Monday, December 10, 2012

Baldur's Gate: Enhanced Edition, առաջին տպավորությունները

 Baldur's Gate շարքը համարվում է RPG խաղերի գագաթնակետը: Անձամբ ինձ իր մասշտաբով, սյուժեով ու մնացած ամեն ինչով ամենաշատը ցնցել է Baldur's Gate II: Shadows of Amn-ը: Այնպես որ, անհամբեր սպասում էի նոր համակարգերի համար օպտիմիզացված Baldur's Gate-ի թողարկմանը:

Ցավոք, առաջին տպավորություններս այնքան էլ դրական չեն: «Ձեռքով նկարած» ու այդքան գովասանքների արժանացած տեսահոլովակները կտրտում են անտանելի, ու ոչ միայն ինձ մոտ: Նիցշեից մեջբերումները խաղից հեռացված են: Օրիգինալ խաղի առաջին տեսահոլովակում, երբ ոմն անանուն, հավանաբար՝ դրական հերոս տակն է անում ու Սերևոկին խոստանում օգնել գտնել Բաալի մյուս երեխաներին (ինչը նրա կյանքը չի փրկում) խաղի ընդհանուր մռայլության ու լրջության մթնոլորտը դրվում էր հենց սկզբից: Չմոռանանք, որ Baldur's Gate-ի կարևոր գծերից է նրա լուրջ, հասուն լինելը: Այդ առումով այն համեմատելի է Planescape: Torment-ի հետ: Նոր տարբերակն ասես դեռահասների համար կտրտած լինի: Տեսահոլովակում անանուն դրական հերոսը նվնվում է, որ տեղի ունեցողը սխալ է, ընկնում աշտարակից ու մեռնում: Ու վերջ: Եթե խաղի կաստրացիան այս տեմպերով շարունակվի, ես չեմ ցանկանում նրան ընդհանրապես ձեռք տալ: Հին տարբերակը խելքի բերելու համար բավականաչափ մոդեր կան, ի վերջո:

«Վարք սրբոց», քրիստոնեական դոգմայի ու եկեղեցու համեմատական վերլուծություն, մաս երրորդ


Հերետիկոսներն ու պայքարը նրանց դեմ

Մարդկանց ուղղահավատների ու հերետիկոսների բաժանելը, հերետիկոսների նկատմամբ ծայրահեղական վերաբերմունքը սովորաբար համարվում է կաթոլիկ եկեղեցու նորամուծությունը: Բոլորը միանգամից հիշում են Domini Canes ու Իգնատիուս Լոյոլայի ճիզվիտների կազմակերպությունները, որոնք դատեր էին իրականացնում կախարդանքով, հերետիկոսությամբ ու եկեղեցուն անհաճո այլ գործունեությամբ: Ինչևէ, վաղ քրիստոնեական եկեղեցիների ու «հերետիկոսական» հայտարարված ուղղությունների նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրոնական ու այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը միշտ էլ հատուկ է եղել քրիստոնյաներին: Գումարենք Մեսրոպ Մաշտոցի, Մովսես Խորենացու, Գրիգոր Նարեկացու և այլոց նկատմամբ ՀԱԵ հալածանքները, պավլիկյան և թոնդրակյան շարժումների նկատմամբ հաշվեհարդարը՝ մեր առաքելականների ձեռքերը նույնպես մինչև դաստակներն արյան մեջ են: Դա ցույց տալու համար ևս մեկ անգամ դիմենք Եզնիկ Ծ Վարդապետի «Հայրաբանությանն» ու բարռացի մեջբերումներ կանենք (նշեմ, որ գիրքն աչքի է ընկնում վերին աստիճանի ապուշ շարադրանքով ու մութ, հետամնաց մտքերի մեծ քանակով):
Թեոդոտոսը, որին նզովել է Հռոմի Վիկտոր եպիսկոպոսը (189-198), կարծում էր, թե Քրիստոս ծնվել է Աստծո կամքի համաձայն, կույս Մարիամից և ընդունել Աստվածային ուժը՝ մկրտության ժամանակ, երբ և որդեգրվել է Հոր կողմից: Քրիստոս աստվածացել է հարությունից հետո (Հիպպոլիտոս, Ընդդեմ Հերետ. Է 35):
Էջ 240 («Հերետիկոսություններ»)
Նզովել է: Ընդամենը փոքրիկ այլախոհության համար:
...Նրա հայացքների քննության նպատակով 264-268 թթ. միջև գումարվել են 3 ժողովներ: Երրորդում Մալխիոն քահանային հաջողվել է ցույց տալ Պողոս Սամոսատցու վարդապետության չարիքը, և այդպիսով Սանիսատցին դատապարտվել է գահընկեցության: Սակայն Անտիոքի եպիսկոպոսության տունը լքել է միայն 272 թ., պետական իշխանության միջամտությամբ:Էջ 241 («Հերետիկոսություններ»)
Թվում է՝ պարզապես մի քանի լաչառ եպիսկոպոս աթոռակռիվ էին տալիս, բայց տեքստի շարունակության մեջ նկարագրվում է ինչ կլիներ, եթե եկեղեցին ամեն ինչ իր ձևով աներ.
Պետրոս Սամոսատցին էլ էր որդեգրական ու, ընդհանուր առմամբ, հակադրվում էր միայն Քրիստոսի աստվածացմանը՝ համարելով, որ նա Աստծո որդի է միայն բարոյական տեսանկյունից: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:
Կրկնեմ: Եթե եկեղեցու ազդեցությունը պետական իշխանության վրա ավելի մեծ լիներ, Պետրոսին հավանաբար կվառեին խարույկի վրա՝ նախապես լեզուն կտրելով, կուրացնելով ու ամորձատելով:

Միանգամից տեսնում ենք հելլենիստական շրջանից անկում ապրող աշխարհիկ իշխանությունների ցիվիլ բնույթը, որը հակադրվում է քրիստոնեական արյունարբու բնույթին, ու ավելի խիստ կտեսնենք այն շարքի հաջորդ հոդվածում, որտեղ խոսվում է Հիպաթիա Ալեքսանդրիացու մասին:

Շարունակենք կարդալ:
...Տարվելով գնոստիկյան շրջանակներից, հոր կողմից վտարվել է եկեղեցուց: 140 թ. գնացել է Հռոմ: 144 թ. ցանկանալով գտնել ընդհանուր ճանաչում, գուցեև փափագելով գրավել Հռոմի եպիսկոպոսական աթոռը, ներկայացնում էիր հայացքները Հռոմի հոգևորականության առջև, սակայն, հակառակ իր սպասածի, դատապարտվում է և բանադրվում:
Էջ 253 («Հերետիկոսություններ»)
Խոսքը գնում է Մարկիոնի ու մարկիոնականների ուղղության հիմնադրման մասին:
Եթե ինչ-որ տեր հայր որոշի ինձ մեղադրել, որ ես քննադատում ու ծաղրում եմ մի բան, որը չեմ հասկանում, ահա ևս մի մեջբերում այն մասին, ինչպես էր եկեղեցու ականավոր գործիչ Տերտուղիանոսը «հասկանում» նրանց, ում ծաղրում էր: Էջ 199 («Գ Դարի Լատին Հայրերը Եվ Գրողները»).
Ընդդեմ Վալենտինոսի (Adversus Valentinianos)
Գրել է 206/7 թթ.: Ծաղրում է գնոստիկ Վալենտինոսին [sic] ու նրա հետևորդներին առանց նրանց տեսությունների սիստեմատիկ հերքման:
Եթե մի կողմ թողնենք այն փաստը, որ լատիներեն վերնագրում նշվում է ոչ թե «Վալենտինոս», այլ «Վալենտինիանոս» անունն ու անցնենք բուն նյութին, կհասկանանք, որ ես շատ ավելի մեծահոգի եմ քրիստոնյաների նկատմամբ, քան նրանք են եղել իրենց հակառակորդների նկատմամբ:

Քրիստոնեությունն ուղղակիորեն քարոզում է վհուկների ու կախարդների ոչնչացումը (Ելից 22:18).
Մի՛ թողէք, որ կախարդներն ապրեն։
Սրան հաջորդում է ընդունելի մահապատժի ևս երկու օրինակ (Ելից 22:19-20).
Ով որ կենակցի անասունի հետ, նրան մահապատժի ենթարկեցէ՛ք։Ով որ կուռքերին զոհ մատուցի, մահապատժի թող ենթարկուի։
Ղևտացիների 20:1-5.
Տէրը խօսեց Մովսէսի հետ ու ասաց. Խօսի՛ր Իսրայէլի որդիների հետ ու նրանց ասա՛. եթէ որեւէ իսրայէլացի կամ իսրայէլացիների մէջ բնակութիւն հաստատած որեւէ պանդուխտ իր զաւակներից որեւէ մէկին ծառայութեան տայ կռապաշտ իշխանի, նա պէտք է մահապատժի ենթարկուի։ Այդ երկրի մարդիկ թող քարկոծեն նրան։ Ես իմ հայեացքը կը սեւեռեմ նրա վրայ եւ նրան կը վերացնեմ իմ ժողովրդի միջից, քանի որ նա իր զաւակներից մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնելով՝ պղծել է իմ սրբարանը եւ անարգել իմ սուրբ անունը։ Եթէ տեղացի բնակիչները անուշադրութեան մատնեն իր զաւակներից որեւէ մէկին կռապաշտ իշխանի ծառայութեանը յանձնած մարդու արարքն ու չսպանեն նրան, ապա ես իմ հայեացքը կը սեւեռեմ այդ մարդու եւ նրա ցեղի վրայ, իր ժողովրդի միջից կը վերացնեմ նրան ու նրա հետ բոլոր միաբանածներին, ովքեր կռապաշտ իշխանի հետ պոռնկանալու պատճառ դարձան։
Ղևտացիների 20:9.
Եթէ որեւէ մէկը անիծի իր հօրը կամ իր մօրը, նա մահապատժի թող ենթարկուի։ Եթէ նա բամբասել է իր հօրը կամ իր մօրը, մահապարտ է։
Հոմոսեքսուալներին մահվան դատապարտելու մասին՝ Ղևտացիների 20:13.
Եթէ որեւէ տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպէս կնոջ հետ, նրանք պղծութիւն գործած կը լինեն։ Երկուսն էլ մահուան թող դատապարտուեն, որովհետեւ մահապարտ են։
Նորից վհուկների ու կախարդների մասին Ղևտացիների 20:27.
Եթէ որեւէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհմայ լինի, թող մահապատժի ենթարկուի. թող նրանց քարկոծեն, որովհետեւ մահապարտ են։
Սա դեռ փոքր մասն է կրոնական սանկցիայով իրականացվող մահապատիժների չաղ ցուցակի, որոնք նշվում են աստվածաշնչում: Այս ամենի վրա հիմնված է կազմել ինկվիզոտորական «Malleus Maleficarum» աշխատանքը, որը հանդիսացել է ինկվիզիցիայի զոհերին հայտնաբերելու, հարցաքննելու ու մահապատժի ենթարկելու հեղինակավոր ձեռնարկ կաթոլիկ եկեղեցու աշխարհիկ իշխանությամբ օժտված լինելու ամբողջ ընթացքում:

Ոչ, ինկվիզիտորներն իսկական քրիստոնյաներ էին: Իսկ երևույթը, երբ մեկը քրիստոնեությունից վերցնում է միայն այն, ինչ իրեն դուր է գալիս, ու իրեն համարում քրիստոնյա, անվանում են cafeteria christianity, ու քրիստոնեությունն էլ իր համար բուֆետի սեղանի նման բան է:

Tuesday, December 4, 2012

Ֆիլմ. «La Science des reves» («Երազների արվեստը»)

