Tuesday, February 15, 2011

Ռոջեր Ժելյազնի, «Այստեղ վիշապներ են ապրում»

ՌՈՋԵՐ ԺԵԼՅԱԶՆԻ
Այստեղ վիշապներ են ապրում
Բ. Պողոսյանի թարգմանությամբ

ԳԼՈՒԽ I
Շատ-շատ վաղուց մի թագավոր էր ապրում, որը թագավորում էր մի շատ փոքր թագավորությունում: Իրոք, նրա թագավորությունն այնքան փոքր էր, որ շատ մարդիկ անգամ չգիտեին, որ այն գոյություն ունի: Թագավորն, ինչևէ, կարծում էր, որ իր թագավորությունը բավականաչափ մեծ է թագավորության համար: Դրա պատճառն այն էր, որ տեղանքը շրջապատված էր դժվարանցանելի լեռներով: Այդ լեռների պատճառով ճանապարհորդները թագավորությունով անցնելուն նախընտրում էին շրջանցել այն: Ու չափազանց քիչ մարդիկ էին երբևէ լքում թագավորությունը, որ վերադառնային ու պատմեին ուրիշ երկրների մասին: Մարդիկ շատ էին վախենում դա անել: Նրանք վախենում էին վիշապներից:
Հաշվի առեք՝ նրանք երբեք վիշապներ չէին տեսել, բայց վախենում էին նրանցից: Պատճառն այն էր, որ, թագավորության բոլոր քարտեզներից դատելով, նրանք շրջապատված էին վիշապներով. այստեղ վիշապներ են, այնտեղ վիշապներ են, ամենուրեք վիշապներ են, ու այդ ամենը՝ պարոն Գիբբերլինգի պատճառով:
Պարոն Գիբբերլինգն Արքայական Քարտեզագիր էր (այսինքն՝ նա պաշտոնական քարտեզներ պատրաստողն էր): Պարոն Գիբբերլինգն Արքայական Քարտեզագիր էր, քանի որ նրա հայրն ու պապը նույնպես Արքայական Քարտեզագիրներ էին: Պարոն Գիբբերլինգն իր մասնագիտությունը սովորել էր իր հորից, որն էլ իր հերթին այն իր հորից էր սովորել: Քանի որ մարդիկ այնքան էլ հաճախ չէին այցելում թագավորությունն, ու թագավորի հպատակներն էլ հազվադեպ էին անցնում լեռները, Արքայական Քարտեզագրի համար դժվար էր իմանալ, թե ինչ պատկերել քարտեզների վրա՝ թագավորությունից դուրս ընկած տարածքները ներկայացնելու համար: Այսպիսով, ինչպես նա սովորել էր իր հորից (որն էլ իր հերթին դա իր հորից էր սովորել), երբ նա չգիտեր, թե ինչ պատկերի որևէ կոնկրետ վայրի համար, պարոն Գիբբերլինգը վերցնում էր իր փետուրն ու լայն շարժումով (ու գեղեցիկ տառերով) գրում.
«ԱՅՍՏԵՂ ՎԻՇԱՊՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ»
Հետո նա ժպտում էր, քանի որ նոր տարածքն էր բացատրել: Իհարկե, քանի որ նա իրականում չգիտեր, թե ինչ է լեռների հետևում ցանկացած ուղղությամբ, շուտով այնպես ստացվեց, որ ամբողջ աշխարհում վիշապներ էին վխտում (նա իր գրածի տակ կրակ շնչող, մռնչացող ու թևերը թափահարող վիշապների փոքրիկ նկարներ էր պատկերում, ինչն, իհարկե, չէր նպաստում զբոսաշրջությանը):
Ահա թե ինչու էին բոլորը վախենում վիշապներից, որոնց երբեք չէին տեսել: Եթե քո հայրիկը պատրաստվեր մեքենան բենզալցակայան քշել, ճանապարհային քարտեզով նայեր, ու այնեղ գրված լիներ՝ «ԱՅՍՏԵՂ ՎԻՇԱՊՆԵՐ ԵՆ ԱՊՐՈՒՄ», ու պարոն Գիբբերլինգի նկարածների նման փոքրիկ նկար լիներ, հայրիկդ ուրիշ ճանապարհ կընտրեր: Այսպիսով, քանի որ թագավորության բոլոր քարտեզներն ամենուրեք կրակ շնչող չար վիշապներ էին ցույց տալիս, թագավորության բոլոր բնակիչները մնում էին տանը, քանի որ ուրիշ ճանապարհներ պարզապես չկային:

No comments:

Post a Comment