Wednesday, February 22, 2012

Պարզաբանում

Քանի որ երեկվա ակցիայից հետո եղավ մեծ արձագանք՝ թե դրական, թե բացասական, կարծում եմ, որ պարտավոր եմ պարզաբանում տալ երկու կողմերին էլ:

Նախ՝ նրանց, ում դա վերաբերում է: Եթե անձամբ ինձ հետ խնդիրներ ունեք, ապա տղամարդկություն ունեցեք ձեր խնդիրներն անձամբ ինձ հետ լուծել: Հանգիստ թողեք իմ ընտանիքին, ազգականներին, ընկերներին:

Երկրորդը: Շատ քննարկվեց իմ կրոնափիլիսոփայական ուղղվածությունն ու ես նույնիսկ մահվան սպառնալիքներ եմ ստանում (պատժելի ՀՀ Քրեական Օրենսգրքի գլուխ 17, հոդված 137-ով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»): Նախ, պահանջում եմ դադարեցնել իմ բլոգի նյութերը կիրառել լիցենզիայի խախտմամբ, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ պայքարել դրա դեմ օրենքի ողջ խստությամբ: Այս հոդվածում ես կփորձեմ հայտնել այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք իմ մասին, ու սա վերաբերում է թե՛ ինձ բարեկամաբար, թե՛ թշնամաբար տրամադրված մարդկանց: Այս գրառման մեջ ես կկանգնեմ մերկ ու ի ցույց կդնեմ իմ թե՛ ուժեղ, թե թույլ կողմերը: Կարծում եմ՝ այգում ցրտին ինձ հետ միասին սեփական կամքով այսքան օրեր սառող մարդիկ գոնե վաստակել են այդ իրավունքը:

Ես սատանիստ եմ, ոչ սատանայապաշտ (չեմ պաշտում սատանային ու չեմ ընդունում նրան որպես իրական հոգևոր անձ): Թե ինչ է նշանակում սատանիզմ, կարող եք կարդալ իմ վերլուծական հոդվածում: Ես սիրում եմ կրոնական թեմաներով բանավեճեր, կարող եմ զրուցել բազմաթիվ կենդանի ու մեռած կրոններից, բայց չեմ զբաղվում կրոնական կամ սատանիզմի պրոպագանդայով: Ագրեսիա չեմ տածում քրիստոնյաների նկատմամբ, եկեղեցիների նկատմամբ վանդալիզմին դեմ եմ, կողմ եմ եկեղեցիների ու խաչքարերի պահպանմանը՝ որպես ազգային ու մշակութային արժեք: Դեմ եմ կոռուպցիային ու չարաշահումներին Հայ Առաքելական Եկեղեցու շարքերում, բայց չլինելով այդ կրոնի հետևորդ ինձ իրավունք չեմ վերապահում լուրջ միջամտությունների դիմել այդ հարցերում: Դեմ եմ ցանկացած կրոնական ուղղվածության քայլերի, որոնք սահմանափակում են մարդուն վերապահված իրավունքներն ու ազատությունները: Հնարավորինս մասնակցում եմ մարդասիրական ակցիաների, կերակրում եմ փողոցային կենդանիներին, քանի որ հավատում եմ իմ ու մնացած մարդկանց բարությանը:

Ինչպես երևի հասկացաք իմ վերոհիշյալ հոդվածից, սատանիզմը կրոն չի: Իմ կրոնական համոզմունքների մասին կարելի է առավել ճշգրիտ արտահայտվել, որ ես գնոստիկ-նեոպլատոնիստ եմ, ընդունում ու քննարկում եմ մարդու ու տիեզերքի ծագման մասին ակադեմիկ գիտության տեսանկյունները: Ես, ինչ էլ որ ասեն, գերեզմանոցներ գնում եմ միայն մահացած ազգականներիս, ընկերներիս և այլ ծանոթներիս այցելության: Մարդկային զոհաբերություններ, կրոնական ծեսեր, օրգիաներ և այլ նման երևույթներ չեմ իրականացնում: Եկեղեցական տոները՝ Զատիկը, Վարդավառը և այլն, անկախ իրենց ծագման, նշում եմ ըստ հանգամանքների, քանի որ ընդունում եմ, որ դրանք նաև իմ կյանքի ու ազգային գիտակցության մասն են կազմում, ու նրանց իմ կյանքից հանելը միայն քրիստոնյա չլինելու պատճառով ծայրահեղական ու ֆանատիկ երևույթ է:

Թմրադեղեր չեմ օգտագործում: Ալկոհոլ չեմ չարաշահում: Օրենքին հետևում եմ գիտելիքներիս չափով, այդ ոլորտում գիտելիքներս ձգտում եմ աստիճանաբար համալրել: Զբաղվում եմ գրական գործունեությամբ որպես գրող, ազատ լրագրող, բլոգգեր ու գրաքննադատ:

Քաղաքական որևէ կուսակցության կամ ճամբարի չեմ պատկանում, քննադատում եմ անկարգությունների և այլն բռնի միջոցների կիրառմամբ իրականացվող իշխանափոխության կամ քաղաքական ակտիվիզմի փորձերը: Քաղաքական ցույցերի չեմ մասնակցում: Չեմ հավատում, որ հակասահմանադրական միջոցներով կարելի է պաշտպանել ՀՀ Սահմանադրությունը:

Հետերոսեքսուալ սեռական ուղղվածության եմ, չեմ հպարտանում դրանով կամ ամաչում դրանից, քանի որ չեմ կարծում, թե սեռական ուղղվածությունը հպարտության կամ ամոթի պատճառ է: Հոմոֆոբ չեմ, ռասայական, սեռական կամ ազգային նախապաշարմունքներ չունեմ ու դեմ եմ ցանկացած խտրականության:

Պոլիգամ եմ ու հավատում եմ ազատ սիրո ու սեռական ազատության գաղափարին, բայց չեմ սիրում, երբ այն ընդունում է ցուցադրական, արհեստական ու ծայրահեղ տեսք, առավել կատարյալ եմ համարում 60-ականների հիպպիական կոմունաներում գործող տարբերակը:

Հոգեկան որևէ խանգարումով չեմ տառապում: Հակված եմ դեպրեսիվ ու ընկծված շրջանների: Ունեմ սրտամկանի նեյրոբլոկադա/դիոքսիա (նևրոզ), ստամոքսի էրոզիվ գաստրիտ/նախախոցային վիճակ, ստամոքսի վերին սֆինկտորի ռեֆլյուկս: Նյարդային խիստ լարված վիճակում ունենում եմ ուշագնացություններ: Կարճատես եմ (-6,5/-7):

Ծառայել եմ ՀՀ Զինված Ուժերում 2005-2007 թվականներին, չնայած առողջական վիճակս թույլ էր տալիս խուսափել զինծառայությունից: 2012 թվականին դուրս եմ գրվել պահեստազորից, քանի որ աստիճանաբար վատացող տեսողությունը բացառում է իմ օգտավետությունը ՀՀ Զինված Ուժերի կազմում: Անկախ դրանից, ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում պարտավորվում եմ մասնակցել երկրի պաշտպանությանը որպես կամավոր:

Բարձրագույն կրթություն չունեմ, չորրորդ (վերջին) կուրսի վերջին կիսամյակից ինքնակամ թողել եմ Եվրոպական համալսարանի կիրառական ծրագրավորման ֆակուլտետն անձնական ու կազմակերպչական խնդիրների պատճառով:

Ներկայումս եկամուտի աղբյուրներ չունեմ, բայց չունեմ նաև այնպիսի ծախսեր, որոնք չկարողանամ հոգալ: Ֆինանսական աջակցության կարիք չեմ զգում: Երեկվա իմ արարքի անհրաժեշտությունն ու նշանակությունը գիտակցելով, ես գիտակցում եմ, որ գործնականում ինքնաոչնչացման եմ գնացել ու չեմ կարողանա դիմադրել այն բոլոր ուժերին ու կազմակերպություններին, որոնք հիմա ինձ դեմ դուրս կգան: Սեփական ապագայի առումով գտնվում եմ խորը հուսալքության վիճակում, բայց ոչ ոքից պաշտպանություն չեմ խնդրում: Մաշտոցի այգու համար շարունակելու եմ պայքարել մինչև վերջ, քանի որ այդ գործն ավելի մեծ ու նշանակալի եմ համարում, քան ինքս ինձ: Հորդորում եմ բոլոր այնտեղ կանգնած մարդկանց չընկճվել, շարունակել պայքարը նույնիսկ եթե ես կամ մեկ ուրիշը հնարավորություն չունենա կանգնել իրենց կողքին:

Մարգարյան ծննդատան հարևանությամբ գտնվող այգու նստացույցին մասնակցում եմ սեփական որոշմամբ, ոչ թե ինչ-որ մեկի դրդմամբ ու անձամբ հաստատում եմ, որ ցույցը կրում է խաղաղ ու ինքնաբուխ բնույթ:

Եթե սա նույնիսկ իմ վերջին բլոգային գրառումը լինի, կցանկանայի տեղեկացնել, որ գտնվում եմ նորմալ առողջական վիճակում, չեմ պատրաստվում որևէ հուզական կամ այլ ծայրահեղ բնույթ կրող քայլերի գնալ, մասնավորապես՝ վնասել իմ կամ մեկ ուրիշի կյանքին: Չեմ վախենում իմ նկատմամբ բռնության հնարավոր փորձերից, քանի որ ձգտել եմ անել այն, ինչ ճիշտ եմ համարել ու իմաստ չունի ափսոսալ դրա համար:

Ազատ եք դատել ինձ կամ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ: Ցտեսություն:

Ավելացում. երեկվա դեպքերի հետևանքների պատճառով ստիպված եմ եղել խզել կապերս ընտանիքիս հետ: Երեկվանից ես մշտական բնակության վայր չունեմ:

No comments:

Post a Comment