Ռեժիսոր, սցենարիստ՝ Միշել Գոնդրի, հայտնի է իր «Eternal Sunshine of the Spotless Mind» («Անբիծ Մտքի Հավերժական Փայլատակումը») ֆիլմով

Երկիրը՝ Ֆրանսիա/Իտալիա

Ժանրը՝ դժվարանում եմ ասել, ռոմանտիկ կատակերգություն, դրամա, հոգեբանական, սյուրռեալիզմ, աբսուրդ, մոգական ռեալիզմ

Գլխավոր դերերում՝ Գաել Գարսիա Բերնալ («Amores perros»), Շառլոտ Գինսբուրգ (Սերժ Գինսբուրգի աղջիկը, «21 Grams»)

Կոմպոզիտոր՝ Ժան Միշել Բերնար

Թողարկման ամսաթիվը՝ 16 օգոստոսի 2006

Բյուջեն՝ մոտ 6 մլն. ԱՄՆ դոլլար

Եկամուտ կինոթատրոններից՝ մոտ 15 մլն. դոլլար


Monday, December 3, 2012

Ավանում ընտրությունների մասին

1/17 ընտրատարածքում ընտրությունները բավականին խաղաղ անցան: ՀՀԿ-ականներն, ինչպես միշտ, լկտի էին (ընտրատարածքը չփակված՝ հրավառությունը ձեզ օրինակ): Մի տատի քիչ էր մնում՝ լաց լիներ, որ աղջիկը չէր իմացել, որ մայրն իր փոխարեն չի կարող քվեարկել, ու աշխատանքի էր գնացել: Չգիտեմ, փողը նախորոք էին տվել, ու սիրտը մղկտում էր, որ ձեռքում ունեցած տաս հազար դրամը հետ պետք է տա, թե նախապես մտքում ծախսել էր փողն ու հիմա պետք է ընտանեկան բյուջեն նորից կազմեր՝ նոր տարվա բուդը փոխարինելով դոլմայով: Մարդիկ շարքերով անցնում էին՝ հաշմանդամներ, թաղի գժեր, մահվանից հինգ պակաս պառավներ, անգիր արած ձևով դնում իրենց «պծիչկաներն» ու գնում տուն: ՀՀԿ-ն չորս սխալ լրացված թերթիկ գցել էր իրենց կույտի մեջ (+ երկու Ստյոպա Սաֆարյանի թերթիկ): ՀՀԿ վստահված անձը կռիվ էր տալիս անվավերների համար. «Մարդն եկել հասել ա ստեղ, ընտրել, դու ուզում ես նրա ընտրածն անվավեր համարել միայն նրա համար, որ պծիչկի տեղը գի՞ծ ա դրել»: Կթվա՝ ի՞նչ իմաստ ուներ չորս ձայնի համար կռիվ տալ: Կարծում եմ՝ կռիվը ոչ թե ձայների, այլ դրանց համար ջուրը գցած տաս հազար դրամների համար էին կռիվ անում: Դե հիմա, թող անեն: Որն անվավեր էր, անվավեր համարվեց: Որը վավերական՝ վավերական: Արդեն տեսել ենք, թե ինչքան կարճ են վայելում այդպես ձեռք բերված հաղթանակը. մեր եվրոպացի բարեկամն էլ իրեն սարի պես տղա գիտեր, «տեսար, ինչ եղավ»:

ՀՀԿ-ականները շտապում էին տոնելու: Իսկ մենք վերադարձանք Ստյոպայի շտաբ: Ի զարմանս մեզ, այնտեղ ոչ դատարկություն էր, ոչ էլ վհատված մթնոլորտ: Վստահված անձինք, հանձնաժողովի անդամները պատմում էին, վիճում, կատակու, Ստյոպան քաջալերում էր բոլորին: Ի վերջո, պատգամավոր լինելը ծառայություն է ժողովրդին, ոչ թե պարգև: Թող Ավանի ժողովուրդը հիմա մտածի՝ ինչպես է իրենց ծառայելու իրենց տաս հազար դրամի կարոտ պահած կուսակցության ներկայացուցիչը, որին գովազդում էին «այլ կենցաղային իրերի հետ միասին»: Շնորհակալություն այն բոլոր ազնիվ մարդկանց, ովքեր իրենց ընտրությամբ, էական չի թե ում են ընտրել, իրենց խղճի դիմաց մեղք չեն գործել:

Ողջ եղեք:

Saturday, December 1, 2012

Օրվա երաժշտությունը

Guns N' Roses, "This I Love"

Գրական բլից-մրցույթ. ARMCON at World's End

Գիտեմ, նորից կորել եմ, բայց պարապ չէի մնում:) ARMCON ֆանտաստիկ և գիտաֆանտաստիկ գրականության մրցույթի կազմակերպման ընթացքում որոշեցինք բլից-մրցույթ կազմակերպել՝ մոտակա  աշխարհի վերջի չգալու կապակցությամբ: Այնպես որ, բոլորդ հրավիրված եք մասնակցելու:

Մրցույթի կանոնները կարող եք կարդալ այստեղ: Ընդունվում են հայերեն, անգլերեն և ռուսերեն աշխատանքներ: Գրանցվելու ու մանրամասների համար զանգահարեք (+374) 91 07 13 42 հեռախոսահամարով, կամ կարդացեք Armcon.am ֆորումում:

Monday, November 12, 2012

«Դուք ծխում եք, որ վայելեք: Ես ծխում եմ, որ մահանամ»:
Ջոն Գրին, «Ալյասկային փնտրելիս»

Ընդհանուր առմամբ, ես միշտ ցանկացել եմ, որ մեկը կողքիս լինի, ում հետ կկարողանամ մինչև վերջ ազնիվ լինել: Այնպես չի, որ կյանքումս ինչ-որ իրոք սարսափելի բան արած լինեմ, բայց շատ ավելի տհաճ է, երբ քեզ սխալ են հասկանում: Պատկերացրու՝ սիրահարվես մտավոր հետամնացությամբ տառապող աղջկա, ով նաև հարուստ ծնողներ ունի: Իրոք անկեղծ սիրահարվես: Փոխադարձ: Պատկերացրու, թե ինչ ահավոր են քո ապրումները կապված նրա վիճակի հետ: Գիտակցումը, որ նա երբեք քեզ չի հասկանա: Գիտակցումը, որ չես կարող նրա հետ մնալ մինչև վերջ, նրա հետ երբեք երեխաներ չես ունենա՝ վախից, որ դա կարող է փոխանցվել ժառանգաբար: Գիտակցումը, թե նա ինչ է ապրելու, երբ դու գնաս: Որովհետև դու տվել ես նրան այն, ինչ ոչ ոք երբեք չի տվել ու այլևս չի տա: Պատկերացրու օտարումը: Իսկ հիմա պատկերացրու, թե ինչպես դա կմեկնաբանեն: Կարող ես ասել, որ ուրիշների կարծիքի վրա թքած ունես, թեև դա այդպես չի: Պարզապես երբեմն դու այնքան ուժեղ ես, որ կարծիքները մոծակի խայթոցի նման են: Բայց երբ դու թույլ լինես, այդ խայթոցները կկոտրեն քո ողնաշարը:

Դրա համար էլ, չնայած չես խաբում, բայց խտացնում ես գույները, որ մարդիկ նայեն այն ուղղությամբ, որով դու ես ուզում, հետո հոգնում ես ու զգում, որ էլ ոչ մեկին ասելու բան չունես:

Sunday, October 21, 2012

Ամանդա Տոդդի պատմությունը

Youtube-ի այս տեսահոլովակում 15-ամյա կանադացի դպրոցական Ամանդա Տոդդը պատմում է իր պատմությունը. ինչպես ինտերնետային շփումը վերածվեց շանտաժի, հալածանքի, հոգեբանական բռնության:

Տեսահոլովակը Youtube-ում հրապարակվել է սեպտեմբերի յոթին: Ուղիղ մեկ ամիս և երեք օր հետո Ամանդան ինքնասպանություն է գործել:

Ինձ թվում է՝ բավականին ծանոթ պատմություն է: Ու անիմաստ է հուսալ, որ այն կազդի պատմության մեղավորի կարգի մարդկանց խղճի վրա: Այն, որ մենք գործնականում չունենք ներքին, հասարակական պաշտպանական մեխանիզմներ նման դեպքերի համար, որ պատրաստ ենք ասել՝ «ապուշ է, ինքն է մեղավոր», ստեղծում է հանդուրժողականության կոնտեքստ նրա համար, որ մարդիկ չարաշահեն երեխաների դյուրահավատությունը:

Ցանկացած դեպքում, միգուցե ժամանակն է, որ մարդիկ դադարեն դատել հոգեբանական բռնության զոհին ու փոխարենը փորձեն օգնել նրան: Որովհետև այն, ինչ ձեզ արհեստական մելոդրամա է թվում, երբեմն ընդամենը արտահայտչամիջոց է իսկական ողբերգության համար:

Ու մեկ էլ, ժող: Ես ձեզ հաճախ չեմ սա ասում, բայց ես ձեզ իրականում սիրում եմ: Լավ եղեք ու մի տխրեք:

Saturday, October 13, 2012

Մի վերջին լուսանկար. պոստ մորտեմ լուսանկարչությունը 19-րդ դարում

Վաղ լուսանկարչության կիրառումներից մեկն ազգականներին վերջին անգամ սիրելի հանգուցյալի հետ նկարվելու հնարավորությունն էր. նկարչի դիմելու դեպքում պատվերը չափազանց երկար ժամանակ կտևեր, իսկ դիակներն, իհարկե, առասպելական համբերություն ունեն, բայց այդ հատկությունը, ցավոք, չի տարածվում ողջ մնացածների հոտառության զգայարանի վրա: Ինչի պատճառով 19-րդ դարում նախընտրում էին սիրելի հանգուցյալին հնարավորինս շուտ ճամփել այնտեղ, ուր խոտն ավելի կանաչ է, երկինքն էլ ավելի կապույտ:

Այդ կոնտեքստում առաջացավ պոստ մորտեմ (հետմահու) լուսանկարչության գաղափարը:

Այս լուսանկարների մի մասը ողբերգական է, մի մասը՝ մռայլ ձևով զավեշտալի: Հետաքրքիր են մարդկանց դեմքերի արտահայտությունները: Երեխաներինն էլ, մեծերինն էլ: Եկեք հիշենք, որ այս ամենը տեղի էր ունենում վիկտորիական էթիկայի պայմաններում, իսկ լուսանկարիչներին հասարակ խավի շրջանում վերաբերվում էին այնպես, ինչպես մենք հիմա ակադեմիկոսներին ենք վերաբերվում:
Ընդհանուր առմամբ ամերիկյան հասարակ ու միջին խավի պոստ մորտեմ լուսանկարները ես սովորաբար որակում եմ մեկ բառով՝ տարօրինակ:

Հետաքրքիր, բայց կանխատեսելի է պոստ մորտեմ լուսանկարների մեջ մանկականների մեծ քանակը. այդպիսի լուսանկարը դառնում է մահացած երեխայի միակ հիշատակը:

Իսկ որոշ նկարներ շատ տխուր են, ինչպես  Սաքսեն-Կոբուրգի ու Գոթայի արքայադուստր Վիկտորիայի վերջին լուսանկարը.
Լուսանկարն ասես նոր իմաստ տա «վերջին շունչը փչել» արտահայտությանը:

Քանի որ իմ նախորդ բլոգները հակում ունեին արագ տեմպերով լցվել մեռելներով, այսքանով սահմանափակվենք: Այլ պոստ-մորտեմ լուսանկարներ դիտելու համար կարող եք որոնել գուգլում՝ 19th century post mortem photography, 19th century post mortem daguerreotype նշանաբառերով:

Monday, October 8, 2012

Օտարալեզու բառերի տրանսլիտերացիա. տ, թե՞ թ

Ընդհանուր առմամբ, որոշ անգլերեն բառեր թարգմանվելու փոխարեն տրանսլիտերացվում են հայերեն (հնչյունային համարժեքներով են փոխարինվում), ինչը հաճախ վիճելի կետեր է առաջացնում (Էյնշտեյն-Այնշտայն, Ֆրեյդ-Ֆրոյդ և այլն):

Նախ՝ անդրադառնամ տ-թ տրանսլիտերացիային, որի խնդիրն առավել ցավոտ է: Ռուսերենը չունի թ հնչյուն (ինչպես անգլերենը չունի տ հնչյուն), ինչի պատճառով սովետական շրջանում տրանսլիտերացված բառերում խուլ բաղաձայնն էր կիրառվում (տ), իսկ հետսովետական ռեակցիոն շրջանում, ռուսերենից կարծես հեռանալու նպատակով, կիրառվում էր անգլիական թ-ն՝ ձայնեղ խուլ բաղաձայն: Ինչևէ, իրականում տ-թ տրանսլիտերացիան ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Ընդհանուր առմամբ, եթե նայենք անգլերենի ծագումնաբանական տեսանկյունից, կտեսնենք այդ երկու հնչյունները թե՛ հույների մոտ (տաու-թետա), թե՛ սկանդինավյան լեզուներում (տեյվազ-թունոր): Հունական երկու աստվածուհիների անունների օրինակի վրա պարզ է դառնում, թե ինչպես են անգլերեն տրանսլիտերացվում հունական տաուն ու թետան. Θέτις` Thetis, Թետիս, ու Τηθύς` Tethys, Տեթիս: Ակնհայտ է դառնում, որ հունական թետան, հայերեն համարժեքը՝ թ, անգլերենում հնչյունափոխվում է th բաղաձայն հնչյունին (իր երկու տարբերակներով, ձայնեղ ð-ն ու անձայն θ-ն): Նույնը տեղի է ունենում Þ թեյվազ ու T տունոր հին սկանդինավյան հնչյունների հետ (Thor - Týr): Հունական դիցաբանության հետ ես ծանոթացել եմ ռուսական աղբյուրներից, որոնց հեղինակները... թ հնչյունի բացակայության պատճառով նույնացրել էին Թետիս ու Տեթիս աստվածուհիներին, հայ թարգմանիչներն էլ ընդամենը Тетис բառի առաջին Т-ն Թ էին դարձրել:

Տեսնելով, թե ինչ տրամաբանությամբ են անգլերենում տրանսլիտերացնում հունական ու նորդական Տ ու Թ հնչյունները, կարող ենք հետևություն անել, թե ինչպես է պետք անգլերենից տրանսլիտերացնել T ու Th հնչյունները: T=Տ, Th=Թ:

Ֆրեյդի ու Էյնշտեյնի խնդիրն ավելի բարդ է: Ռուսերեն դրանք փոխանցվել են գրելաձևից ենթադրված տրանսլիտերացիայով, հայերեն մտել ռուսերենից: Ֆրոյդ ու Այնշտայն գրելաձևերի կողմնակիցները, որպես արգումենտացիա բերում են, որ նախնական լեզվով դրանք այդպես են արտասանվել: Հակափաստարկ՝ ֆիններն իրենց երկիրն անվանում են Սուոմի, հնդիկներն իրենցը՝ Բհարատա, վրացիներն իրենցը՝ Գեորգիա: Ինչևէ, մենք դրանք անվանում ենք այլ լեզուներից փոխառած կամ հնուց ձևավորված անուններով՝ Ֆինլանդիա, Հնդկաստան, Վրաստան: Անձամբ իմ կարծիքով, այս հարցին կարելի է առավել ճկուն մոտենալ ու երկու տարբերակն էլ ճիշտ համարել:

Իհարկե, ես լեզվաբան չեմ, ու հետաքրքիր կլիներ մասնագետ լեզվաբանի կարծիք լսել այս հարցի շուրջ: