արել (B/W Conversion ու Detail Extractor ֆիլտրերով + շատ քիչ Film Grain, բայց դա արդեն առանձին պատմություն է): Ինչևէ, ես ուզում էի պահպանել նկարի գույներն ու ազատվել color cast-ից: Photoshop-ով մոտ կես ժամ մշակելուց հետո ստացվեց այ այսպիսի արդյունք.




Իհարկե, կատարյալ չի, բայց երևի լավագույն արդյունքն է, որ կարելի է ստանալ նման լուսանկարից: Կարճ ասած՝ սպասեք նոր ուսուցողական նյութեր այստեղ:

Wednesday, May 15, 2013

Twitter-ի հայերեն տեղեկատու

Վաղուց էի որոշել նման մի բան անել, միշտ հետաձգում էի: Վերջապես սկսեցի:

Նյութը լինելու է մնեմոնիկ, հնարավորինս պարզ, առանց ավելորդությունների, նախատեսված սովորական հայ ինտերնետցուն արագ Twitter համակագրի հետ ծանոթացնելու համար:

Հետո երևի կտեղադրեմ ՀայIT.org-ում ու իմ սեփական տեխնիկական Բեքլոգում:

Եթե ունեք նկատողություններ, ցանկություններ, առաջարկներ, շնորհակալ կլինեմ, եթե դրանք անեք հիմա, ոչ թե վերջացնելուց հետո:)))

Sunday, June 24, 2012

Սերիալների օր. Californication

Գրող, ստեղծագործական ճգնաժամ, բարդ հարաբերություններ ընկերուհու ու դստեր հետ: Ու այս ամենը մարմնավորող հերոսի դերը խաղում է Դևիդ Դուխովնին (X-Files սերիալում գործակալ Մալդերի դերակատարը):

Californication-ը dramedy (դրամա+կոմեդիա) ժանրի սերիալ է: Հերոսի միջին տարիք ճգնաժամն ու անկանոն սեքսից, թմրադեղերից ու ալկոհոլից հրաժարվելու անկարողությունը կոնֆլիկտի մեջ են մտնում հայր լինելու պատասխանատվության հետ ու վտանգի տակ դնում սիրելի կնոջ հետ հարաբերությունները: Գրող, որը գրելու փոխարեն հարբում է, սխալներ, որոնց համար պետք է վճարել, երեխա, որն աստիճանաբար ավելի է նմանվում իր հորը, կրկնում նրա սխալները:

Ցանկացած դեպքում, խորհուրդ եմ տալիս դիտել:


Ու մեկ էլ, չեմ կարող չտեղադրել երկրպագուների կողմից պատրաստված տեսահոլովակը, որի երաժշտությունը The Frames խմբի «Finally» երգն է.

Սերիալների օր. How I Met Your Mother

«Դե, ընթերցողներ, հիմա ես կպատմեմ, թե ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին»՝ միտք կար HIMYM-ի մասին գրառումը սկսել այս նախադասությամբ, ինչպես սկսում է սերիալի ամեն էպիզոդը, բայց Հայաստանում, կարծում եմ, այդ կատակը չեն գնահատի: Իհարկե, ես դա հենց նոր արեցի, կարծում եմ՝ առանց ինչ-որ մեկին վիրավորելու:

Տեոդոր Մոսբին՝ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկն ու գրեթե բոլոր էպիզոդների նարատորը, կանչել է իր երկու երեխաներին իր աշխատասենյակ ու պատմում է, թե ինչպես է հանդիպել նրանց մայրիկին: Բավականին մանրամասն: Քնարական շեղումներով: Արդեն 7 եթերաշրջան շարունակ:

How I Met Your Mother-ը սիտկոմ է (situational comedy՝ իրավիճակային կատակերգություն): Ու, ինչպես հաճախ լինում են սիտկոմները, կենցաղային սովորական ու ոչ այնքան սովորական իրավիճակների վրա է հիմնված (ու «ոչ սովորական» ասելով ես ի նկատի ունեմ ոչ միայն թռչող առնետ-խավարասերին այնքան էլ չնվիրված էպիզոդը): HIMYM-ը պարունակում է անկեղծ ու կոնկրետ իմ սրտին կպնող կատակերգության ու դրամայի դոզա ու լիքը մոդելներ, որոնք արդեն օգտագործում ենք մեր կենցաղի իրավիճակները ներկայացնելու համար («...but she's not Robin»՝ «Բայց նա Ռոբինը չի» արտահայտությունը դրա օրինակ է):

Սերիալների օր. Pioneer One

Այսօր հայտարարում եմ սերիալների օր:) ոչ, «Երջանիկ Դժբախտություն», «Ցածր Աշխատավարձ» և այլ նմանատիպ «հրաշքների» մասին չի խոսքը: Սերիալներ, որոնք ես ինքս նայում եմ ու կարող եմ ձեզ էլ խորհուրդ տալ:

Pioneer One-ի մասին ես առաջ էլ եմ գրել: Այս սերիալը ֆենոմենալ երևույթ է. տարածվում է անվճար (տորրենտներով), ֆինանսավորվում է նվիրատվությունների միջոցով (եթե մարդիկ ցանկանում են հաջորդ էպիզոդը տեսնել, պետք է իրենք կտոր-կտոր ֆինանսավորեն այն): Փաստորեն, Pioneer One-ը կարող է դառնալ ինդի-կինոյի նոր մոդելի առաջին խոշոր ներկայացուցիչներից:

Սերիալը գիտաֆանտաստիկ է. անհայտ տիեզերանավ է ընկնում Մոնտանա նահանգի կենտրոնում՝ ռադիացիա տարածելով տարածքով մեկ: Միաժամանակ տիեզերանավի մի մասը հայտնաբերվում է Կանադայում, ինչպես նաև տիեզերանավի ենթադրյալ ուղևորը՝ սովետական սկաֆանդրով մարդ, ով սուր քաղցկեղ ունի: Մարդու մոտ գրություն կա, որը պնդում է, թե նա Մարսի վրա ապրող տիեզերագնացների երեխան է:

Արդեն պատրաստ են սերիալի 6 էպիզոդներ (նախատեսված 4 եթերաշրջաններից առաջինը), որոնք կարող եք քաշել այստեղից: Նույն էջում էլ կարող եք «տոմսեր» առնելու միջոցով օգնել ֆինանսավորել սերիալը, տեսնել, թե ինչպես է օգտագործվում ձեր նվիրաբերած գումարը և այլն:

Sunday, June 17, 2012

Adobe Flash Player 11.3 r300 + Mozilla Firefox 13 + YouTube, պրոբլեմ ու լուծում

Երեկ ես թարմացրեցի Adobe Flash Player-ս մինչև 11.3 r300 տարբերակ, ու հանկարծ YouTube-ի տեսահոլովակների մի մասը սկսեց չաշխատել: Պլեերը ցուցադրում էր "An error occurred.  Please try again later" տեքստն ու ոչ մի վիդեո:

Խնդիրը, պարզվեց, Flash Player-ի նոր protected mode-ի ու RealPlayer Browser Record plug-in-ի կոնֆլիկտն էր, չնայած փլագինն ինձ մոտ վաղուց անջատված էր:

Եթե դուք էլ ունեք նույն խնդիրն, ապա լուծում եք այն այսպես. բացում եք Real Player ծրագիրը,
  1. սեղմում վերևի ձախ անկյունի «Real Player» մենյուն,
  2. մտնում «Preferences»,
  3. բացված պատուհանում գնում Download and recording կետը,
  4. հանում «Enable web download and recording...» կետն
ու Ok տալիս: Պատրաստ է: Իհարկե, լավագույն լուծումը չի՝ անձամբ ինձ դուր էր գալիս Real Player-ով վիդեոներ քաշելու հնարավորությունը, բայց դե երևի հաջորդ թարմացումներում սա ինչ-որ կերպ շտկվի:

Monday, May 21, 2012

Փորձ. Google+ Share կոճակ՝ սեփական ձեռքերով

Սովորաբար նման բզբզել/փորել/մշակել ես անում եմ սեփական կայքերի/բլոգների համար, ու հազվադեպ եմ գրի առնում, թե ինչ եմ արել ու ինչի համար (բացի տեղում կոդի մեջ արված մեկնաբանություններից): Այս անգամ որոշեցի նորմալ փաստագրել ու գրանցել արդյունքն անմիջապես բզբզել/փորել/մշակել պրոցեսի ընթացքում, նշել նաև արված սխալներն ու հնարավոր թե՛ դրական, թե՛ բացասական արդյունքը:

Քչերին է հայտնի, որ Google+-ն ունի նաև Share կոճակ, չնայած այն հաճախ փոխարինում է իր +1 կոճակի նմանատիպ ֆունկցիոնալությամբ (նույնն անում է Facebook-ը՝ Like կոճակին անցնելով): Բայց այս գրառման մեջ փորձենք ինքնուրույն Share կոճակ պատրաստել Google+-ում ինֆորմացիայով կիսվելու համար, որը կկարողանանք օգտագործել մեր սեփական կայքերում:

Իրականում վերջնական նպատակներիցս մեկը Diaspora*-ի համար Share կոճակ ստեղծելն է:

Ինչպես կտեսնեք, իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան թվում է առաջին հայացքից: Գնացինք:

Wednesday, May 16, 2012

Եղիր հերոսիդ հոգեբանը I. Ծավալ` հերոսի տրավմատիկ ապրումների համար

Կատարյալ, սյուժեին համապատասխանեցված ապրումներով հերոսներն առնվազն ձանձրալի են ու ոչ համոզիչ: Հերոսները պետք է ենթարկվեն իրենց էությանն ու հանգամանքներին, ինչի հիման վրա պետք է հիմնվի սյուժեն, և ոչ թե հակառակը՝ սյուժեն կառուցի հերոսների էություններն ու հանգամանքները:

Իհարկե, հերոսը շատ ավելի անկեղծ, ամբողջական ու համոզիչ է ստացվում, երբ նրա ապրումները վերապրվել կամ դիտարկվել են հեղինակի կողմից, բայց մի կողմից միայն սեփական/դիտարկված ապրումների հիման վրա հերոսներ ստեղծելը խիստ սահմանափակում է գրողի ներկապանակը, հեղինակի համար բավականին դժվար կլինի լինել իր բոլոր աշխատանքների բոլոր հերոսները միաժամանակ, իսկ ծանոթների ապրումները նկարագրելը ոչ միշտ է էթիկ կողմից արդարացված: Մյուս կողմից՝ թե՛ սեփական ապրումը, թե՛ դիտարկումը հաճախ չափազանց սուբյեկտիվ են երրորդ դեմքից իրավիճակը լիարժեք ներակայացնելու համար:

Դրա համար էլ առավել հարմար է իրավիճակը բերել մոդելի/մոդելների համախմբի ու լրացնել սեփական ապրումներով/դիտարկումներով: Նման եղանակն օգնում է հնարավորինս լիարժեք հասկանալ իրավիճակը:

Monday, January 16, 2012

Կոմիքսներ

Հին հոդվածներս էի բզբզում ֆորումներում, զարմացա, որ մի քանի բան մտքովս չի անցել նախ և առաջ բլոգում տեղադրել: Հիմա կլրացնեմ այդ բացը:
Շատերը կոմիքսները համարում են «թեթև» ու «անլուրջ» երևույթ: Այդ մարդկանց խորհուրդ կտամ սնոբ չլինել ու մի փոքր կարդալ:

Իհարկե, ես համաձայն եմ, որ Սուպերմենը լրիվ սանտաբարբարա է (չնայած լավ թողարկումներին): Բայց կոմիքսները չեն սահմանափակվում Սուպերմենով:

Շատ ժամանակակից գրքեր թողարկվում են նաև «գրաֆիկական վեպի» կոմիքսային ֆորմատով: Ոմանք կարող են ասել, թե դա գրականության ու ընթերցողի երևակայության համար վատ է բլա-բլա-բլա, բայց մյուս կողմից՝ նույնն ասում էին կինոյի մասին:

Փաստ՝ գրաֆիկական վեպը ոչ մի դեպքում չի փորձում դասական գրականությունը դուրս մղել շուկայից: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ նկարիչն էլ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում ունի, գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ:

Երբ խառը պատմությունների հետևանքով Warner Brothers-ը (որոշ մարդիկ պնդում են, որ ընկերության անունը 666 անգամ թարս կարդալով կարելի է կանչել Մեծն Կտուլհուին) դադարեցրեց Դարրեն Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի ֆինանսավորումը, Արոնոֆսկին նկարիչ Կենտ Ուիլիամսի հետ նախնական սցենարով գրաֆիկական վեպ սկսեց նկարել: Արանքում նա վերափոխեց սցենարն ու ֆիլմը նկարահանեց շատ ավելի փոքր բյուջեով, այնպես որ գրաֆիկական վեպն ու ֆիլմը դուրս եկան գրեթե միաժամանակ: Դիմավորեք՝ «The Fountain, a Graphical Novel»:

Այո, երբ կոմիքսի վրա վատ հեղինակ է աշխատում, այն ստացվում է խիստ մակերեսային ու գրեթե միշտ մարտական տեսարանների վրա հիմնված: Դա առավել տարածված է մանգայում (ճապոնական կոմիքսներ): Օրինակ՝ «Fairy Tail»: Նարուտոյի մասին էլ չխոսեմ քանի դեռ երկրպագուները մազերս չեն պռճոկել: Բայց հենց նույն մանգայի մեջ՝ հիանալի աշխատանքներ.

Կոմիքսների ոլորտում են աշխատում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալան Մուրը («V for Vendetta», «Watchmen», «Promethea»), Ֆրենկ Միլլերը («Batman: Year One», «Sin City», «Ronin»), Նիլ Գեյմանը («Sandman», «Books of Magic», «Harlequin Valentine»), Մայքլ Մուրկոկը («Elric: The Making of a Sorcerer», «Swords of Heaven, Flowers of Hell», «Michael Moorcock's Multiverse»), նույնիսկ Սթիվեն Քինգի հայտնի «The Dark Tower» շարքի նախաբանը ՝ «Gunslinger Born», «The Long Road Home», «Treachery», «The Fall of Gilead», «Battle of Jericho Hill» կոմիքսների տեսքով:

Այնպես որ՝ կոմիքսները շատ բան ունեն հակադրելու ժանրի քննադատներին: Իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ միևնույն է՝ գրականությունն իր խորությամբ գերազանցում է կոմիքսներին, թող հիշի «Twilight»-ը: Թող հիշի ու սարսափի:

Saturday, January 14, 2012

Մայքլ Մուրկոկ. «Կարդա՛»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Իմ առաջին կանոնը ես սովորել եմ «Թուրը Քարի Մեջ» ու այլ Արթուրյան ֆենտեզի-պատմությունների հեղինակ Թի Էյչ Ուայտից, և այն էր. «կարդա՛»: Կարդա ամեն բան, ինչ ձեռքդ կընկնի: Ես ֆենտեզի, գիտական ֆանտաստիկա կամ ռոմանտիկ գրականություն գրել ցանկացողներին միշտ խորհուրդ եմ տալիս դադարել կարդալ որևէ բան այդ ժանրերում ու սկսել կարդալ մնացած ամեն ինչ՝ Բանյանից մինչև Բյատ:
  • Գտիր գրողին, որով կհիանաս (իմ դեպքում դա Կոնրադն էր) ու ընդօրինակիր նրա սյուժեներն ու հերոսներին սեփական պատմությունը պատմելու համար, ինչպես մարդիկ սովորում են նկարել՝ ընդօրինակելով վարպետներին:
  • Ներկայացրու գլխավոր հերոսներիդ ու թեմաները վեպի առաջին մեկ երրորդում:
  • Եթե սյուժեի վրա կենտրոնացված ժանրի վեպ ես գրում, հետևիր, որ գլխավոր թեմաներն ու սյուժեի տարրերն առաջին մեկ երրորդում են ներկայացվում, որը կարող ես անվանել «ներածություն»:
  • Զարգացրու թեմաներն ու հերոսներին երկրորդ մեկ-երրորդում, որը կանվանես «զարգացում»:
  • Լուծիր թեմաները, հանելուկներն ու նման բաները վերջին մեկ-երրորդում, որը կանվանես «լուծում»:
  • Լավ մելոդրամայի համար ուսումնասիրիր «Լեստեր Դենտի Սյուժեի Ուրվապատկերի Բանաձևը» (բլոգում այն ներկայացված է հայերենով ծ.թ.), որը կարող ես գտնել ինտերնետում: Այն գրվել է, որ ցույց տա, թե ինչպես կարճ պատմվածք գրել pulp-ամսագրերի համար, բայց կարող է հարմարեցվել ցանկացած երկարության կամ ժանրի գրեթե բոլոր պատմություններին:
  • Եթե հնարավոր է, թող ինչ-որ բան կատարվի, քանի դեռ հերոսները բացատրություններ են տալիս կամ փիլիսոփայում են: Դա օգնում է պահպանել դրամատիկ լարվածությունը:
  • Գազար ու ճիպոտ. այնպես արա, որ հերոսներիդ հետապնդեն (սևեռուն գաղափարը կամ սրիկան), կամ որ հերոսներդ հետապնդեն (գաղափար, օբյեկտ, անձ կամ հանելուկ):
  • Անտեսիր բոլոր նախընտրելի կանոններն ու սեփական կանոններ ստեղծիր, որոնք հարմար կլինեն այն բանի համար, ինչ դու ցանկանում ես ասել:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Հիլարի Մենթլ. «Չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Լու՞րջ ես տրամադրված: Ուրեմն հաշվապահ վարձիր:
  • Կարդա Դորոթի Բրեյնդի «Ինչպես Դառնալ Գրող» գիրքը: Հետո արա այն ամենն, ինչ ասվում է այնտեղ՝ ներառյալ հանձնարարությունները, որոնք քեզ անհնարին կթվան: Առանձնապես զզվելի կլինի առավոտյան արթնանալուն պես գրելու խորհուրդը, բայց եթե ստացվի, միգուցե դա լավագույն բանը լինի, որ կարող էիր ինքդ քեզ համար անել: Այս գիրքը ներսով-դրսով գրող դառնալու մասին է: Խորհուրդների շատ հետագա ձեռնարկներ նրանից են փոխառում: Ուրիշ գրքերի կարիք չունես, թեև եթե ուզում ես ինքնավստահությունդ ամրապնդել, «ինչպես անել» գրքերը հազվադեպ են ինչ-որ մեկին վնասում: Կարող ես մի ամբողջ գիրք գազ տալ, ունենալով շատ փոքր գրական փորձ:
  • Գրիր գիրք, որն ինքդ հաճույքով կկարդայիր: Եթե չէիր կարդա, ուրիշն ինչու՞ պետք է կարդա: Մի գրիր ընկալված ընթերցարանի կամ շուկայի համար. այն կարող է արդեն անհետացած լինել, երբ ավարտես գիրքդ:
  • Եթե լավ պատմության գաղափար ունես, մի համարիր, թե այն պարտավոր է արձակ շարադրանքի տեսք ունենալ: Այն կարող է ավելի լավ արտահայտվել որպես պիես, սցենար կամ բանաստեղծություն: Ճկուն եղիր:
  • Հաշվի առ, որ ընթերցողը կարող է բաց թողնել այն ամենն, ինչ «Գլուխ Առաջին»-ից առաջ է: Կենսական նշանակության տեղեկություն մի պահիր այնտեղ:
  • Առաջին պարագրաֆները հաճախ կարելի է ջնջել: Հա՞կա ես պարում, թե՞ պարզապես ոտքերդ ես շարժում:
  • Շարադրանքդ կենտրոնացրու փոփոխության կետի շուրջ: Սա հատկապես կարևոր է պատմական գրականության համար: Երբ տեղը նոր է հերոսիդ համար, կամ շրջապատը փոխվում է, այդտեղ է, որ պետք է հետ քաշվել ու լրացնել աշխարհի տարրերը: Մարդիկ չեն նկատում իրենց ամենօրյա շրջապատն ու օրակարգը, ու երբ գրողն այն նկարագրում է, դա կարող է ընթերցողին խրատելու ճիգերի նման հնչել:
  • Նկարագրությունն իր տեղն ունի, որտեղ պետք է գործի: Այն չի կարող պարզապես դեկորատիվ նշանակություն ունենալ: Նկարագրությունը սովորաբար առավել էֆեկտիվ է, եթե մարդկային տարր է պարունակում իր մեջ. այն ավելի էֆեկտիվ է, եթե որոշակի տեսանկյունից է, ոչ թե աստծո աչքերով: Եթե նկարագրությունը գունազարդված է հերոսի տեսանկյունով, որը դա նկատել է, այն արդյունքում դառնում է վերջինիս որոշող գործոններից մեկն ու գործողության մասը:
  • Եթե լռվել ես, վեր կաց գրասեղանիդ մոտից: Զբոսնիր, լոգանք ընդունիր, քնիր, թխվածք թխիր, նկարիր, երաժշտություն լսիր, մեդիտացիա կամ մարզանք արա. ինչ էլ անես՝ պետք չի ֆիքսվել նույն տեղում՝ ունքերը խնդրի վրա կիտելով: Բայց մի զանգիր ոչ մեկին, երեկույթի գնալ էլ պետք չի, այլապես ուրիշ մարդկանց խոսքերը կլցվեն այնտեղ, որտեղ քո խոսքերը պետք է լինեին: Ճեղք բացիր նրանց համար, տեղ տուր: Համբերատար եղիր:
  • Պատրաստ եղիր ամեն ինչի: Ամեն նոր պատմություն տարբեր պահանջներ ունի և կարող է այս կամ բոլոր մնացած կանոնները խախտելու պատճառներ առաջացնել: Բացի համար մեկից. չես կարող հոգիդ նվիրել գրականությանը, եթե մտածում ես եկամտահարկի մասին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Friday, January 13, 2012

