Բայանդուր Պողոսյան
Ճշգրիտ չեմ կարող ասել՝ երբ դադարեցի շարժվել: Երևի ամեն ինչ աստիճանաբար տեղի ունեցավ: Կամ էլ երկար ժամանակ շարժվելու կարիք չէի ունեցել: Պարզապես մի օր զգացի, որ կամազուրկ խրվել եմ ինչ-որ հեղուկի մեջ ու դանդաղ սուզվում եմ: Մրսում էի անընդհատ. այ թե ինչ հաստատ գիտեմ:
Երբ նա մտավ սենյակ, փորձեցի ժպտալ, ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց չստացվեց: Չկարողացա: Թվում էր՝ բավական է կամքս լարեմ, ու շրթունքներս աղեղ կգծեն, բայց ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ:
Նա մոտեցավ զարդասեղանին ու բացեց օծանելիքի շիշը. այդ օծանելիքի բույրը ժամանակին իր մեղրա-նշա-մուսկատային երանգներով խելքից հանում էր ինձ: Բայց ես հոտ չզգացի: Ես հասկացա, որ ընդհանրապես հոտեր չեմ զգում:
Այդպես կծկված պառկած էի վերմակի տակ ու մրսում էի:
Փորձեցի մտքումս վերականգնել Cristian Dior - Pure Poison-ի բույրը, բայց չստացվեց: Ինձ դանդաղ իր մեջ քաշող հեղուկն արդեն իր սառնությամբ դիպչում էր մեջքիս ու սեղմում կրծքավանդակս:
Նա մոտեցավ անկողնուն, կանչեց ինձ, անվանեց քնկոտ ու ծիծաղեց. հիշում եմ, սպիտակ վարագույրի միջով արևի ճառագայթներ էին ընկնում, որոնց մեջ փայլում էին փոշու հատիկները: Հիշեցի, որ մոռացել եմ մաքրել դաշնամուրի վրայի փոշին ու տխրեցի:
Հեղուկն ավելի ու ավելի խորն էր ինձ քաշում, ու ես հասկացա, որ քնել եմ ուզում: Նորից: Հիշեցի, որ ամառը, երբ քայլում էի չոր խոտի միջով, վայրի գարու հասկերը կպնում էին գուլպաներիս, իսկ դա շատ տհաճ էր. ես նստում էի քարի վրա ու գուլպաներիցս դուրս քաշում բոլոր հատիկներն ու քիստերը:
Հետո հիշեցի, որ փոքր ժամանակ երազումս տեսել էի, թե մեր բակի մեծ, կանաչ բույսերը մանուշակներ են, ու երբ առավոտը գնացել էի դրանք պոկելու, մի կին ասաց.
«Մի պոկիր, դա մանուշակ չի»:
Չնայած բույսն իրականում ոչ մի բանով մանուշակ չէր հիշեցնում, ու ես ոչ մեկին չէի ասել, թե ինչ եմ տեսել երազում: Երևի այդ կինն էլ էր իմ երազը տեսել:
Նա ինձ հրեց. շատ տհաճ զգացողություն էր: Ես ուզում էի քնել: Հետո վառեց սիգարետն ու կողքս նստած սկսեց ծխել: Մազերն արդեն հյուսել էր:
Հիշեցի, որ թաց խոտի վրա պառկելուց հետո ոսկորներս միշտ ցավում են, իսկ մաշկս գրգռվում է ու քոր է գալիս. հասկացա, որ ինձ կլանող հեղուկից հետո էլ է նույն բանը լինելու:
Հանկարծ նայեց ինձ ու գունատվեց. կանչեց, հրեց-պառկեցրեց մեջքի վրա ու վերմակը հանեց վրայիցս: Փորձեցի ծիծաղել, ասել, որ ամեն ինչ կարգին է, բայց հասկացա, թե ինչու չստացվեց. ես չէի ուզում ծիծաղել, չէի ուզում ասել, որ ամեն ինչ կարգին է:
Նա գլուխը դրեց կրծքիս, հետո ափերը. սկսեց ռիթմիկ հրել կրծքավանդակս՝ ինչ ավելի խորը հրելով թանձր հեղուկի մեջ: Ու ես հասկացա, թե ինչ եմ ուզում ասել իրականում. մի՛ հրիր ինձ, օգնի՛ր, որ դուրս գամ ճահճից, պատռի՛ր կուրծքս, քանի որ նրա մեջ իմ համար բավականաչափ տեղ չկա:
Բայց գիտեի, որ նա ինձ չի հասկանա. նա ինձ երբեք էլ չէր հասկանում: Երբ նա ինձ գրկեց ու համբուրեց շրթունքներս, արցունքախառը թքի համն ինձ համար տհաճ էր, իսկ մարմնի քաշն ինձ ավելի խորն էր հրում:
Բայց այդ ամենն արդեն նշանակություն չուներ:
Հետո, չգիտեմ՝ քանի տարի անց, ծառերը պատռեցին իմ կուրծքն ու ինձ դուրս քաշեցին արևի լույսի տակ: Ու ես հասկացա, որ իմ բոլոր զգացողությունները, որոնք կորցրել էի, ինձ են վերադարձել գարնան խոտի հետ:
2009, Երևան
No comments:
Post a Comment