Showing posts with label հետաքրքրաշարժ. Show all posts
Showing posts with label հետաքրքրաշարժ. Show all posts

Wednesday, May 8, 2013

Մայիսի 10-ի արևի խավարումը

Ու նորից մեր բախտը չի բերում՝ ամսի 10-ի արևի օղակաձև խավարումը հիմնականում կտեսնեն Ավստրալիայում ու Պոլինեզիայում: Ինչպես նախորդ անգամները, գոնե լուսանկարներ կլինեն:

Եկեք հիշենք արևի խավարման տեսակները (ինչից հետո երկնային մարմինները դիտել սիրողներին լավ նորություն էլ կհայտնեմ).
  • ամբողջական խավարում, երբ լուսնի սիլուետն ամբողջությամբ ծածկում է արևը (ու կարելի է տեսնել լուսնային հովիտների գծագրությունն, ի միջի այլոց),
  • օղակաձև խավարում, երբ լուսնի սիլուետն ավելի փոքր է, քան արևինն, ու արևը երևում է լուսավոր օղակի տեսքով,
  • հիբրիդային (ամբողջական/օղակաձև) խավարում, երբ տարբեր պահերի խավարումը տատանվում է ամբողջականի ու օղակաձևի միջև,
  • մասնակի խավարում, երբ արևն ու լուսինն այնքան էլ նույն գծի վրա չեն ու լուսնի սիլուետը ծածկում է արևի միայն մի մասը:
Իսկ հիմա՝ լավ նորությունը:

Դատելով աջի սխեմայից, այս տարվա նոյեմբերի 3-ի հիբրիդային խավարումը մեզ մոտ տեսանելի կլինի ուղիղ մայրամուտից առաջ: Հիշենք նաև, որ հիբրիդային խավարումները համեմատաբար հազվադեպ են պատահում:

Մեզ մոտ դա կլինի 0,115 ուժգնությամբ մասնակի խավարում (տպավորություն կլինի, թե ինչ-որ մեկն արևից կտոր է կծել), կսկսի GMT+4 17:22:10-ին, իր գագաթնակետին կհասնի 17:53:19-ին ու կավարտվի 17:54-ին:

Երևանում տեսանելի մոտակա ամբողջական արևի խավարումը տեղի կունենա 2060 թվականի ապրիլի 30-ին:

Thursday, April 18, 2013

Ազատ անկում, Ալեքսանդր Պոլլի

Այս տեսանյութի հետ կապված մեկնաբանությունները մի տեսակ ավելորդ են դառնում. թևավոր կոստյումով թռիչք ուղղաթիռից, ոչ մեծ քարանձավային մուտք, մի սխալ շարժում՝ ու կփշրվես քարե պատի վրա: Չգիտեմ, ադրենալինի նկատմամբ ինչ սեր է պետք սրանով զբաղվելու համար:


Մի օր միգուցե նույնիսկ փորձեմ:

Sunday, December 30, 2012

Ռաշադ Ալակբարով. նկարել լույսով ու ստվերներով

Ադրբեջանցի նկարիչ Ռաշադ Ալակբարովի աշխատանքներն ինձ համար նորություն էին: Կենցաղային և այլ գտնված իրերի միջով անցած լույսն ու նրանց ստվերներն օգտագործել նկարներ ստանալու համար, բառիս բուն իմաստով: Որ ավելի պարզ լինի, թե ինչ ի նկատի ունեմ, այս պատկերը ստացվեթ է առաստաղից կախված գույնզգույն ինքնաթիռների միջոցով.
Ահա ևս մի աշխատանք՝ տարբեր պլանների լուսանկարներով, որ տեսնեք, թե ինչպես է ամեն ինչ աշխատում:)
«Երկու քաղաքների նույն տեսանկյունից նայելիս»
Ալակբարովի այլ աշխատանքների կարող եք ծանոթանալ այստեղ:

Saturday, October 13, 2012

Մի վերջին լուսանկար. պոստ մորտեմ լուսանկարչությունը 19-րդ դարում

Վաղ լուսանկարչության կիրառումներից մեկն ազգականներին վերջին անգամ սիրելի հանգուցյալի հետ նկարվելու հնարավորությունն էր. նկարչի դիմելու դեպքում պատվերը չափազանց երկար ժամանակ կտևեր, իսկ դիակներն, իհարկե, առասպելական համբերություն ունեն, բայց այդ հատկությունը, ցավոք, չի տարածվում ողջ մնացածների հոտառության զգայարանի վրա: Ինչի պատճառով 19-րդ դարում նախընտրում էին սիրելի հանգուցյալին հնարավորինս շուտ ճամփել այնտեղ, ուր խոտն ավելի կանաչ է, երկինքն էլ ավելի կապույտ:

Այդ կոնտեքստում առաջացավ պոստ մորտեմ (հետմահու) լուսանկարչության գաղափարը:

Այս լուսանկարների մի մասը ողբերգական է, մի մասը՝ մռայլ ձևով զավեշտալի: Հետաքրքիր են մարդկանց դեմքերի արտահայտությունները: Երեխաներինն էլ, մեծերինն էլ: Եկեք հիշենք, որ այս ամենը տեղի էր ունենում վիկտորիական էթիկայի պայմաններում, իսկ լուսանկարիչներին հասարակ խավի շրջանում վերաբերվում էին այնպես, ինչպես մենք հիմա ակադեմիկոսներին ենք վերաբերվում:
Ընդհանուր առմամբ ամերիկյան հասարակ ու միջին խավի պոստ մորտեմ լուսանկարները ես սովորաբար որակում եմ մեկ բառով՝ տարօրինակ:

Հետաքրքիր, բայց կանխատեսելի է պոստ մորտեմ լուսանկարների մեջ մանկականների մեծ քանակը. այդպիսի լուսանկարը դառնում է մահացած երեխայի միակ հիշատակը:

Իսկ որոշ նկարներ շատ տխուր են, ինչպես  Սաքսեն-Կոբուրգի ու Գոթայի արքայադուստր Վիկտորիայի վերջին լուսանկարը.
Լուսանկարն ասես նոր իմաստ տա «վերջին շունչը փչել» արտահայտությանը:

Քանի որ իմ նախորդ բլոգները հակում ունեին արագ տեմպերով լցվել մեռելներով, այսքանով սահմանափակվենք: Այլ պոստ-մորտեմ լուսանկարներ դիտելու համար կարող եք որոնել գուգլում՝ 19th century post mortem photography, 19th century post mortem daguerreotype նշանաբառերով:

Saturday, June 23, 2012

«Ոսպնյակի մութ կողմը»


«Dark Side of the Lens», կարճամետրաժ ֆիլմ լուսանկարչության շատ յուրահատուկ ձևի մասին:

Մրցանակներ.
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, Rhode Island International Film Festival, 2011
  • Ակտիվ մարզաձևերի կատեգորիա, Vimeo Awards 2012
  • Պրոֆեսիոնալ կատեգորիա, G-Raid Driven Creativity award
  • Լավագույն կինեմատոգրաֆիա, 5Point Film Festival 2011
  • Գրան պրի, Chamonix Film Festival 2011
  • Լավագույն կարճամետրաժ, New York Surf Film Festival 2011
  • Տարվա լավագույն թվային կարճամետրաժ, Surfer Poll
  • Relentless Short Stories 2011
  • «Հանդիսատեսի ընտրություն» մրցանակ, Amstel Surf Film Festibal
  • Լավագույն կարճամետրաժ, Sheffield Adventure Film Festival
  • Լավագույն միջազգային կարճամետրաժ, Canadian Surf Film Festival
  • Լավագույն կարճամետրաժ, Waimea Ocean Film Festival

Tuesday, June 19, 2012

Արկտիկ լույս

Ու Տերյե Սորգյերդի երրորդ աշխատանք, որտեղ նա նկարահանել է բնական ֆենոմեն, որի անունն անգամ չգիտի:

Կեսգիշերվա Արևը բնական ֆենոմեն է, որը կարելի է դիտել Արկտիկ օղակից հյուսիս ընկած ու դրանց մերձակա տարածքներում: Ֆենոմենը կայանում է նրանում, որ անգամ կեսգիշերին արևը մայր չի մտնում: Սա պայմանավորված է երկրի պտույտի բնույթի առանձնահատկություններով ու տեղի է ունենում ամռան ամիսներին:

Կեսգիշերվա Արևից 2-4 շաբաթ առաջ կարելի է դիտարկել մեկ այլ ֆենոմեն, որը Տերյեն անվանել է «Արկտիկ լույս»: Տերյեն նշում է, որ այն իր տեսած ամենագունավոր լույսն է: Դե, հիացեք:


Հիշեցնեմ, որ Տերյեի այս և այլ, ոչ պակաս զարմանալի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Monday, June 18, 2012

Aurora Borealis

Էլի Տերյե Սորգյերդի նկարահանած տեսանյութերից: Բևեռափայլ, ավրորա: Երբևէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին է այն իրականում:


Տերյեի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Sunday, June 17, 2012

Լեռը

Հայտնի լուսանկարիչ Տերյե Սորգյերդը (մարդ, ում աշխատանքին ծանոթացել եմ Google+ սոցիալական ցանցի շնորհիվ) նկարահանել է Իսպանիայի ամենաբարձր սարը՝ Էլ Տեյդեն, ու Ծիր Կաթինի տեսարանը լեռան գագաթից:

Երբեմն նայում եմ ու մտածում, թե ինչքան բան կա, որ դեռ չեմ տեսել ու երևի չհասցնեմ էլ տեսնել: Շնորհակալություն, Ինտերնետ:)


Տերյեի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Saturday, June 16, 2012

Կապույտ

Աշխարհի ազատ սուզման չեմպիոն Գիյոմ Ներին սուզվում է «Դինի կապույտ անցքը», քանի դեռ ֆրանսիացի չեմպիոն Ժուլի Գոտիեն շնչառությունը պահած նկարահանում է դա.

Thursday, June 14, 2012

Էվոլյուցիոն տեսության պատմության էքսպրես-կուրս

Էվոլյուցիոն տեսությունը բխում է բնագիտության տրամաբանական զարգացումից է: Ըստ էության, էվոլյուցիոն ու արարչագործական տեսությունների բախումը համապատասխանաբար նատուրալիստական ու հումանիստական մտքերի բախում է. առաջինն այս կոնտեքստում դիտարկում է բնությունը որպես առաջնային, մարդուն իր մեջ ներառող համակարգ, որը զարգանում ու փոփոխվում է, երկրորդը՝ որ բնությունը բևեռացված է մարդու շուրջ, անփոփոխ է ու գոյություն ունի, որ մարդն այն վայելի:

Բնության հումանիստական ընկալումը սկզբում բացառում էր կենդանու նոր տեսակների առաջացումն ու եղած կենդանատեսակների ոչնչացումը, մինչև ստիպված եղավ կոմպրոմիսների գնալ՝ թե՛ նորանոր բրածոներին հայտնաբերության, թե՛ համեմատաբար ոչ վաղ անցյալում (AD 1400) մոա թռչունների ոչնչացմամբ:

Էվոլյուցիոն տեսության զարգացման տրամաբանական ընթացքը հետևյալն է. օրգանիզմների խմբավորում ըստ տեսակների, տեսակների ազգակցական կապի հիման վրա խմբավորում ըստ ընտանիքների և այդպես շարունակ: Հետո դիտարկվում է ՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՈՒՄՆ այլ տեսակներից՝ գաղափար, որն առաջին անգամ ի հայտ է եկել անտիկ Հունաստանում: Անաքսիմանդր Միլետուսցին (610–546 BC) առաջադրել է տեսություն, որ առաջին կենդանիներն ապրել են ջրի մեջ՝ մոլորակի անցյալի «խոնավ» շրջանում: Նա նաև պնդում էր, որ ներկայիս մարդիկ պետք է որ ծագած լինեն այլ տեսակի կենդանիներից:

Sunday, June 3, 2012

Ծիր Կաթին ու Անդրոմեդա գալակտիկաների բախումը 4 միլիարդ տարուց


NASA-ի գիտնականներն, ուսումնասիրելով Հաբլ աստղադիտակից ստացված տվյալները, եկել են այն եզրակացության, որ մեր Ծիր Կաթին ու հարևան M31 "Անդրոմեդա" գալակտիկաները մոտ չորս միլիարդ տարուց բախվելու են իրար ու միասին նոր գալակտիկա են կազմելու:

Դեռ 2002-ից կար հիպոթեզ, որ Անդրոմեդան շարժվում է մեր գալակտիկայի ուղղությամբ, բայց միայն վերջին ուսումնասիրություններն են մղել NASA-ին վերջնական եզրակացության գալ:

Գիտնականները պնդում են, որ անկախ Երկիր մոլորակի վրա չորս միլիարդ տարի հետո մարդկանց լինելուց կամ չլինելուց, մեր արեգակնային համակարգին վտանգ չի սպառնում. երկու գալակտիկաների աստղերը բավականաչափ հեռու են տեղակայված իրարից, որպեսզի չբախվեն իրար:

Wednesday, May 23, 2012

Apple ընկերության «տիեզերանավը»

