Wednesday, March 2, 2016

Մուսուլմանների, բռնության ու վառելու կոչերի մասին

Վերջին մի քանի օրերին միանգամից երկու ողբերգական դեպք տեղի ունեցավ՝ երկուսն էլ կրոնական ենթատեքստով: Փետրվարի 29-ին ուզբեկ դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովան գլխատեց իրեն վստահված չորս տարեկան աղջկան: Պատճառներն՝ ամուսինը նոր կին էր վերցրել, քանի դեռ նա Ռուսաստանում աշխատում էր, ու գլխի միջի ձայներն էին իրեն դա հրամայել: Հետո լուր եկավ, որ վարձով բնակվող ադրբեջանցին «ալլահու աքբար» գոռալով սպանել է իր տանտիրոջը: Երկրորդ լուրի հետ կապված МК-ի հոդվածում նաև գրված էր, որ ադրբեջանցին տանը հակապուտինիստական գրառումներ ուներ:

Ավելի քիչ ուշադրության արժանացան հոդվածներն այն մասին, որ դայակ Գյուլչեհրա Բոբոկուլովան արդեն 15 տարի տառապում էր ծանր շիզոֆրենիայով:

Ու լիքը, նույնիսկ բավականին ադեկվատ մարդիկ, կոչեր արեցին մուսուլմաններին աքսորելու-սպանելու-վառելու մասին:

Երբ քրիստոնյա Անիտա Բրեքստոնը սպանեց 20-ամյա աթեիստ Կրիստալ Հիլլմանին իր աստծուն չհավատալու համար, ու դիակն օրերով թողեց բազմոցին, ոչ ոք քրիստոնյաներին աքսորելու-սպանելու-վառելու կոչեր չարեց:

Մուսուլմանությունը, մեղմ ասած, ոռի կրոն է: Ինչպես և քրիստոնեությունը: ISIS-ն ու Բոկո Հարամը դրա կենդանի վկայություններ են: Իսպանական ինկվիզիցիան հիշողություն է անցյալից: Աբորտների հետ կապված բռնությունն ու սպանությունները մեր օրերում: Եվ այլն:

Ու իմ նշած մարդասպանների մտածելակերպի ձևավորման մեջ էլ իրենց կրոնը զգալի դեր ունի: Բայց արդյո՞ք հենց բուն սպանությունների հետ ուղղակի կապ ունի: Կարծում եմ՝ ոչ: Ու անիմաստ, չարդարացված բան է՝ փորձել ամեն մահմեդականի կամ քրիստոնյայի դիտարկել որպես մանկասպան ու պատասխանատվության կանչել շիզոֆրենիայով տառապող, աֆեկտի վիճակում գտնվող կնոջ արարքի համար:

Ես հասկանում եմ, որ Գյուլչեհրա Բոբոկուլովայի արարքը հրեշավոր էր: Այն ինձ պակաս չի ցնցել, քան ձեզ: Մեր միակ տարբերությունն այն է, որ ես արյուն չեմ պահանջում: Նամանավանդ անմեղ արյուն:

Թե՛ քրիստոնեությունը, թե՛ մուսուլմանությունն իմ թշնամիներն են: Ես կցանկանայի երկուսն էլ ջնջված տեսնել աշխարհի երեսից: Բայց ոչ մարդկանց հալածելու ու սպանելու հաշվին:

Խաղաղություն ձեզ:

Tuesday, February 16, 2016

Աբորտների մասին ընդհանրապես, սելեկտիվ աբորտների մասին՝ առանձին

Խիստ հաստագլուխ մարդու հետ վիճելուց հետո միտք առաջացավ, որ պետք է աբորտների թեմային մի հատ խորը անդրադառնալ:

Աբորտը հղիության արհեստական ընդհատումն է: Նորմալ դեպքերում այն իրականացվում է հիվանդանոցային պայմաններում: Վատ զարգացած երկրներում հաճախ տարածված է այսպես կոչված «տնական աբորտների» արատավոր պրակտիկան, երբ հիվանդանոց չդիմելու և այսպես կոչված «խայտառակ չլինելու», հղիությունը թաքցնելու նպատակով աբորտն իրականացվում է ներքին կարգով՝ ոչ մասնագետի կողմից: Հաշվի առնելով, որ ցանկացած աբորտ որոշակի ռիսկ է պարունակում կնոջ առողջության համար, «տնական աբորտների» ելքը կարող է ընդհանրապես մահացու լինել: Հայաստանի Հանրապետությունում հղիության արհեստական ընդհատման կարգը հաստատված է ՀՀ վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքով: Ըստ այդ օրենքի, մինչև 12 շաբաթական հղիությունը կարելի է ընդհատել ըստ կնոջ դիմումի, իսկ մինչև 22 շաբաթականն՝ ըստ բժշկասոցիալական ցուցումների, կնոջ համաձայնության դեպքում: Այս ժամկետների համար հիմք են հանդիսանում սաղմի զարգացման փուլերն ու էթիկ նկատառումները:

Բացի օրենքով կարգավորված լինելուց, հասարակական որոշ խմբեր ունեն իրենց կարծիքը հղիության արհեստական ընդհատման կապակցությամբ: Մասնավորապես, որոշ խմբեր դիտարկում են աբորտը որպես մանկասպանություն: Նման խմբերի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ գնացել են ահաբեկչական գործողությունների աբորտ իրականացնող կլինիկաների և բժիշկների նկատմամբ: National Abortion Federation-ի տվյալներով, միայն ԱՄՆ տարածքում 90-ականներին հակաաբորտային ակտիվիզմով զբաղվող մարդիկ իրականացրել են 7 սպանություն, 1977-ից մինչ այսօր ԱՄՆ-ում ու Կանադայում կատարել 17 սպանության փորձ, 383 սպանության սպառնալիք, 153 հարձակում ու ծեծ, 100 կարագաթթվի միջոցով հարձակում, 373 ներխուժում անձնական տարածք, 41 պայթեցում, 655 սիբիրախտի սպառնալիք, 3 առևանգում: 1973-2003 թթ. աբորտներ իրականացնող բուժհաստատությունների ու բուժաշխատողների նկատմամբ բռնության դեպքերից 300-ը որակվել են որպես «ծայրահեղ»՝ ըստ RAND անկախ հետազոտական ընկերության տվյալների:

Որոշ մարդիկ հակաաբորտային գաղափարներ ունեն սենտիմենտալ նկատառումներով, որոշները՝ կրոնական: Վերոհիշյալ խմբերն իրենց անվանում են pro-life: Ես իրենց անվանում եմ դալբայոբներ: Թե ինչու՝ կտեսնենք ստորև:

Քանի որ նման խմբերը սիրում են խնդիրը պրիմիտիվացնել լոզունգի մակարդակի, ես իմ հոդվածում կքննարկեմ հարցը հնարավորինս խորը: Իսկ «մի՛ սպանեք ապագա երեխային» լոզունգը նույն «հավի ձու ուտելով հավի դաշտանն եք ուտում» օպերայից է: Խնդիրը սխալ հասկացած, սենտիմենտալ ու հիստերիկ:

Նախ հասկանանք, թե ինչը կարող է կնոջը մղել աբորտի: Կունենանք երկու տարբերակ. կամ հղիությունն անցանկալի է, կամ էլ հղիության ընթացքում ի հայտ են եկել այլ հանգամանքներ՝ սաղմի վնասվածք, մոր առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգներ, ընտանիքի ֆինանսական դրության վատթարացում և այլն: Երկրորդ դեպքը հենց մեր նշած «բժշկասոցիալական ցուցումներն» են, ու, իմ կարծիքով, երբ ընտրությունը մոր կամ դեռ հիպոթետիկ երեխայի կյանքի միջև է, ցանկացած առողջ դատող մարդ կընտրի պահպանել մորը:

Անցանկալի հղիությունները մի փոքր ավելի բարդ են: Այստեղ կան թե՛ չպաշտպանված սեքսից առաջացած հղիության դեպքեր, թե՛ կոնտրացեպցիայի միջոցների սխալ աշխատանքի հետևանքներ, թե՛ բռնաբարության զոհերի հղիանալու դեպքեր: Եթե չպաշտպանված սեքսից առաջացող հղիությունների քանակը կարելի էր կրճատել ճիշտ սեռական դաստիարակության միջոցով (գաղափար, որին մեր հայեցի ավանդոֆիլները վերաբերվում են ինչպես տերտերն աղքատությանը), ապա մյուս երկուսի հետ ոչինչ անել չենք կարող:

Հասկանանք, որ մինչև ծնվելը երեխան հիպոթետիկ է: Նա գոյություն չունի: Կա բեղմնավորված ձվաբջիջ: Բջիջները սկսում են բաժանվել, սկսում է ձևավորվել սաղմը: Աստիճանաբար սաղմը վերածվում է երեխայի, պրոցեսը սովորաբար 7-9 ամիս է տևում, ու արդյունքում երեխան ծնվում է: Աբորտի թույլատրելի ժամկետի էթիկ պատճառը հիմնված է հենց ժամկետի վրա, որից հետո մենք արդեն ոչ թե սաղմ, այլ երեխա ունենք, որն արդեն ունի ծնվելու իրավունք: Մյուս կողմից, այդ հիպոթետիկ երեխան հաճախ ունի անձնական արժեք ծնողների համար, որն օբյեկտիվ չափանիշներով հնարավոր չի գնահատել: Այնպես որ, աբորտը սովորաբար ծանր ու պատասխանատու որոշում է: Քանի որ հղիության ամբողջ պրոցեսն ընթանում է կնոջ օրգանիզմում, բոլոր իր ռիսկերով ու հետևանքներով, ու ծննդաբերում է նույնպես կինը, աբորտ անելու կամ չանելու որոշում կարող է ընդունել միայն կինն ու ոչ ոք չի կարող իրեն զրկել այդ իրավունքից:

Աբորտի մեջ ոչ մի ուրախ բան չկա, բայց այն չարյաց փոքրագույնն է: Բռնաբարության զոհ կնոջն ինչքանո՞վ է արդարացված ստիպել ծննդաբերել իրեն բռնաբարողի երեխային: Անցանկալի երեխան սովորաբար թե՛ ծնողին է դժբախտացնում, թե՛ ինքն է դժբախտ, ողորմելի գոյություն ունենում: Մանկատներն էլ, ինչպես գիտենք, դրախտ չեն: Ու աբորտը, եթե արվել է թույլատրելի ժամկետի մեջ, բնավ մանկասպանություն չի: Այո, հիպոթետիկ երեխան դադարում է գոյություն ունենալ: Եթե դուք երազում եք երեխա ունենալ, հետո դադարում եք երազել դրա մասին, նույն բանն է տեղի ունենում, պարզապես այս դեպքում երեխան արդեն գոյություն ունենալու ընթացքի մեջ էր: Սաղմը չունի մտային պրոցեսներ, կենսափորձ, ճաշակ, բնավորություն ու անհատականություն: Այն ընդամենը սաղմ է, որը կարող է վերածվել կամ չվերածվել երեխայի: Այնպես որ, «մի սպանեք ապագա երեխային» կոչերը հեռու են իրականությունից: Դեռ գոյություն չունեցող երեխային հնարավոր չի սպանել: Ընդամենը կասեցվում է անորոշ հավանականություն:

Սելեկտիվ աբորտներն իրենցից ներկայացնում են հղիության ընտրողական ընդհատում՝ կախված երեխայի սեռից: Սովորաբար իրենք տեղի են ունենում, երբ սաղմն իգական սեռի է: Չինաստանում, օրինակ, դա պայմանավորված է տղա երեխայի առավել աշխատունակ լինելով: Հայաստանում դա հաճախ պայմանավորված է թե՛ «անպայման ցեղի շարունակող տղա ունենալու» մղմամբ, թե՛ աշխատունակության գործոնով: Սելեկտիվ աբորտներն, ինչպես «տնային աբորտները», արատավոր պրակտիկա են: Չլինելով, ինչպես մնացած աբորտները, մանկասպանություն, իրենք հանդիսանում են խտրականության ձև: Նախկինում հենց Հայաստանում տարածված էր նորածին աղջիկներին սպանելու պրակտիկան: Աննա Ոսկանյանի «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները որպես ընտանիքում գենդերային խտրականության արտահայտում» զեկույցի մեջ կարդում ենք.
Նույն կինը ներկայացրեց նաև մեկ դեպք, որը կապված էր իր սեփական մոր ծննդյան պատմության հետ և որը տեղի է ունեցել 1960-ական թվականներին: Իր իսկ տատիկը պատմում է, որ երբ ինքը 5-րդ աղջկան է ունեցել, այսինքն նրա մորը, շրջապատի կանայք եկել են, ասել. «Տար շրջի»: Որ տատիկին հարցրել են, ինչ է նշանակում դա, նա պատասխանել է որ իրենց ժամանակ իրենց գյուղում նա, ով ծնված երեխային չէր ուզում, տանում էր անտառ ու դեմքով հողին պառկացնում, երեխան խեղդվում էր, մահանում: Տատիկը պատմում էր, որ անտառի այդ ճանապարհով գնալիս աջ ու ձախ կողմերով շրջված երեխաներ էին:
«Ուղղակի, որ եկան տեսան, ինչ սիրունիկ, բաց գույնի աչքերով աղջիկ է, բոլորն ասացին մի շրջի…»
60-ական թվականները վաղ անցյալ չեն, ու ցավալի է, որ նման բարբարոսական պրակտիկաները տեղ են ունեցել հայկական հասարակության մեջ: Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը ձեզ ասի «ավանդական հայեցի բարոյական ժամանակների» մասին, սա կարող եք մտցնել իր աչքը:

Ժամանակը մեզ երևութային քաղաքակրթություն է տվել, բայց չի ազատել ներքին բարբարոսությունից: Հիմա մարդիկ աղջիկով հղի լինելու մասին իմանում են նախքան ծննդաբերությունը, երեխային «շրջելու» փոխարեն ընդհատում են հղիությունը: Բայց մղումները, մոտիվացիաները, որոնք պատճառ էին դարձել երեխա «շրջելու» սարսափելի պրակտիկային, չեն անհետացել:

Ահա թե ինչու է ընթանում պայքար սելեկտիվ աբորտների դեմ:

Ցավոք, որոշ բութ հակաաբորտային ակտիվիստներ այդ պահը փորձում են օգտագործել իրենց սեփական տեսանկյունը քարոզելու համար: Երբեմն իրենք դա քողարկում են ֆեմինիզմի քննադատության անվան տակ: Որպես ֆեմինիզմի երրորդ ու չորրորդ ալիքների օպոնենտ, ես կարող եմ վստահ ասել, որ սելեկտիվ աբորտների դեմ պայքարը ոչ թե ֆեմինիստական, այլ համամարդկային է: Իսկ հղիության ընթացքը պահպանելու կամ ընդհատելու իրավունքը, ինչպես նաև դրա հետ կապված առողջապահական ծառայությունները՝ ամեն կնոջ անքակտելի իրավունքը:

Հուսով եմ՝ լավ ներկայացրեցի տեսանկյունս:

Monday, February 15, 2016

«ZGUSHACEQ KANAYQ EN», կամ CAR U NAXAND վերադարձ հայկական կինոինդուստրիային

Ես իրոք չեմ պատկերացնում, թե ինչպես է հայկական կինոինդուստրիան հաջողացնում իրար հետևից վիժել այսքան աղբ: Սերիալները եթե նույնիսկ բաց թողնենք: «Ցասում» այսպես կոչված սարսափ ֆիլմը, որի ընթացքում մոտ երեք րոպե նկարած են դերասանուհու քթանցքի միջի մազերը: Ու դա ֆիլմի պակաս տհաճ երեք րոպեներն են:


Ինչպես կարող եք տեսնել իմ տեղադրած կադրերից, «Ցասումը» խիստ հոռի ֆիլմ էր: Եթե ցանկանում եք համոզվել, վերջին անգամ այն հասանելի էր Youtube-ում:

Ինչ-որ մեկը, պրոֆիլի նկարին ֆիլմի պլակատը, անամոթություն ունեցավ մտնել իմ բլոգի համապատասխան հոդվածն ու այսպիսի մեկնաբանություն թողնել.
ES TESELEM.. LAVEL FILMER
U SAXIT XORHURD KTAM GNAL NAYEL
Բնականաբար՝ ֆիլմը հաջողության չհասավ նույնիսկ հոռի ֆիլմերի սիրահարների շրջանում: Մեկը կասի՝ դե, անկախ ֆիլմերն այնպիսի ոլորտ են, որ ցանկացած մակարդակի հոռի ֆիլմ կարող է նկարվել: Սա Հ1-ի պրոդուկցիան է ու պակաս հոռի չի.


Հետո հայտնվում է Հենրի Քոչարյանն իր «Փոքրիկ զորավարով»: Հոռին չափազանց փափուկ խոսք է այդ ֆիլմը նկարագրելու համար: Ու թվում է՝ նման բան նկարահանելուց հետո Հենրի Քոչարյանի ռեժիսորական կարիերան կարելի էր բարեհաջող ավարտված համարել: Բայց չէ, դիմավորեք: «ZGUSHACEQ KANAYQ EN», Հենրի Քոչարյանի նոր ֆիլմը, որը հոռիության նոր բարձունքներ է նվաճում.


Ես չեմ պատկերացնում այն մարդուն, ով ֆինանսական միջոցներ է հատկացնում նման բանի նկարահանմանը: Ես չեմ պատկերացնում կինեմատոգրաֆ, որը հայկականից վատն է: Համենայն դեպս, ես տեղյակ չեմ: Նույնիսկ Սարիկ Անդրիասյանը, որը հոռի կինեմատոգրաֆի հայրերից է, համեմատելի չի սրա հետ:

Ու ես վախենում եմ պատկերացնել այս հոռի կինեմատոգրաֆի հանդիսատեսին, ու չեմ կարող հավատալ, որ այն ինձ հետ էվոլյուցիոն զարգացման նույն աստիճանի վրա է գտնվում:

Sunday, February 14, 2016

Տրնդեզի մասին

Երեկ տնից դուրս գալիս տեսա՝ շենքի դիմաց կրակ է վառած, շուրջն ինչ-որ խառը մարդիկ են կանգնած, փուչիկներով, տոնական հագուստներով, և այլն: Կարծես ինչ-որ բանի սպասեին: Որպես ինկվիզիցիայի ձեռքը մի օր ընկնելու հեռանկարը լուրջ ընդունող մարդ, շենքի հետևով գնացի, ուր գնում էի: Չէի հիշում, թե ինչ օր է:

Երբ սկսեցին կրակի շուրջ զիլինա պարել ու թռվռալ վրայով (կրակը կես խորովածի կրակ էլ չէր լինի), արդեն հասկացա ինչն ինչոց է:

Ինչ-որ մեկին կթվա՝ ես ծաղրում եմ Տրնդեզը: Բնավ ոչ: Բայց եկեք պատմեմ ձեզ իմ մանկության տրնդեզի մասին:

90-ականների իմ տեսած Տրնդեզներին չկային քաղաքակիրթ փուչիկներ, տոնական հագուստներ ու նման բաներ: Հիմնական կազմակերպիչները հենց երեխաներն էին: Մի բակում հաճախ երեք և ավելի խարույկ էին վառում՝ չափսերով իրար հետ մրցող: Փշեր, ձմռանից մնացած չորացած ճյուղեր, ձյան հալվելուց հետո բացված չոր խոտ էինք վառում, քանի որ վառելափայտը թանկ հաճույք էր: Բայց կրակի բարձրությունը երբեմն անցնում էր հինգ մետրից, այնպես որ, թռչում էինք ոչ թե կրակի վրայով, այլ միջոց: Բավականին քաոտիկ պրոցես էր, բայց չեմ հիշում ոչ մի դժբախտ պատահար: Ամենակարևորը՝ այն մի տեղ էր հավաքում բոլորին, բոլորն ուրախ էին, խոսում էին, կատակում, թռնում կրակի միջով, խաղում:

Կրակը 90-ականների երեխաների համար երևի ամենակարևոր տարերքն էր: Ձմռանը եթե վառարանիդ մեջ կրակ չկար, ցրտին պիտի մի կերպ սվիտեր ու գուլպա հագած, վերմակներով փաթաթված մրսեիր գիշերը: Տան ներսում ջուրը սառչում էր: Իսկ երբ կրակը կար, նստում էինք վառարանի կողքն ու նայում ածուխներին: Մեկ-մեկ հարվածում իրենց ու նայում թռչող կայծերին: Կրակը կյանք էր նշանակում: Երևի դրա համար էր Տրնդեզն այդքան ուրախ անցնում: Մեջն ինչ-որ վայրի նախնադարյան բան կար, կապ արմատների հետ: Համենայն դեպս, ես այդպես եմ հիշում:

Բայց այն, ինչ ես տեսա երեկ, վախկոտ, ողորմելի ու կեղծ նմանակում էր այն Տրնդեզների, որ ես տեսել եմ: Ցավալի է:

Sunday, January 17, 2016

Ոչ պոպուլյար կարծիք՝ տրանսգենդերության շուրջ

Իրականում ես սովորաբար խուսափում եմ տրանսգենդերությանն անդրադառնալուց, քանի որ հարցը չափազանց քաղաքականացված է ու դժվար է կողմնորոշվել, առանց տրանսգենդեր մարդկանց հետ լիարժեք շփում ունենալու ու նրանց հոգեբանական-ֆիզիոլոգիական մոդելներն ուսումնասիրելու: Այս անգամ էլ, երևույթին կձգտեմ միանշանակ գնահատականներ չտալ ու սահմանափակվել միայն այն տեսանկյունով, որին ինքս եմ հանգել:

Ավելացնեմ նաև, որ տրանսգենդերության ու նույնասեռականության մասին ես ունեմ բավականին տարբեր կարծիքներ, ու համարում եմ դրանք կտրուկ իրարից տարբերվող խնդիրներ:

Լինելով «անբարո գեյրոպաների պրոպագանդիստ» նացիոնալիստների համար ու «տրանսոֆոբ պահպանողական»՝ լիբերալների համար, երկու կողմերի տեսանկյուններն էլ հարցի շուրջ ինձ համար շատ միակողմանի ու մակերեսային են:

Արդյո՞ք ես դիտարկում եմ տրանսվեստիզմն ու տրանսսեքսուալիզմը որպես նորմալ երևույթներ: Ոչ: Չեմ դիտարկում: Դրանք նորմայից շեղումներ են: Իհարկե, ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, ինձ համար աշխարհը սև ու սպիտակ չի, ես լրիվ գիտակցում եմ ամեն տղամարդու մեջ կանացիության որոշակի չափի առկայությունն ու ամեն կնոջ մեջ՝ տղամարդկային մասի առկայությունը: Բայց երբ տղամարդը սկսում է իրեն համարել կին, կամ կինը՝ տղամարդ, դա շեղում է նորմայից:

Գալիս ենք մեկ այլ կարևոր հարցի. արդյո՞ք նորմայից շեղում լինելը բավական է մարդու նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալու համար, առավել ևս՝ մարդուն մարդկային իրավունքներից զրկելու կամ հալածելու համար: Նորից, պատասխանը ոչ է: Մեզանից ամեն մեկն էլ շեղում է ինչ-որ նորմայից: Գենդերային նորմաների վրա ֆիքսվելն ու մարդկանց որակի մասին դատելն ըստ այդ նորմայից շեղումներն, իմ կարծիքով, սխալ է:

Իմ դիրքորոշումն այս հարցի շուրջ հետևյալն է՝ մարդու տրանսգենդեր լինելը չի խոսում իր անհատական որակների մասին, ու ես հրաժարվում եմ նրան դրական կամ բացասական վերաբերմունք ցուցաբերել միայն տրանսգենդեր լինելու հիման վրա: Բացի դրանից, ես համարում եմ, որ տրանսգենդեր մարդիկ, ինչպես մնացած բոլորը, պետք է ունենան հավասար իրավունքներ ու ազատություններ:

Եթե մինչև այս պահը իմ տեսանկյունը կարելի էր որակել որպես «չափավոր լիբերալ», ապա այս կետից իմ տեսանկյունը սկսում է կտրուկ տարանջատվել լիբերալներից:

Արդյո՞ք տրանսգենդեր լինելը լավ բան է: Եթե նույնիսկ հավատանք, որ տրանսգենդեր մարդիկ «կանայք են տղամարդու մարմնի մեջ» ու «տղամարդիկ կանանց մարմնի մեջ», տրանսգենդեր լինելը լուրջ անձնական ողբերգություն է ու կոնֆլիկտ: Երբ, ասենք, մեկի ընկերը մահանում է, ոչ մեկը չի փորձում համոզել նրան, որ ընկերոջ մահանալով պետք է հպարտանալ, տոնել դա, ընդունել որպես քո եսի բաղկացուցիչ մասը: Ցավոք, լիբերալների զգալի մասը զբաղված է հենց դրանով: Եթե մարդն ունի աջակցության կարիք, իհարկե, նա պետք է ստանա այդ աջակցությունը: Բայց քարոզել, թե, իմ օրինակի դեպքում, «լրիվ նորմալ ու բնական է, որ քո ընկերը մահացել է, այդպես էլ պետք է լիներ, դա նույնիսկ հիանալի է, որ նա մահացել է, նայիր, աշխարհում ինչքան հիանալի մարդիկ կան, ում ընկերը նույնպես մահացել է»: Չգիտեմ, այնքան էլ խելքին մոտ չի:

Տրանսգենդերությունը, ինչքանով ես կարող եմ դատել, հոգեբանական ու ֆիզիոլոգիական գենդերի անհամապատասխանություն է: Արդյո՞ք դա հոգեկան հիվանդություն է: Ես նախընտրում եմ հոգեկան հիվանդությունների դասակարգման մեթոդը, որը հատուկ է հոգեվերլուծության դպրոցին: Այն է թե՝ եթե մարդը ֆունկցիոնալ է, ապա հոգեկան հիվանդություն չի: Իսկ տրանսգենդերությունն, ընդհանուր առմամբ, մարդու ֆունկցիոնալության վրա այնքան չի ազդում, որ դա անվանենք հոգեկան հիվանդություն:

Ցավոք, թե՛ տրանսգենդերությանը կողմ, թե՛ դեմ թևերը չափազանց մեծ ճնշում են գործադրում բոլոր ոլորտներում, որպեսզի հնարավոր լինի նույն պաշտոնական բժշկությունից ադեկվատ ուսումնասիրություններ ու պատասխան ստանալ հարցի շուրջ: Վերցնենք երկու սցենար.

Ա) Ա անձը տրանսգենդեր է: Տրանսգենդերության մեխանիզմները լրիվ չհասկանալով, իրենց մեջ ես չեմ խորանա, բայց ենթադրենք, որ Ա անձը մանկուց ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ իրեն ընկալել է որպես հակառակ սեռի ներկայացուցիչ: Մեծանալուց հետո ինքը գիտակցում է, որ իրեն պետք է սեռի փոփոխության վիրահատություն անել: Վիրահատվելուց հետո ինքն ապրում է հակառակ սեռի ներկայացուցչի լիարժեք կյանքով՝ ամբողջապես փոխելով իր սեռը:

Բ) Բ անձը տրանսգենդեր է: Փոքր ժամանակ կրած հոգեբանական տրավմաների պատճառով նա անգիտակցաբար իրեն ասոցացնում է հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, ցանկանում է լինել հակառակ սեռի ներկայացուցիչ, կրում է հակառակ սեռի հագուստ: Լավ հոգեբանն օգնում է իրեն հաղթահարել մանկական հոգեբանական տրավմաներն ու նա վերադառնում է իր բիոլոգիական սեռին՝ ապրելով լիարժեք կյանք:

Իսկ հիմա խառնենք այս երկու դեպքերն իրար:

Գ) Նորից նույն Ա անձը, փոխանակ վիրահատություն կատարելու, դիմում է պահպանողական ռեաբիլիտացիոն կառույցի, որտեղ իր տրանսգենդեր վարքային մոդելները ճնշում են: Ա անձը սկսում է ապրել իր բիոլոգիական սեռի կյանքով, որը դժվար կլինի անվանել լիարժեք: Ընդհանուր առմամբ, մարդու անձնական երջանկությունը զոհաբերվել է հասարակական մի խմբի հոգու հանգստությանը: «Ռեաբիլիտատորները» շնորհավորում են իրար՝ «մոլորյալ գառի» վերադարձի կապակցությամբ:

Դ) Նորից Բ անձը, փոխանակ հոգեբանի դիմելու, օգնություն է խնդրում ինտերնետում: Հանդիպում է սոցիալական ցանցերում տրանսգենդեր մարդկանց խնդիրներով զբաղվող լիբերալ ակտիվիստների, որոնք իրեն բացատրում են, որ ինքն իրականում հերոս է, ու իր վիճակը լրիվ բնական է, ու որ «աստված իրեն ստեղծել է սխալ մարմնի մեջ»: Բ անձը, իր աջակիցների քաջալերմամբ, դիմում է սեռի փոփոխության վիրահատության: Եթե սովորական դեպքում հիվանդանոցը, լավ բժշկի դեպքում, կնկատեր, որ վիրահատության կարիքը չկա, մի քանի տարի ուղեղի լվացումներից հետո դա շատ ավելի դժվար է: Բ անձն անցնում է տրավմատիկ վիրահատություն՝ հաշմելով իր սեռական օրգանները, հորմոններ ընդունելով, դառնալով անընդունակ երբևէ ունենալ երեխաներ: Ընդհանուր առմամբ, մարդու անձնական երջանկությունը կրկին զոհաբերվել է մեկ այլ հասարակական խմբի հոգու հանգստությանը: Լիբերալները շնորհավորում են իրար՝ «հերոսական հաղթանակի» կապակցությամբ:

Ու սրանք ընդամենը Ա ու Բ բավականին ծայրահեղ դեպքերի կոմբինացիաներն էին: Իսկ աշխարհն, ինչպես ասացի, սև ու սպիտակ չի:

Ցավոք, ինչպես տրանսոֆոբներն, այնպես էլ լիբերալներն էլ ուղղակի մանիա ունեն ցենզուրայի նկատմամբ՝ իրենք պատրաստ են հասարակական հիստերիայով լռեցնել իրենց հետ անհամաձայն ցանկացած մարդու: Գավին ՄակԻննեսի արտահայտած կարծիքը, չնայած կոպիտ բառերին, իմ այս գրածից տարբերվում է երևի մի 40 տոկոսով ու չի պարունակում ոչ բռնության, ոչ էլ ատելության կոչեր: Բայց իր հոդվածը ցենզուրայի ենթարկվեց ու ավելին՝ իր հիմնադրած գովազդային գործակալությունը բոյկոտի ենթարկեցին, մինչև ինքը չհեռացվեց նախագահի պաշտոնից: Լիբերալ ցենզուրա:

Իսկ տրանսգենդեր մարդիկ ընդամենը զոհեր են երկու քաղաքական խմբավորումների միջև պատերազմում: Շախմատային քարեր, ոչ ավելին: Դե, նայենք հետևանքներին:

Arif-ի ուսումնասիրությունների համաձայն, սեռափոխման վիրահատություններն էֆեկտիվ չեն տրանսգենդեր մարդկանց խնդիրների լուծման հարցում: Կարդացեք ինքներդ: Շատ բարձր տոկոս են կազմում անբավարարվածությունը վիրահատության հետևանքով ու նույնիսկ ինքնասպանությունները: Չնայած Իրա Բ. Պոլիի հոդվածը դեռ 81 թվին արտահայտել էր եզրակացություն, որ սեռի փոփոխության վիրահատությունները ոչ մի կերպ ավելի էֆեկտիվ չեն, քան վիրահատության բացակայությունը: Սեսիլ Դհենյեի, Պոլ Լիխտենշտեյնի և այլոց հոդվածը երկարատև ուսումնասիրությունների վրա հիմնված նույնպես մխիթարիչ պատկեր չի տալիս: Ու սրանք գիտական ուսումնասիրություններ են, ոչ թե քաղաքական հռետորաբանություն: Որոշ մարդիկ նույնիսկ փորձում են վերադարձնել իրենց բիոլոգիական սեռը: Իհարկե, դա այնքան էլ ռեալ չի, հաշվի առնելով, որ իրենց ռեպրոդուկտիվ համակարգի զգալի մասն այնտեղ է, որտեղ անցած տարվա ձյունն էր:

Վերջին անգամ կոնկրետ թեմայով արտահայտվելիս երկու մոլեռանդ ֆեմինիստներ ինձ մեղադրեցին «վախկոտ ցենտրիզմի» մեջ: Ես փորձում եմ ընդամենը բացատրել, որ երկու խմբերի «հերոսական պայքարը» հաճախ վերածվում է լիքը մարդկանց անձնական ողբերգությունների: Մի մասը նրանց կյանքը թունավորում են ատելությունից, մի մասն՝ իրենց ասելով, սիրուց: Իսկ հիմա նորից նայեք պոստ-օպերացիոն տրանսսեքուալների մեջ ՁԻԱՀ-ի, թմրամոլության, ինքնասպանությունների ու մարմնավաճառության վիճակագրություններին: Արդյո՞ք դուք տեսնում եք «իրենց իրական սեռին վերադարձակ երջանիկ մարդկանց»: Չեմ կարծում:

Իմ առաջա՞րկը: Պայքարեք ատելության դեմ, բայց մի վճռեք ուրիշ մարդկանց ճակատագիրը, ու մարդուն հերոս մի հռչակեք, նամանավանդ եթե նա ձեզ այդ մասին չի խնդրել:

Thursday, January 14, 2016

Շուշան Պետրոսյանի ու բիգուդիների մասին

Կխնդրեի չսպասել, թե ես Շուշան Պետրոսյանի նկատմամբ կիրառելու եմ նույն բառապաշարն, ինչ ինքն է կիրառում: Ի վերջո, Շուշան Պետրոսյանը կին է, ու ես, որպես ինձ հարգող տղամարդ, չեմ պատրաստվում նրան հայհոյախոսել: Բայց բիգուդիների ու դրան նախորդած թեմային ստիպված եմ անդրադառնալ:

Նաև զգուշացնեմ, որ հոդվածը գրում եմ բավականին բարձր տաքության պայմաններում, ու գրական ոճի մասին դժվար թե կարողանամ հոգալ: Այնպես որ, չզարմանաք, եթե լրիվ լուրջ մասերը խառնվեն բացահայտ սարկազմի հետ:

Շուշան Պետրոսյանին ես չեմ սիրում, ու դա գաղտնիք չի: Ի սկզբանե չէի սիրում որպես երաժիշտ իր բռի, անմշակ, ականջին տհաճ ձայնի ու վատ երգացանկի համար: Հետո, երբ մեծացա, չսիրելու այլ պատճառներ էլ հայտնվեցին:

Շուշան Պետրոսյանին չհամարելով մտավորական (երկրի մտավոր կյանքին մասնակցող անձ), ես նրան երբեք հիմար չէի անվանի: Շուշանն ունի թեկուզ ոչ ինտելեկտուալ, բայց կենցաղային դատողության իր չափը, որն իրեն միշտ օգնել է տորթի իր կտորը պոկել: ՍՍՀՄ-ի ժամանակ ինքը երգում էր հերոսական կոմսոմոլ տղայի մասին.


Անկախացումից հետո կոմսոմոլ տղաներն էլ մոդա չէին, մեծ ձուկը Վազգեն Սարգսյանն ու «հաղթանակած հայոց բանակն» էին (ներեցեք հեգնանքս, այն ուղղված չի կռված տղերքին, այլ Վազգեններին, Մանվելներին և այլոց, ովքեր ուրիշների արժանիքների հաշվին պաշտոն ստացան ու իրենց «հաղթանակած հայոց բանակ» հռչակեցին): Պետք էր երգել հայ զինվորի ու մեծն հզոր հայրենիքի մասին: Ժողովուրդն այդ ժամանակ դեռ հույս ուներ, որ ամեն ինչ լավ է լինելու, ու երևի Շուշանի երգերը ոգևորում էին մարդկանց: Վազգենականներին այդ երգերը նաև ձեռնտու էին, և այդ պես նա հայտնի դարձավ որոշ շրջաններում որպես «ՀՀ ՊՆ կից երգի-պարի ծանր հրետանային գումարտակ»:

Հետո Վազգեն Սարգսյանն էլ, մեղմ ասած, արդեն ակտուալ չէր, իսկ ջրի վրա մնալ պետք էր: Արդյունքում, երբ երգելն էլ մոդայից դուրս եկավ, 2012 թվականից Շուշան Պետրոսյանը դարձավ իշխող Հանրապետական կուսակցության պատգամավոր: Վստահ եմ՝ Շուշան Պետրոսյանը կամ ասել է, կամ կասեր, որ «Ազգային ժողովում ժողովրդի ներկայացուցիչը լինելու համար ժողովրդի սրտից դուրս եկած հայրենասեր լինելը բավական է» կամ նման այլ դատարկ խոսք: Անձամբ ինձ եթե պատգամավորական մանդատ առաջարկվեր, ես կասեի, որ ես չունեմ որակավորում օրենսդիր մարմնի անդամ լինելու համար: Սա էլ է այն կետերից, որոնք ինձ թույլ չեն տալիս «Շուշան Պետրոսյան» ու «մտավորական» բառերն իրար հետ ուղիղ կապով կիրառել:

Ու, բնականաբար, ցանկացած առողջ դատողությամբ մարդ, եթե ցանկանար ժողովրդի շահերը ներկայացնել, կգիտակցեր, որ ինքը ներկայացնում է քաղաքական ուժ, ում վրա ծանրացած են ընտրակեղծիքներ, քաղաքական հալածանքներ, մարտի 1-ի զոհերը, և այլն: Դուք բոլորդ սա գիտակցում եք: Ես կարծում եմ, Շուշան Պետրոսյանը նույնպես: Բայց երևի «պատգամավորական մանդատ» արտահայտությունը չափազանց գրավիչ, «արժանի պարգև» է հնչում: Ի միջի այլոց, պարգևների մասին.

  • 1993 թ. գլխավոր մրցանակ («Շարմ Շոու» միջազգային փառատոն),
  • 1996 թ. «Տարվա լավագույն երգչուհի» («Ասուպ» մրցանակաբաշխություն),
  • 2000 թ. «20-րդ դարի հայ աստղ» («Աստղ» փառատոն),
  • 2000 թ. «Լավագույն կին կատարող» («Անուշ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ),
  • 2004 թ. «Անկախ Հայաստանի լավագույն ձայն» («Կռունկ» փառատոն),
  • 2009 թ. «Դիվա» մրցանակ (երգի ամենամյա փառատոն, ԱՄՆ)

Դուք հետևու՞մ եք/էիք վերոհիշյալ մրցանակաբաշխություններին: Վախենամ՝ դրանց մեծ մասին հետևում է միայն մի նեղ, սովետից մնացած ու հետո համալրված մասսա, որն իրեն «հայ մտավորականություն» է հռչակել առանց մեր համաձայնության: Մեկ էլ մրցանակ տվողները:

Ինչպե՞ս է Շուշան Պետրոսյանը վերաբերվում իր պարգևներ vs խիղճ կոնֆլիկտին. երբ «Տաշիր-2011» մրցանակաբաշխության ժամանակ իրեն էլիտար շենքում բնակարանի սերտիֆիկատ տրվեց, ու աղմուկ բարձրացավ, որ այդ «խիստ հայրենասեր, երկրի ցավով տապակվող» աստղերը կարող էին ամեն բնակարանի արժեքով գոնե մեկ ընտանի բնակարանով ապահովել աղետի գոտում, Շուշան Պետրոսյանը հայտարարեց, որ նա «այդ բնակարանը վաստակել է իր աշխատանքով»: «Նման անկիրթ վերաբերմունք ես դեռ չեմ տեսել,- ավելացրեց նա:- Երբ մենք բարեգործությամբ ենք զբաղվում, ոչ ոք այդ մասին չի խոսում, սակայն, երբ մեզ նվիրատվություն են անում, դա դառնում է օրվա գլխավոր թեման: Մարդրկ կարող էին մի փոքր ուրախանալ, որ հայ էստրադայի աստղերը նման ուշադրության արժանացան»: Դրան հաջորդեցին պակաս հաճելի արտահայտություններ: Ընդհանրապես, Շուշան Պետրոսյանի պրեսսայում հայտնված, ենթադրում եմ՝ խմբագրած լեքսիկոնը հետաքրքիր է: «Չուշկա», «ովքեր որ խոսում են, ի՞նչ են արել այս երկրի համար» (Տաշիր-2011), «ռուսերեն մի բառ կա՝ заткнитесь» (Եվրատեսիլ-2011-ի Էմի անվամբ հայտնի երգչուհու երգի հասցեին հնչած քննադատության մասին), և այլն:

Անձամբ ես սրանից հետևություն եմ անում, որ պատգամավորական մանդատն էլ է Շուշան Պետրոսյանի համար «աշխատանքով վաստակած պարգև», ու ոչ թե աշխատանք ու պարտավորություն՝ ներկայացնել ընտրողների շահերը: Չնայած «ՀՀԿ համամասնական ցուցակ» ու «ընտրող» բառերը մի քիչ իրար հետ լավ չեն հնչում, իհարկե:

Իհարկե, կա նաև շատ հարմար մանրուք՝ Շուշան Պետրոսյանի ամուսինը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում է/էր աշխատում ու ուներ բավականին զվարճալի հոբբի, այն է՝ մարդկանց ծեծել, ձեռնաշղթաներ հագցնել ու բերանքսիվայր քարշ տալ Կարապի լճից մինչև Ազատության հրապարակ: Միանգամից դեմոտիվացնում է չհամաձայնել Շուշան Պետրոսյանի հետ:

Գանք-հասնենք վերջին դեպքերին: Մի աղջիկ խոսում է, ինչքան հասկացա, նրանից, որ հենց ՊՆ-ն, ՀՀԿ-ն ու Սեյրան Օհանյանն են ուղղակի մեղք կրում սահմանի վրա մեր զոհերի համար ու որ ցավակցություններն այդ նույն մարդկանց կողմից, մեղմ ասած, անկեղծ չեն հնչում ու ոչ մեռածներին հետ կբերեն, ոչ էլ նոր զոհերից կօգնեն խուսափել: Ես այս հարցի շուրջ մի անգամ արդեն արտահայտվել եմ, այն է՝ զոհերը երբեմն անխուսափելի են, բայց, մեր իրավիճակում, իրենց զգալի մասից կարելի էր խուսափել, եթե համապատասխան քայլեր արվեին, ու ես չեմ տեսնում, որ այդ քայլերն արվեն: Որոշ մարդիկ կհարցնեն՝ իսկ ինչու՞ ես պետք է տեսնեի դա: Իհարկե, ես պետք է լսեմ Շուշան Պետրոսյանի երգերը հզոր հայրենիքի ու անպարտելի հերոս հայ զինվորի մասին ու հանգիստ քնեմ գիշերները: Հակառակ դեպքում...
«Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի: Ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ, ու ոնց ուզում ես արձագանքի, լակոտ, կրկնում եմ` աչքերդ կհանեմ»:
Մտավորական, վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր, հայրենասեր, կին, բազմաթիվ մրցանակների հաղթող: Այս ամենին կարող եմ նաև ավելացնել՝ հռետորական արվեստի հանճար: Իհարկե, դեռ շատ կա մինչև «կբռնաբարեմ», «ականջները կկտրեմ», «ղալաթ ես անում այ չատլաղ» կամ այլ իրոք ցնցող ելույթները, որ ունեցել է հայոց Ակրոպոլիսի օրատոր-փիլիսոփաների սերուցքը: Բայց եկեք հիշենք, որ Շուշան Պետրոսյանը դեռ նոր է սկսել իր պատգամավորական կարիերան ու մի օր կհասնի ու կհաղթի իր մրցակիցներին: Մի օր նա միգուցե նույնիսկ կանգնի Գալուստ Սահակյանի հետ նույն բեմի վրա՝ որպես հավասար: Ավելիի մասին ես վախենում եմ նույնիսկ երազել:

Ու հանկարծ տեղի է ունենում անթույլատրելին. մարդիկ, ովքեր դժբախտություն ունեն բիգուդիներ կրել, ավելին, առանց որևէ ամոթի դոլմա են փաթաթում, համարձակվում են քննադատություն հնչեցնել հայ մտավորականության ու ֆեյսբուքյան հռետորաբանության ծաղկի դեմ: Ով հայրենիքի համար ամբողջ կյանքը երգել է: Իհարկե, ոչ մի դոմիկում ապրող մարդու փորն իր երգը չի լցրել, ոչ մի անապահով ընտանիքի երեխայի կրթություն չի տվել, ու ընդհանրապես, օբյեկտիվ չափանիշներով, ոչ մի բան իրենից չի ներկայացնում ու դժվար մի տաս տարուց ուզենք հիշել դրա մասին առանց ամոթի, բայց փոխարենը դալբայոբություն հայրենասիրություն է ներարկել մի ամբողջ սերնդի: Մնացածն էական չի:

Կորչե՛ն բիգուդիները: Վառե՛լ դոլման: Հանե՛լ աչքերը բոլոր լակոտների:

Վարագույր:

Friday, December 4, 2015

A Song for Teddy, ակորդներ

Քանի որ ինձանից խնդրեցին իմ A Song for Teddy-ի ակորդները, տեղադրում եմ դրանք այստեղ: Եթե հանկարծ cover անեք, շնորհակալ կլինեի, եթե ինձ էլ ուղարկեք: Հետաքրքիր է լսել իմ երգն ուրիշի կատարմամբ:



C/Em/F/Am
Em/F/Am

(Am) Memories
(G) Wash (Em) over (F) me (F/E)
(Am) Like the (G) salty (Em) waves
(F) We were born on the (C) ground
So the (D) sea will not (Am) take us down
(C) In its (G) water (D) embrace

(C) Grass will (F) grow
From the (Am) sockets of our eyes
And (Em) worms
Will (F) live in our (Am) chests,
There's no (C) Heaven or (F) Hell
For the (Dm) likes of us
Not even the (Am) fields of Fiddler's Green (F)

Last farewells denied
I'm mythologizing your death
There were you, swollen fingers
And the hope for the things to come
On that hospital bed

Remember, we lay on the hill
Or can you remember at all
The moment had stopped when our lips almost met
And then it just passed away

Grass will grow in the sockets of our eyes
And worms will live in our chests
There's no Heaven or Hell for the likes of us

Not even the fields of Fiddler's Green

Ֆեյսբուքյան վիրուս

Սա բավականին երկար գրառում է ֆեյսբուքում անվտանգության, նոր վիրուսի ու Phishing երևույթի մասին: Խորհուրդ եմ տալիս լրիվ ու մանրամասն կարդալ ու տարածել, եթե ձեզ հետաքրքրում է ձեր ու ձեր ֆեյսբուքյան ընկերների ինֆորմացիոն անվտանգությունը: Հիշեք, որ վախը կամ անհանգստությունը ձեզ ոչ մի կերպ չեն օգնի, ու պաշտպանության միակ ձևը տեղեկացված լինելն է: Դրա համար գրառումը կսկսեմ, մեծ, բարեհամբույր տառերով՝


Ինչպե՞ս է տարածվում վիրուսը


Առաջին հայացքից սրանք լրիվ նորմալ notification-ներ են, թե ձեզ նշել են մեկնաբանության մեջ: Երբ մկնիկի սլաքը պահում եք վրան, ինչպես ցանկացած հղման դեպքում, բրոուզերի պատուհանի ներքևում տեսնում եք, թե որտեղ է ձեզ ուղղորդելու հղումը.