Էյ Էլ Քեննեդի. «Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Համեստ եղիր: Տարիքով/ավելի փորձված/ավելի համոզիչ գրողները կարող են կանոններ ու խորհրդի ընտրանի առաջարկել: Հաշվի առ այն ամենն, ինչ նրանք կասեն: Ինչևէ, պետք չի միանգամից ուղեղը դրանով լիցքավորել՝ նրանք կարող են դառնացած, ծուռմիտ, սպառված, մանիպուլյատիվ լինել, կամ էլ պարզապես քեզ ոչ այնքան նման:
  • Ավելի համեստ եղիր: Հիշիր, որ չգիտես քո ունակությունների սահմանները: Հաջողակ, թե ոչ՝ քանի դեռ դու շարունակում ես ինքդ քո սահմաններն անցնել, կհարստացնես սեփական կյանքդ, ու միգուցե մի քանի անծանոթների ուրախացնես:
  • Պաշտպանիր ուրիշներին: Իհարկե, կարող ես պատմություններ ու հատկանիշներ գողանալ ընտանիքից ու ընկերներից, թղթե քարտեր լրացնել սիրով զբաղվելուց հետո և այլն: Ավելի լավ կլիներ հարգել նրանց, ում սիրում ես (ու սերն ինքը), գրելով այնպես, որ բոլորի գաղտնիքներն ու արժանապատվությունն անվնաս մնա:
  • Պաշտպանիր աշխատանքդ: Կազմակերպությունները, հաստատություններն ու անհատները հաճախ կկարծեն, թե ավելի լավ գիտեն աշխատանքդ, նամանավանդ եթե նրանք քեզ վճարում են: Երբ դու անկեղծորեն կարծում ես, որ նրանց որոշումները կվնասեին քո աշխատանքին, գնա: Փախիր: Փողն այդքան նշանակություն չունի:
  • Պաշտպանիր ինքդ քեզ: Պարզիր, թե ինչն է քեզ երջանիկ, տրամադրված ու ստեղծագործող պահում:
  • Գրիր: Ինքդ քեզ պատճառած ոչ մի տառապանք, փոփոխված վիճակների, սև պուլովերների ու հասարակայնորեն անտանելի լինելու ոչ մի քանակ քեզ ավելի գրող չի դարձնի: Գրողները գրում են: Գործի անցիր:
  • Կարդա: Որքան կարող ես: Այնքան խորը, լայն, կլանված ու գրգռված, որքան կարող ես: Ու լավ բաները կստիպեն քեզ հիշել իրենց, ինչի շնորհիվ կարիք չես ունենա նշումներ կատարել:
  • Անվախ եղիր: Դա անհնարին է, բայց թող փոքր վախերը մղեն քեզ արտագրելու ու մի կողմ դիր մեծերը, մինչև իրենց պահել չսովորեն՝ հետո օգտագործիր, կարող ես նույնիսկ գրել նրանց: Չափազանց շատ վախ՝ ու միակ բանը, որ կունենաս, կլինի լռությունը:
  • Հիշիր, որ սիրում ես գրել: Իմաստ չէր ունենա, եթե չսիրեիր: Եթե սերը հանգի, արա անհրաժեշտ ամեն ինչ ու հետ բեր այն:
  • Հիշիր, որ գրելը քեզ չի սիրում: Այն անտարբեր է: Ինչևէ, այն կարող է նկատելիորեն շռայլ պահել իրեն: Լավ խոսիր նրա մասին, քաջալերիր ուրիշներին, փոխանցիր այն մնացածին:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Փի ԴԻ Ջեյմս. «Կարդա շատ ու խտրականորեն»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Մեծացրու բառերիդ ուժը: Բառերը հում նյութ են մեր արհեստում: Որքան ավելի մեծ է բառարանդ, այնքան ավելի ավելի էֆեկտիվ է գրածդ: Մենք, որ գրում ենք անգլերենով, բախտավոր ենք ունենալ ամենահարուստ ու ամենաճկուն լեզուն աշխարհում: Հարգիր այն: (հիմա հայոց լեզվի ուսուցչուհիների մի ամբողջ բանակ վրդովմունքից վեր կթռչի ծ. թ.)
  • Կարդա շատ ու խտրականորեն: Վատ գրելը վարակիչ է:
  • Մի պլանավորիր գրել՝ գրիր: Գրելով, ոչ թե գրելու մասին երազելով է, որ ձևավորում ենք մեր ոճը:
  • Գրիր այն, ինչ կարիք ունես գրել, ոչ թե այն, ինչ հիմա մոդայիկ է, կամ ինչ կարծում ես, որ կվաճառվի:
  • Միտքդ բացիր նոր ապրումների, հատկապես այլ մարդկանց ուսումնասիրության համար: Գրողի հետ տեղի ունեցած ոչինչ՝ որքան էլ երջանիկ, որքան էլ ողբերգական լինի, չի վատնվում:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Դեյվիդ Հեյր. «Գրիր, միայն երբ ասելիք ունես»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:

  • Գրիր, միայն երբ ասելիք ունես:
  • Խորհուրդներ մի ընդունիր մեկից, ով ներդրում չունի արդյունքի մեջ:
  • Ոճը ինքդ քեզ շարադրանքից հանելն է, ոչ թե ինքդ քեզ շարադրանքի մեջ խցկելը:
  • Եթե ոչ մեկը չի ուզում պիեսդ բեմադրել, ինքդ բեմադրիր:
  • Կատակները նույնն են, ինչ ձեռքերն ու ոտքերը նկարչի համար: Միգուցե դրանք քո վերջնական նպատակը չեն, բայց ընթացքում ստիպված ես իրենց էլ տիրապետել:
  • Թատրոնն առաջին հերթին պատկանում է երիտասարդներին:
  • Դեռ ոչ ոք որպես սցենարիստ հետևողականության չի հասել:
  • Երբեք մի գնա հեռուստատեսային դեմքերի փառատոնի, որը գրական փառատոն է ձևանում:
  • Մի բողոքիր, թե քեզ չեն հասկանում: Կարող ես ինքդ այնպես անել, որ քեզ հասկանան, կամ էլ որ չհասկանան:
  • Անգլերենի երկու ամենաճնշող բառերն են՝ «գեղարվեստական գրականություն»:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Նիլ Գեյման. «Երբ սկսում են քեզ ասել, թե ինչն է իրենց կարծիքով սխալ, ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Գրիր:
  • Մի բառի հետևից մյուսը դիր: Գտիր ճիշտ բառը, գրի առ:
  • Ավարտիր այն, ինչ գրում ես: Ինչ գնով էլ լինի ավարտելն, արա դա:
  • Կողք դիր: Կարդա՝ ձևացնելով, թե կյանքումդ երբեք չես կարդացել: Ցույց տուր ընկերներիդ, ում կարծիքը հարգում ես, և ում նման բանը դուր կգար:
  • Հիշիր. երբ մարդիկ քեզ ասում են, որ ինչ-որ բան այն չի ու իրենց չի համոզում, ապա գրեթե միշտ ճիշտ են: Երբ սկսում են ասել, թե ինչն է սխալ իրենց կարծիքով ու ինչպես դա ուղղել, ապա գրեթե միշտ սխալ են:
  • Ուղղիր դա: Հիշիր, որ վաղ թե ուշ, նախքան աշխատանքդ կհասնի կատարելության, դու ստիպված կլինես այն թողնել ու անցնել հաջորդը գրելուն: Կատարելությունը նման է հորիզոնի ուղղությամբ շարժվելուն՝ նրան հասնելու ակնկալիքով: Շարունակիր շարժվել առաջ:
  • Ծիծաղիր ինքդ քո կատակների վրա:
  • Գրելու հիմնական կանոնն այն է, որ եթե դու բավականաչափ համոզված ու ինքնավստահ ես դա անում, ապա կարող ես անել, ինչ ուզում ես (սա կարող է կյանքի կանոն էլ լինել, ոչ միայն գրելու, բայց գրելու համար որոշակիորեն ճիշտ է): Ուրեմն գրիր պատմությունդ այպես, ինչպես այն պետք է գրվի: Գրիր անկեղծ, պատմիր որքան կարող ես լավ: Համոզված չեմ, թե ուրիշ կանոններ կան: Ոչ այնպիսիք, որ նշանակություն ունենան:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Էսթեր Ֆրոյդ. «Խմբագրությունն ամեն ինչ է»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Դուրս շպրտիր փոխաբերություններն ու նմանեցումները: Առաջին գրքումս ես ինքս ինձ խոստացա, թե ոչ մի հատ չեմ օգտագործի, ու տասնմեկերորդ գլխում մայրամուտի ժամանակ մի հատ պլստացրեցի: Մինչև հիմա կարմրում եմ, երբ կարդում եմ այդ տեղը:
  • Պատմվածքը ռիթմի կարիք է զգում: Այն բարձր կարդա ինքդ քո համար: Եթե մի փոքր կախարդանք չպտտի, ուրեմն ինչ-որ բան պակասում է:
  • Խմբագրությունն ամեն ինչ է: Կտրիր, մինչև էլ կտրելու բան չմնա: Այն, ինչ մնում է, հաճախ կենդանի վեր է ցատկում:
  • Գրելու համար գտիր քո օրվա ամենալավ ժամերը: Թույլ մի տուր, որ ինչ-որ բան միջամտի: Հետո նշանակություն չի ունենա, եթե խոհանոցում խառնաշփոթ լինի:
  • Ոգեշնչման մի սպասիր: Բանալին կարգապահությունն է:
  • Վստահիր ընթերցողիդ: Ամեն ինչ չի, որ պետք է բացատրել: Եթե դու մի բան իսկապես գիտես ու մեջը կյանք ես շնչել, նա էլ դա կիմանա:
  • Երբեք չմոռանաս՝ նույնիսկ քո սեփական կանոնները նախատեսված են խախտելու համար:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Thursday, January 12, 2012