Apple ընկերությունը նոր, երկրորդ շտաբ է կառուցում Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում: Այս «տիեզերանավ-շտաբը» Ստիվ Ջոբսի վերջին նախագծերից էր:

Apple ընկերությունը ողջունել է քաղաքացիների մտահոգությունը բնապահպանական և այլ ազդեցություններով, որոնք շինությունը կարող է ունենալ շրջակա միջավայրի ու քաղաքի վրա: Ընկերության ներկայացուցիչներն ակտիվորեն պատասխանում են իրենց ապագա հարևանների հարցերին:
Ջոբսը պահանջել է, որ նոր շտաբի 80%-ը բնություն լինի: Շտաբի տարածքում լինելու է... ավելի, քան 6000 ծառ: Շինությունն ու շինարարական պրոցեսը հավակնում են LEED սերտիֆիկացիա ստանալ՝ որպես շրջակա միջավայրի համար անվտանգ նախագիծ:
Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2015 թվականին: Առավել մանրամասն այս ամենի մասին կարող եք կարդալ CNN-ի նյութում:

Սա՝ ի ամոթանք նրանց, ովքեր բետոնապատում են կանաչն ու լկտիություն են ունենում պնդել, թե բետոնը բարիք է, բետոնապատումն էլ՝ բարեկարգում:

Monday, May 21, 2012

Այս գիշերվա արևի խավարման կադրերը

Այո, «արևի գիշերային խավարում» արտահայտությունն ինձ բացել է, նամանավանդ երբ որոշ մարդիկ լուրջ ընդունեցին այն դիտելու իմ հրավերը:

Հետաքրքիր է, որ, օրինակ, ԱՄՆ-ում բոլոր ազգային պարկերում ու նման վայրերում պաշտոնապես դիտումներ էին կազմակերպվել, նախապես ֆիլտր-ակնոցներ էին վաճառվել՝ մարդկանց հետաքրքիր էր, երևույթը նույնիսկ գովազդվում էր:

Աջ կողմում պատկերված է արևի խավարման տեսանելիության NASA-ի քարտեզն, իսկ ներքևում՝ մի քանի կադրեր, որոնք նույնպես այստեղից եմ ցրել (հեղինակներն, իհարկե, նշված են).
Կիսալուսնաձև ստվերներ, Audrey Shen/Palo Alto, California
Tom Bridges/Tokio, Japan
Tom Bridges/Tokio, Japan
Կիսալուսնաձև ստվերները, թեև ես արևի խավարում իրականում տեսել եմ, ինձ համար նորություն էին:

Հետաքրքիր կլիներ խումբ կազմել Հայաստանում, որը կհետևեր նման երևույթների ժամանակացույցին ու դիտումներ կկազմակերպեր:

Sunday, May 20, 2012

Արևի խավարում, 20 (21) մայիսի

Լուսանկարը՝ Alexander F. Yuan/AP
Շատ շուտով արևի օղակաձև խավարում է լինելու: Ոչ, պետք չի բարկանալ Երևանի երկինքը հենց հիմա ծածկող ամպերի վրա՝ մենք այն չենք կարող դիտել, քանի որ այն տեղի է ունենալու «աշխարհի մյուս կողմում»՝ Չինաստան, Ճապոնիա, Պոլինեզիա, արևմտյան ԱՄՆ, Մեքսիկա: Մեզ մոտ խավարման ամբողջ ընթացքում մութ գիշեր է լինելու:

Արևի օղակաձև խավարում տեղի է ունենում այն դեպքում, երբ Լուսինը միայն մասնակի է ծածկում Արևի մակերևույթն՝ իր «խավարած» մասի շուրջը «հրո օղակ» թողնելով: Այս գրառման մեջ պատկերված լուսանկարների խավարումն եղել է ոչ թե այս տարի, այլ 2010-ի հունվարի 15-ին: Լուսանկարներն արվել են Չինաստանում:
Արևի խավարման ժամանակացույցը` livestream-ներին ու հրապարակումներին հետևելու համար (ժամերը նշված են UTC-ով, փակագծերում տրված է UTC+4 Yerevan ժամանակը).
  • Խավարման տևողությունը կոնկրետ վայրում. 5 ր 46 վրկ
  • (P1) Մասնակի խավարման սկիզբ. 20:56:07 (00:56:07)
  • (U1) Լիարժեք խավարման սկիզբ. 22:06:17 (02:06:17)
  • Խոշորագույն խավարումը. 23:53:54 (03:53:54)
  • (U4) Լիարժեք խավարման ավարտը. 1:39:11 (04:39:11)
  • (P4) Մասնակի խավարման ավարտը. 2:49:21 (05:49:21)
Լուսանկարը՝ Shi Tou/Reuters
Ափսոսում եմ, որ չեմ կարողանա այս խավարումն էլ լուսանկարել, ինչպես 2011-ի հունիսի 16-ի լուսնի խավարումը:

Monday, May 14, 2012

Բուդդիստական հոգևորականի ուղեղը մեդիտացիայի ընթացքում

Երբ մի տարի առաջ կարդացի BBC-ի նյութը Նյու-Յորքում գիտնական Զորան Յոսիպովիչի ուսումնասիրությունների մասին, միանգամից միտք առաջացավ բլոգում գրել դրա մասին: Հետո հասկացա, որ եթե ընդամենը BBC-ի հոդվածն եմ թարգմանելու՝ առանց սեփական ասելիքի, ապա դրան չարժի հոդված հատկացնել: Միևնույն է՝ մի օր մեր ինտերնետային լրատվականները կգտնեն այդ հոդվածն ու կթարգմանեն:

Այսօր որոշեցի ի վերջո անդրադառնալ Յոսիպովիչի ուսումնասիրությանը: Նախ՝

Friday, February 3, 2012

Մի քիչ լուսանկարչություն

Այսօր հետաքրքիր բաներ ցույց տալու օր է:) սկսենք լուսանկարչությունից:

Վերջերս Մարիի հետ վիճեցինք, թե արդյո՞ք հնարավոր է iPhone 4s-ով պրոֆեսիոնալ մակարդակի լուսանկարչությամբ զբաղվել: Այսօր, որպեսզի ամրապնդեմ արտահայտածս տեսակետը, որոշեցի iphoneography.com մտնել ու իրենց «Through the Lens of an iPhone» Flickr-յան խմբի վերջին լուսանկարներից մի քանիսի հղումները տեղադրել այստեղ. նկար 1 - նկար 2 - նկար 3: Այնպես որ, ամեն ինչ իր կիրառման եղանակն ունի, ու հմտությունները, որոնց տիրապետելու դեպքում կարելի է ամենատարբեր մակարդակի արդյունքների հասնել:
Ու՝ այո, աջում պատկերված օբյեկտիվները նախատեսված են iPhone-ի համար: Հենց սրանք iProLens.com-ից են:

Իսկ այս մեկը՝ վավերագրություն սիրողների համար: Մայքլ Լեսիի Wisconsin Death Trip գրքում օգտագործված լուսանկարները՝ հենց Wisconsin Historical Society-ից: Լուսանկարները կատարվել են 1890-1910 թթ. միջակայքում Վիսկոնսին նահանգի Բլեք Ռիվեր Ֆոլլս քաղաքում՝ Չարլզ Վան Շայքի կողմից:


Saturday, January 28, 2012

Schemer

Այսօր ես վերջապես հրավեր ստացա օգտվել Google-ի նոր ծառայությունից, որի անունն է Schemer: Ընդհանուր առմամբ ծառայության սկզբունքը հետևյալն է (դեռևս).

Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան անել, ավելացնում եք ձեր ցանկությունների ցանկին: Երբ ուրիշներն էլ են ցանկանում դա անել, նրանք կարող են գտնել ձեր ցանկությունն ու նույնպես ավելացնել իրենց ցանկին: Երբ ինչ-որ մեկը դա անում է, կիսվում է տպավորություններով: Օրինակ՝ թռչել պարապլանով: Ով դա արել է, կարող է նշել, թե որտեղ, ինչ գնով, ինչ տպավորություններ ստացավ, ինչ հաշվի առնել ու ինչից զգուշանալ:

Դեռ հինգ րոպե է, ինչ գրանցվել եմ՝ հետագայում կգրեմ ավելին:

Sunday, September 25, 2011

Պատկերի վերարտադրում... ուղեղային ալիքներից

2008 թվականին ճապոնական մի շարք գիտահետազոտական հաստատությունների համատեղ հետազոտության թեման էր՝ կարդալ մարդու տեսած պատկերն ուղեղային ալիքները գրանցելու միջոցով:  Փորձի արդյունքների մանրամասն գիտական նկարագրությունն, իհարկե, կարող եք կարդալ այստեղ, իսկ ես պարզապես ցույց կտամ փորձերի արդյունքը պատկերող տեսահոլովակը: Ձախ կողմում փորձի սուբյեկտին ցույց տրված նկարն է, աջում՝ գրված արդյունքը.