Sunday, February 19, 2012

Նստացույց, օրեր 7-րդ և 8-րդ

Play the man, Master Ridley; we shall this day light such a candle, by God's grace, in England, as I trust shall never be put out.
Hugh Latimer

Այսպիսով, ցույցի յոթերորդ և ութերորդ օրերի մասին:

Օր Յոթերորդ
Օրը սկսում է ոստիկանների կողմից առավոտը շուտ նստացույցի մասնակիցներին բռնի կիսակառույց կրպակի կարկասից տեղահանելով, որտեղ մեր հավաքատեղին էր: Այդ ժամին ցուցարարների քանակը դեռ յոթ էր, ու նրանք փորձում են պատ կանգնել ու խաղաղ դիմադրել ոստիկանների կիրառած ուժին, բայց ոստիկանները նրանց հրմշտելով դուրս են գցում:

Բետոնախառնիչ մեքենան գալիս է, ինչպես նախորդ օրը: Ահա թե ինչ է տեսնում բետոնախառնիչ մեքենայի տակ պառկած մարդը.

Ուղիղ մեր աչքերի առաջ շարունակում է մոնտաժվել բուտիկների մետաղական կարկասը: Վերջապես «Մաշտոցի և Արայի փողոցների (չեմ հիշում մի քանի բառ) առընթեր կրպակների իրացման ու նորերի տեղադրման Երևանի քաղաքապետարանի նախագիծ» փաստաթուղթ են ներկայացնում, որը կտրուկ տարբերվում է նախորդ օրը բերված գրիչով ուղղումներով կեղծիքից, որը մեր ձեռքերում չհայտնվեց (այս մեկը մենք ունենք երկու պատճենով):

Պլանն ավելի շուտ բլանկ էր՝ անհրաժեշտ տողերի մեծ մասը լրիվ դատարկ էր: Էկոլոգիական փորձաքննություն՝ դատարկ, մասնավորապես: Ոչ թե «չի անց կացվել», այլ դատարկ: Հետո կլրացնեն, հետին թվով:

Գալիս է ավագանու անդամ Երնջակյանը, որը ոչ թե պարզաբանում է իրավիճակն ու քաղաքապետի որոշումն, այլ խոսում ցուցարարների սահմանադրական իրավունքները սահմանափակելու ու բռնի ուժ կիրառելու մասին (ինչքան լսվում էր իմ կանգնած տեղից): Նա ստիպված է լինում լքել ցույցի վայրը ժողովրդի «ամո՛թ» կոչի տակ: Մարդիկ քննարկում են երինջ/էրինջ բառի իմաստը, որն, ի միջի այլոց, նշանակում է դեռ հորթ չծնած կով:

Ժամն ուղիղ 16:00 ոստիկաններին բաժանում են ձեռնափայտեր ու ձեռնաշղթաներ.

Դրությունը սրվում է, տեղի են ունենում պրովոկացիաներ: Եղիան պաշտոնապես հայտարարում է, ու ես հաստատում եմ իր կոչը. մենք եկել ենք խաղաղ ցույցով մեր իրավունքները պաշտպանելու: Եթե ինչ-որ մեկն այլ նպատակներ ու միջոցներ է տեսնում, ապա նա մեզ հետ ոչ մի կապ չունի:

Օրն ավարտվում է խաղաղ երթով: Որոշվում է, որ վաղը պահանջելու ենք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությունը ցույցի վայրում:

Այստեղ կարող եք տեսնել յոթերորդ օրվա իմ արած լուսանկարները:

Օր Ութերորդ
Առավոտը որոշված էր հավաքվել ութին, առաջինը ես եմ տեղ հասնում, քանի որ գիշերը տուն չէի գնացել: Ու հայտնաբերում, որ շինարարության տարածքը շրջափակված է ոստիկանական արգելապատնեշով.


Ժողովուրդն արագ հավաքվում է: Ոստիկանները պնդում են, որ շինարարության կասեցման ցանկացած փորձ վարչական իրավախախտում է ու կպատժվի ձերբակալությամբ ու 50.000 դրամ տուգանքով: Մենք նրանց փորձում ենք ապացուցել, որ մեր արած գործողություններն իրավախախտման կասեցում են, ոչ թե վարչական իրավախախտում:

Որոշում ենք, որ եթե բետոնախառնիչ մեքենան գա, մասսայական պառկելու ենք նրա դիմաց: Բետոնախառնիչ մեքենան չի գալիս: Փոխարենը բերվում են եվրոպատուհաններ: Կրպակների մոնտաժը շարունակվում է, թեև պեմզաբլոկե պատերը քանդում են: «Քանդեք՝ թող ուրախանան»,- ասում է շինարարներից մեկը:

Սկսում է ծանր ձյուն, բայց ցուցարարները շարունակում են կանգնած մնալ ու փորձել «ամո՛թ», «անվտանգ չի՛ այս պայմաններում աշխատելը», «միացեք մե՛զ» կոչերով ցույց տալ շինարարներին, որ իրենց արածն այնքան էլ լավ բան չի ու որ փողն այդքան չարժի: Տանիքին աշխատող շինարարները մի քանի անգամ վտանգավոր սայթաքում են տանիքի մետաղաթիթեղի վրա նստած ձյան պատճառով, բայց դժբախտ պատահարներ, բարեբախտաբար, չեն լինում:


Համընդհանուր ջանքերով կերտվում է «Օլիգարխի Հավաքական Կերպարի» արձանը.


Ձյունն օգտագործվում է նաև ցուցարարների համար ժամանակավոր կայանատեղի-իգլու կառուցելու նպատակով, որի հանդիսավոր բացումը ծաղրում է այգում կատարվող ապօրինի շինարարությունը.


Չնայած մեր կոչերին, Երևանի քաղաքապետն այդպես էլ չի ներկայանում: Քանի որ շինարարության դեմ իրավական հայց ներկայացնելուց առաջ մենք պետք է ստանանք քաղաքապետի պատասխանը, ստացվում է, որ քաղաքապետը կարող է արդարացնել իր ցանկացած հակաիրավական գործողություն հանրության ներկայացրած հայտին պարզապես պատասխան չտալով:

Օրն ավարտվում է Թեղուտի մասին ֆիլմի ցուցադրությամբ, որին ես, ցավոք, չկարողացա մնալ ցրտահարության ու վնասվածքների պատճառով:

Այստեղ կարող եք տեսնել ութերորդ օրվա իմ արած լուսանկարները:

No comments:

Post a Comment