Wednesday, March 20, 2013

Սերժի մասին


Մարինե Պետրոսյանի «Սերժի մասին» հոդվածն էի կարդում:

Լավ հոդված էր, բայց որպես հոգեբանությունից մի փոքր հասկացող մարդ կարող եմ ասել երկու բան. Սերժ Սարգսյանի վարքը ցույց է տալիս սեփական զգայական մասի ճնշում: Դրա տակը դժվար չի տեսնել երկու բան՝ ամոթ և աճող հուսահատություն:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում տեսնել, որ իր լուսահոգի տատն, օրինակ, բնավ չէր հպարտանա իր հիմիկվա խոսքերով ու գործողություններով:

Սերժ Սարգսյանը չի ցանկանում տեսնել, որ իր արարքների համար պատասխան են տալու իր ժառանգները: Որ նույնիսկ եթե Կայմանյան կղզիներում միլիոնանոց վիլլա ունենա, շվեյցարական բանկերում էլ մեզանից գողացված ամբողջ փողն ու երկիրը, որն իրենք կործանելու են ու լքելու, ամեն հայ իրեն, իր երեխաներին ու թոռներին նայելու է զզվանքով և ատելությամբ: Սերժ Սարգսյանը չի ցանկանում հասկանալ, որ եթե այստեղ նա նախագահ է, ապա դրսում ցանկացած հայի դիմաց կանգնելու է որպես հասարակ մարդ, ու եթե ցանկանա ահաբեկել ինչ-որ մեկին, պատասխանն էլ ահաբեկումն է լինելու:

Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ քաղաքակիրթ, Բարևով ընթացող հեղափոխությունը մեր բարության ու քաղաքակրթության արդյունքն են: Նա նաև չի հասկանում, որ եթե շարունակի փորձել մեզ ահաբեկել, ճնշել, հեղինակազրկել, փակել բանտերում, շրջապատել լրտեսներով, սպանել ի վերջո, մենք դրանից չենք անցնելու պայքարի իրեն ծանոթ միջոցների: Կան մարդիկ, որոնք պայքարի խաղաղ կուրսը կպահպանեն մինչև վերջին մարդը: Սերժ Սարգսյանը նաև չի հասկանում, որ երբ մեր պայքարի վերջին մարտիկը կընկնի, մեր երեխաները հաջորդ «Գինի լիցը» կերգեն հենց նրա մասին: Ցավալին այն է, որ եթե մենք ընկնենք, մեր զավակների համար Հայաստան էլ չի լինի:

Այս ամենը չտեսնելու համար պետք չի հանճար լինել: Ինչպես տատս էր ասում՝ и дураку ясно: Դրա համար պետք է աչքերը պինդ փակել: Վախից:

No comments:

Post a Comment