Մի քիչ դառը գրառում է, բայց վաղուց պետք է կատարվեր:
Մարիամ Սուխուդյանի անունը պետք է որ շատերիդ ծանոթ լինի: Այն աղջիկը, որն ինքն իրեն, ինչքան իրեն հիշում եմ, նվիրել է Հայաստանի բազմատեսակ բնապահպանական խնդիրներին, փողոցային կենդանիներին, հուշարձաններն ավերումից փրկելուն, անտեսված ու ոտնահարված մարդկանց իրավունքներին: Միայն նա չէ, բայց հենց նրան եմ նշում, որովհետև իմ պայքարը Մարիամից է սկսել ու որ անուններ նշելիս ոչ մեկին չմոռանամ ու չվիրավորեմ:
Մարիամն արդեն 33 տարեկան է ու շարունակում է պայքարել բոլորիս իրավունքների համար՝ մի կողմ թողնելով առողջությունը, կարիերան ու անձնական կյանքը: Մի մասը հիանում է նրանով, ծափահարում, ողջունում, որոշ իշխանամետներ նրան անվանում են գրանտակեր ու լրտես: Ինձ ծանոթ շատ մարդիկ նրան համարում են հերոս, բայց քչերն են գիտակցում, որ այս ամբողջ բեռը կարող էր չընկնել մեկ մարդու վրա, եթե կողքից նայելու ու ծափահարելու փոխարեն մարդիկ այդ բեռի մի մասն իրենց վրա վերցնեին:
Մաշտոցի պուրակում մեր պայքարը տևեց 90 օր, կայուն ակտիվիստների քանակը հազիվ հասներ 50-ի: Մեր ստորագրահավաքին մասնակցել էր մոտ 10,000 մարդ: Եթե բոլոր այդ մարդիկ մեկ օրով հավաքվեին Մաշտոցի պուրակում, խնդիրը հենց այդ օրն էլ կլուծվեր:
Երբ մի օր Մարիամին նայեք որպես հերոս, հիանաք նրանով, մտածեք այն մասին, արդյո՞ք կարող եք փոխհատուցել նրա երիտասարդության այն տարիները, որ նա ծախսել է ձեր իրավունքների համար պայքարելով:
Շավարշ Կարապետյանին հիմա գրեթե չեն հիշում: Պրոֆեսիոնալ լողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, որը 1976 թ. սեպտեմբերի 16-ին փրկեց Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի ուղևորներին: Ստացած վնասվածքների պատճառով ստիպված եղավ թողնել լողորդի կարիերան: Նա նույնպես հերոս է:
Բայց եթե Շավարշ Կարապետյանի զոհաբերությունը բխում էր անհրաժեշտությունից, ապա Մարիամինը բխում է մեր անգործությունից:
Մտածեք այս մասին: Իսկ ավելի լավ է՝ կանգնեք Մարիամի կողքին: Գառնի, Խոսրովի անտառ, Ջերմուկ, Թեղուտ՝ մենք հենց հիմա պարտվում ենք այս բնապահպանական ճակատամարտները:
No comments:
Post a Comment