Friday, June 29, 2012

«Մեկ Ազգի» դեմ դատը լա՞վ, թե՞ վատ նախադեպ

Կարդացի «Հրապարակի» հոդվածը «Մեկ Ազգի» դեմ մեր դատավարության թեմայով: Հետաքրքիր տեսակետ էր, փորձեմ արձագանքել, թե ինչքանով և ինչպես կարող է սա անդրադառնալ մարդու խոսքի ազատության վրա:

Ես չեմ սիրում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը, իրոք չեմ սիրում: Չեմ սիրում նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և առավել ևս չեմ սիրում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Տանել չեմ կարողանում նաև նրանց նախորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Արդյո՞ք սա ինձ իրավունք է տալիս թեկուզ ինտերնետում նրանց նկատմամբ տարբեր, հաճախ սեռական բնույթ կրող հայհոյանքներ կիրառել ու հույս ունենալ, որ նրանք չեն նկատի, չնկատելու կտան, իսկ եթե նկատեն էլ՝ դա կներկայացվի որպես իշխանության չարաշահում (հակված եմ կարծել՝ բավականին արդարացի), քաղաքական ռեպրեսիա և այլն: Չեմ կարծում:

Հրապարակային հայհոյանքներ, սպառնալիքներ և այլ տհաճ բաներ ինտերնետում լիքն են: Դրանք հիմնականում կիրառվում են հետևյալ խմբերի կողմից.
  1. ընդդիմադիր քաղաքական ուժերի որոշ ծայրահեղական ներկայացուցիչներ ու անդամներ՝ իշխող կուսակցության ու նրա ներկայացուցիչների, ինչպես նաև այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հասցեին
  2. «քյառթու» և պահպանողական մասսան՝ լիբերալների, LGBT-ի, սեռական ազատության կողմնակիցների, ենթամշակույթների և նման մարդկանց հասցեին
  3. անձնական կոնֆլիկտներում՝ անհատների կողմից:
Երկրորդ կետն այնպիսի աղետալի մակարդակի է հասել (ինչպես կարող եք տեսնել D.I.Y.-ի հրկիզման ու Բազմազանության երթի վրա հարձակման դեպքերից), ու թե՛ հանրային, թե՛ իրավական դաշտերն այնքան թմրած են այս ամենին արձագանքում՝ փորձելով միաժամանակ կոմպրոմիսի գնալ թե՛ մեծամասնության կարծիքի, թե՛ միջազգային հանրության հետ, որ քաղաքացիական գիտակցություն ունեցող մարդիկ պետք է մի փոքր հրեն անիվը, որպեսզի չհասնենք կատաղի ու անպատժելի ամբոխի կողմից ինքնադատաստանի դեպքերի: Երկու անհատ կամ երկու խումբ կարող են տարբեր տեսակետներ ունենալ հարցի շուրջ, ու այդ տեսակետները կարող են բախվել: Բայց կա մի կետ, որից հետո երկխոսությունն ու բանավեճն անհնարին են դառնում:

Այս ամբողջ դատավարության ընթացքում բազմաթիվ անհատներ փորձել են սպառնալիքներ և հոգեբանական բռնության այլ ձևեր կիրառել իմ նկատմամբ: Նույնիսկ «Հրապարակի» հոդվածն էթիկ առումով անբասիր չի՝ «իրեն սատանիստ հռչակած» արտահայտությունը, վիրավորանք չլինելով, բավականին վիրավորական է հնչում: Ես ինձ ոչ մի կերպ չեմ հռչակել, ես այն եմ, ինչ եմ, ու իմ գաղափարական համոզմունքները նույն չափով են հիշատակման արժանի, ինչպես Հասմիկ Սիմոնյանի ու Դանիել Իոհաննիսյանի ՀԱԵ քրիստոնյա լինելը: Բայց դատական գործ հարուցվել է միայն «Մեկ Ազգի» արտահայտությունների վերաբերյալ: Ինչու՞:

Անձամբ ինձ համար կա խոսքի ազատության երեք ձև. ԶԼՄ խոսքի ազատություն, անհատի խոսքի ազատություն ու կազմակերպության խոսքի ազատություն: ԶԼՄ խոսքի ազատությունն ինձ համար բացարձակ արժեք է. ոչ մի հրապարակման դեպքում, ինչպիսին էլ այն լինի, ես դատական գործ չեմ հարուցի լրատվամիջոցի դեմ, քանի որ չեմ ցանկանում վտանգել ազատ լրատվամիջոցների ինստիտուցիան, որը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ: Փոխարենը ես կօգտվեմ հերքման ու բոյկոտի հնարավորություններից: Սա այն դեպքն է, երբ ես իմ իրավունքը մի փոքր զոհաբերում եմ ավելի բարձր արժեքի համար, ու կարևոր է, որ ԶԼՄ խոսքի բացարձակ ազատությունը պաշտպանվի ու ֆիքսվի իրավականորեն: Հենց այս կետն է, որ բազմիցս չարաշահվում է տարբեր մարդկանց կողմից, ում դուր չի գալիս իրենց անդրադարձող ԶԼՄ հրապարակումը: Չմոռանանք իմ կողմից խիստ հարգված Hetq.am լրատվականի նկատմամբ դատական գործերն այն դեպքում, երբ, իմ կարծիքով, լրատվականը ոչ մի կերպ չէր խախտել անկողմնակալությունն ու լրագրողի էթիկան:

Անձի խոսքի ազատությունը մի փոքր ավելի նեղ է. իհարկե, անձնական կոնֆլիկտում հնչած վիրավորական արտահայտությունն ու նույնիսկ հայհոյանքը դատարանում քննելը խղճուկ ու չարդարացված  բան է՝ ինչքան էլ որ քննադատելի լինի քննարկումը հայհոյախոսության վերածելը, ամեն բացասական բան չի, որ պետք է իրավական վերահսկողության օբյեկտ դառնա: Ի վերջո, գրեթե ոչ մեկս չի ցանկանում, որ Հայաստանը ոստիկանական պետություն դառնա: Բայց երբ կան անձի, նրա մերձավորների կյանքին, առողջությանը, գույքին վնաս հասցնելու սպառնալիքներ, բռնության կոչեր, ապա դրանք պետք է քննվեն դատական կարգով՝ ըստ այդ սպառնալիքների իրականացման հնարավոր լինելու: Իսկ, ինչպես ցույց տվեցին թե՛ D.I.Y.-ի հրկիզումն ու Բազմազանության երթի վրա խուլիգանական հարձակումը, ՀՔԱ Վանաձորյան գրասենյակի վրա հարձակումը և այլն, այդիպիսի հնարավորությունը կա ու այնքան փոքր չի, ինչպես մենք սովոր ենք կարծել: Ու էական չի՝ այդ գործողությունները կազմակերպվել ու հրահրվել են ինտերնետում, թե այլ տեղ: Ինտերնետը որպես ազատ տարածք օգտագործելը չպետք է ինտերնետը դարձնի կազմակերպված հանցագործության, սպառնալիքների ու շանտաժի վայր: Հակառակ դեպքում ինտերնետի խոսքի ազատությունը դառնում է մի ագրեսիվ մասսայի պաշտպանություն, ու այդ մասսան կարողանում է մնացածի խոսքի ազատությունը սահմանափակել իր ագրեսիվ վարքով. ի վերջո, քչերն են պատրաստ փողոցում դեմքին աղաթթու ստանալ (այո, այդպիսի դեպք նույնպես պատահել է): Եկեք չմոռանանք «սկայպային շանտաժի» դեպքերը՝ երբ տղամարդը, համոզելով աղջկան, ասենք, մասնակի հանվել տեսախցիկի առաջ, պահում է նկարներն ու շանտաժով ստիպում նրան սեռական բնույթի գործողություններ անել (ափսոս, «Դար» ակումբում քննարկված դեպքի հղումը չգտա, եթե օգնեիք, շնորհակալ կլինեի): Այս մարդիկ ինտերնետում նույնպես պաշտպանության կարիք ունեն: Եկեք չմոռանանք դրա մասին:

Կազմակերպության խոսքի ազատությունն էլ ավելի նեղ հասկացություն է. այո, ոչ լրատվական կազմակերպության վրա  չեն կարող տարածվել խոսքի այն ազատությունները, որոնք տարածվում են ԶԼՄ-ի և անձի վրա: Ի վերջո, կա հակագովազդ, կա ոչ էթիկ քաղաքական ու գաղափարական պայքար, կան կազմակերպություններ, անուններ չտանք, որոնք զբաղված են ատելություն քարոզելով, ու հաշվի առնելով, որ կազմակերպությունների ինտերնետային հրապարակումները զուտ սկզբունքայնորեն չեն կարող կրել անձնական բնույթ (ի հակադրում Գոռ Թամազյանի տեսակետի, թե իր կազմակերպության պաշտոնական էջը կարող է նախատեսված լինել զուտ իր անձնական աֆորիզմների հրապարակման համար), որ կազմակերպությունն ավելի մեծ ռեսուրս ունի իր հրապարակումը հանրայնացնելու, ինչի հետևանքով այդ հրապարակումը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների ու հանրային ռեզոնանսի բերել, կազմակերպությունները շատ ավելի խիստ պատասխանատվություն պետք է կրեն իրենց հանրային հրապարակումների համար:

Կարևոր կետ է նաև ԱՄՆ և շատ այլ երկրների օրենսդրությամբ հումորը որպես պաշտպանված խոսք իրավականորեն ձևակերպելը: Հումորը, ծաղրն ու պարոդիան ոչ մի դեպքում չեն կարող իրավական հետապնդման ենթարկվել անկախ նրանց բնույթից: Նույնիսկ հեղինակային իրավունքներով պաշտպանված աշխատանքը պետք է հնարավոր լինի մասնակի օգտագործել ինչպես ներկայացման, մեկնաբանման ու գրախոսման, այնպես էլ հումորի, ծաղրի ու պարոդիայի նպատակով:

Ահա թե ինչի համար մենք պետք է պայքարենք: Օրենքը լավ է, երբ այն ծառայում է քաղաքացուն ու կիրառվում է՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները, ոչ թե ծառայում է իշխանությանն ու օլիգարխիային կամ կիրառվում կուրորեն:

Այո, ես գիտակցում եմ, որ «Մեկ Ազգի» դեմ դատական գործի արդյունքը կարող է ինչպես լավ, այնպես էլ վատ նախադեպ հանդիսանալ ՀՀ տարածքում խոսքի ազատության պաշտպանության համար. ի վերջո, իրավականը միակ մեխանիզմը չի, որը կարող է սահմանափակել խոսքի ազատությունը: Հոգեբանական ու ֆիզիկական բռնությունն ու սպառնալիքները նույնպես այդ մեխանիզմներից են: Փորձենք այս կետից մի փոքր ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող դառնալ իրար նկատմամբ ու օգտագործել նախադեպքը մարդկանց պաշտպանելու, ոչ թե հալածելու նպատակով: Փորձենք օրենքի սահմաններում կասեցնել նախադեպքը չարաշահելու փորձերը: Ի վերջո, ամեն դաս էլ կարող է ինչպես օգտակար, այնպես էլ վնասակար լինել:

Շնորհակալություն ուշադրության համար:

No comments:

Post a Comment