Անընդհատ չէի հասցնում տեղադրել:)
Showing posts with label Մաշտոցի այգի. Show all posts
Showing posts with label Մաշտոցի այգի. Show all posts
Monday, July 9, 2012
Sunday, June 3, 2012
Petition Facebook to return Meri Khachatryan's account/Պահանջենք Ֆեյսբուքից վերականգնել Մերի Խաչատրյանի պրոֆիլը
Meri Khachatryan's profile has been unjustly disabled by Facebook authorities most likely because of mass reports organized by enemies of the eco-activist movement in Yerevan, Armenia. Meri Khachatryan is a prominent ecological and human rights activist and has been a part of Trchkan waterfall, Mashtots park, Covered Farmer Market preservation movements, as well as other activist and occupy movements in Yerevan and might have been targeted to cripple her social efforts in Facebook in the culmination of our struggle for a cleaner, greener city.
We need the help of every single one of you to help restore her account asap.
Join our event on Facebook here.
Join our event on Facebook here.
---------------------------------------------
Մերի Խաչատրյանի պրոֆիլն անարդար կերպով հեռացվել է Ֆեյսբուքի ղեկավարության կողմից ամենայն հավանականությամբ Երևան քաղաքի էկոակտիվիստական շարժման հակառակորդների կազմակերպած մասսայական բողոքների հետևանքով: Մերի Խաչատրյանը բնապահպանական և մարդու իրավունքների շարժումների ակնառու ակտիվիստ է ու մասնակցել է Թռչկանի ջրվեժի, Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի պահպանության շարժումներին, ինչպես նաև այլ ակտիվիստական և occupy շարժումների Երևանում և կարող էր թիրախ դառնալ Ֆեյսբուքում նրա հասարակական/կամավորական գործունեությունը ջլատելու նպատակով մաքուր, կանաչ քաղաքի համար պայքարի կուլմինացիոն շրջանում:
Մենք ձեզանից ամեն մեկի աջակցության կարիքն ունենք նրա պրոֆիլը հնարավորինս շուտ վերականգնելու համար:
Միացեք Ֆեյսբուքում այս հղումով:
Միացեք Ֆեյսբուքում այս հղումով:
Wednesday, May 30, 2012
Ոստիկանության նախապատրաստական կուրս
Դե, եթե երբեմն ոստիկանության փոխգնդապետ գրեթե քաջարի ոստիկան Կարեն Մովսիսյանը, որը պատրաստ էր մարտնչել երեք մարդու դեմ միաժամանակ, բայց չհամաձայնեց ինձ հետ ռինգ բարձրանալ, թույլ է տալիս իր ռեժիսորական տաղանդով մեկնաբանել Մաշտոցի պուրակի պայքարը, ես էլ փորձեմ ձեզ ներկայացնել, ըստ սեփական երիկամների զգացածի հիման վրա ստացած պատկերացման, թե ինչպես են նախապատրաստվում Երևանի ոստիկանությանը: Ցավոք, սա իմ աշխատանքը չի՝ ես այնպիսի ռեժիսորական տաղանդ չունեմ, ինչպես Կարեն Մովսիսյանը:
Saturday, May 26, 2012
«Գարուն ա»
Նրանց համար, ովքեր այսօր բաց թողեցին Մաշտոցի այգու պայքարին նվիրված կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությունը ՆՓԱԿ-ի «Մէկ կադր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին:
Tuesday, May 1, 2012
Ոստիկանների ծեծը՝ երկունքի ցավեր :D:D:D
Երկունքի ցավեր, բնական պրոցես: Բրավո, Մելքոնյան: Առանց լրացուցիչ մեկնաբանությունների:
Նախագահը Մաշտոցի այգում
Այսօր առավոտյան զանգեցին, թե նախագահ Սերժ Սարգսյանն եկել է Մաշտոցի այգի, ասել, որ ապամոնտաժեն: Միամիտ, օպտիմիստ մարդ եմ՝ մտածեցի, որ երևի ապօրինի շինարարությունների գծով որոշումներ կայացնելու հարցում միակ կոմպետենտ մարդը երկրում նախագահն է:
Ուր էր թե: Պարզվեց, որ նախագահն օրենքի մասին պատրաստ է մոռանալ, երբ խնդրի օբյեկտն է դառնում... էսթետիկան: Նախագահը տեղում հայտարարեց, որ շինարարության առումով ամեն ինչ ճիշտ է, քաղաքապետն ամեն ինչ լավ է արել, բայց կրպակներն աչք չեն շոյում, ու լավ չի լինի, եթե երկու-երեք տարի աչք մազոլեն:
Փաստորեն, կառույցի՝ Սերժ Սարգսյանի աչքը չշոյելն ավելի կարևոր էր, քան մեր բոլոր իրավական պահանջները, մեր գրեթե երեք ամիս պայքարն էլ ներկայացվում է այնպես, թե կարող էր ընդհանրապես չլինել. վերջում մեկ է՝ նախագահը քաղաքով անցնելու էր, կրպակներն իր աչքը չէին շոյելու, ու այգին փրկվելու էր:
Այգու պայքարը բնապահպանների քմահաճույքը չէր. կատարվել էր շինարարություն՝ պատշաճ ընթացակարգի, շինարարական ու բնապահպանական նորմերի խախտումով, ու շինարարություն իրականացնողը պատշաճ ժամկետում (ասել է թե՝ երբևէ) իրավական պատասխան չէր տվել իրավական պահանջներին: Արդյունքում՝ շարժում, պայքար, քաղաքացիական ինքնորոշման ու անհնազանդության հիմնախնդիրներ, ոստիկանական բռնություն, ոստիկանների կողմից օրենքի ու նախագահական ինստիտուցիայի (օմբուդսմենի գրասենյակի) բանի տեղ չդնել և այլն:
Մաշտոցի այգու պայքարը մի այգու պայքար չի. այն նախադեպ է, որ մարդիկ հասկանան՝ նրանք կարող են պայքարել իրենց իրավունքների համար, կարող են դեմ գնալ օլիգարխական ու ոստիկանական ահաբեկմանը, կարող են խաղաղ կանգնել, երբ իրենց ծեծում են, կարող են պինդ լինել, կարող են չվախենալ:
Արդյունքում տեղի ունեցածն անձամբ ես մեկնաբանում եմ այսպես. «Ժողովուրդ, ես տեղյակ չէի, Տարոնը մեր ախպերն է, իր ուղղությամբ հաչացող չլինի, ձեր այգին ձեզ լինի, որ ես չլինեի՝ ի՞նչ էիք անելու»:
Արդյունքում տեղի ունեցածն անձամբ ես մեկնաբանում եմ այսպես. «Ժողովուրդ, ես տեղյակ չէի, Տարոնը մեր ախպերն է, իր ուղղությամբ հաչացող չլինի, ձեր այգին ձեզ լինի, որ ես չլինեի՝ ի՞նչ էիք անելու»:
Ինձ պետք չի կառավարության ողորմությունը: Ես պայքարում էի իմ՝ որպես քաղաքացի իրավունքի համար, հանրության իրավունքի համար, կանաչ տարածքի պահպանման համար: Ոչ թե ողորմության: Կամ ողորմածության: Մենք ֆեոդալական երկրում չենք ապրում, որ արքան կամ իշխանը լսի, գա հրաման տա, ու ժողովուրդն ասի՝ ի՜նչ բարի արքա կամ իշխան ունենք:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
Ոչ թե օլիգարխական, ֆեոդալական կամ ամբոխատիրական:
ՀՀ Սահմանադրություն, հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Դրա համար էլ մենք ունենք նախագահ, ոչ թե իշխան կամ արքա: Իսկ նախագահի ինստիտուցիայի գոյության նպատակը ժողովրդին ԾԱՌԱՅԵԼՆ է, ոչ թե իշխելը:
Այլ կերպ ասած, նման քայլերով մեր ճանապարհը տանում է ուղիղ դեպի բռնապետություն: Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը բռնապետական հակումներ ունի, այլ նրա համար, որ նախագահի ինստիտուցիայի նպատակը, սահմանումն ու ընկալումը խաթարված են այս երկրում: Ու մինչև մենք դա չփոխենք, ով էլ լինի նախագահը, արդյունքը նույնն է լինելու:
Երևի մեր բախտը բերել է, որ Մաշտոցի այգու կրպակները բարձր էսթետիկական արժեք չունեին: Ինձանից անկախ հիշում եմ Դուգլաս Ադամսի «The Hitchhiker's Guide to the Galaxy»-ն՝ մի հատված կա, որտեղ «Guide...»-ի խմբագրությունը դատ է շահում, պնդելով, որ ինչ-որ փիլիսոփա նշել է՝ գեղեցիկն է ճշմարտություն, ու որ գրքի պարունակությունն, ավելի գեղեցիկ լինելով իրականությունից, ճշմարիտ է, ու որ պետք է դատի տալ իրականությանը՝ գրքի պարունակությանը չհամապատասխանելու համար:
Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, ու Մաշտոցի այգու շարժումը կամ նրա առանձին անդամներ կարող են այն չկիսել:
Իսկ թե ինչպես էր ոստիկանությունն իրեն լավագույն ձևով դրսևորում՝ դիտեք ինքներդ: Երևի պետք է կատարելագործվեն, որ ժողովրդին ավելի լավ ծեծեն (դե, մարտի 1-ի նկատմամբ իրոք առաջընթաց կար՝ մարդկային զոհեր չեղան).
Նախագահի ելույթը կարող եք կարդալ այստեղ: Ցավոք, լիցենզիան հնարավորություն չի տալիս աղբյուրից մեջբերումներ կատարել:
Այլ կերպ ասած, նման քայլերով մեր ճանապարհը տանում է ուղիղ դեպի բռնապետություն: Ոչ թե նրա համար, որ Սերժ Սարգսյանը բռնապետական հակումներ ունի, այլ նրա համար, որ նախագահի ինստիտուցիայի նպատակը, սահմանումն ու ընկալումը խաթարված են այս երկրում: Ու մինչև մենք դա չփոխենք, ով էլ լինի նախագահը, արդյունքը նույնն է լինելու:
Երևի մեր բախտը բերել է, որ Մաշտոցի այգու կրպակները բարձր էսթետիկական արժեք չունեին: Ինձանից անկախ հիշում եմ Դուգլաս Ադամսի «The Hitchhiker's Guide to the Galaxy»-ն՝ մի հատված կա, որտեղ «Guide...»-ի խմբագրությունը դատ է շահում, պնդելով, որ ինչ-որ փիլիսոփա նշել է՝ գեղեցիկն է ճշմարտություն, ու որ գրքի պարունակությունն, ավելի գեղեցիկ լինելով իրականությունից, ճշմարիտ է, ու որ պետք է դատի տալ իրականությանը՝ գրքի պարունակությանը չհամապատասխանելու համար:
Սա, իհարկե, իմ անձնական կարծիքն է, ու Մաշտոցի այգու շարժումը կամ նրա առանձին անդամներ կարող են այն չկիսել:
Իսկ թե ինչպես էր ոստիկանությունն իրեն լավագույն ձևով դրսևորում՝ դիտեք ինքներդ: Երևի պետք է կատարելագործվեն, որ ժողովրդին ավելի լավ ծեծեն (դե, մարտի 1-ի նկատմամբ իրոք առաջընթաց կար՝ մարդկային զոհեր չեղան).
Նախագահի ելույթը կարող եք կարդալ այստեղ: Ցավոք, լիցենզիան հնարավորություն չի տալիս աղբյուրից մեջբերումներ կատարել:
Friday, March 30, 2012
Ոստիկանությունն ահաբեկման մեթոդներ է կիրառում. Երվանդ Կարապետյանին ձերբակալել են
Ժող, մեր ակտիվիստներից Երվանդ Կարապետյանին ոստիկանները բռնել են, գլխին փորձում են սարքել, իբր հոգեկան հիվանդ է: Անձամբ ճանաչելով Երվանդին, կարող եմ երաշխավորել նրա հոգևոր առողջությունը: Խնդրում եմ բոլորին, ովքեր կարդում են սա, միանալ բողոքին ու պահանջել ազատ արձակել Երվանդին ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, քանի որ ոստիկանությունը սկսել է արդեն ահաբեկման մեթոդներ կիրառել ու դրա դեմը պետք է առնել:
Իսկ ոստիկաններին՝ ամո՛թ: Հերթական անգամ:
Մաշտոցի այգում՝ ապամոնտաժում
Ժող, մի քանի պարզաբանում: Ապամոնտաժմամբ զբաղվելու է բրիգադը, ոչ թե ցուցարարներն ու նախաձեռնությունների ակտիվիստները: Վերջիններս գործելու են հույժ խաղաղ ցույցի շրջանակներում ու պաշտպանվելու են խաղաղ ցույցերի մասին օրենքով:
Ձեր ու ցանկացած քաղաքացու մասնակցությունն, ով ուզում է ինչ-որ բան փոխել, պարտադիր է ու անհրաժեշտ, քանի որ մենք հանրության շահերն ենք ներկայացնում, ձեզանից ամեն մեկի: Սա այն օրն է, երբ պետք է բոլորս իրար կողքի կանգնենք:
Ապամոնտաժումը վաղն է՝ ժամը 13:00 Երևանյան ժամանակով:
Իրադարձությունը ֆեյսբուքում. http://www.facebook.com/events/364184536960046/
Tuesday, March 20, 2012
OccupyMay1st, համընդհանուր գործադուլ մայիսի մեկին
Մայիսի մեկին՝ համընդհանուր գործադուլ, բոլոր #Occupy շարժումների կողմից:
Մայիսի մեկին՝ չենք աշխատում:
Մայիսի մեկին՝ տնային գործեր չենք անում:
Մայիսի մեկին՝ բանկային ծառայություններից չենք օգտվում:
Մայիսի մեկին՝ գնումներ չենք կատարում:
Մայիսի մեկին՝ դասերի չենք գնում:
Փոխարենը՝ մայիսի մեկին դուրս ենք գալիս ցույցի՝ ի սոլիդարություն #OccupyWallStreet-ի: Աշխատավորների օրը աշխատավորները հրաժարվում են աշխատել օլիգարխների համար:
Ցույցի վայրն անփոփոխ՝ Մաշտոցի այգի, Մաշտոցի պողոտայի ու Արամի փողոցի հատման կետում: Եթե չեք ցանկանում կամ չեք կարող միանալ Մաշտոցի այգու ցույցին, կարող եք ինքնաբուխ խաղաղ ցույց կազմակերպել ձեր թաղեցիների հետ հենց ձեր տան կողքը:
Հայտարարությունն արվում է #OccupyWallStreet, #OccupyMay1st ու #Anonymous նախաձեռնությունների անուններից:
Հայտարարությունն արվում է #OccupyWallStreet, #OccupyMay1st ու #Anonymous նախաձեռնությունների անուններից:
Պարզաբանում Մաշտոցի այգու վերաբերյալ
Քանի որ, փաստորեն, շատ մարդիկ թյուր պատկերացում ունեն Մաշտոցի այգում տեղի ունեցողի մասին, բերեմ իմ սեփական մեկնաբանությունը:
Մաշտոցի այգում ֆիքսվել էր իրավախախտում (սահմանադրական, շինարարական և այլ նորմերի խախտումով իրականացված 2 շինարարություն՝ կրպակներ, ինչպես նաև հարակից սրճարանի ընդլայնում): Դիմում է ուղարկվել քաղաքապետարան ու իրավապահ մարմիններ, տասնհինգ օր պատասխան չստանալուց հետո խաղաղ միջոցներով կասեցվել է շինարարությունն ու նստացույց է սկսվել: Քաղաքապետարանը շատ ավելի ուշ ներկայացրել է անվավեր փաստաթղթեր՝ առաջին անգամ գրիչով արված ուղղումներով, երկրորդ անգամ՝ թերի լրացված (օրինակ՝ բնապահպանական փորձաքննության կետը, որին որոշակի չափսից մեծ կանաչապատ տարածքը պարտավոր է ենթարկվել): Քաղաքապետը հրաժարվել է հանդիպել ցուցարարներին, քաղաքապետի ներկայացուցիչները չեն կարողացել պատասխանել հարցերին: Քաղաքապետի խոսքերից է՝ «ես իրավաբան չեմ, ինձ հետ օրենքով մի խոսեք»:
Ցուցարարներն անվստահության քվե են ներկայացրել քաղաքապետին («մենք քաղաքապետ չունենք»), սեփական ուժերով բազմիցս մաքրել այգին ձյունից, սառույցից ու աղբից:
Եթե քաղաքացին նման արարքների չդիմի, պետությունն ազատ է գործել ինչպես ցանկանա, ու օրենսդրական փոփոխությունների միջոցով լեգիտիմացնի իր բոլոր գործողությունները: Ու մենք կհասնենք բռնապետության:
Մեր դատարանն էլ մոդել է նրա, թե ինչպես պետք է գործի «ազատ ու արդար» դատարանը (ՀՀ-ում դատարանն ազատ չի, քանի որ դատավորները ոչ թե ընտրովի են, այլ նշանակվում են ՀՀ նախագահի դեմ, ինչը բերում է ավտորիտարիզմի), ու թե ինչպես են քաղաքացիները սիրով ու սեփական կամքով կատարում իրոք ազատ ու արդար դատարանի որոշումը: Այլ կերպ ասած, Մաշտոցի այգին մոդելն է Հայաստանի, որը գալու է վաղը: Ու գալու է, կտեսնեք: Եթե ես, սկեպտիկներից սկեպտիկս, հավատում եմ:
Իսկ մինչ այդ մենք ձեր կարիքն ունենք: Ամեն մեկի: Մենք խարույկ վառեցինք՝ սպասելով քաղաքացիական ինքնորոշման հրդեհի, բայց փայտը թաց էր: Բայց եթե խարույկը բավականաչափ երկար այրվի, ապա շրջակա փայտն էլ կչորանա:
Saturday, March 17, 2012
Օրվա երաժշտությունը
Վարդան Գալստեան, «Պայքար Որ Կը Ծնի Ազատութիւն»
Վարդան, եղբայր, ամեն անգամ որ այս երգը միացնեմ, կենացդ եմ խմելու:) երբ ուրախ լինեմ, միացնելու եմ, որ հիշեմ ուրախության մեջ էլ մաքուր մնալ: Երբ հուսահատ լինեմ, լսելու եմ, որ հույս ունենամ: Ողջ եղիր: Կենացդ:
Friday, March 16, 2012
Վրանը
Սա էլ ձեր ստերի պատասխանը:
Մեր Նախնյաց անունից նզովյալ եք: Մեր Հայրենիքի համար թափված Արյան անունից նզովյալ եք: Մեր անունից նզովյալ եք: Մեր մանկաց անունից նզովյալ եք: Ապրեք այդ բեռով, թե կարող եք:
Դիմում մարդու իրավունքների պաշտպանին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին
ՀՀ 0002, Երևան, Պուշկինի 56ա
Դիմում
Մարտի 14-ին, ժամը մոտ 20:00, Մաշտոցի պուրակի տարածքում եռօրյա 24-ժամյա նստացույցի ընթացքում, երբ ես մեկ ժամ էր՝ ինչ քնած էի ներկա եղանակային պայմաններում բողոքի նման ակցիայի անհրաժեշտ և օրենքով չարգելված պարագա հանդիսացող վրանում*, արթնացա վրանին ուժեղ հարվածներից: Փորձելով վեր կենալ ու դուրս գալ քնապարկից, զգացի որ գլխիս վերևում բացակայում է վրանի ծածկն, ու ինչ-որ անձինք փորձում են ինձ բռնի ուժով դուրս քաշել վրանից ու ոլորել ձեռքերս: Նստեցի գետնին ու պահանջեցի ինձ թույլ տալ հագնել ակնոցներս՝ պահանջ, որն ինձ մերժեցին: Վրանը ջարդող անձինք ոստիկաններ էին, ինչպես վկայում էին նրանց համազգեստն ու տարբերանշանները: Ինձ որևէ կերպ չէր զգուշացվել, որ ոստիկանները պատրաստվում են ջարդել կամ որևէ այլ կերպ հեռացնել վրանը:
Ես վեր կացա և առանց որևէ դիմադրության թույլ տվեցի ոստիկաններին ոլորել իմ ձեռքերն ու քարշ տալ դեպի ոստիկանական մեքենան, բայց ոստիկանների օղակում այդ պահին գտնվող փոխգնդապետ Կարեն Մովսիսյանն ինչ-որ պատճառով հրամայեց ինձ բաց թողնել: Ես մնացի թաց ասֆալտի վրա՝ առանց կոշիկների, վերարկուի ու ակնոցների:
Վերարկուս ու ակնոցներս, ինչպես նաև վրանում մնացած ծածկոցներն ու քնապարկերը ոստիկանությունը վերադարձրեց ցուցարարների պահանջով, բայց վրանի պարունակության մասին ոստիկանության կազմած արձանագրությունը, որը ստորագրվել է անհայտ ընթերականների կողմից, ցուցարարներին ցույց չտրվեց, ինչպես նաև չտրվեց նրա պատճենն, ինչպես նախատեսվում է օրենքով:
Տեղում իրականացված զննումը ցույց տվեց, որ իմ առողջությանը որևէ միջին կամ ծանր վնաս ուղղակիորեն չի հասցվել:
Ինչպես պարզվեց հետագա վկայություններից ու տեսանյութերից, ոստիկանները խաղաղ ցույցը բռնի ուժով ցրելու ապօրինի փորձ էին իրականացրել: Այդ փորձի ընթացքում նրանք, ցուցարարների նկատմամբ բռնի գործողություններ իրականացնելով, օղակել էին վրանն ու սկսել ոտքերով գետնին հավասարացնել վրանը: Ցուցարարներն իրենց կոչերով զգուշացրել էին ոստիկաններին, որ վրանում մարդ կա, բայց ոստիկանները որևէ կերպ ուշադրություն չէին դարձրել այդ կոչերին:
Հաջորդ օրն, ըստ փաստերով ամրագրում պահանջող տվյալների, փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը մամուլով հայտարարություն է արել, որը մոտավորապես հնչել է այսպես՝ «իբր թե մարդ էր, էլի, վրանում... ընդամենը Բայանդուրն էր»: Ըստ ՀՀ Քաղաքացիության մասին օրենքի Գլուխ 1, հոդված 3-ի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առաջ` անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու հիմքերից, ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, ունեն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված բոլոր իրավունքները, ազատությունները և պարտականությունները»: Փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի՝ ոստիկանության, օրենքն իրականացնողի, արտահայտությունը, որն արտահայտում է նրա վերաբերմունքն իմ նկատմամբ, հակասում է այդ օրենքին:
Պատրաստվում եմ օրենքով սահմանված բոլոր միջոցներով ու բոլոր պահանջվող ատյաններում պայքարել իմ և Մաշտոցի այգու մնացած բոլոր ցուցարարների իրավունքների ՀՀ ոստիկանության կողմից ոտնահարման դեմ, մեղավորների՝ ինչպես հրամանը տվողների, այնպես էլ իրականացնողների բացահայտման և օրենքի ամբողջ խստությամբ պատժելու համար, ինչպես նաև պահանջելու եմ ՀՀ ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանի պաշտոնաթողությունը՝ օրենքի ներկայացուցիչ լինելով, ծառայողական պարտականություններ կատարելիս քաղաքացու նկատմամբ խտրականություն արտահայտելու ու ՀՀ օրենքն ու օրենքն իրականացնողներին իր վարքով հեղինակազրկելու համար:
ՀՀ Քաղաքացի, Մաշտոցի այգու ակտիվիստ՝
Բայանդուր Պողոսյան:
* Վրանի՝ շուրջօրյա նստացույցի անհրաժեշտ ու օրենքով չարգելված պարագա լինելը հաստատվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցչի կողմից:
Subscribe to:
Posts (Atom)


