Wednesday, February 16, 2011

Ճոճիր ինձ

Բայանդուր Պողոսյան

Օր առաջին
Ես քայլում էի՝ սիրում եմ քայլել: Ցրտից պնդացած ձյունը չոր-չոր ճռթճռթում էր ամեն քայլիս հետ: Թվում էր՝ օդն էլ էր նույնքան ճռթճթան, սակայն այն հնչեցնելու համար ավելի նուրբ բան էր պետք, քան սառած ոտքերս:
Տեղերը, որտեղով քայլում էի, անծանոթ էին՝ համենայն դեպս, այդպես էի մտածում: Բայց չնայած դրան՝ ինչ-որ բան ուղղորդում էր քայլերը, ու գիտեի, թե որտեղ եմ գնում: Ձյունը ծածկել էր գետինը, բայց ինչ-որ կերպ գիտեի՝ ձյան տակ սալահատակ էր:
Միգուցե այս ամենը ձեզ տարօրինակ թվա: Մտքերով այնքան էի տարված, որ չէի էլ փորձում հասկանալ՝ ինչու՞, ինչպե՞ս: Կոնկրետ մտքեր չէին. ավելի շուտ տարված էի ձյան անկանոն նախշերով, որոնց հետևում էի ու կրկնում սառած գիտակցությանս մեջ:
Չզարմացա, երբ հին, լքված մանկական խաղահրապարակի հասա: Ջարդված ու ժանգոտած ճոճանակներն ու նստարանները ծածկված էին ձյունե գդակներով: Այնտեղ նստած էր նա՝ միակ սարքին ճոճանակի վրա: Կիսախուփ աչքերով նայում էր սառը, սպիտակ ձմեռային արևին ու մեղմորեն օրորում ինքն իրեն՝ մի ոտքով հրվելով գետնից:
Խոսել չէի ուզում, բայց նա չեր խանգարում միայնությանս: Կարծում եմ՝ չնկատեց նույնիսկ: Նույն անմռունչ հանգստությամբ ճոճվում էր ու նայում արևին:
Նստարաններից մեկը մաքրեցի ձյունից ու նստեցի: Երևի շատ զվարճալի տեսք ունեի սպիտակ, մանկական տեսքի վերարկուով ու շագանակագույն բերետով: Բայց ի՞նչ էական էր:
Չգիտեմ՝ ինչու սկսեցի աչքիս տակով նայել նրան: Միջահասակ էր, հարդարված շագանակագույն մազերով: Դիմագծերը նուրբ էին՝ գրեթե կանացի, բայց կզակը հուշում էր կամային խառնվածքի մասին:
Հանգիստ ճոճվում էր իր ճոճանակի վրա, առանց որևէ մեկին կամ որևէ բան նկատելու: Ճոճանակը ռիթմիկ ճռճռում էր, բայց այնքան մեղմ, որ շուտով մոռացա դրա գոյության մասին ու մի փոքր նիրհեցի:
Երբ ուշքի եկա, արևն արդեն թեքվում էր հորիզոնի կողմը: Նա դեռ իր տեղում էր՝ կարծես ընդամենը մի քանի վայրկյան էր անցել: Վեր կացա ու շփեցի ցրտից թմրած ձեռքերս: Ժամանակն էր տուն վերադառնալ:
Օր երկրորդ
Նորից եկա այնտեղ՝ ինքս էլ չեմ հասկանում, թե ինչու: Երևի պատճառը նույնն էր՝ ոտքերս ձյան նախշերով տարված գիտակցության կողմից մոռացված մարմինը տարան մարդկանցից մոռացված այդ վայրը:
Նա էլ էր այնտեղ՝ անփոփոխ, ինչպես ինքը՝ խաղահրապարակը: Էլի նույն դիրքում նստած՝ ճոճվում էր:
- Բարև,- ասացի ես:
Նա բացեց կիսախուփ աչքերը, թեթևակի ժպտաց:
- Բարև:
Նորից ձյունից մաքրեցի նստարանն ու նստեցի: Ձայնը մեղմ էր ու խորը, բայց տարօրինակ զգացողություն ունեցա՝ կարծես այն գլխումս հնչեց, ու մի վայրկյան անց մոռացա նույնիսկ հնչողությունը: Իսկ զգացողությունները մնացին:
Քամին մի փոքր սառն էր: Այդ ժամանակ հասկացա, որ նրան էլ են հատուկ մարդկային գծեր՝ ավելի պինդ էր փաթաթվել իր թիկնոցի մեջ: Փաստորեն, մրսում էր:
Արևը մի փոքր տաքացնում էր, բայց դա ավելի անտանելի էր դարձնում քամու սրությունը: Խրվեցի վերարկուիս մեջ ու սկսեցի ուսումնասիրել շրջապատս: Ամենուրեք սև, սմքած ծառեր էին երկինք մեկնված ոսկրոտ, պառավական ձեռքերի նման: Ասես անիծում էին երկինքն իրենց ողորմելի վիճակի համար:
Ու ձյուն էր՝ շատ, խորը, ծայրն էլ չէր երևում: Ձյուն, ծածկված անկանոն, տարօրինակ նախշերով, որոնք այդքան գերել էին միտքս այդ օրերին:
Օր երրորդ
- Դու միշտ այստե՞ղ ես:
Նա բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
- Բարև:
Մի փոքր շփոթված զգացի՝ անքաղաքավարի էր հենց այնպես մոտիկանալ անծանոթ մարդու ու տարօրինակ հարցեր տալ, նույնիսկ առանց բարևելու:
Բայց նա չնկատեց կամ չնկատելու տվեց շփոթմունքս:
- Վերջերս ես իսկապես շատ ժամանակ եմ անց կացնում այստեղ: Տարօրինակ է, չէ՞: Ինձ այսեղ դուր է գալիս: Բայց դու պետք է որ ինձ հասկանաս: Դու էլ հաստաատ ինձ դիտելու համար չես գալիս:
Եղանակն այդ օրը լավն էր՝ քամի չկար: Հաճելի էր մաշկով ու ոսկորներով զգալ արևի հանգիստ ջերմությունը:
Մի փոքր հապաղելով, նա ասաց.
- Կուզե՞ս ճոճվել: Ես կօգնեմ:
Լեզուս խոսեց արագ, նախքան կհասցնեի մտածել:
- Ներիր, ամուսնացած եմ:
Ստանդարտ պատասխան էր, որ տալիս էի բոլոր տղամարդկանց, որոնք սիրալիրություն էին արտահայտում: Երևի շատ էի ցանկանում հավատալ չկայացած ամուսնությանս:
Նա նույնիսկ չզարմացավ: Պարզապես նայեց բարեհոգի, մինչև ոսկորներս թափանցող հայացքով ու ասաց.
- Իսկ մի՞թե ես ժամադրություն առաջարկեցի: Պարզապես ճոճվել: Իհարկե, եթե ցանկանում ես:
- Ինչպես կուզես,- ձայնիս հնարավորին չափ շատ անտարբերություն հաղորդեցի: Իսկ ինչ էի ուզում այդ պահին իրականում՝ չգիտեմ:
Նա հանգիստ վեր կացավ. նստեցի ճոճանակին ու դադարեցի մտածել: Նորից սև ծառերն էին ու ձյան հակատրամաբանական նախշերը, որոնք այդքան համապատասխանում էին հոգուս ընդարմացած վիճակին:
Միայն թե այդ որն ամեն ինչ արդեն ստատիկայի մեջ չէր՝ խաղահրապարակը դանդաղ, սահուն կերպով օրիրվում էր հայացքըս առաջ:
Մի քանի ժամ նա առանց ձանձրույթի նշույլի հրում էր ճոճանակը: Ամեն ճոճման հետ ես ավելի ու ավելի էի ընկղմվում նիրհի մեջ: Ճոճվող սպիտակ հող ու սև, սմքած ծառեր: Արդյո՞ք սա էր, ինչ մնացել էր կյանքիցս:
Արթնացա, երբ սկսեց ցրտել:
- Շնորհակալ եմ,- ասացի նրան ու իջա ճոճանակից:
- Միշտ ուրախ եմ: Ես կարծում եմ՝ սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ մինչ վաղը:
Չպատասխանեցի:
Օր չորրորդ
Կարծում եմ՝ ավելորդ կլինի ասել, որ նա ճիշտ էր: Չեկա նրա համար՝ պարզապես արեցի այն, ինչ պետք է անեի, ու այլ կերպ լինել չէր կարող: Նորից նստեցի նստարանիս ու փորձեցի հետևել ձյան ու ծառերի տարօրինակ խաղին, որտեղ նույնիսկ ամենակատաղի շարժումները սառել էին ստատիկայի մեջ:
Ինչ-որ բան այն չէր, ինչ-որ բան արհեստական էր:
Նա այնտեղ էր՝ ինչպես միշտ նստած էր իր ճոճանակին ու հանգիստ ճոճվում էր: Մոտեցա նրան ու ասացի.
- Կճոճե՞ս ինձ:
Նորից բարձրացրեց հայացքն ու ժպտաց:
- Բարև: Իհարկե: Ես մտածում էի, որ դու կուզես ճոճվել, բայց որոշեցի թույլ տալ քեզ ինքնուրույն ընտրել:
Օր հինգերորդ
- Ի՞նչ է քո անունը:
- Իսկ մի՞թե դա նշանակություն ունի: Դու ամուսնացած ես, իսկ ես երկու օրից մեկնում եմ:
Ձյունն ու ծառերն արդեն անհամեմատ պակաս հետաքրքիր էին, քան այս տարօրինակ մարդը:
- Մեկնու՞մ ես: Որտե՞ղ: Ինչու՞:
- Դա էլ էական չի: Չփչացնենք ամեն ինչ, լա՞վ:
- Ինչպես կուզես: Միայն թե շարունակիր ճոճել, լա՞վ:
Օր վեցերորդ
Այդ օրը ես գնացի խաղահրապարակ շատ ծանր մտքերով լի: Գիտեի, որ վերջին անգամ եմ նրան տեսնում: Ինչպես միշտ, նա նույն խաղաղ տեսքով նստած էր ճոճանակին ու դանդաղ օրորվում էր:
- Վաղը գնու՞մ ես,- հարցրեցի ես, մոտենալով ճոճանակին:
- Բարև: Այո, վաղուց ժամանակն է: Ես առանց այդ էլ շատ եմ դոփել տեղում: Պետք է առաջ գնալ, շարունակել ապրել:
- Կարելի՞ է քեզ գրկել:
- Եթե ցանկանում ես:
Կանգնեց: Գրկեցի, գլուխս թաղելով թիկնոցի ծալքերի մեջ: Նա էլ գրկեց ու քնքշորեն շոյեց գլուխս: Հանկարծ դեմքս բարձրացրեցի ու փորձեցի շրթունքներովս որսալ նրա շրթունքները՝ չգիտեմ, թե ինչու:
Նա հանգիստ մատը դրեց շրթունքներիս ու ասաց.
- Պետք չի: Միայն ամեն ինչ կփչացնես:
Նորից թաղվեցի նրա թիկնոցի մեջ, սկսեցի լաց լինել:
- Մի լացիր, խնդրում եմ:
Նրա աչքերն էլ էին լցված:
Միայն աչքերս ազատելով հարցրեցի.
- Կճոճե՞ս: Խնդրում եմ:
Նրա շարժումներն ավելի հուզառատ էին, քան երբևէ, բայց առաջվա քնքշությունը չէր կորել:
- Ավելի ուժեղ, խնդրում եմ: Ավելի: Ավելի...
Ճոճքն աստիճանաբար կատաղի դարձավ: Լացում էի ու ծիծաղում, կորսվելով այդ ողբալի էյֆորիայի մեջ:
Օր յոթերորդ
Խաղահրապարակը դատարկ էր: Նրա ճոճանակը թեև թեթևակի ճոճվում էր քամուց, բայց դարձել էր նույնչափ անկենդան ու դատարկ, ինչպես սառած, փխրուն ձյունն ու իրենց անիմաստ անեծքի մեջ քարացած ծառ-չանչերը:
Մաքրեցի նորից ձյունով ծածկված նստարանս ու նստեցի: Ասելի չի, թե ինչքան ընկճված էի: Մի ժամ սպասելուց հետո հանեցի հեռախոսս ու հավաքեցի նրա հեռախոսահամարը, որն ինքն էր տվել նախորդ օրը: Զբաղված էր: Փորձեցի նորից՝ էլի նույնը:
Ու հանկարծ հասկացա: Նայեցի համարին ու ճանաչեցի այն՝ իմ սեփականն էր:
Ինչպե՞ս ավելի շուտ չէի հասկացել: Ախր նա իմ «եսն» էր, որ կորցրել էի քո հետ: Իմ կորսված «եսն» էր, որ ինքն էր ինձ գտել:
Տխրությունս միանգամից հօդս ցնդեց՝ ես հասկացա, որ կարիք չեմ ունենա նրան կարոտելու:
Որովհետև հիմա նա միշտ իմ հետ կլինի, իմ մեջ:
Մի՞թե շատ բան էր պետք, որ ես սովորեի ինքս ինձ սիրել:
2009, Ծաղկաձոր

No comments:

Post a Comment