Wednesday, February 23, 2011

Անինա, «Ֆիա». ընթերցողի քննադատություն

«Թագավորի Ընձուղտը»
Մարկ Տվենի «Հեքլբերի Ֆիննի Արկածները» գրքում, եթե հիշում եք, հերոսը երկու հետաքրքիր ու կոլորիտային անձանց հետ է ծանոթանում. Դուքսն ու Դոֆինը: Որոնք ներկայացումներ են կազմակերպում Ամերիկայով մեկ:
Ներկայացման ցուցանակի վրա գրված է.
ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒ՛Մ,
ՄԻԱՅՆ ԵՐԵ՛Ք ԵՐԵԿՈ
Լոնդոնյան ու Մայրցամաքային թատրոնների
Աշխարհահռչակ ողբերգուներ
ԴԵՎԻԴ ԳԵՐՐԻՔ ԿՐՏՍԵ՛ՐՆ
ՈՒ ԷԴՄՈՒՆԴ ՔԻՏ ԱՎԱ՛ԳԸ
«ԹԱԳԱՎՈՐԻ ԸՆՁՈՒՂՏԸ
ԿԱՄ
ԱՐՔԱՅԱԿԱՆ ՆՄԱՆԲԱՆՉԿԱՆ»
Ցնցող ողբերգության մեջ
Մուտքը՝ 50 ցենտ
Տակն, ավելի խոշոր տառերով՝
ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է

«Ահա»,- ասում է նա,- «եթե սա էլ նրանց քարշ չտվեց մեզ մոտ, ուրեմն ես Արկանզասցիներին չեմ ճանաչում»:

Ինչու՞մ է կայանում Դուքսի ու Դոֆինի «ցնցող ողբերգությունը»: Պարզապես տկլոր ու շերտավոր ներկված դոֆինը չորեքթաթ վազում է բեմով մեկ:

Քանի դեռ ցնցված հանդիսատեսը սպասում է ներկայացմանը, չհասկանալով, որ իրեն հիմարեցրել են, մեր երկու հնարամիտները փողը վերցնում ու փախնում են քաղաքից:
Ամերիկայում նման մարդկանց անվանում են con artists, մեզ մոտ՝ ավանտյուրիստ:

Հատուկ նշում (կարող եք բաց թողնել, եթե Անինայի PR-խմբի անդամ չեք)

Անինայի «Ֆիա» գրքի մասին կարծիք հայտնելու նախորդ փորձերը, թե՛ կոնտեքստային քննադատությունը, թե՛ ընթերցանությունից հետո, հանդիպել են հեղինակի ու նրա PR-խմբի ագրեսսիային, վիրավորական արտահայտություններին, էժանագին ծաղրի փորձերին ու անգամ սպառնալիքներին:

Իհարկե, գայթակղությունս մեծ է այդ կոնտեքստը ներառել այս հոդվածի մեջ ու սրտիս ուզածի չափով ծիծաղել վերոհիշյալ անձանց վրա, բայց, որպես լրագրող ու քննադատ, կխուսափեմ նման անձնավորումներից: Այլ կերպ ասած, ես քննադատում եմ աշխատանքը, ոչ թե հեղինակին ու հարակից անձանց:

Այնպես որ, կսահմանափակվեմ այս հատուկ նշումով. ոմն չասենք թե ինչ մի քանի քննադատողների, այդ թվում նաև ինձ, սպառնալիքներ է ուղղել արտահայտված բնավ ոչ վիրավորական ու կոռեկտ կարծիքների համար: Ինչն ինձ հիմք է տվել Goodreads-ում գրել շատ ավելի կոշտ ռևյու:

Սպառնալիքները երկու բնույթի էին. դատական գործ հարուցելու ու ֆիզիկական բռնության (ընդհուպ մինչև կյանքին ուղղված սպառնալիք): Թե ինչու իմ ոչ մի քննադատության հիման վրա իմ նկատմամբ ոչ մի դատական գործ չի կարող հարուցվել, ես արդեն պարզաբանել եմ հեղինակին:

Իսկ այ, ինչպես պնդում է ինձ շատ մոտիկ ոմն իրավաբան, սպանության կամ առողջությանը ծանր վնասվածք հասցնելու սպառնալիքը լրիվ ընկնում է ՀՀ Քրեական Օրենսգրքի 137-րդ հոդվածի տակ ու կարող է պատժվել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրհիսունապատիկ չափով, կամ մինչև երկու ամիս կալանքով, կամ էլ մինչև երկու տարի ազատազրկմամբ: Հաշվի առնելով ծանրացուցիչ հանգամանքը՝ սպառնալիքների միջոցով այլ անձին անձնական կամ այլ շահից դրդված («էս գործի մեջ մեծ փողեր են դրվել») գործողությունների մղելը («գրածդ ջնջես ու ներողություն խնդրես»), նվազագույն կամ պայմանական պատիժ ստանալու հավանականությունը փոքրանում է: Գիտե՞ք արդյոք, թե կալանավայրում ինչպես են վարվում մարդկանց տեղին-անտեղի դատարանով վախեցնել փորձողներին: Անինայի «Ֆիա» գրքում այդ մի բանը չի նկարագրված:

Բարեբախտաբար, ես մարդկանց տեղին-անտեղի դատարանով վախեցնողներից չեմ: Բայց վերոհիշյալ սպառնալիքները կարող են օգնել փողոցում մի օր դեմ առ դեմ հանդիպելու դեպքում իմ գործողությունները որակել որպես «անհրաժեշտ ինքնապաշտպանություն»: Այնպես որ, դատարանների, ոստիկանների ու անձնական հաշվեհարդարի սիրահարներին խնդրում եմ զգույշ արտահայտվել:

Խոսք ընթերցողին

Բլոգիս որոշ ընթերցողներ տարակուսում են, թե ինչու եմ ես ժամանակս վատնում «Ֆիայի» նման գրականության վրա: Բացատրեմ. նախ, ըստ իս, հետաքրքիր հոդված կարելի է գրել նույնիսկ ամենահիմար գրքի վերաբերյալ: Որոշ դեպքերում՝ նույնիսկ ավելի հետաքրքիր, քան բուն գիրքն է:

Այս անգամ ես որոշել եմ գրել խիստ պաշտոնական ու «զանուդա» հոդված:

Երկրորդ՝ հեղինակի ու իր PR-խմբի վարքը որոշ մտքեր է առացացնում այս բնույթի գիրք թողարկելու կողմնակի նպատակների վերաբերյալ, ու իմ մտքով երկու հնարավոր սցենար է անցնում: Երկրորդը կքննարկվի հաջորդ բաժնում, իսկ առաջինի մասին կխոսենք հիմա:

Ագրեսսիվ ռեակցիա քննադատությանն ու պնդումներ, որ իրենք չեն ցանկանում, որ «իրենց դեմ խոսեն», քանի որ «նախագծի մեջ լուրջ գումարներ են ներդրվել»: Սպառնալիքներ ու վիրավորանքներ՝ ուղղված առավել ակտիվ քննադատներին: Սուտ տեղեկություններ՝ գրքի տարածումը խթանելու նպատակով (այսպես կոչված «հայ առաջին ֆենտեզին» տպագրվել է cգոնե Մարիետա Շահինյանի «Հեքիաթ Երկու Քույրերի Ու Կախարդական Շողակն Աշխարհի Մասին» գրքից, որը թե հայկական է, թե ֆենտեզի, ավելի քան 20 տարի ուշ, բացի դրանից՝ «Ֆիան» ոչ մի դեպքում ու ոչ մի առումով ֆենտեզի չի. դրան դեռ կանդրադառնանք): Հեղինակի ու նրա PR-խմբի անդամների ֆենտեզի ժանրին ու ընդհանրապես գեղարվեստական գրականությանը շատ թույլ, եթե ընդհանրապես, ծանոթ լինելը: Աղմկահարույց ու ամպագոռգոռ արտահայտություններով նման բան գովազդելը:

ԲՈՒԿԻՆԻ՛ՍՏ ԳՐԱԽԱՆՈՒԹՅՈՒՄ,
ՄԻԱՅՆ ԱՅՍԻ՛ՆՉ ԱՄՍԱԹՎԻՆ
Արազ Դարեի, Անի Քրիստիի ու Սիդնիի
Երգերի հեղինակ
ԱՆԻ՛ՆԱՅԻ
«ՖԻԱ»
Հայ առաջին ֆենտեզի գիրքը
Գինը՝ 1500 (կարծեմ) դրամ

Ծանոթ չի՞ թվում: Այս և այլ հանգամանքները, որոնց թվում է գրքույկի պարունակության ընդհանուր որակը, հիմք են տալիս ենթադրել, որ Անինայի «Ֆիան» ոչ այլ ինչ է, եթե ոչ «Թագավորի Ընձուղտը» ոգեցունց ողբերգության հերթական մասը: Նման դեպքերում, եթե գովաբանական տաղեր արդեն երգում են, պարոն քննադատն էլ իր առավել անաչառ կարծիքը կհայտնի: Ու կհայտնի բավականաչափ բարձրաձայն, որ իրեն լսեն: Ի վերջո, գրքի ոչ հաջողության, ոչ էլ անհաջողության մեջ ես շահագրգռված չեմ:

Իսկ այ, «Թագավորի Ընձուղտից» հնարավորինս շատ ադեկվատ մարդկանց ապահովագրելը բարի գործ է:

Ծաղկաքաղ գրքից

Որպեսզի ստիպված չլինեմ վերլուծել գրքում տեղ գտած բոլոր սխալները, թերություններն ու անհաջող կողմերը, ինչը բուն գրքից ավելի ծավալուն կլինի, կներկայացնեմ ձեզ աշխատանքի մեջբերումների ծաղկաքաղ (մեկնաբանություններով), ինչն ավելի պերճախոս ու օբյեկտիվ կլինի գրքի պարունակության որակի վերաբերյալ, քան ցանկացած վերլուծություն:

Մեջբերումները չեն փոփոխվել ու բերվում են ըստ 2010 թվի հեղինակային հրատարակչության (ISBN 978-9939-53-888-4): Նույն ծաղկաքաղը  ներկա է Ակումբ.am-ում իմ Rhayader մականվամբ կատարած գրառման մեջ:

- Ադելա՜, Ադելա՜ (ուշադրություն շեշտադրությանը),- լսում էր Ադելան իրեն կանչող ձայնը:
- Որտե՞ղ եմ ես, ինչո՞ւ են ամենուրեք սպիտակ լույսեր, ո՞վ է ինձ կանչում, ի՞նչ նման է իմ ձայնին:
Անինա, «Ֆիա»

Հերոսուհի Ֆիան մյուս հերոսուհի Ադելայի մարմնում տրվում է հեղինակի մտքով անցած բոլոր «մեղքերին», այդ թվում՝ սեքսին, թմրադեղերին ու ռոք-երաժիշտների հետ ընկերությանը: Այսպիսով, 29-րդ էջում Լիկան ու Ադելան «լեսբիական կայֆերով» են (ինչպես արդեն նշեց Բարեկենդանը).

- Ես հոգնել եմ տղաներից, փորձել եմ ամեն ինչ, ուզում եմ զգալ կնոջ մարմինը... Լիկա՛ (անունների շեշտադրությունը սպանում է՝ Ադելա՛, Լիկա՛), ես ուզում եմ քեզ,- ասաց Ադելան՝ նստելով Լիկայի կողքին,- թող համբուրեմ, եթե դուրդ չգա, խոստանում եմ՝ այլևս չեմ առաջարկի, լա՞վ:

«Լեսբիական կայֆերի» նկարագրությունը հենց սրանով էլ ավարտվում է:
Մի էջ անց Լիկան պատրաստվում է մահանալ սպիդից (Ադելան էլ վենեքն է փրթել, բայց դա էական չի).

- Ինչը՞ նշենք,- մի կերպ աչքերը վերև բարձրացնելով՝ հարցրեց Ադելան:
- Իմ մոտալուտ մահը,- Լիկան այլևս չկարողացավ ծիծաղով քողարկել արցունքները, նրա մոտ հիստերիկ լաց սկսեց:

Սկիպ մինչև էջ 48՝ Լիկան հղի է.