Ջոնաթան Ֆրենզեն. «Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ընթերցողն ընկեր է, ոչ թե թշնամի կամ դիտորդ:
  • Բացի փող աշխատելուց ուրիշ իմաստ չունի գրել գրականություն, որը հեղինակի սեփական արկածը չի վախեցնողի կամ անծանոթի աշխարհում:
  • Երբեք «հետո» բառը մի օգտագործիր որպես կապ՝ դրա համար «և» կա: Փոխարինող «հետո»-ն ծույլ կամ ծանրականջ գրողի չլուծումն է էջի վրայի չափազանց շատ «և»-երի համար:
  • Գրիր երրորդ դեմքով, եթե, իհարկե, իսկապես որոշակի առաջին դեմքից խոսացող ձայն անդիմադրելիորեն չի առաջարկում ինքն իրեն:
  • Երբ ինֆորմացիան դառնում է ազատ ու համընդհանուր հասանելիության, դրա հետ միասին արժեզրկվում է վեպի հատորներով ուսումնասիրությունը:
  • Ամենամաքուր ինքնակենսագրական գրականությունը պահանջում է մաքուր հնարանք: Ոչ ոք ավելի ինքնակենսագրական պատմվածք չի գրել, քան «Կերպարանափոխությունը» (Ֆրանց Կաֆկա, ծ. թ.):
  • Տեղում նստած ավելին ես տեսնում, քան ետևից վազելիս:
  • Կասկածելի է, թե աշխատատեղում ինտերնետ ունեցող մեկը լավ գրականություն կգրի:
  • Հետաքրքիր բայերը հազվադեպ են իսկապես հետաքրքիր լինում:
  • Նախքան անողոք լինելը պետք է սիրես:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Ռիչարդ Ֆորդ. «Ոչ մեկի վեջը չի»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Ամուսնացիր մեկի հետ, ում սիրում ես, ու ով կարծում է, որ գրող լինելը լավ միտք է:
  • Երեխաներ մի ունեցիր:
  • Մի կարդա քո աշխատանքների ռևյուները:
  • Ռևյուներ մի գրիր (քո դատողությունը միշտ աղավաղված է):
  • Մի վիճիր կնոջդ հետ առավոտյան կամ ուշ գիշերը:
  • Մի խմիր ու գրիր միաժամանակ:
  • Նամակներ մի գրիր խմբագրին (ոչ մեկի վեջը չի):
  • Կոլլեգաներիդ վատը մի ցանկացիր:
  • Ուրիշների հաջողությունը քո համար որպես քաջալերող գործոն դիտիր:
  • Թույլ մի տուր, որ քեզ նեղեն, եթե կարող ես:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Էնն Ինռայթ. «Առաջին տասներկու տարիներն ամենավատն են»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Առաջին տասներկու տարիներն ամենավատն են:
  • Գիրք գրելու միակ ձևն իրականում գիրք գրելն է: Գրիչն օգտակար է, տպելն էլ վատ չի: Շարունակիր բառերն էջի վրա դնել:
  • Միայն վատ գրողներն են կարծում, թե իրենց աշխատանքն իսկապես լավն է:
  • Նկարագրությունը բարդ բան է: Հիշիր, որ նկարագրությունը կարծիք է աշխարհի մասին: Կանգնելու տեղ գտիր:
  • Գրիր, ինչպես քեզ դուր է գալիս: Գեղարվեստական գրականությունը բաղկացած է էջի վրա գտնվող բառերից, իրականությունը՝ լրիվ ուրիշ բաներից: Էական չի, թե որքան «իրական» է պատմությունդ, կամ որքան «սարքած». էական է միայն այն, նրա կարիքը լինի:
  • Ձգտիր ճշգրիտ լինել տարբեր բաների վերաբերյալ:
  • Պատկերացրու, որ մահանում ես: Եթե դու անբուժելի հիվանդություն ունենայիր, կավարտեի՞ր այս գիրքը: Ինչու՞ ոչ: Այն, ինչ բարկացնում է տաս-շաբաթ-է-մնացել-ապրելու «ես»-ին, հենց այն է, ինչ սխալ է գրքի մեջ: Փոխիր այն: Հերիք է ինքդ քեզ հետ վիճես: Փոխիր այն: Տեսնու՞մ ես: Հեշտ է: Ու կարիք չկա, որ ինչ-որ մեկը մեռնի:
  • Այդ ամենը կարելի է վիսկիով էլ անել:
  • Զվարճացիր:
  • Հիշիր, եթե նստես գրասեղանիդ մոտ 15 կամ 20 տարի, ամեն օր, չսպասելով շաբաթ-կիրակի օրերին, դա քեզ կփոխի: Պարզապես կփոխի: Կարող է բնավորությունդ չլավացնել, բայց մեկ այլ բան է ուղղում: Դա քեզ ավելի ազատ է դարձնում:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

