Ում դա հետաքրքիր է:) Անի, դու ուզել էիր, եթե ճիշտ եմ հիշում:
ԳՈՐԾ ԹԻՎ ԵԱԴԴ 0074/02/12
Վ Ճ Ի Ռ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
28 հունիսի 2012թ. քաղ. Երևան
ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանը
Նախագահությամբ` դատավոր Անի Մխիթարյանի
Քարտուղարությամբ` Արմինե Սարգսյանի
Մասնակցությամբ`
հայցվորներ Բայանդուր Պողոսյանի
/բնակվող` ք.Երևան, XXXXXXX,
անձնագիր` XX XXXXXXX/
Դանիել Իոաննիսյանի
/բնակվող` ք.Երևան, XXXXXXX,
անձնագիր` XX XXXXXXX/
պատասխանող Գոռ Թամազյանի
/բնակվող` ք.Երևան,
XXXXXXX,
անձնագիր` XX XXXXXXX/
Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի ընդդեմ ՙՄեկ Ազգ՚ կուսակցության` ՙպատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին՚,
ՊԱՐԶԵՑ
I
1. Դատավարական նախապատմությունը
Դանիել Իոաննիսյանը, Բայանդուր Պողոսյանը, Հասմիկ Սիմոնյանը հայցադիմում են ներկայացել դատարան ընդդեմ ՙՄեկ Ազգ՚կուսակցության` ՙպատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին՚, որը ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Մխիթարյանի 02.02.2012թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 22.2 գլխի կանոնների համաձայն գործը նախապատրաստվել է դատաքննության:
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել:
Հակընդդեմ հայց չի հարուցվել:
Դատավարության այլ մասնակիցներ չեն ներգրավվել:
2. Հայցվորի դիրքորոշումը
Հայցվորը հայտնել է, որ 2011թ. դեկտեմբերի 28-ին facebook.com ինտերնետային հասցեում գտնվող աշխարհի ամենաշատ օգտատերերը ունեցող facebook սոցիալական ցանցում ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինքի՚ էջում հրապարակվել են հայցվորների նկարները, որոնց կից գրվել են սուտ /զրպարտիչ/ տեղեկություններհայցվորների մասին և վիրավորանքներ հայցվորների հասցեին:
Մասնավորապես, Դանիել Իոաննիսյանի մասին ՙՄեկ ազգ կազմապերպությունների դաշինքը՚ /այսուհետ դաշինք/ հայտարարել է, որ վերջինս ՙհամասեռամոլների պաշտպան է, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության...Սա Րաֆֆի Հովհաննիսյանի երիտ. թևի անդամ է... ակտիվ անդամ... ճանաչեքհայեր, թե ովքեր են տուրք տալիս անբարո բարքերին...ձեր արևտամետ լևոնական ու րաֆֆիական ճամբարը կուղարկենգրողի ծոցը...ձեր անբարո գաղափարների հետ...միայն զորեղ Հայաստան, միայն Հայ Առաքելական Եկեղեցի...Այս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ...՚:
Սակայն Դանիել Իոաննիսյանը, լինելով բավականին հայտնի հասարակական գործիչ, երբեք հանդես չի եկել համասեռականների պաշտպանությամբ և երբեք չիդատապարտել դաշինքի պայքարը ընդդեմ որևէ մեկի /այդ թվում համսեռականների/: Դանիել Իոաննիսյանը Րաֆֆի Հովհաննիսյանի ոչ մի թևի անդամ չէ: Ճիշտ է` դաշինքը չի պարզաբանել, թեըստ իրենց` կոնկրետ ինչպիսի անբարո բարքերի տեր է Դանիել Իոաննիսյանը, բայց վերջինս ոչ մի անբարո արարք երբեք թույլ չի տվել և անբարո բարքեր չի կրել:
Հայտարարության մեջ նաև սպառնում են, որ դաշինքը այլ անձանց հետ մեկտեղ Դանիել Իոաննիսյանին ՙկուղարկի գրողի ծոցը՚, ինչը վիրավորական է: Բացի այդ անհիմն փաստում են, որ վերջիններս /այդ թվում` Դանիել Իոաննիսյանը/ ՙանբարո գաղափարներ՚ են կրում, ինչը կրկին սուտ է ու զրպարտանք:
Դանիել Իոաննիսյանին վերաբերվող հայտարարությունում նաև ասվում է, որ վերջինս խեղկատակ է և ազգությամբ հայ չէ: Այդ տեղեկությունները ևս զրպարտիչ են և բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Դանիել Իոաննիսյանը խեղկատակ չի, երբեք կրկեսում չի աշխատել, ազգությամբ հայ է:
Հայ չլինելու մասին հայտարարությունն ամենաշատն է արատավորում Դանիել Իոաննիսյանի գործարար համբավը, քանի որ վերջինս ու իր բոլոր նախնինները առնվազն վերջին հարյուր տարում ծնվել ու մեծացել են այժմյան Հայաստանի ու Արցախի տարածքում, կրել են հայկական ազգանուններ, նրանցից ոմանք մասնակցել են Հայաստանի պաշտպանությանը, եղել են Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորներ /իսկ հայկական կողմից Դանիել Իոաննիսյանը նաև Հայաստանի վերջին արքայական դինաստիայի ` Բագրատունինների հետևորդներից է/:
Դանիել Իոաննիսյանը բավականին հայտնի հասարակական գործիչ է: Գլխավորել է բազմաթիվ հասարակական-քաղաքական նախաձեռնություններ և մտադրված է շարունակելու հասարակական գործունեությունը նույն ոգով: Նա` որպես ֆիզիկոս, ակտիվ է գիտության քաղաքականությանը վերաբերող հարցերում: Սակայն Դանիել Իոաննիսյանի խեղկատակ լինելու, հայ չլինելու, անբարո բարքերին տեղի տալու և անբարո բարքերի կրող լինելու մասին դաշինքի անբարո բարքերին տեղի տալու և անբարո բարքերի կրող լինելու մասին դաշինքի հայտարարությունները արատավորում է իր բարի համբավը:
Բացի այդ հայցվորները համարում են, որ Դանիել Իոաննիսյանի նկատմամբ վիրավորանք է դաշինքի նրա հաշցեին արված ՙգրողի ծոցը ուղղարկենք՚ արտահայտությունը:
Բայանդուր Պողոսյանի մասին դաշինքը հայտարարել է ՙԱյս գաղափարական վիժվածքը լևոնական երիտ. թևի, առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստան ու քարկոծում է ՙՄեկ ազգի՚ պայքարը համասեռամոլության դեմ...՚:
Այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը քանի որ Բայանդուր Պողոսյանը որևէ Լևոնի երիտ. թևի հետ կապ չունի, շատ լավ պատկերացնում է Հայաստանն առանց համասեռամոլների ու երբեք չի քարկոծել ՙՄեկ Ազգի՚ պայքարը ընդդեմ համասեռամոլների: Բայանդուր Պողոսյանի հասցեին հայտարարված այս սուտը նաև զրպարտիչ է, քանի որիրենց հասարակության մեջ ասել մարդու մասին վերոնշյալը, թե նա չի պատկերացնում մեր երկիրն առանց համասեռամոլների, նույնն է, թե մարդու մասին ասելը, որ նար հոգեկան շեղումներ ունի: Այսինքն, հանրության աչքում մարդը, ով չի պատկերացնում Հայաստանն առանց ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիների ՙԳեյեր, լեզբիներ, տրանսսեքսուալներ ու բիսեքսուալներ/ համարվում է ՙլավագույն դեպքում անադեկվատ մարդ, որն, անշուշտ էականորեն վնասում է այդ մարդու հեղինակությունը, իսկ Բայանդուր Պողոսյանի հասցեին դաշինքի կողմից հնչեցրած ՙգաղափարական վիժվածքը՚ արտահայտուությունը վիրավորանք է:
Հասմիկ Սիմոնյանի մասին դաշինքը հայտարարել է ՙԱյս տիկինը, դատապարտվել է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության երևույթի մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո՚:
Այս հայտարարությունն էլ նախորդների նման սուտ է ու զրպարտող: Հասմիկ Սիմոնյանը սեռական հեղինակության կողմնակից չէ /առավել ևս վառ/ և երբեք որևէ տեղ նման կարծիք չի բարձրաձայնել: Համսիկ Սիմոնյանը բանաստեղծ է, երկու գրքի հեղինակ ՀԳՄ անդամ, ակտիվ գործունեությամբ զբաղվող մտավորական, սիրում է իր հայրենիքը:
Այն հայտարարությունը, թե Հասմիկ Սիմոնյանը Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո կրկին զրպարտիչ է, քանի որ Հասմիկը Հայաստանը գտնում է, որ մեր երկրում պետք է լինի միայն մեկ բանակ` ՀՀ զինված ուժերը, իսկ Հայաստանը պատկերացնում է համսեռականների /առավել ևս` առանց համասեռականների հոծ բանակի/:
Հայցվորներ կարծում են, որ նման հայտարարությունները էական վնաս է հասցնում Հասմիկ Սիմոնյանի գործարար համբավին:
Facebook.com հասցեում սոցիալական ցանցում դաշինքի էջը 2011թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ուներ 700 հետևորդ, իսկ հայցվորների մասին հրապարակումները բաց մատչելիության էին և դրանց կարող է ծանոթանալ այդ սոցիալական ցանցի հարյուր միլիոնավոր օգտատերերից յուրաքանչյուրը, բացի այդ տվյալ հրապարակումների հղումներն ու դրանց դաշինիքին հղվող արտատպումները այն աստիճանի էին շատ, որ գրեթե բոլոր համեմատաբար ակտիվ հայաստանցի օգտատերերը կարդացել էին դրանք /կամ դարնց արտատպումները/:
Դաշինքի վրա հիմնվելով այն արտատպվեց նաև Դանիել Իոաննիսյանի facebook սոց. ցանցի էջում և այն տեսան Դանիել Իոաննիսյանի 1200 ընկերները, որոնց թվում են վերջինիս գործատուները, ղեկավարները, աշխատակիցները, ենթակաները, նրա հասարակական և քաղաքական գործունեության համախոհները ու սատարողները, ընտանիքի անդամները և բազմաթիվ այլ մարդիկ: Հայցվորները գտնում են, որ դաշինքը իր վերոնշյալ հայտարարություններով վիրավորանք է հասցրել Դանիել Իոաննիսյանին և Բայանդուր Պողոսյանին, ինչպես նաև զրպարտել է Դանիել Իոաննիսյանին, Բայանդուր Պողոսյանին և Հասմիկ Սիմոբնյանին ու այդ վիրավորանքի ու զրպարտության դեպքերը համապատասխանում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվախում ամրագրված սահմանումներին:
Հայցվորները գտնում են, որ դաշինքի անդամ կազմակերպությունները հավասարաչափ են կրում պատասխանատվություն դաշինքի հայտարարությունների համար, սակայն իրենց պահանջը ուղղված է հենց Հայաստանի ՙՄեկ ազգ՚ կուսակցությունը, քանի որ այդ առավել հայտնի է և հանրության մեծ մասը ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք արտահայտությունը նույնացնում է այն ՙՄեկ ազգ՚ կուսակցության արտահայտությանը: Այդ իսկ պատճառով, հայցվորները պահանջներ չունեն դաշինքի անդամ հանդիսացող /հանրության կողմից լայն ճանաչում չունեցող/ չորս հասարակական կազմակերպությունների հասցեին:
Հարկ են համարում նշել նաև, որ հայցվորների դաշինքի կողմից արված խնդրո առարկա հայտարարությունների մասին տեղեկացել են 2011 թվականի դեկտեմբերի 31-ին, երբ բազմաթիվ օգտատերեր սկսել են արտատպել այն` հղվելով դաշինքի վրա:
Հայցվորները խնդրել են ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների վերոնշյալ դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դանիել Իոաննիսյանից, Բայանդուր Պողոսյանից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել երեք հայցվորի մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:
Փոխհատուցում խնդրել են սահմանել հետևյալ կերպ` Դանիել Իոաննիսյանի օգտին 10 դրամ զրպարտության համար և ևս 10 դրամ վիրավորանքի համար: Ընդհանուր առմամբ 20 դրամ:
Բայանդուր Պողոսյանի օգտին 10 դրամ զրպարտության համար և ևս 10 դրամ վիրավորանքի համար: Ընդհանուր առմամբ 20 դրամ:
Հասմիկ Սիմոնյանի օգտին 10 դրամ զրպարտության համար:
Ընդհանուր փոխահտուցումը վիրավորանքի ու զրպարտության դեպքերի համար` 50 դրամ:
Հայցվորների պահանջած գումարի չափը սիմվոլիկ է և անհամաչափորեն բազմապատիկ անգամներ ավելի փոքր է, քանի իրենց համբավին հասցված վնասը, սակայն իրենք նպատակ չունեն սնանկացնելու պատասխանողին կամ նրա հաշվին հարստանալու:
Բացի այդ պատասխանողներից հօգուտ հայցվորների խնդրել են բռնագանձել դատական բոլոր ծախսերը այդ թվում հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ու սկավառակի պատրաստման, տպման և հարակից ծախսեր 10հազար դրամ:
Ընդհանուր առմամբ պատասխանողներից հայցվորների օգտին խնդրել են բռնագանձել 10050 դրամ: Հայցվորների համար դատական յուրաքանչյուր նիստին ներկայանալու տրանսպորտային ծախսեր` 400-ական դրամ /յուրաքանչյուր նիստի համար/:
Դատաքննության ժամանակ հայցվորներ Դանիել Իոաննիսյանն ու Բայանդուր Պողոսյանը բացատրություն տվեցին դատարանին, ներկայացնելով իրենց պահանջներն ու հիմնավորումները և խնդրեցին ճանաչել զրպարտությունների և վիրավորանքների դեպքերը և պատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար հայցվորների օգտին բռնագանձել դրամական փոխհատուցում: Ինչպես նաև հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դանիել Իոաննիսյանից, Բայանդուր Պողոսյանից` վերջիններիս վիրավորելու համար ու հրապարակավ հերքել իրենց մասին տարածված զրպարտիչ տեղեկատվությունը:
Փոխհատուցում սահմանել հետևյալ կերպ` Դանիել Իոաննիսյանի օգտին 10 դրամ զրպարտության համար և ևս 10 դրամ վիրավորանքի համար: Ընդհանուր առմամբ 20 դրամ:
Բայանդուր Պողոսյանի օգտին 10 դրամ զրպարտության համար և ևս 10 դրամ վիրավորանքի համար: Ընդհանուր առմամբ 20 դրամ: Ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորների բռնագանձել դատական բոլոր ծախսերը` այդ թվում հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ու սկավառակի պատրաստման, տպման և հարակից ծախսերը 10 հազար դրամ:
Ընդհանուր առմամբ պատասխանողից հայցվորների օգտին խնդրեցին բռնագանձել 10050 դրամ: Հայցվորների համար դատական յուրաքանչյուր նիստին ներկայանալու տրանսպորտային ծախսերը` 400-ական դրամ /յուրաքանչյուր նիստի համար/:
Հայցվոր Հասմիկ Սիմոնյանը պատշաճ ձևով տեղեկացվել է դատական նիստի /դատաքննության/ ժամանակի և վայրի մասին, սակայն դատական նիստին չի ներկայացել:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
3.Պատասխանողի դիրքորոշումը
Պատասխանողը հայցադիմումի վերաբերյալ պատասխան է ներկայացրել, հայտնելով, որ այն մեղադրանքները, որոնք հնչեցվել են քաղաքացիներ` Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի կողմից ՙՄեկ ազգ՚ կուսակցության մասով` անհիմն են: Մեկ պարզ պատճառով, քանի որ այն խոսքերը, որը մեկնաբանության տեսքով տեղադրվել են Ֆեյս-Բուքյան կայքում` առկա ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքին պատկանող էջում, տեղադրվել են ոչ թե ՙՄեկ ազգ՚ կուսակցության կամ ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի ղեկավարության կողմից կամ նրա հանձնարարականով, այլ այն տեղադրվել է ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի երիտ. թևի անդամ` Կարապետ Տիգրանի Թումանյանի ինքնագլուխ նախաձեռնությամբ, հետևաբար, ոչ ՙՄեկ ազգ՚ կուսակցությունն և ոչ էլ ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքը, որի մաս կազմում է նաև ՙՄեկ ազգ՚ կուսակսակցությունն իրավական կամ քաղաքական պատասխանատվություն չի կարող կրել, վերոնշյալ հայցվորնի առջև: Իսկ քաղաքացի Կարապետ Տիգրանի Թումանյանն ընդունում է, որ ինքը տուրք է տվել` իր հայրենասիրական զգացումներին ու ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինքի պայքարն ընդդեմ աղանդավորության, ընդդեմ համասեռամոլության երևույթի` դատապարտող քաղաքացիների առջև, ինքն է կրում իրավական պատասխանատվություն ու պատրաստ է գրավոր այն ներկայացնելու դատարանին:
II
1. Գործի փաստերը
- ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինք՚ ՙայս գաղափարական վիժվածքը լևոնական երիտ թևի, առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը ու քարկոծում է Մեկ ազգ դաշինքի պայքարը համասեռամոլության դեմ, մեր մոտ միանշանակ մեկ կարծիք է ձևավորվել, որ պարտադիր պետք է համասեռամոլության կղմնակից լինես, որ նոր դառնաս լևոնական երիտ թևի անդամ, դե աշխատավրձը իրենց մոտ միայն գրանդի տեսքով է լինում, իսկ պայմանը մեկն է քարոզի անբարոյականություն ու կազմալուծի հայ ազգի բարոյական նկարագիրը:
- ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինք՚ ՙայս տիկինը դատապարտելով մեկ ազգի դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության երևույթի, մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է, ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո...՚:
- ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինք՚ ևս մեկ համասեռամոլների պաշտպան, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության... սա Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթևի անդամ է.... ակտիվ անդամ... ճանաչեք հայեր, թե ովքեր են տուրք տալիս անբարո բարքերին՚:
- ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինք՚ ՙՁեր արևմտամետ լևոնական ու րաֆֆիական ճամբարը կուղարկեք գրողի ծոցը...Ձեր անբարո գաղափարների հետ... միայն զորեղ Հայաստան, միայն հայ առաքելական եկեղեցի...՚:
- ՙՄեկ ազգ կազմակերպությունների դաշինք՚ ՙԱյս խեղկատակը նույնիսկ ազգությամբ հայ չէ՚:
- Համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03 Ա 061146 վկայականի` Հայաստանի ՙՄեկ ազգ՚ կուսակցության գտնվելու վայրն է` Շինարարների 31շ., բն.72, նախագահն է` Գոռ Թամազյանը:
2.Դատարանի վերլուծությունը և կիրառելի իրավունքը
Լսելով կողմերի բացատրությունները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի` հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 14 հոդվածի համաձայն` մարդու արժանապատվությունը` որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից£
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի համաձայն` Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ:
Հայցվորները, դիմել են դատարան ընդդեմ ՙՄեկ ազգ՚ կուսակցության, ի դեմս կուսակցության նախագահ Գոռ Թամազյանի, ՙFacebook՚ համացանցային կայքում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ խորագրի ներքո իրենց վերաբերյալ արված արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու պահանջով:
Համաձայն իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03 Ա 061146 վկայականի` Հայաստանի ՙՄեկ ազգ՚ կուսակցությունը գրանցված է որպես կուսակցություն, նրա գտնվելու վայրն է` Շինարարների 31շ., բն.72, նախագահն է` Գոռ Թամազյանը:
Հիմք ընդունելով պատասխանող Գ. Թամազյանի բացատրությունները, դատարանն արձանագրում է, որ ՙFacebook՚ համացանցային կայքում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ խորագրով կայքէջը վերահսկվում է ՙՄեկ ազգ՚ կուսակցության պատասխանատուների կողմից և նշված կայքէջում արված մեկնաբանությունները կարող են ընկալվել հասարակության կողմից որպես ՙՄեկ ազգ՚ կուսակցության անունից արված մեկնաբանություններ, թեև ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ խորագրի ներքո հայցվորների վերաբերյալ կատարված մեկնաբանությունների հեղինակը ՙՄեկ ազգ՚ կուսակցության երիտ թևի անդամ Կարապետ Թումանյանն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 27.04.2012թ. ԼԴ/0749/02/10 որոշմամբ սահմանել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 2-րդ մասի դրույթների վերլուծությունից հետևում է, որ վիրավորանքը (պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունը) կարող է դրսևորվել խոսքով, ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր, պատկերների միջոցով (նկարներ, տարածական պատկերներ), ձայնի (ինչպես բանավոր խոսքը, այնպես էլ տարբեր հնչերանգների կիրառումը), նշանների միջոցով (ժեստիկուլացիաներ, սիմվոլներ):
Անդրադառնալով ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ խորագրի ներքո ՙFacebook՚ համացանցային կայքում արված արտահայտություններին, ապա դատարանն արձանագրում է, որ դրանք որպես վիրավորանք գնահատելու համար անհրաժեշտ է որպիսի
1. դրանք արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը, որպիսի փաստը ապացուցելու դատավարական բեռը կրում է հայցվորը,
2. արտահայտություն կատարողն ի սկզբանե հետապնդի անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորելու նպատակ, այսինքն` պետք է իր կատարած արտահայտությամբ անձի հեղինակությունը նսեմացնելու և նրան նվաստացնելու դիտավորություն ունենա: Մասնավորապես` նման նպատակի առկայության մասին կարող է վկայել այնպիսի իրավիճակը, երբ անձը ողջամիտ բոլոր հնարավոր միջոցները չի ձեռնարկել տեղեկատվության` իրականությանը համապատասխանելու հանգամանքը ճշտելու համար կամ էլ գիտեր կամ ակնհայտորեն պետք է իմանար տեղեկատվության` ստույգ փաստերի վրա հիմնված չլինելու մասին: Այս փաստի ապացուցման բեռը նույնպես կրում է հայցվորը:
3. արտահայտությունը կատարված լինի հրապարակային ձևով, որպիսի փաստի ապացուցման դատավարական բեռը դարձյալ կրում է հայցվորը: Հրապարակային կարող են համարվել առնվազն երկու անձի ներկայությամբ կատարված արտահայտությունները և ներկայացված փաստերը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր 27.04.2012թ. ԼԴ/0749/02/10 որոշմամբ արձանագրել է նաև, որ հրապարակային արտահայտությունը կամ հրապարակային ներկայացումը կարող է դրսևորվել տպագրության միջոցով, ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով հեռարձակմամբ, զանգվածային լրատվության միջոցներով տարածմամբ, համացանցի միջոցով տարածմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության այլ միջոցների օգտագործմամբ, հրապարակային ելույթներով, կամ որևէ այլ կերպ թեկուզ մեկ երրորդ անձի դրանց հաղորդակից դարձնելով: Այդպիսի արտահայտությունների ներկայացումը հասցեատիրոջը չի կարող համարվել հրապարակային, եթե դրանք ներկայացնող անձը բավականաչափ միջոցներ է ձեռնարկել դրանց գաղտնիությունն ապահովելու ուղղությամբ, որպեսզի դրանք հասանելի չդառնան այլ անձանց:
Հիմք ընդունելով հայցվոր կողմի ներկայացրած ապացույցները, դատարանն արձանագրում է, որ ՙFacebook՚ համացանցային կայքում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ֆեյսբուքյան էջում հայցվորների վերաբերյալ մեկնաբանությունները կատարվել են ՙհասանելի է բոլորին՚ հնարավորության ներքո:
ՀՀ վճռաբեկ դատարանի մեկնաբանությունների համաձայն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում ամրագրված վիրավորանքի սահմանումը չի կարող ենթադրել, որ անձի համբավին վնաս պատճառող ցանկացած բացասական կարծիք կամ որոշակի փաստական հիմք ունեցող գնահատող դատողություն պաշտպանված չէ օրենքով: Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումը այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա:
Անդրադառնալով ՙՍտույգ փաստերե եզրույթին՚ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող):
Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո գնահատելով պատասխանող կողմի դիրքորոշումը հայցվորների առնչությամբ կատարված արտահայտությունների վերաբերյալ, դատարանը գտնում է, որ մասնավորապես ՙայս գաղափարական վիժվածքը՚ արտահայտությունը հասցեագրված Բ. Պողոսյանին և ՙԱյս խեղկատակը՚` Դ. Իոաննիսյանին, հրապարակային արտահայտված խոսքի միջոցով նրանց պատիվը, արժանապատվությունն արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտություններ են, այսինքն վիրավորանք, քանի որ մասնավորապես Է. Բ. Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանում ՙխեղկատակ՚ բառն ի թիվս այլ բացատրությունների, մասնավորապես ՙպալատում կամ բարձր իշխանական տներում ծառայող անձ՚, ՙկրկեսում կամ լարախաղացության ընթացքում զվարճալի խոսքերով…ուրախացնող…անձ՚ տալիս է ՙթեթևսոլիկ, անլուրջ, թեթևամիտ՚ բացատրությունը, և քանի որ ըստ գործով ձեռք բերված փաստերի արտահայտությունը կատարողը ՙխեղկատակ՚ բառը չի օգտագործել որպես մասնագիտության, զբաղմունքի նշում, ուստի դատարանը գտնում է, որ ՙխեղկատակ՚ բառն իրավամբ կարող է տվյալ դեպքում գնահատվել որպես վիրավորանք` ուղղված հայցվոր Դ. Իոաննիսյանին, իսկ անդրադառնալով Է. Բ. Աղայանի Արդի հայերենի բացատրական բառարանում ՙվիժվածք՚ բառի բացատրությանը, այն է` արտավիժված նյութ, հասարակության տականք, անարգ ստոր արարած, դատարանը գտնում է, որ ՙՙգաղափարական վիժվածք՚ բառակապակցությունը վիրավորանք է արտահայտված հայցվոր Բ. Պողոսյանի հասցեին։
Ինչ վերաբերում է ՙլևոնական երիտ թևի, առանց համասեռամոլների չի պատկերացնում Հայաստանը ու քարկոծում է Մեկ ազգ դաշինքի պայքարը համասեռամոլության դեմ, մեր մոտ միանշանակ մեկ կարծիք է ձևավորվել, որ պարտադիր պետք է համասեռամոլության կողմնակից լինես, որ նոր դառնաս լևոնական երիտ թևի անդամ, դե աշխատավարձը իրենց մոտ միայն գրանդի տեսքով է լինում, իսկ պայմանը մեկն է քարոզի անբարոյականություն ու կազմալուծի հայ ազգի բարոյական նկարագիրը՚, ՙայս տիկինը դատապարտելով մեկ ազգի դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության երևույթի, մեկ բան է փաստում, որ ինքը սեռական հեղափոխության վառ կողմնակից է, ու Հայաստանը միայն պատկերացնում է համասեռամոլների հոծ բանակի ներքո...՚, ՙևս մեկ համասեռամոլների պաշտպան, ով դատապարտում է Մեկ ազգ դաշինքի պայքարը ընդդեմ համասեռամոլության... սա Րաֆֆի Հովհաննիսյանի երիտթևի անդամ է.... ակտիվ անդամ... ճանաչեք հայեր, թե ովքեր են տուրք տալիս անբարո բարքերին՚, ՙՁեր արևմտամետ լևոնական ու րաֆֆիական ճամբարը կուղարկեք գրողի ծոցը...Ձեր անբարո գաղափարների հետ... միայն զորեղ Հայաստան, միայն հայ առաքելական եկեղեցի...՚, ՙնույնիսկ ազգությամբ հայ չէ՚ արտահայտություններին, ապա դատարանը դրանք չի գնահատում որպես ոչ վիրավորանք և ոչ զրպարտություն, քանի որ դրանք վերացական արտահայտություններ են, ավելին` որևէ կուսակցության պատկանելը, կամ որևէ մեկի պաշտպան լինելը, կամ գաղափարներ կրելը կամ տարածելը, ազգությամբ հայ չլինելը կամ այդ մասին տեղեկատվություն տարածելը, նույնիսկ իրականությանը չհամա-պատասխանող, իրականում չեն կարող արատավորել անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (statement of fact) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
ՀՀ Վճռաբեկ դատարանն իր վերոգրյալ որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության` զրպարտություն գնահատելու չափանիշներին, արձանասրել է, որ`
1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն` ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,
2. անձի վերաբերյալ փաստացի տվյալները պետք է ներկայացված լինեն հրապարակային,
3. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն` պետք է լինեն սուտ, անհիմն, ոչ հավաստի,
4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Այսինքն դատարանն արձանագրում է, որ հայցվորների պահանջը վերոգրյալ արտահայտությունները որպես վիրավորանք և զրպարտություն գնահատելու և որոշակի հետևանքներ կիրառելու մասին անհիմն են և Դ. Իոաննիսյանի, Բ. Պողոսյանի և Հ. Սիմոնյանի հայցն այդ մասով ենթակա է մերժման:
Անդրադառնալով հայցվորներից Դ. Իոաննիսյանին և Բ. Պողոսյանին հասցված վիրավորանքի համար վնասի փոխհատուցման խնդրին, դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` վիրավորանքի դեպքում անձը կարող է դատական կարգով պահանջել հետևյալ միջոցներից մեկը կամ մի քանիսը`
1) հրապարակայնորեն ներողություն խնդրել: Ներողություն խնդրելու ձևը սահմանում է դատարանը.
2) եթե վիրավորանքը տեղ է գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, ապա լրատվության այդ միջոցով լրիվ կամ մասնակի հրապարակել դատարանի վճիռը: Հրապարակման եղանակը և ծավալը սահմանում է դատարանը.
3) սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով փոխհատուցում վճարել:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ արձանագրելով, որ գործ ունենալով անձի` իր պատվի, արժանապատվության, գործարար համբավի նկատմամբ հարգանք պահանջելու Կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված իրավունքների հետ, անհրաժեշտ է համարել նշել, որ փոխհատուցման չափ սահմանելու յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնվի վիրավորանք և զրպարտանք կատարած անձի ֆինանսական վիճակը և բացառվի փոխհատուցման այնպիսի չափերի և ձևերի սահմանումը, որոնք կարող են վճռորոշ նշանակություն ունենալ պատասխանող կողմի համար, առավել ևս, եթե պատասխանող կողմը զանգվածային լրատվության միջոց է` նրա հետագա գործունեությունը շարունակելու առումով:
Տվյալ համատեքստում գնահատելով հայցվորներ Դ. Իոաննիսյանի և Բ. Պողոսյանի պահանջներին գտնում է, որ պետք է պատասխանողին հարկադրել հրապարակավ ներողություն խնդրել Դանիել Իոաննիսյանից, Բայանդուր Պողոսյանից` վերջիններիս վիրավորելու համար, և վիրավորանքին համաչափ փոխհատուցում սահմանել` Դանիել Իոաննիսյանի օգտին բռնագանձել 10 դրամ վիրավորանքի համար, Բայանդուր Պողոսյանի օգտին 10 դրամ վիրավորանքի համար:
Մասնավորապես, Դանիել Իոաննիսյանին և Բայանդուր Պողոսյանին ՙայս գաղափարական վիժվածքը՚ և ՙԱյս խեղկատակը՚ բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել ՙՄեկ Ազգ՚ կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դանիել Իոաննիսյանից և Բայանդուր Պողոսյանից ՙFacebook՚ համացանցային կայքում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և ՙՄեկ Ազգ՚ կուսակցությունից հօգուտ Դանիել Իոաննիսյանի և Բայանդուր Պողոսյանի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տաս/ ՀՀ դրամ:
Անդրադառնալով հայցվորների` պատասխանողից հօգուտ հայցվորների դատական բոլոր ծախսերը` այդ թվում հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի ու սկավառակի պատրաստման, տպման և հարակից ծախսերը 10 հազար դրամ, հայցվորների համար դատական յուրաքանչյուր նիստին ներկայանալու տրանսպորտային ծախսերը` 400-ական դրամ /յուրաքանչյուր նիստի համար/ բռնագանձելու պահանջին, ապա դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68 և 73 հոդվածների ուժով դատական ծախսեր են համարվում պետական տուրքի, փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից, որոնք գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Դատարանն արձանագրում է նաև, որ հայցվորները դատարան չեն ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ իրենք կատարել են գործի քննության հետ կապված որևէ դատական ծախս, ավելին` նրանք դատարան են ներկայացրել միջնորդություն` պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին, որը դատարանի Պետական տուրքի վճարումը տարաժամկետելու, հայցադիմումը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին 02.02.2012թ. որոշմամբ բավարարվել է:
Միաժամանակ անդրադառնալով դատական ծախսերի հարցին, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68, 73 հոդվածների և ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, հայցվոր Դանիել Իոաննիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4063 ՀՀ դրամ, հայցվոր Բայանդուր Պողոսյանից` 4063 ՀՀ դրամ իսկ հայցվոր Հասմիկ Սիմոնյանից` 4067 ՀՀ դրամ ` որպես պետական տուրքի գումար: Պատասխանող ՙՄեկ Ազգ՚ կուսակցությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8004 /յոթ հարյուր քսան/ ՀՀ դրամ ` որպես պետական տուրքի գումար:
Ուստի վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղ. դատ. օր-ի 130-132 հոդվածներով դատարանը,
ՎՃՌԵՑ
Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի, Հասմիկ Սիմոնյանի ընդդեմ ՙՄեկ Ազգ՚ կուսակցության` ՙպատասխանող կազմակերպությունից հայցվորների պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելու համար գումարի բռնագանձման, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրելու պահանջի մասին՚, բավարարել մասնակի.
Դանիել Իոաննիսյանին և Բայանդուր Պողոսյանին ՙայս գաղափարական վիժվածքը՚ և ՙԱյս խեղկատակը՚ բառերի միջոցով վիրավորանք հասցնելու համար պարտավորեցնել ՙՄեկ Ազգ՚ կուսակցությանը հրապարակավ ներողություն խնդրել Դանիել Իոաննիսյանից և Բայանդուր Պողոսյանից ՙFacebook՚ համացանցային կայքում ՙՄեկ ազգ՚ կազմակերպությունների դաշինք՚ ֆեյսբուքյան էջում ներողության տեքստը տեղադրելու միջոցով և ՙՄեկ Ազգ՚ կուսակցությունից հօգուտ Դանիել Իոաննիսյանի և Բայանդուր Պողոսյանի բռնագանձել յուրաքանչյուրի համար 10-ական /տաս/ ՀՀ դրամ:
Հայցը մնացած պահանջների մասով` մերժել:
Հայցվոր Դանիել Իոաննիսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4063 /չորս հազար վաթսուներեք/ ՀՀ դրամ ` որպես պետական տուրքի գումար:
Հայցվոր Բայանդուր Պողոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4063 /չորս հազար վաթսուներեք/ ՀՀ դրամ ` որպես պետական տուրքի գումար:
Հայցվոր Հասմիկ Սիմոնյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4067 /չորս հազար վաթսունյոթ/ ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Պատասխանող ՙՄեկ Ազգ՚ կուսակցությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 8004 /ութ հազար չորս/ ՀՀ դրամ ` որպես պետական տուրքի գումար:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ծանոթություն: Սույն վճռի դեմ վերաքննիչ բողոք չի ներկայացվել, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ ___________________2012թ.:
ԴԱՏԱՎՈՐ Ա. ՄԽԻԹԱՐՅԱՆ
No comments:
Post a Comment