ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Հովհաննիսյանի ինքնասպանությունների թվի աճի շուրջ կարծիքը կարդալուց հետո մազերս բիզ-բիզ կանգնեցին: Անձամբ ես պարոն Հովհաննիսյանին չեմ ճանաչում ու մինչ այժմ լրջորեն քննարկում էի ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետ դիմելու հավանականությունը: Բայց ամբիոնի դեկանի կողմից արտահայտված նման կարծիք կարդալուց հետո հասկացա, որ պետք չի: Տեսանկյունը, որն արտահայտված է հոդվածում, իմ կարծիքով, ոչ պրոֆեսիոնալ, պոպուլիստական, մակերեսային, մոդայիկ բնույթ է կրում: Մարդկանց դուր է գալիս ամերիկյան ամսագրերի ոճով ու պարունակությամբ արդարացումներ կարդալը երևույթների վերաբերյալ, որոնց մեղավորն իրականում իրենք են:
Միգուցե ինքնասպանությունների քանակական-ժամանակային դինամիկան հասկանալու համար վերլուծենք մեր ֆոլկլյորն ու ֆոլկլյորի մշակումները (օրինակ՝ Հ. Թումանյան, «Մարո»), ու ոչ միայն ինքնասպանության, այլ նաև հասարակական օտարման թեմայով, քանի որ ինքնասպանությունն ու օտարումը գրեթե միշտ իրարից անբաժան են: Միգուցե տեսնենք, թե ինչպես է մարդկանց մեջ ձևավորվել ինքնաոչնչացման մեխանիզմն ու ինչ ազդակներից է ակտիվանում: Բերնի խաղերի տեսության մոդելները կիրառենք:
Օտարման մեխանիզմների մասին, չմոռանանք, որ ապրում ենք հասարակությունում, որն ինքն է պատրաստ հասարակական որոշ տաբուների խախտման համար անհատին հասարակությունից օտարելու ծայրահեղ քայլերի գնալ: Մեր հասարակությունը չի՞, որ, իբր թե անհանգստանալով ինքնասպանությունների քանակի վիճակագրական աճից, հանգիստ շունչ կքաշի, եթե ինքնասպան լինի նույնասեռականը, մարմնավաճառը, եհովայի վկան, ոչ կույս աղջիկն, ինչու ոչ՝ նաև սատանիստը: Մեր հասարակությունը չի՞, որ շարունակում է կիրառել «գաղութային» հասկացություններ, տաբուներ, որոնք խախտելու դեպքում մարդը դադարում է գոյություն ունենալ հասարակության ներսում: Բանակում ծառայած մարդիկ կհասկանան ասածս:
Մեր հասարակությունը չի՞, որ իր մեջ պարունակում է մեծամասնություն կազմող մի խումբ, ովքեր պատրաստ են կասկածի տակ դնել մարդկանց փոքրամասնություն կազմող տարբեր խմբերի սահմանադրական/քաղաքացիական իրավունքները:
Դոգմատիկ օտարումը, հասարակական տաբուն խախտած՝ «սխալված» մարդուն պիտակավորելն ու հասարակությունից տարանջատելն ընդամենը ատրճանակի ձգանն է: Իսկ ինքնասպանությամբ պայքարը փոխարինելը մեր մտածելակերպի մեջ մտցված ինքնաոչնչացման մեխանիզմ է: Ինքնաոչնչացման մեխանիզմի ուժը որոշում է, թե քանի անգամ պետք է աշխատի ձգանի մեխանիզմը, որպեսզի գործի ինքնաոչնչացման մեխանիզմը: Ձգանի մեխանիզմի բնույցը ցույց է տալիս, թե ինչ դեպքերում ու ինչ հաճախությամբ է գործում ձգանի մեխանիզմը: Ընդհանուր առմամբ, ինքնաոչնչացման մեխանիզմը պակաս հակված է փոփոխվել, քան ձգանինը: Ինքնասպանության թվերի աճն, իմ կարծիքով, մեծ մասամբ կապված է նրա հետ, որ հասարակությունը չափազանց հաճախ է քաշում մարդկանց ձգանի մեխանիզմը. փոփոխության շրջան է, շատ մարդիկ են խախտում հասարակության տաբուն, բայց քչերն են ի վիճակի իրենց ներսում դրված մեղքի ու ինքնախարազանման, ինքնաոչնչացման մեքենայի աշխատանքը գիտակցել ու կասեցնել:
Իրականում պրոցեսը շատ ավելի բարդ է, գործոններն էլ են տարբեր: Բայց այս ամենը բռնել ու բարդել հեռուստատեսությամբ կամ այլ կերպ ցուցադրվող բռնության տեսարանների վրա, ըստ իս, էթիկ առումով կասկածելի քայլ է: + չգիտես ինչու՝ հեռուստատեսությամբ բռնության ցուցադրման հասարակայնորեն ընկալված քանակն ուղիղ համեմատական է դրա շուրջ բարձրացված աղմուկին: Ավելի պարզ լեզվով ասած, 80-ականների վերջին/90-ականների առաջին կեսին հեռուստաեթերը գրեթե ամբողջությամբ կազմված էր Չակ Նորիսի, Առնոլդ Շվարցնեգերի, Ժան Կլոդ Վանդամի, Բրյուս Լիի և այլոց մասնակցությամբ մարտաֆիլմերից, ու լրիվ նորմալ տեսարաններ էին երկաթե կեռիկով մարդու աչք հանելն ու ինչ-որ մեկին կենդանի-կենդանի այրելը: Կցանկանայի տեսնել հեռուստաեթերի ծրագրերի արխիվների վրա հիմնված վիճակագրական վերլուծություն (բաց տվյալներով և աղբյուրներով), որը կպնդեր, թե հեռուստաեթերի բռնության քանակը ներկայումս աճել է՝ համեմատած այդ ժամանակաշրջանի: Չկա այդպիսի վիճակագրություն: Իսկ առանց մարդկանց ցուցադրվող բռնության տեսարանների վիճակագրության, ինֆորմացիայի տարբեր աղբյուրներից օգտվող խմբերի մոտ ինքնասպանության դինամիկայի ուսումնասիրությունների և այլ լուրջ բաների նման հետևություններ անելը, ներեցեք, ընթերցողի ու սեփական ժամանակի անիմաստ վատնում եմ համարում:
No comments:
Post a Comment