«... Քանզի այն բանը, որ չի պատկանել,
Չի կարող լինել ողջ կամ միայնակ»:
Ու. Բ. Յեյթս
Փորձեցի բացել աչքերս, բայց դա ոչինչ չփոխեց՝ առջևս սև էր: Ասես կուրացել էի: Սկզբում վախեցա, հետո փորձեցի գոռալ: Ձայնս ինչ-որ խուլ ու փշրված հնչեց: Զգացի, որ ինչ-որ ականջակալ հիշեցնող բան է սեղմված ականջներիս: Ձեռքերս ու ոտքերս կապիչներով ամրացված էին աթոռին, որ չկարողանամ շարժվել:
Ոտքիս թաթով շոշափեցի գետինը. այն սառն էր, ծածկված ինչ-որ լպրծուն հեղուկով: Երբ փորձեցի գլուխս շարժել, այրող ցավ զգացի ծոծրակիս վրա: Շարժումը բացեց վերքս, տաք արյունը սկսեց հոսել մեջքովս ներքև: Վերնաշապիկս տհաճ կերպով սոսնձվել էր մարմնիս. սարսափով մտածեցի, որ գետնի լպրծուն հեղուկն ընդամենը մակարդվող արյուն էր: Արյան կորուստը կարող էր բացատրել, թե ինչու էի այդքան թուլացած, ինչու էր գլուխս ցավում ու պտտվում, ինչու էր ականջներումս հնչում այն նույն սուլոցը:
«Բաց թողեք ինձ»:
Ուզում էի գոռալ, բայց չհաջողվեց: Ինչ-որ թուլացած մրմունջ դուրս եկավ բերանիցս:
«Ժամը 5:47 է, փորձի երկրորդ օրը: Օբյեկտ 374-ը վերջապես շարժվեց: Արյուն շատ է կորցրել, բայց Դևը դեռ միջից դուրս չի եկել: Չի աղոթում: Գլուխը շարժելու պատճառով վերքերը բացվեցին: Պահանջեց, որ իրեն ազատեն: Ազատության պատրանքը Դևի արտահայտումներից է: Նա պետք է հասկանա, որ միայն Փրկիչը կարող է նրան ազատել: Շարունակում եմ հետևել»:
Փորձեցի բացել աչքերս: Ես միայնա՞կ եմ: Չեմ կարողանում հասկանալ: Անասելիորեն ծարավ եմ:
«Ջուր տվեք»:
Ոչ ոք չպատասխանեց: Ես մենակ եմ այստեղ: Գոնե ինչ-որ մեկը լիներ:
«Մենակ մի թողեք ինձ»:
Ականջներս շարունակում էին սուլել, զգացի, որ ջերմում եմ: Երբեք ոչ մի բանի հետ չեմ շփոթի այդ զգացողությունը: Մոռացության մեջ աչքիս առջև անասելի մանր ու փափուկ փոշու շերտ է անցնում, ինչ-որ փափուկ ու փոշոտ սնկեր, բլուրներ: Կատաղեցնում է, ասես փափուկ բան լինի ծնոտներիդ արանքում: Ու հանկարծ կրծքումդ ինչ-պր բան պատռվում է, առջևիդ պատկերը վերածվում է ճմրթված թերթի, կտրուկ, կատաղի ու հիվանդագին: Հետո, երբ հանգստանում եմ, նորից: Էլ ոչինչ չէի զգում:
«Ժամը 6:21 է, Օբյեկտ 374-ը ջերմում է: Բնական հակազդեցություն է, երբ մաքուր Հոգին հայտնաբերում է Դևին ու սկսում պայքարել: Օբյեկտը բուժման ճանապարհին է: Ջուր տալ չի կարելի, քանի որ դա կթեթևացնի նրա տանջանքներն ու Հոգին էլ չի պայքարի»:
Փորձեցի բացել աչքերս: Պայծառացման առանձին պահերին հասկանում էի, որ մահանում եմ, հետո նորից ընկնում մոռացության մեջ: Հիշում էի փոքր ժամանակվա առաջին տենդս. թոքերի բորբոքումով պառկած էի: Դժվար տարիներ էին, ինձ ոչ ոք գրիչ չէր տալիս: Հիշեցի, ինչպես էի դրանից առաջ գրիչների միջուկներից դատարկում թանաքն ու կրակի վրա պահելով՝ փչում: Մեծ, պինդ փուչիկներ էին ստացվում: Ափսոսացի:
«Հայրիկ, գրիչ եմ գտել»:
Անասելի ծարավ էի: Աչքերիս առաջ ջուր էր, քիմքով զգում էի ծորակի ջրի սառնությունը, զգում էի այն ստամոքսում, բայց ջուր չկար: Անասելի տանջալի էր: Երբ մի փոքր սթափվեցի, զգացի, որ գալարվում եմ աթոռի վրա:
«Ժամը 8:40 է, Օբյեկտ 374-ի տենդը հասել է գագաթնակետին: Շուտով նա ցույց կտա իր Դևին: Բժիշկ Մարիկեն պնդում է, որ մեր առաջխաղացումն ակնհայտ է: Մնում է սպասել»:
Փորձեցի բացել աչքերս: Անտանելի էր: Անընդհատ ճմրթվող փոշի: Անընդհատ փափուկ սնկեր:
- Մամա, մամա, ջուր տուր: Մամ:
Անընդհատ փոշի ու ճմրթած թուղթ: Մի՞թե ես միայնակ էի: Չէի ուզում միայնակ մահանալ: Չէի ուզում: Նետվեցի առաջ, պոկեցի աթոռի թիկնակն ու առաջ վազեցի: Հարվածեցի սառը պատին, բայց այրվող այտիս հպումը դրան հաճելի էր: Հենվեցի պատին:
Հարվածն անակնկալ էր: Ինչ-որ մեկը փայտով հարվածեց փորիս:
- Միայնակ չե՛մ,- հաղթական գոռացի ես:
Ես միայնակ չէի, ու դա այն ամենն էր, ինչ ինձ պետք էր:
- Ինձ ոչ ոք երբեք չի սիրել: Գոնե հարվածիր, որ իմանամ՝ միայնակ չեմ...
Հաջորդ հարվածը ծոծրակիս էր, ու ես ընկա: Այն, ինչը փակում էր աչքերս, հարվածից պոկվեց: Երրորդ հարվածը գլխիս եկա, հետո՝ կրծքիս: Կծկվեցի ու հասցրեցի տեսնել կիսախավարում բերանիցս գորշ գետնին հորդացող արյունը: Հետո ամեն ինչ խամրեց:
«Ժամը 10:00 է, Օբյեկտ 374-ը ագրեսսիվ վարք է դրսևորում: Ստիպված ենք ոչնչացնել նրան: Ոչնչացման պրոցեդուրան՝ ստանդարտ»:
Ականջներիս սուլոցը շարունակականից վերածվեց բաբախողի, աստիճանաբար դանդաղեց: Հետո ես սկսեցի նրա մեջ տարբերել խոսքեր ու միանգամից հասկացա, թե ում ձայնն էր. Աստված էր խոսում.
«Գիտե՞ս, այստեղ խոտը մինչև դեկտեմբեր կանաչ է մնում: Ես երևի այնքան չեմ ապրել, որ մոռացել եմ, թե ինչպես են թռչունները չվում աշնանը: Ոչ, նրանք չեն չվում, նրանք մտնում են հողի տակ, իսկ հողի տակ տաք է, գիտե՞ս: Հետո գարնանը կանաչ խոտի տեսքով դուրս են գալիս հողի տակից: Դրա համար էլ խոտն այստեղ միշտ կանաչ է: Ասում են, որ եթե ականջդ հպես խոտին, կլսես թռչունների ձայները: Գիտե՞ս, ես վախենում եմ ձմռանից: Ես էլ եմ ուզում մտնել հողի տակ, որպեսզի չմահանամ, որպեսզի գարնանը խոտը նորից կանաչ լինի: Բայց նաև վախենում եմ, որ ոչ ոք ականջը գետնին չդնի, որ ոչ ոք չլսի իմ ձայնը: Վախենում եմ, որ ինձ մոռանան...»
«Ժամը 10:15 է: Օբյեկտ 374-ը սատկեց: Քյոնինգը կախտահանի սենյակը: Օբյեկտ 375-ն արդեն 23 ժամից ավել է, ինչ ստացել է իր ներարկումը: Ժամը 12:00 կրկնում ենք փորձը: Հաջողություն մաղթեք ինձ»:
2009, Երևան
No comments:
Post a Comment