Tuesday, May 1, 2012

Նախագահը Մաշտոցի այգում

Այսօր առավոտյան զանգեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն եկել է Մաշտոցի այգի, ասել, որ ապամոնտաժեն: Միամիտ, օպտիմիստ մարդ եմ՝ մտածեցի, որ երևի ապօրինի շինարարությունների գծով որոշումներ կայացնելու հարցում միակ կոմպետենտ մարդը երկրում նախագահն է:

Ուր էր թե: Պարզվեց, որ նախագահն օրենքի մասին պատրաստ է մոռանալ, երբ խնդրի օբյեկտն է դառնում... էսթետիկան: Նախագահը տեղում հայտարարեց, որ շինարարության առումով ամեն ինչ ճիշտ է, քաղաքապետն ամեն ինչ լավ է արել, բայց կրպակներն աչք չեն շոյում, ու լավ չի լինի, եթե երկու-երեք տարի աչք մազոլեն:

Փաստորեն, կառույցի՝ Սերժ Սարգսյանի աչքը չշոյելն ավելի կարևոր էր, քան մեր բոլոր իրավական պահանջները, մեր գրեթե երեք ամիս պայքարն էլ ներկայացվում է այնպես, թե կարող էր ընդհանրապես չլինել. վերջում մեկ է՝ նախագահը քաղաքով անցնելու էր, կրպակներն իր աչքը չէին շոյելու, ու այգին փրկվելու էր:

Այգու պայքարը բնապահպանների քմահաճույքը չէր. կատարվել էր շինարարություն՝ պատշաճ ընթացակարգի, շինարարական ու բնապահպանական նորմերի խախտումով, ու շինարարություն իրականացնողը պատշաճ ժամկետում (ասել է թե՝ երբևէ) իրավական պատասխան չէր տվել իրավական պահանջներին: Արդյունքում՝ շարժում, պայքար, քաղաքացիական ինքնորոշման ու անհնազանդության հիմնախնդիրներ, ոստիկանական բռնություն, ոստիկանների կողմից օրենքի ու նախագահական ինստիտուցիայի (օմբուդսմենի գրասենյակի) բանի տեղ չդնել և այլն:

Մաշտոցի այգու պայքարը մի այգու պայքար չի. այն նախադեպ է, որ մարդիկ հասկանան՝ նրանք կարող են պայքարել իրենց իրավունքների համար, կարող են դեմ գնալ օլիգարխական ու ոստիկանական ահաբեկմանը, կարող են խաղաղ կանգնել, երբ իրենց ծեծում են, կարող են պինդ լինել, կարող են չվախենալ:

Արդյունքում տեղի ունեցածն անձամբ ես մեկնաբանում եմ այսպես. «Ժողովուրդ, ես տեղյակ չէի, Տարոնը մեր ախպերն է, իր ուղղությամբ հաչացող չլինի, ձեր այգին ձեզ լինի, որ ես չլինեի՝ ի՞նչ էիք անելու»:

Ինձ պետք չի կառավարության ողորմությունը: Ես պայքարում էի իմ՝ որպես քաղաքացի իրավունքի համար, հանրության իրավունքի համար, կանաչ տարածքի պահպանման համար: Ոչ թե ողորմության: Կամ ողորմածության: Մենք ֆեոդալական երկրում չենք ապրում, որ արքան կամ իշխանը լսի, գա հրաման տա, ու ժողովուրդն ասի՝ ի՜նչ բարի արքա կամ իշխան ունենք:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Ոչ թե օլիգարխական, ֆեոդալական կամ ամբոխատիրական:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Դրա համար էլ մենք ունենք նախագահ, ոչ թե իշխան կամ արքա: Իսկ նախագահի ինստիտուցիայի գոյության նպատակը ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՆ է, ոչ թե իշխելը:

Այլ կերպ ասած, նման քայլերով մեր ճանապարհը տանում է ուղիղ դեպի բռնապետություն: Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը բռնապետական հակումներ ունի, այլ նրա համար, որ նախագահի ինստիտուցիայի նպատակը, սահմանումն ու ընկալումը խաթարված են այս երկրում: Ու մինչև մենք դա չփոխենք, ով էլ լինի նախագահը, արդյունքը նույնն է լինելու:

Երևի մեր բախտը բերել է, որ Մաշտոցի այգու կրպակները բարձր էսթետիկական արժեք չունեին: Ինձանից անկախ հիշում եմ Դուգլաս Ադամսի «The Hitchhiker's Guide to the Galaxy»-ն՝ մի հատված կա, որտեղ «Guide...»-ի խմբագրությունը դատ է շահում, պնդելով, որ ինչ-որ փիլիսոփա նշել է՝ գեղեցիկն է ճշմարտություն, ու որ գրքի պարունակությունն, ավելի գեղեցիկ լինելով իրականությունից, ճշմարիտ է, ու որ պետք է դատի տալ իրականությանը՝ գրքի պարունակությանը չհամապատասխանելու համար:

Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, ու Մաշտոցի այգու շարժումը կամ նրա առանձին անդամներ կարող են այն չկիսել:

Իսկ թե ինչպես էր ոստիկանությունն իրեն լավագույն ձևով դրսևորում՝ դիտեք ինքներդ: Երևի պետք է կատարելագործվեն, որ ժողովրդին ավելի լավ ծեծեն (դե, մարտի 1-ի նկատմամբ իրոք առաջընթաց կար՝ մարդկային զոհեր չեղան).


Նախագահի ելույթը կարող եք կարդալ այստեղ: Ցավոք, լիցենզիան հնարավորություն չի տալիս աղբյուրից մեջբերումներ կատարել:

No comments:

Post a Comment