Wednesday, May 16, 2012

Եղիր հերոսիդ հոգեբանը I. Ծավալ` հերոսի տրավմատիկ ապրումների համար

Կատարյալ, սյուժեին համապատասխանեցված ապրումներով հերոսներն առնվազն ձանձրալի են ու ոչ համոզիչ: Հերոսները պետք է ենթարկվեն իրենց էությանն ու հանգամանքներին, ինչի հիման վրա պետք է հիմնվի սյուժեն, և ոչ թե հակառակը՝ սյուժեն կառուցի հերոսների էություններն ու հանգամանքները:

Իհարկե, հերոսը շատ ավելի անկեղծ, ամբողջական ու համոզիչ է ստացվում, երբ նրա ապրումները վերապրվել կամ դիտարկվել են հեղինակի կողմից, բայց մի կողմից միայն սեփական/դիտարկված ապրումների հիման վրա հերոսներ ստեղծելը խիստ սահմանափակում է գրողի ներկապանակը, հեղինակի համար բավականին դժվար կլինի լինել իր բոլոր աշխատանքների բոլոր հերոսները միաժամանակ, իսկ ծանոթների ապրումները նկարագրելը ոչ միշտ է էթիկ կողմից արդարացված: Մյուս կողմից՝ թե՛ սեփական ապրումը, թե՛ դիտարկումը հաճախ չափազանց սուբյեկտիվ են երրորդ դեմքից իրավիճակը լիարժեք ներակայացնելու համար:

Դրա համար էլ առավել հարմար է իրավիճակը բերել մոդելի/մոդելների համախմբի ու լրացնել սեփական ապրումներով/դիտարկումներով: Նման եղանակն օգնում է հնարավորինս լիարժեք հասկանալ իրավիճակը:

Կյուբլեր-Ռոսսի մոդելը
Կյուբլեր-Ռոսսի մոդելը մշակվել է անբուժելի հիվանդների համար, բայց կիրառելի է ցանկացած խոշոր տրավմատիկ ապրումի ընթացքը մոդելավորելու համար: Այն ապրումը բաժանում է հինգ փուլերի.
  • Ժխտում. ամեն ինչ նորմալ է, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունեցել, ինձ հետ նման բան չի կարող տեղի ունենալ: Ժխտումը ժամանակավոր պաշտպանական ռեակցիա է, որի մեջ մարդիկ որոշ դեպքերում կարող են երկար ժամանակ փակվել:
  • Զայրույթ.անարդար է, ինչու՞ հենց ինձ հետ պետք է նման բան պատահեր, ո՞վ է մեղավոր: Զայրույթը ժխտմանը հաջորդող փուլն է: Նրա ընթացքում մարդու մոտ առաջանում է զայրույթ իրավիճակի, պատճառի, շրջապատող մարդկանց նկատմամբ (որոնց նկատմամբ առաջանում է մեղադրանք), նախանձ: Այս շրջանում հերոսը կարող է վիրավորել իր մերձավորներին, կորցնել մոտիկ մարդկանց ու ետ չնայել:
  • Բանակցություն. ես պատրաստ եմ ամեն ինչի, որպեսզի ամեն ինչ ետ բերեմ: Հերոսը փորձում է զոհողությունների գնալ: Ինչպես նախորդ շրջանում, նա կարող է խախտել իր սկզբունքները, պատրաստ է ամեն ինչի գնալ, միայն թե հետաձգի անխուսափելին:
  • Դեպրեսիա. ամեն ինչ կորած է, էլ հանուն ինչի՞ շարունակել: Հերոսն ընկճված է, լուռ է, խուսափում է շփումից: Սա ափսոսանքի, վախի ու անորոշության շրջան է, որի ընթացքում հերոսը սովորում է տարանջատել իր անձը տրավմայի պատճառից:
  • Հաշտություն. եթե ոչինչ չի կարելի փոխել, ապա պետք է հաշտվել դրա հետ: Հերոսը վերջապես ընդունում է իր կորուստն ու սովորում առաջ շարժվել:
Դիսսոցիացիա
Իհարկե, ամեն ինչ ոչ միշտ է այդքան պարզ՝ ամեն ապրում իր էությամբ սուբյեկտիվ է: Տրավման, կախված իր չափսերից, կարող է ամեն փուլում դիսսոկատիվ շեղումների բերել, երբ մարդն իրեն հոգեբանորեն տարանջատում է տրավմայից՝ ընթացքում ինքնեն իր տրավման ընկալող մասից էլ տարանջատելով: Դիսսոցիացիան ինչ-որ չափով անպայման տեղի է ունենում Կյուբլեր-Ռոսսի մոդելի հենց առաջին՝ ժխտման փուլում ու կարող է արտահայտվել՝ կախված դիսսոցիացիայի չափից:

Դիսսոցիացիայի սիմպտոմներն իրար հետ շատ ընդհանրություններ ունեն ու փոխկապակցված են: Նրանք հետևյալն են.
  • Դեպերսոնալիզացիա. անհատականության զգացողության կորուստ, սեփական անձի անիրականության զգացողություն: Ինչը կարևոր էր թվում, դադարում է նշանակություն ունենալ: Ցանկությունները, նույնիսկ օրգանիզմի կարիքները, ցավի զգացողությունը հեռու, անիրական են դառնում:
  • Դեռեալիզացիա. իրականության զգացողության կորուստ: Հերոսին թվում է, թե նա երազում է ապրում: Տեղի ունեցող ամեն ինչ կորցնում է էմոցիոնալ խորությունը: Դեռեալիզացիան հաճախ ուղեկցվում է ժամանակի ընկալման խանգարումներով. այն սկսում է փուլերով շատ արագ կամ շատ դանդաղ ընթանալ, իրադարձությունների հաջորդականությունը խախտվում է հիշողության մեջ:
  • Դիսսոցիատիվ ամնեզիա. տեղի են ունենում հիշողության հատվածների կորուստներ, հաճախ՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար կապված տրավմատիկ ապրումների կամ դրանց վերապրումների հետ: Դա նույնպես իր դերն է ունենում «ժամանակից դուրս ընկնելու» ֆենոմենի մեջ:
Այս ամենը որոշ չափով պայմանավորված է հոգեբանական պաշտպանական մեխանիզմների չափազանց կտրուկ աշխատանքով, ուշադրության ապարատի շեղումներով և այլ գործոններով:

Տրավմատիկ ապրումներ ունեցած ընթերցողները երևի նկատեցին, թե ինչպես են այս մոդելները տեղի ունեցել իրենց մոտ: Որպեսզի հերոսի ցավային ապրումներն ընթերցողին փոխանցվեն, դրանք պետք է լիարժեք լինեն: Իսկ ցավային ապրումները լիարժեք ներկայացնելու համար նախ պետք է դրանք հասկանալ:

No comments:

Post a Comment