Լիկան զարմացավ, երբ տեսավ Ադելային:
- Ու՞ր էիր կորել:
- Հետո կասեմ, փոշի, դեղ, ի՞նչ ունես, տու՛ր, մեռնում եմ, շու՛տ արա: Է՞ս ով ա,- մատնացույց անելով բազմոցին պառկած երիտասարդին՝ հարցրեց Ադելան:
- Չե՞ս հիշում, Դանիելն ա, էն որ մի ժամանակ առաջ իրար հետ էինք, էն որ մորս տանն էի հանդիպել, հիշեցի՞ր, համ էլ ապագա երեխայիս հայրն ա:

Իննը էջ (ու երևի ամիս) անց Լիկան ծնում է.

Ադելան կորցրել էր չափի զգացումը: Նրան այլևս ոչինչ չէր բավարարում: Լիկայի երեխան արդեն ծնվել էր, բայց նա նրան մանկատուն տարավ, որովհետև երեխան հիվանդ էր ծնվել:

Գրեթե միանգամից հաջորդում են հետաքրքիր մտքեր ռոք-մշակույթի ներկայացուցիչների մասին.

Նրանց նոր ընկերները՝ Մայն ու Թոմը պանկեր էին: Մի անգամ ռոք համերգից հետո նրանք ականատես եղան մի հետաքրքիր արարողության: Ռոք խմբի տղաներն ընտրում էին իրենց երկրպագուհիներից մեկին, որը պարտավոր էր դառնալ նրանց զոհն այդ գիշեր: Նրան բարձր ռոք երաժշտության տակ դաժան ծեծի էին ենթարկում, այնուհետև մարմնի ինչ-որ մասում դաջում էին իրենց խմբի անունը: Զարմանալին այն էր, որ շատ աղջիկներ երազում էին դառնալ նրանց զոհը, քանի որ փորձությունները բարեհաջող անցնելուց հետո մի ամիս ռոք խմբի տղաների քածն էին դառնում:

Ինչպե՞ս կարելի է սա որակել: Քյառթերի ներքին ֆոլկլյոր: Ոչ ավելին:


Հայտնվում է Դանիելը, պանկերը փախնում են, Դանիելի մարդիկ դանակահարում ու ճահիճն են գցում Ադելային ու Լիկային, պարզվում է՝ դա Լիկայի մոր պատվերով է, որի ամուսնու զարմիկն է Դանիելը, ու որը հարուստ է ու վախենում է, որ իր հեղինակությունը տուժի ապորինի երեխայից:
«Աննա» սերիալի նախադրյալներ կան, փաստորեն:
Սկիպ: Գլուխ տաս.

- Լսի՛, ես քեզ հարց տվեցի, չեմ հասկանում, խի՞ ես եկել, եթե ապուշի նման պիտի նստես: Ինձ պետք չի քո նման անտաղանդ փաստաբան:
- Լսի՛, Ադելա՛, եթե այստեղ գա նույնիսկ հանրապետության ամենալավ փաստաբանը, միևնույն է, դա քեզ չի օգնի: Իսկ այդ նկարներն էլ քո ու ընկերուհուդ նկարներն են, որտեղ պարզ երևում է, թե ինչպես եք ծակվում ու ձեր բազմաբովանդակ սեռական կյանքից մի քանի դրվագներ են ֆիքսված այդ նկարներում: Բավարարվա՞ծ ես:
- Քո նմանի կողքին չեմ կարող բավարարված լինել:
- Ես քո սեռական բավարարվածության մասին չեմ խոսում:

Ադելային դատում ու մեղավոր են ճանաչում («ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու մեջ») Լիկային սպանելու համար, քանի որ լավ պապայով Դանիելը մեղքն իրենց վրա է գցում: Ի միջի այլոց, մի լավ դրվագ ցուցմունքների վերաբերյալ, որը ցույց է տալիս հեղինակի ուրիշի ուղղակի խոսք կազմելու տաղանդը.

