Բայանդուր Պողոսյան
Թատերական բեմականացում երկու տեսարանով
Գործող անձինք.
Ադամ, 25-ից 28 տարեկան նիհար, բարձրահասակ երիտասրարդ
Աննա, 16-ից 20 տարեկան օրիորդ, նիհար, միջահասակ, Ադամի հարսնացուն, ուսանողուհի
Մայքլ, մոտավորապես Ադամի տարիքի երիտասարդ, ավելի խոշորամարմին: Նրա ներկայությունը զուտ սիմվոլիկ է:
Տեսարան 1, մութ սենյակ, աղոտ կարմիր լուսավորություն: Կենտրոնում՝ երկտեղանի անկողին, որի վրա պառկած են Ադամն ու Աննան, իսկ նրանց միջև՝ Մայքլը: Աննան գրկել է Մայքլին, իսկ Ադամը կծկվել է անկողնու ծայրին: Նրա աչքերը կապված են սև շղարշով: Անկողնու մոտ թափթփված են Աննայի ու Ադամի շորերը: Էկրանը ցույց է տալիս անկողինը խոշոր պլանով, վերևից: Ձայները հնչում են շշուկով, բայց անբնականորեն բարձր ու չոր:
Լռություն, որը չի խախտվում մոտ յոթ րոպե: Գործող անձինք չեն շարժվում:
ԱԴԱՄ - Դու քո երեսը հիշու՞մ ես:
Աննան գլուխը դնում է Մայքլի կրծքին, կարծես Ադամին նայելու համար, բայց աչքերը չի բացում:
ԱՆՆԱ - Ի՞նչ:
ԱԴԱՄ - Գիտե՞ս, Աննա, ես քո երեսը հիշում եմ. կարամ ցանկացած պահի փակեմ աչքերս ու պատկերացնեմ քեզ: Մեր բոլոր ծանոթների երեսներն էլ հիշում եմ: Բայց իմը չեմ հիշում: Այսինքն, ես գիտեմ, ինչ գույնի աչքեր ունեմ, ինչ գույնի մազեր, ինչ քիթ: Բայց հենց երեսը չեմ հիշում: Կարամ ժամերով նայեմ հայելուն, բայց հենց դադարեցնեմ, պատկերը փախնում ա:
Աննան մեջքով շուռ է գալիս դեպի պատը, պինդ փաթաթվում վերմակի մեջ:
ԱՆՆԱ - Լսի, դա իհարկե շատ լավ ա, բայց ես վաղը առավոտը շուտ դասի եմ: Համ էլ, չեմ հասկանում, ինչի մասին ես խոսում:
ԱԴԱՄ - Էն մասին, որ եթե ինքս ինձ հանդիպեմ փողոցում, կարող ա չճանաչեմ: Փախած ա:
Աննան անփույթ շարժումով վերմակը շպրտում է վրայից: Մայքլը հանգիստ վեր է կենում անկողնուց ու հեռանում տեսադաշտից: Ադամը ծածկում է Աննային ու համբուրում մազերը:
ԱԴԱՄ - Ես քեզ սիրում եմ, ջան:
Լույսը դանդաղ մարում է: Եվս երեք րոպե լռություն:
Վերջ առաջին տեսարանի:
*
Տեսարան 2, նույն տեղը, Ադամը պառկած է մեջքի վրա, Աննան ծալապատիկ նստած է նրա ոտքերի մոտ: Կարմիր լուսավորությունը չկա, դրա փոխարեն Աննայի վրա է ընկնում լպիտակ լույսի կուրացուցիչ վառ փունջ: Աննան այն փոքրիկ հայելու միջոցով ուղղում է Ադամի աչքերի մեջ, որոնք դեռ կապված են: Ադամն արթնանում է, արմունկով ծածկում աչքերը: Աննան ծիծաղում է:
ԱՆՆԱ - Սիրում եմ նայել, թե ոնց ես քնում:
Ադամը բարձը հարմարեցնում է մեջքի տակ ու նստում:
ԱԴԱՄ - Բա դասե՞րդ: Ախր ուշացել ես:
ԱՆՆԱ - Գրողի ծոցը դասերը: Էսոր չեմ գնա:
Աննան կողք է դնում հայելին, չորեքթաթ մոտենում Ադամին ու համբուրում շրթունքները: Հետո հետ է գնում իր տեղը ու նորից ծալապատիկ նստում:
ԱՆՆԱ - Ինչի՞ ես տխուր:
Ադամը լռում է:
ԱՆՆԱ - Ասա, էլի, ի՞նչ ա եղել: Լսի, կներես գիշերվա համար, ես քնած էի:
ԱԴԱՄ - Չե, պրոբլեմը դրանում չի, պրոբլեմը ընդհանրապես քո մեջ չի:
ԱՆՆԱ - Իսկ ինչի՞ մեջ ա:
ԱԴԱՄ - Դե, օրինակ, ես երեկ պարզեցի, որ կարմիրի ու կապույտի միջև միակ էական տարբերությունը էն ա, որ մեկի անունը կարմիր ա, իսկ մյուսինը՝ կապույտ:
ԱՆՆԱ - Իսկ էլ ինչի՞ մեջ պիտի լիներ տարբերությունը:
ԱԴԱՄ - Դե, առաջ ես գիտեի, թե նրա մեջ ա, որ մեկը կարմիր ա, իսկ մյուսը՝ կանաչ: Նույն ձևի էլ մարդկանց առումով: Հասկացա, որ իրանց իննսունինն ու ինը տոկոսը նույնն են:
ԱՆՆԱ - Բայց դու՛, դու ուրի՛շ ես:
ԱԴԱՄ - Չե, Աննա, ես էլ եմ նույնը: Բոլորը դատարկ ու անիմաստ են, բայց նույն չափով, ինչ ես:
ԱՆՆԱ - Որ տենց ես խոսում, ինձ թվում ա, թե իզուր եմ ապրում: Ես է՞լ եմ տենց:
ԱԴԱՄ - Չե, դու ուրիշ ես:
ԱԴԱՄ, կողք նայելով - Ես ստիպված եմ խաբել համ իրան, համ ինքս ինձ: Ախր սա իմ ամենամեծ վախն ա:
ԱԴԱՄ - Վերջի երեք ամիսը ոնց որ անդունդի մեջ ընկնեմ: Ասում ես, ինքս իմ մե՞ջ պատճառ ման գամ: Էդ նույնն ա, ինչ փորձեմ փախնել նույն դռնով, որ ինձ հետ միասին ընկնում ա: Ես մենակ եմ: Չգիտեմ, ում հետ ես դու, բայց ոչ իմ:
ԱՆՆԱ - Լսի, զգու՞մ ես, թե քանի անգամ ասեցիր ''ես'', ''իմ'', ''ինձ'': Ես հոգնել եմ էս ամեն ինչից: Էդ ես եմ մենակ, որովհետև դու ինձ քո աշխարհ չես թողնում:
ԱԴԱՄ - Սովորացրու՛ ինձ ուրեմն: Սովորացրու՛ ինձ ապրել:
ԱՆՆԱ - Կներես, չեմ կարա: Ինձ ա պետք մեկը, որ ինձ ապրել սովորացնի:
Մայքլը մոտենում է անկողնուն ու ձեռքը դնում Աննայի ուսին:
ԱԴԱՄ - Էդ բոլորը պատրվակներ են: Իրականում ստեղ երրորդ մարդ կա: Դուք ինձ խաբում եք: Դրա համար ես աչքերս կապել:
ԱՆՆԱ - Բա էլ ո՞նց ես ասում, որ ինձ սիրում ես, եթե վստահությունդ էդքան ա: Դե, հանի կապը, տես, կա՞ մարդ, թե չե:
Ադամը ձեռքը մոտեցնում է շղարշին, բայց հետո վախեցած հետ քաշում:
ԱԴԱՄ - Չե, կներես, հիմարություններ եմ ասում: Ստեղ բացի մեզնից ոչ մեկը չկա:
ԱՆՆԱ, կողք նայելով - Հա, մենք իրան խաբում ենք, բայց ոչ մեկը դա էնքան չի ուզում, ինչքան ինքը: Որ ինքը չուզեր, մեզ մոտ ոչ մի բան էլ չէր ստացվի:
ԱԴԱՄ, կողք նայելով - Ես կարամ քեզ կորցնեմ, բայց կմեռնեմ, եթե հավատս կորցնեմ քո նկատմամբ:
Աննան ու Մայքլը մոտենում են Ադամին ու ուղիղ իր քթի տակ համբուրվում:
ԱՆՆԱ, շատ սառը - Ես պետք ա գնամ: Մեզ պետք ա ժամանակավորապես բաժանվել, որ մտքռներս կարգի բերենք:
ԱՆՆԱ, կողք նայելով - Տեսնես հասկանու՞մ ա, որ էլ հետ չեմ գա:
Աննան հագնվում է:
ԱԴԱՄ - Արի ձևացնենք, թե վաղը նորից հանդիպելու ենք:
ԱՆՆԱ, կողք նայելով - Հասկանում ա:
ԱՆՆԱ, շատ սառը - Լավ, ոնց ասես: Վաղը 7-ին, Սարյանի արձանի մոտ: Կինո կգնանք:
Աննան ու Մայքլն իրար գրկած գնում են:
ԱԴԱՄ - Մի գնա: Խնդրում են:
Ադամը նորից պառկում է: Մարմինը ցնցվում է հեկեկոցից: Հետո նորից կծկվում է անկողնու եզրին:
Լույը մարում է:
Վերջ երկրորդ տեսարանի:
No comments:
Post a Comment