Ընդհանուր առմամբ, աշխարհում ամենավտանգավոր բաներից մեկը տգիտությունն է: Տգետ մարդը վերցնում է այն, ինչ իրեն սովորեցրել են, պատրաստակամ վերցնում է այն նորը, որը «հիմնավորում» է իր դոգմաներն ու «ժխտում» տեսությունները, որոնք հակասում են նրանց:
Էվոլյուցիոն տեսությունը գիտական մտքի հետևանք է: Այն կարող է ունենալ շատ բաց տեղեր ու շատ հարցերի չպատասխանել, բայց հենց դրանով էլ գիտական տեսությունը տարբերվում է կրոնական դոգմայից. գիտնականը հարց է տալիս, հետազոտության միջոցով գտնում հարցի պատասխանը: Գիտությունը, կարծում եմ, երբեք բոլոր հարցերին չի պատասխանի, ու դա նրա ամենադրական կողմն է. դրա հաշվին է, որ գիտությունը կշարունակի զարգանալ ու նորանոր հարցեր առաջացնել ու պատասխանել դրանց, քանի դեռ մարդկությունը գոյություն ունի:
Գիտական մտքի ու տեսությունների թշնամին է պսևդոգիտությունը. լինելով զուրկ գիտության մեթոդից ու նպատակից, պսևդոգիտությունը մեծ մոլախոտային պոտենցիալ ունի, որը գալիս է նրա ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ բնույթից. այն պնդում է բաներ, որոնց մոխրագույն մասսան ՑԱՆԿԱՆՈՒՄ է հավատալ:
Պսևդոգիտություն է կրեացիոնիզմը: Ու եթե ինտերնետը լուսավոր մասսային ավելի է կրթել, ապա բութ մասսային ավելի է խորացրել իր մոլորությունների մեջ: Կրեացիոնիզմն էլ հիմա խիստ թափ է հավաքում քրիստոնեական առավել մութ շրջաններում, մարդիկ բավականին ագրեսիվ փորձում են հարձակվել էվոլյուցիոն տեսության վրա՝ որպես գիտելիքների բազա օգտագործելով ընդամենը մի քանի ռուսալեզու «վավերագրական»/«գիտական» ֆիլմեր:
Եթե մենք թույլ տանք, որ այն արմատակալի, ապա հետագայում ստիպված կլինենք պատասխանել այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ հասարակության կոնտեքստում էվոլյուցիոն և այլ գիտական տեսությունները տանուլ են տալիս պսևդոգիտությանը: Իսկ հասարակության նախատրամադրվածությունն ու ճնշումը մեծ դեր ունեն գիտության առաջխաղացումն արագացնելու ու դանդաղացնելու հարցում. ի վերջո, ամեն գիտնական էլ հասարակության միջից է դուրս գալիս:
No comments:
Post a Comment