- Դե՛, իհարկե, երկու նարկումաններ իրար հետ վիճել են դոզի տակ, ինչքան գիտեմ փողի համար, իրար սուր գործիքով հարվածել են, և, դժբախտաբար, ավելի շուտ բարեբախտաբար կլիներ, եթե դու էլ մեռնեիր, երկու պարազիտ կպակասեր, բայց մեկն է մահացել: Էդ ես չեմ հորինել, դու ես ցուցմունքիդ մեջ գրել:
- Ես էտենց բան չեմ գրել:
- Երևի մոռացել ես, համ էլ կապ չունի ով ա գրել, կարևորը ստորագրել ես գրածի տակ:

«Գաղութում», ըստ Անինայի, մի տարի շարունակ կյանքը շոկոլադ է: Իսկ հետո սկսում է...

Ադելան արդեն գաղությում էր: Այստեղ գայլային օրենքներ էին գործում: Դատի օրվանից անցել էր ընդամենը մի տարի:
- Լսի, սիրունիկ, եթե ուզում ես էստեղ լավ ապրել, ուրեմն իմացի, որ երկու ձև ունես՝ կամ իմ ծիտն ես դառնում, կամ էլ փող ես մուծվում:
- Դու ո՞վ ես,- անտարբեր հարցրեց Ադելան իրեն մոտեցած անճոռնի էակին:
- Ես էս «գաղութ» կոչվող դղյակի էսպես ասած թագուհին եմ: Մի տարիդ արդեն անցել ա, մեր օրենքով պտի ապրես, ուզես, թե չուզես:
- Կորի՛ աչքիցս, հավեսդ չունեմ, եթե չես ուզում քեզ թագուհուց սպասուհի դարձնեմ,- նույն հանգիստ տոնով պատասխանեց Ադելան:
- Լավ ձև ես ընտրել հետս խոսելու համար, բայց քո նմանները դուրս գալիս են, չեմ սիրում, երբ շուտ են հանձնվում: Բայց զգույշ եղի, մանավանդ գիշերը, թե չէ ինչ ասես կարողա լինի: Պետք չի թուլանալ կամ երազներով տարվել: Հասկացա՞ր:

Նախ, սա ֆենտեզի չի: Ոչ մի կապ չունի ֆենտեզիի հետ: Երկրորդ՝ նույնիսկ գիրք սա անվանելն, ըստ իս, խելքին մոտ չի:

Ու մարդիկ սրա համար կռիվ են տալիս: Եթե մինչև կարդալս մեջս կասկած կար, որ միգուցե սխալվել են գնահատականումս, այժմ վստահ կարող եմ ասել. սա հայ առաջին ֆենտեզի գիրքը չի, սա *փախլավա* է:

Ֆե՞նտեզի

PR-խմբի ներկայացուցիչներից մեկը (որն Ակումբում է «գործողություններ ծավալել»), պնդում է, որ Անինայի «Ֆիան» գրականագետներն են որակել որպես ֆենտեզի: Ու հրաժարվում է գրականագետների անունները նշել: Ինչպես նաև, որ հեղինակն առաջարկներ է ստացել հեղինակավոր արտասահմանյան հրատարակչություններից: Թե որ հրատարակչություններից ու ինչ առաջարկներ, ու նույնիսկ որքան արտասահմանյան՝ էլի մնում է անպատասխան:

Քանի որ նա, սեփական պնդմամբ, հեղինակին միայն մեկ անգամ է հանդիպել, հիացել-ցնցվել ու տպավորվել, ինչի համար էլ պրոպոգանդում է այն, ինչ պրոպոգանդում է:
Կարճ ասած, որպեսզի գիրքը որակվի որպես ֆենտեզի, նրան պետք է երկու բան. արտահայտված սեթթինգ (համակարգված աշխարհ՝ լրիվ մտացածին, մերի վրա հիմնված կամ մերի «շեղված» տարբերակը՝ իր կանոններով, օրենքներով, աշխարհագրությամբ ու այլ բաներով), մագիայի համակարգ: Բացի դրանից, ֆենտեզին սովորաբար հենված է լինում հեքիաթային կամ առասպելաբանական հիմքի վրա: Դրանով էլ տարբերվում է, ասենք, մոգական ռեալիզմից:

Մյուս կողմից. արդյո՞ք ֆենտեզի է, ինչպես պնդում են PR-շիկներն, ամեն գիրք, որտեղ երևակայական, հորինված, մտացածին բան կա:

Աբսուրդ է: Ցանկացած ոչ վավերագրական գիրք իր մեջ պարունակում է երևակայական, հորինված ու մտացածին բաներ:

Որպես գիրքը ֆենտեզի անվանելու հիմք նշվում է նաև երևակայական աշխարհն, ուր ընկնում է Ադելան:

Ես այդ առումով արդեն հիշատակել եմ Պլատոնի Ատլանտիդային նվիրված դիալոգիաները, Թոմաս Մորի «Ուտոպիան», Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի Ճանապարհորդությունները», որոնք հաստատ չեն կարող դասակարգվել որպես ֆենտեզի:

Բացարձակապես ոչինչ չի խոսում այն մասին, որ «Ֆիան» ֆենտեզի է: Բացի գովազդից:
Խոսենք նաև կոնտեքստայի անհամապատասխանության մասին: Ընդհանուր դեպքում ի՞նչ երաժշտություն են լսում ֆենտեզի կարդացողները:

Գրեթե ցանկացած ժանրի ադեկվատ ֆանատ իր ցուցակում կնշի ռոք, մետալ ու ֆոլկ երաժշտության մի շարք ենթաժանրեր:

Քանի որ թեմատիկ ու տրամադրության համապատասխանություն կա: Ավելին՝ բազմաթիվ ռոք, մետալ ու ֆոլկ խմբերի անդամներ ֆենտեզիի երկրպագուներ են, ու դա արտահայտվել է նրանց երաժշտության վրա: Blind Guardian-ի «Nightfall in Middle-Earth» կոնցեպտուալ ալբոմն ամբողջությամբ նվիրված է Տոլկիենի «Սիլմարիլլիոնի» մի հատվածի, էլ չխոսենք Մուրկոկի, Ջորդանի ու այլ ֆենտեզի-հեղինակների աշխատանքների վրա հիմնված երգերի մասին: Ayreon-ը երգ ունի՝ նվիրված Միխաել Էնդեի «Անվերջանալի Պատմությանը»: Քրիստոֆեր Լին, որը սիմֆոնիկ մետալ ալբոմ է հանել, բացի բազմաթիվ այլ մետալ-խմբերի հետ համագործակցությունից, նաև «Մատանիների Տիրակալը» ֆիլմում Սարումանի դերակատարն է: Marillion խմբի անունն ինքը «Սիլմարիլլիոնի» կրճատած տարբերակն է:

Եվ այլն, և այլն:

Ու դուրս է գալիս գիրք, որը ոչ միայն չի պատկանում ժանրին, որն իրեն վերագրվում է, այլ նաև ժանրի պոտենցիալ երկրպագուներին մեղադրում է ինչ-որ տարօրինակ բաների մեջ:

Ու որպես գրքի տրամադրությունն արտահայտող երաժշտություն ներկայացնում է սկավառակ (ընդամենը հինգ րոպե տևողությամբ, ընդ որում), որի վրայի երաժշտությունն իր «պառկել, ընկնել, սողալ, ասեղ, ցավ, հոգի, վայելք» բառակույտով ոչ թեմատիկորեն, ոչ  երաժշտականորեն ֆենտեզիի հետ ոչ մի կապ չունի:

Էլ չխոսենք հայկական էստրադայի «աստղերի» համար երգեր գրելը որպես հեղինակի կրեդոյի հաստատում նշելու մասին:

Մայքլ Տոլկին

«Քնարական շեղում»:

Գրողների միության երիտասարդական թևի որոշ ներկայացուցիչներ Անինային հարցրեցին, արդյո՞ք նա կարդացել է Բրեդբերի, Ազիմով, Էքզյուպերի ու Տոլկիեն, Անինան բացասական պատասխան տվեց, ինչի հետևանքով ծաղրի արժանացավ:

Այսօր Անինայի պրոֆիլում «սիրելի գրքեր» կատեգորիայում երկու անուն է հայտնվել: Ռեյ Բրեդբերի ու... ՄԱՅՔԼ ՏՈԼԿԻՆ: Եթե չզգացիք հումորն, ապա նշեմ, որ Մայքլ Տոլկինը թեև իրոք գրող է, բայց ֆենտեզիի կամ «Մատանիների Տիրակալի», «Հոբբիթի», «Սիլմարիլլիոնի» ու «Հուրինի Զավակների» հեղինակ Ջոն Ռոնալդ Ռոուել Տոլկիենի հետ ոչ մի կապ չունի: Նույնիսկ ազգանուններն են տարբեր կերպ գրվում:

Այլընտրանքային սցենար. «Twilight»-ի փառքի թևերին

Ստեֆանի Մեյերի «Twilight» շարքը, որը որոշ վերապահումներով կարելի է վերագրել «գոթիկ ֆենտեզի» ժանրին, վերջերս դեռահասների շրջանում ամբողջ «Twilight»-ոմանիա է առաջացրել:

Ու, ինչն օրինաչափ է, դրանով մեծ մասամբ տառապում է հենց հայկական էստրադալ լսելու ընդունակ մասսան: Այլ կերպ ասած՝ մարդիկ, ովքեր ի վիճակի են հաճույքով դիտել «Աննա» հեռուստասերիալը, որին թեմատիկորեն ու որակապես մոտ է «Ֆիան»: Ահա թե որ ընթերցողին կարող է ուղղված լինել այս գիրքը:

Այլ կերպ ասած՝ կոմմերցիոն հաջողության հասած ոմն հեղինակի հաջողության փշրանքներից օգտվելու, փող աշխատելու փորձ: Ինչը ոչ մի դրական բան չի ասում գրքի որակի մասին:

Արդյո՞ք իմաստ ունի ներողամիտ գտնվել ու հեղինակին հնարավորություն տալ «աճել»:
Այդ մասին կարելի է դատել այնպիսի գործոններից, ինչպիսիք են.
  • ինչպես է հեղինակն արձագանքում քննադատությանը
  • հեղինակն աշխատանքի որ մասից է գոհ
  • ինչ միջոցներից է օգտվում գիրքը տարածելու համար
Դրանով կարելի է կանխատեսել հեղինակի «աճի» ուղղությունը: Այնպես որ, գուշակությունները թողնում եմ ձեզ:

Անձամբ ես կարծում եմ, որ Անինայից որևէ արժեքավոր գրական գործ սպասելն առնվազն միամտություն է:

Ապոլոգիա

Եթե ինչ-որ մեկին չափազանց խիստ կամ «ոչ պրոֆեսիոնալ» է թվում իմ քննադատությունը, թող կարդա աշխարհահռչակ կինոքննադատ Ռոջեր Էբերտի քննադատությունները, կամ ինչպես են հայ գրողներն արտահայտվել իրար նկատմամբ. օրինակ, Շիրվանզադեն՝ Դանիել Վարուժանի կոնկրետ բանաստեղծության մասին:

Սա իրականում ոչ թե արդարացում է, այլ կոչ՝ «հիմարություններ պետք չի ասել մի բանի մասին, որից պատկերացում չունեք»:

Ու բնավ չի նշանակում, թե Անինայի «Ֆիան» համեմատելի է Վարուժանի կամ Էբերտի քննադատած ֆիլմերից որևէ մեկի հետ:

Բնավ ոչ:

Վերջաբան
Իրոք վերջաբան, քանի որ այս հոդվածով ես սպառեցի Անինայի «Ֆիայի» մասին ասելիքս ու այլևս չեմ պատրաստվում դրան անդրադառնալ այս ֆորմատով ու ծավալով:

«Ֆիան» կարող եք գտնել ու ըստ ձեր խղճի և ճաշակի գնահատել Goodreads համակարգում՝ ահա հղումը:

Ողջ եղեք, ու շնորհակալություն ընթերցանության համար:
Բայանդուր Պողոսյան

No comments:

Post a Comment