Ջոֆ Դայեր. «... եղանակ հետաձգելու համար այն օրը, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի»

Վերցված է անգլիական «Guardian»-ի «Գրականություն գրելու տաս կանոններ» հոդվածից: Նախորդ մասն՝ այստեղ:
  • Երբեք մի անհանգստացիր նախագծի կոմերցիոն հնարավորությունների մասին: Այդ բանի մասին թող ագենտներն ու խմբագրերը հոգան (կամ էլ չհոգան): Երկխոսություն իմ ամերիկյան հրատարակչի հետ, ես. «Գիրք եմ գրում, այնքան ձանձրալի է, այնքան սահմանափակ կոմմերցիոն տեսքի, որ եթե այն հրատարակես, կարող ես աշխատանքդ կորցնել»: Հրատարակիչը. «Հենց դա է, որ ինձ մոտ ցանկություն է առաջացնում պահպանել աշխատանքս»:
  • Մի գրիր հասարակական վայրերում: Վաղ 1990-ականներին ես գնացի Փարիզում ապրելու: Սովորական գրական պատճառներով. այդ տարիներին, եթե Անգլիայում քեզ գրելիս բռնեին, կարող էին գլուխդ ջարդել, իսկ Փարիզում, dans les cafés... Այդ ժամանակներից է, որ իմ մոտ հասարակական վայրերում գրելու նկատմամբ հակակրանք է ձևավորվել:
  • Մի եղիր մեկն այն գրողներից, ովքեր իրենք իրենց դատապարտում են Նաբոկովի փեշից կախված կյանքի:
  • Եթե օգտվում ես համակարգչից, անընդհատ թարմացրու ու լրացրու ավտոուղղման կարգավորումները: Միակ պատճառը, թե ինչու եմ ես հավատարիմ մտում իմ քաքի կտոր համակարգչին, այն է, որ ես այդքան հնարամտություն եմ ներդրել գրական պատմության մեծագույն ավտոուղղման ֆայլերից մեկը ստեղծելու մեջ: Մի քանի ստեղների սեղմումից կատարյալ ձևի և ուղղագրության բառեր են ծլում. «Niet»-ը վերածվում է «Nietzsche»-ի, «phoy»-ը դառնում է «photography» և այլն: Հանճա՛ր:
  • Օրագիր պահիր: Իմ գրական կյանքի ամենամեծ ափսոսանքներից մեկն այն է, որ ես երբեք օրագիր չեմ պահել:
  • Ունեցիր ափսոսանքներ: Նրանք վառելիք են: Էջի վրա նրանք բռնկվում են բաղձանքի տեսքով:
  • Ձեռքի վրա միաժամանակ մեկից ավելի մտքեր ունեցիր: Եթե ես ընտրություն ունենամ՝ գիրք գրել, թե ոչ մի բան չանել, ես միշտ կնախընտրեմ երկրորդը: Միայն եթե երկու գրքերի մտքեր ունենամ, ստիպված կլինեմ մեկին մյուսը նախընտրել: Ես միշտ կարիք ունեմ զգալ, որ մի բանից փախչում եմ:
  • Զգուշացիր կլիշեներից: Ոչ միայն այն կլիշեներից, որոնց հետ պատերազմում է Մարտին Էմիսը: Կան ինչպես արտահայտման, այնպես էլ արձագանքի կլիշեներ: Դիտարկման ու մտքի, նույնիսկ կոնցեպցիայի կլիշեներ կան: Շատ վեպեր, նույնիսկ մի քանի ադեկվատ գրվածներ, ձևի կլիշեներ են, որոնք համակերպվում են ակնկալիքի կլիշեների հետ:
  • Արա դա ամեն օր: Սովորություն դարձրու դիտարկումներդ բառերի տեսքով արտահայտել, ու աստիճանաբար դա բնազդ կդառնա: Սա ամենակարևոր կանոնն է, ու ես, բնականաբար, չեմ հետևում նրան:
  • Հեծանիվը երբեք արգելակները սեղմած մի վարիր: Եթե ինչ-որ բան չափից դուրս դժվար է դուրս գալիս, հանձնվիր ու այլ բան արա: Ձգտիր ապրել առանց համառության դիմելու: Բայց գրելը շատ է կապված համառության հետ: Պետք է կպչես դրանից: Իմ 30-ն անց տարիքում ես մարզադահլիճ էի գնում, չնայած ատում էի դա: Մարզադահլիճ գնալու պատճառը գնալ դադարելու օրը հետաձգելն էր: Ահա թե ինչ է ինձ համար գրելը. եղանակ հետաձգելու համար այն օրը, երբ ես էլ դրանով չեմ զբաղվի, երբ այնքան խորը կսուզվեմ դեպրեսսիայի մեջ, որ չեմ կարողանա այն տարբերել կատարյալ երանությունից:
Թարգմանեց Բ. Պողոսյանը