Սա նորմալ notification-ի հղում չի, նորմալ հղումը նմանատիպ տեսք ունի.


facebook.com/l.php?u=.... ֆեյսբուքյան ֆունկցիան օգտագործվում է ֆեյսբուքից դեպի արտաքին էջ հղվելիս: Օրինակ, երբ դուք ֆեյսբուքից մտաք այս գրառումը, դուք օգտվեցիք այս ֆունկցիայից: Խնդիրն այն է, որ ֆեյսբուքի ներքին հղումներն այն չեն օգտագործում: Մեկնաբանությունները, գրառումները, նամակները, և այլն միշտ աշխատում են ֆեյսբուքի ներքին հղումներով, ոչ թե l.php-ի միջոցով:

Այս կեղծ notification-ի վրա սեղմելիս բացվում է էջ, որն արտաքին տեսքով հիշեցնում է Facebook-ի ինտերֆեյսը.


Էջի վրա ցանկացած կոճակ սեղմելուց կամ գործողություն անելիս, այն առաջարկում է բրոուզերի extension՝ լրացում տեղադրել.


Եթե այն տեղադրեք, դուք նույնպես վարակված կլինեք վիրուսով:

Հենց առաջին ուշադիր հայացքից կտեսնեք, որ վիրուսային էջի հասցեն Facebook-ինը չի. այն ոչ թե facebook.com է, այլ jsupload.net: Այս պրակտիկան անվանում են phishing: Ուշադիր ու ինֆորմացիոն անվտանգությունից մի քիչ հասկացող մարդը նաև կտեսնի, որ extension-ը, որը ձեզ առաջարկում են տեղադրել, կարող է կարդալ ու փոփոխել ամբողջ ինֆորմացիան ձեր այցելած կայքերի վրա ու չի տեղադրի այն: Ու ընդհանրապես, չի տեղադրի բրոուզերային լրացում, որն իրեն ակնհայտ պետք չի:

Կարծում եմ՝ վիրուսի բուժումն ընդամենը սովորական extension ջնջելու խնդիր է, չեմ պատրաստվում վարակել իմ համակարգիչը դա ստուգելու համար: Փոխարենը կբացատրեմ, թե ինչպես պաշտպանվել Phishing-ի երևույթից:

Facebook-ն ու այլ կայքերը, որոնք ձեր անձնական ինֆորմացիան են պարունակում, այդ ինֆորմացիան փոխանակում են HTTPS պրոտոկոլով: HTTP-ն (Hypertext Transfer Protocol) սովորական վեբ-կայքերի համար նախատեսված պրոտոկոլ է՝ ցանկացած կայք, որից օգտվում եք, օգտվում է նրանից: HTTPS-ը (HTTP-Secure) HTTP-ի առավել անվտանգ տարբերակն է: Ցանկացած HTTPS օգտագործող կայք անցնում է սերտիֆիկացիա, այսինքն՝ սերտիֆիկատ է ստանում, որը հաստատում է կայքի ինքնությունը: Ավելի պարզ պատկերացնելու համար համարեք, որ կայքի տերերն իրենց կայքի համար անձնագիր են հանում: Եթե ուշադիր նայեք, ձեր բրոուզերում Facebook-ի հասցեի կողքը, երբ Facebook-ի էջ եք բացած, կանաչ կողպեք կա նկարած.


Կողպեքի վրա սեղմելիս կարող եք տեսնել կայքի «անձնագրային ինֆորմացիան».


Իհարկե, վիրուսային ծրագիր եթե արդեն ունեք, այն կարող է ձեր բրոուզերին ստիպել մտածել, թե ինքը ճիշտ կայքի վրա է, իսկ ձեզ լրիվ ուրիշ էջ հրամցնել: Ու գողանալ ձեր անձնական ինֆորմացիան, ներառյալ կրեդիտային քարտի համարը, գաղտնաբառը, ձեր նամակները, ինչ ցանկանա, և ուղարկել նրան, ով ստեղծել է վիրուսը: Բայց եթե ձեր համակարգիչը մաքուր է, միայն հասցեի տողը ստուգելը բավական է ձեզ Phishing-ից ապահովագրելու համար:

Ինչ անել, եթե արդեն բացել եք այդ հղումը: Փակել էջը, այն միգուցե մի քանի պատուհան բացի, որոնցով հարցնի, արդյոք ցանկանում եք այն փակել (Facebook-ը սովորաբար նման վարք չի դրսևորում): Հրաժարվեք ամեն ինչից, որ առաջարկի, փակեք պատուհանը: Ստուգեք ձեր բրոուզերի extension-ները: Եթե տարօրինակ կամ նոր բան չի հայտնվել, ամեն ինչ նորմալ է: Եթե հայտնվել է, անխնա ջնջեք: Կարող եք, լրացուցիչ անվտանգության համար, փոխել ձեր գաղտնաբառը, եթե արդեն վարակվել եք:

DON'T PANIC!, կամ երբ Facebook-ը նույնպես կարող է կասկածելի վարք ցուցաբերել, բայց ձեզ վտանգ չի սպառնում:

Եթե դուք կիսատ մեկնաբանություն, գրառում կամ չատի հաղորդագրություն ունեք, որը դեռ չեք ուղարկել, Facebook-ը կհարցնի, արդյո՞ք դուք ցանկանում եք փակել ներկա պատուհանը: Դա լրիվ նորմալ է: Պարզապես ուշադիր կարդացեք տեքստը:

Եթե դուք փոխել եք ձեր համակարգչի ժամը/ամսաթիվը ինչ-որ պատճառներով, ձեր բրոուզերը կարող է ասել, որ սերտիֆիկատը կեղծ է: Օրինակ, եթե ձեր համակարգչի ամսաթիվը 2010 թվի նոյեմբերի 5 է, բրոուզերին կզարմացնի 2015 թվի սերտիֆիկատը: Մի փոխեք համակարգչի ժամն ու ամսաթիվը:

Վերջին խոսք: Եթե ինչ-որ բան անհասկանալի էր, կամ լրացուցիչ պարզաբանման կարիք կար գրառման հետ կապված, խնդրում եմ հարցը ԽԻՍՏ ԿՈՆԿՐԵՏԱՑՎԱԾ ուղղել ինձ մեկնաբանություններում: «Ավելի հասկանալի կարելի՞ է բացատրել», կամ «instructions unclear, got dick stuck in ceiling fan» կարգի մեկնաբանություններին չեմ պատրաստվում պատասխանել, քանի որ չեմ կարող քառասուն անգամ վերապատմել գրառումս տարբեր բառերով հուսալով, որ այն դրանից ավելի հասկանալի լինի: Բայց եթե կոնկրետ կետ անհասկանալի է, մեջբերեք այն, ես կպարզաբանեմ:

Շնորհակալություն կարդալու համար: Հոգացեք ձեր ինֆորմացիոն անվտանգության մասին:

Sunday, November 8, 2015

The Passion of Marina Abramović

Քանի որ մեր ֆեմինիստների ու մնացած Հասարակական Արդարության Մարտիկների (հետագա տեքստում՝ ՀԱՄ) մոտ, աշնանային սրացման կապակցությամբ, մարինաաբրամովիչացավ է սկսել (գարնանը անիտասարկիսյանացավ էր), մի քիչ անդրադառնամ թեմային:

Մարինա Աբրամովիչը՝ սոխ ուտելուց
Նախ՝ այն մասին, թե ով է Մարինա Աբրամովիչը: Մարինան Նյու-Յորքում ապրող սերբ պերֆորմանս-արտիստ է, որը հայտնի է «Բալկանյան էրոտիկ էպոսը» ֆիլմի կարգի տրեշով: Եթե ցանկանում եք, կարող եք գուգլել «Marina Abramovic - Balkan Erotic Epic», բայց նախապես զգուշացնեմ, որ այն 18+ է: Ֆիլմի մեջ Մարինան DotA խաղացող ռուս մալոլետկայից վատ անգլերենով պատմում է սեփական հեշտոցի մեջ ձուկ պահելու ու հետո այդ ձուկը սրճի մեջ օգտագործելու օգուտների մասին: Իհարկե, «Բալկանյան էրոտիկ էպոսը» չի հասնի «Зеленый слоник»-ին իր տրեշայնությամբ, բայց, փոխարենը, բավականին զվարճալի բան է: Այն նաև լուսաբանվել է ThisIsХорошо-ի շրջանակներում:

Ցավոք, մարինաաբրամովիչացավը սկսել է  ոչ թե «Բալկանյան էրոտիկ էպոսից», այլ իր 1974 թ. «Ռիթմ 0» պերֆորմանսի հետ կապված ինտերվյուից: Սա էլ շրջանառող տեքստը.
Պերֆորմանիստի ու հանդիսատեսի միջև սահմանները ստուգելու համար ԱԱբրամովիչը սեղանին տեղադրեց 72 օբյեկտ, որոնք մարդիկ կարող էին օգտագործել, ինչպես կցանկանան: Օբյեկտների մի մասը կարող էին հաճույք պատճառել, իսկ ուրիշները՝ ցավ: Դրանց մեջ կային մկրատ, դանակ, մտրակ ու նույնիսկ մեկ փամփուշտով ատրճանակ: Նրակչուհին թույլ տվեց այցելուներին վեց ժամվա ընթացքում կառավարել իր շարժումներն ու մարմինը: Սկզբում հանդիսատեսը իրեն համեստ ու զգույշ էր պահում, բայց, որոշ ժամանակ անց, որի ընթացքում նկարչուհին իրեն պասիվ էր պահում, մասնակիցներն ավելի ագրեսիվ դարձան: Աբրամովիչը հետո հիշում էր. «Սկզբում հանդիսատեսը շատ էր ուզում խաղալ ինձ հետ: Հետո նրանք ավելի ու ավելի ագրեսիվ էին պահում, դա իսկական սարսափի վեց ժամ էր: Նրանք իմ մազերը կտրում էին, մարմինս գնդասեղներ էին խրում, դանակով վզիս մոտ մաշկը կտրում էին ու արյունը խմում, իսկ հետո վերքի վրա սպեղանի կպցրեցին: Պերֆորմանսի վեց ժամից հետո ես արյունով ծածկված ու արցունքներով լի աչքերով, լրիվ մերկ քայլեցի հանդիսատեսի ուղղությամ, ինչից իրենք բառացիորեն դուրս վազեցին սենյակից: Հիշում եմ, որ այդ երեկոյան, երբ վերադարձա հյուրանոց ու նայեցի հայելու մեջ, հայտնաբերեցի մազերի սպիտակ փունջ»:
Հետո բերվում էր Աբրամովիչի դրույթը, թե մարդիկ, եթե իրենց անպատժելի են զգում, «հեշտությամբ դեգրադացվում են քարանձավային մարդու մակարդակի»:

Ինչպիսի չար, անսիրտ, արյունախում հանդիսատես:

Նախ՝ ես Աբրամովիչի մեկ այլ պերֆորմանսի օրինակ կբերեմ, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսին է Աբրամովիչի «արվեսն» ու ով է իր հանդիսատեսը:
«Thomas Lips» (1975) պերֆորմանսում Աբրամովիչը մի շարք գործողություններ է իրականացնում, որոնք իր ֆիզիկական սահմանները ծայրահեղ աստիճանների են հասցնում ու արդյունքում բերում մարմնական սահմանափակումների հաղթահարման: Նա սկսում է 1 կիլոգրամ մեղր ուտելուց, ինչից հետո 1 լիտր գինի է խմում: Հետո նա ձեռքով ջարդում է գինու բաժակը: Նրա գործողություններն աստիճանաբար դառնում են ավելի բռնի, հասնելով իրենց գագաթնակետին ինքնահաշմման փորձերի տեսքով, ինչպիսիք են սեփական փորի վրա ածելիով հինգթևանի աստղ փորագրելը՝ պատկեր, որը խորհրդանշական է դարձել պերֆորմանսային արվեստի պատմության մեջ: Հղվելով քրիստոնեական տարբեր թեմաներին ու ապաշխարության ծեսերին, կենդանի պերֆորմանսը նաև ներառում է, որ Աբրամովիչն ինքն իրեն մտրակում է, ու ի վերջո պառկում սառցե խորանարդներից կառուցած խաչի վրա: Քանի որ տաքացուցիչ է ուղղված Աբրամովիչի փորին, հինգթևանի աստղը սկսում է արյունահոսել, իսկ մարմնի տակի մասը՝ սառել: Ինչևէ, սառցե խորանարդների վրա 30 րոպե անց կացնելուց հետո արտիստին հանդիսատեսը դուրս է տանում, քանի որ ի վիճակի չի էլ դիմանալ այդ իրավիճակին: Այդ պահին լրիվ պարզ է դառնում, որ «Thomas Lips» պերֆորմանսում Մարինա Աբրամովիչը ոչ միայն սպառնում է իր մարմնի ամբողջականությանն ու այսպիսով անկայունացնում երկուական հակադրությունը ներքինի ու արտաքինի միջև, բայց նաև հարցականի տակ է դնում կատարողի ու հանդիսատեսի միջև տարբերությունը: Ի վերջո, հանդիսատեսն էլ չի կարող թաքնվել իր դիտորդի պասիվ դերի հետևում, ու ստիպված է որոշում ընդունել ինքնուրույն գործողություն կատարել:
Ինչպիսի բարի, սրտացավ հանդիսատես:

Նախապես զգուշացնեմ, որ այս հոդվածն արվեստի քննադատություն չի, այլ Մարինա Աբրամովիչի «Ռիթմ 0» պերֆորմանսի հետ կապված սենտիմենտների հերքում ու քլնգում: Որպես արվեստ, ինչպես Աբրամովիչի, այնպես էլ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների մի լայն հատվածի մասին ես միշտ էլ արտահայտվել եմ «Merda d'artista» արտահայտությամբ, ինչը թե՛ իրոնիկ է, թե՛ բնութագրիչ:

Մարինա Աբրամովիչի պերֆորմանսն ընդամենը թերի ու մակերեսային հասարակական էքսպերիմենտ է. մի կոնկրետ խմբից մարդկանց, որոնց social background-ից, ու այլ հատկանիշներից ոչ մի կերպ տեղյակ չի, եզրահանգում է արել ու տարածել այն մարդկության վրա: Կարելի է ենթադրել, որ ինքն արել է հենց այն եզրահանգումը, որն ի սկզբանե ուզում էր արած լինել, նույնիսկ մանիպուլացրել է իր հանդիսատեսին այնպես, որ ստանա իր ցանկացած արդյունքը: «Thomas Lips»-ում նա նույն կերպ մանիպուլացնում է իր հանդիսատեսին օգնել իրեն:

Փորձեմ ցույց տալ, թե ինչքան երկերեսանի ու մակերեսային է իր արածը: Նախ, երբ դու տարբեր քեզ վնասելու գործիքներ ես դնում ու ասում ես՝ ինչ ուզում եք, արեք ինձ հետ, դու կանխատեսում ես, որ հնարավոր է՝ քեզ կտրատեն: Եվ այն, որ դու հանգիստ, անշարժ կանգնում ես վեց ժամ շարունակ, երբ քեզ կտրատում են, հաստատում է, որ Մարինան լավ էլ հոգեբանորեն նախապատրաստված էր արդյունքին: Բայց ու մեկ էլ սենտիմենտալ «արցունքներն աչքերիս, մազերս սպիտակել էին, բլա բլա բլա»: Հետևություն՝ հեղինակը, ստանալով իրա ուզած արդյունքը, իրա անձի նկատմամբ սիմպատիա ու խղճահարություն ստեղծելով, փորձում է իր տեսանկյունը առավել հիմնավոր ներկայացնել (պաթոս): Չի բացառվում Լևոնի ասածը՝ որ, աուդիտորիային «քաջություն տալու» համար, Մարինան իր մարդկանց ուներ, ովքեր ժամանակ առ ժամանակ թույլատրելի գործողությունների շրջանակը լայնացնում էին (Օվերտոնի պատուհանի նույն սկզբունքով):

Ըստ հոգեբանության տրանսակտ անալիզի տեսության, Մարինան հրավիրել է իր հանդիսատեսին «խփեք ինձ» խաղալու: Հանդիսատեսը մտել է խաղի մեջ:

Վերլուծենք հանդիսատեսին: Անծանոթ, լրիվ նեյտրալ մարդու նկատմամբ, բացի տպավորության վրա հիմնվածներից, հնարավոր են նեյտրալ կամ պրոյեկտված ռեակցիաներ: Օրինակ՝ երբ մարդը ներսում ճնշված ագրեսիա ունի, կարող է պրոյեկտել անծանոթ մարդու վրա: Գումարենք դրան հետաքրքրասիրությունը: Հասուն ու ինֆանտիլ աուդիտորիաները կարող էին նույն էմոցիոնալ ֆոնը դրսևորել, բայց հասուն աուդիտորիան կմտածեր նաև գործողությունների հետևանքների մասին, կգիտակցեր, որ չնայած բացասական feedback-ի բացակայությանը, ինքը, միևնույն է, վնասում ու ցավ է պատճառում դիմացինին: Դատելով պոստմոդեռնիստական-արտհաուսային այն ֆիգնյայի ստեղծագործողներին ու կլիենտներին, որին պատկանում է Աբրամովիչը, թե՛ իրենց արածը, թե՛ ստեղծագործողները, թե՛ կլիենտներն ինֆանտիլ են: Ինչը հաստատվում է իր էքսպերիմենտի արդյունքներով: Այլ կերպ ասած, եթե քեզ աղբով ես շրջապատում, մի բողոքիր, որ վատ հոտ է գալիս:

Feedback-ին անդրադառնանք: Մարինա Աբրամովիչը, անշարժ/չբողոքող/ցավ չարտահայտող դիրքով ինքն իրեն դրել էր օբյեկտի ստատուսում՝ փոքրացնելով իրա նկատմամբ ուղղակի էմպատիայի քանակը, այսինքն՝ դիմացիններն ուղղակի հնարավորություն չունեին իմանալ, թե ինքն ինչ է զգում: Իրենք կարող էին իրավիճակի ու իրականացվող գործողությունների վերլուծությունից հետևություններ անել, ինֆանտիլ աուդիտորիայի դեպքում դա ավելի քիչ հավանական է:

Ու, ի վերջո, տեղի ունեցածը consensual violence էր: Փոխադարձ համաձայնությամբ: Իհարկե, էս դեպքում աուդիտորիան նաև լիարժեք իրավունք ուներ համաձայնել կամ հրաժարվել մասնակցել consensual violence-ին:

Իրավիճակն այսպես ներկայացնեմ. սեքսի ժամանակ աղջիկը խնդրում է իրեն մի քիչ խեղդել (Erotic asphyxiation): Հնարավոր տարբերակներն, ըստ աստիճանի. տղան հրաժարվում է, որովհետև իրեն տհաճ է դա անելը/տղան համաձայնում է, որովհետև ուզում է աղջկան հաճույք պատճառել, բայց հաճույք չի ստանում արածից/տղան սկզբում հաճույք չի ստանում, բայց հետո սկսում է վայելել արածը, ինչը խոսում է դրա նկատմամբ ճնշված հակման մասին/տղան հաճույքով անում է աղջկա ասածը/տղան մի քիչ ավելի շատ է տարվում իր արածով ու ինքնատիրապետումը կորցնելով՝ չափազանց շատ է խեղդում աղջկան (արդեն consensual-ի սահմաններից դուրս վարք): Հիմա պատկերացնենք ուրիշ իրավիճակ. աղջիկը ձեռնաշղթաներ է հագնում ու առաջարկում է, որ տղան ինչ ուզի՝ անի: Արդեն տղան կանի այն, ինչի նկատմամբ հակում ունի (կամ ինչը, արտաքին ազդեցության տակ, համարում է, որ cool կլինի, եթե անի): Ցանկացած դեպքում, հնարավոր տարբերակները բավականին շատ են, բայց չգիտես ինչու՝ BDSM մասսայի մեջ ահավոր քիչ են non-consensual violence-ի դեպքերը: Իսկ եթե Աբրամովիչը ճիշտ լիներ, BDSM-ի պրակտիկա անող մարդիկ պիտի հակված լինեին մաքսիմալի հասցնել բռնությունը: Այնինչ ոչ կլինիկական սադոմազոխիզմի պրակտիկայով զբաղվող մարդկանց մոտ consent-ը ԲՆԱԿԱՆ ճանապարհով դարձել է ամենակարևոր գործոններից մեկը:

Պրոֆեսիոնալ ռեսլինգի մեջ կան «extreme rules» մատչեր: Դրանց ժամանակ ենթադրվում է, որ «կանոններ չկան», ու հաճախ կիրառվում են տարբեր իրեր՝ ստեպլերներ, փշալարեր, փայտե ձողեր, մուրճեր, փշրած ապակի: Թե՛ կռվողները, թե՛ հանդիսատեսը գիտակցում են, որ կռիվը բեմանակացված է, ու ընդամենը կռվողների իրար հաշմելու տեսանելիություն է ստեղծվում: Կռվողները հոգում են, որ դիմացինը լուրջ վնասվածքներ չստանա: Կա նաև getting color հասկացություն, երբ ռեսլերը, իբր ուժեղ հարված ստանալուց հետո, ինքն իր մաշկն աննկատ կտրում է, ու սկսում արյունահոսել: Հաճախ դրա համար թաքուն պահված ածելի է կիրառվում: Նման տեսարաններն ավելի են սրացնում կոնֆլիկտի լրջության զգացողությունն ու դրամա ավելացնում: Ռեսլինգն իրականացվում է որպես սպորտային շոու, ոչ թե «բարձր արվեստ»: Ռեսլերներին հաճախ շատ քիչ են վճարում, իրենք ստիպված են աշխատել շաբաթը հինգ-վեց օր, ամեն օր հաղթահարելով ֆիզիկական ցավն ու հոգնածությունը. ինչքան էլ «լուրջ վնասվածքներից խուսափել» լինի, երեք մետր բարձրությունից մեջքի վրա ջարդած ապակու մեջ ընկնելն անցավ պրոցես չի: Այս ամենը բավականին լավ պատկերված է Դարրեն Արոնոֆսկու «Ռեսլերը» ֆիլմի մեջ: Ռեսլինգը ոչ ավելի բեմականացված է, քան Մարինա Աբրամովիչի «պերֆորմանսները», բայց գոնե ավելի ազնիվ է այդ առումով ու ավելի հետաքրքիր է: Ինչևէ, պրոֆեսիոնալ ռեսլինգի ժամանակ ռեսլերների ու իրենց հանդիսատեսի վարքը մեր ֆեմինիստներին բնավ չի հուզել. պատրիարխատի մարմնացում, երկու մկանոտ տղամարդիկ իրար ծեծում են ռինգում: Իսկ այ, խեղճ, հալածյալ Մարինա Աբրամովիչի չարչարանքները պատկերացնելիս, նամանավանդ երբ պատկերում են հանդիսատեսին որպես տղամարդ, իրենց մոտ «արդարամիտ զայրույթի» էրեկցիա է սկսում: Չէ՞, Անիտա Սարկիսյան ջան, որ Hitman խաղի մեջ սպանելու համար չնախատեսված մերկապարուհիներին սպանում էիր, լցնում արկղերի մեջ (ոչ մի գոնե կես ուղեղ ունեցող խաղացող այդպես չի վարվում) ու հայտարարում, որ խաղը նպատակ ունի պատժել կանանց՝ իրենց սեքսուալությունն արտահայտելու համար այն դեպքում, երբ խաղը հստակ պատժում է խաղացողին անմեղ մարդկանց ընդհանրապես սպանելու համար:

Ասածս այն է, որ Մարինա Աբրամովիչն իր աղմկահարույց էքսպերիմենտներով փող է աշխատում: Ինքը, նույն Բլավացկայայի մեթոդով, մակերեսային կիսաճշմարտություններ է կերակրում իր նույն չափի մակերեսային ու նախատրամադրված կլիենտուրային (ֆեմինիստներ, social justice warrior-ներ, պրիմիտիվ միզանտրոպիայով տառապողներ, Լարս ֆոն Տրիերի Dogville-ի տակ մնացածներ և այլ ինֆանտիլ, միակողմանի, անալիտիկ մտածողությունից զուրկ ու ամեն ինչի մասին ըստ էմոցիաների դատող կերպարներ): Ինքը տալիս է իր մասսային այն, ինչ իր մասսան ուզում է լսել: Նույն «ամբողջ աշխարհը քո դեմ է, բայց ես քեզ հասկանում եմ» մալալետկա մտածելակերպն է: Նույն Կոելիո/Օշո/Ռիչարդ Բախ/թեոսոֆիա վիճակն է: Բայց Մարինայի ֆանատներն, ի տարբերություն իրեն, Մարինայի բիզնես-մոդելից ոչ մի ֆինանսական շահ չունեն: Իրենք իրենց մտածածը լսում են բեմի վրայից դեմքի խելոք արտահայտությամբ ասած, ականջներով ծափ են տալիս ու իրենց ավելի խելոք ու նշանակալի զգում :

Իսկ իրականում իրենք ընդամենը շարքային դալբայոբներ են, որոնք տրիվիալ, թերի ու միակողմանի սոցիալական էքսպերիմենտը ի վիճակի չեն արվեստից տարբերել:

Հուսով եմ՝ պարզ արտահայտվեցի:

Monday, August 3, 2015

Windows 10, առաջին տպավորությունները

 

Windows 10-ը երեք բառով. բագոտ, դանդալոշ, տգեղ: Նոր ինտերֆեյսը համեմատելի է, ասենք, Windows Millenium-ի հետ:

Chrome-ը հայերեն տառերը ցույց չի տալիս: Մենյուն կարգավորելուց հետո restart եմ անում՝ կարգավորումը կորում է: Facebook-ում screenshot-ը copy-paste-ով տեղադրե՞լ: Չկա, չեմ լսել: Եվ այլն, և այլն:

Control Panel-ը փոխարինված է Settings պատուհանով: Մեկը կասի՝ կարելի է հարմարվել: Բայց արի ու տես՝ ծրագրեր ջնջելու տեղը գտնելուց հետո, երբ ջնջում ես ծրագիրը, Settings-ի պատուհանն անհետանում է:

Մենյուի առումով: Start-ը հիշեցնում է Windows 7-ի ու 8-ի մենյուների ապօրինի զավակ ու ընդհանրապես կիրառելի չի: Պատկերացրեք՝ Windows 7-ի մենյուի տարածքը խցկեք Window 8-ի մեծ tile-երը, բայց անպայման գերեզմանից վերադարձնեք բոլոր զիբիլները, որ բարեհաջող թաղել էինք 7-ի մենյուի հետ: Ես Windows 8-ի մենյուի մեծ երկրպագու չէի, Windows 8.1-ից հետո այն նոր դարձավ կիրառելի: Ու բավականին հարմար: Ասենք, ինձ պետք չի Codec Tweak Utility-ի ու Marmoset Toolbag EULA-ի գոյության մասին հիշել: Ծրագրերը դասավորում ես խմբերով, ինչը չկա էկրանին՝ որոնման ֆունկցիայով գտնում ես: Նոր Windows-ում վերադարձրել են «ամբողջ ոչ պետքական զիբիլը»:

Edge Browser-ը մոտավորապես «ահամ, տգեղ ինտերֆեյսով զիբիլ, մոտավորապես ինչպե՞ս եմ ես քեզ օգտագործելու» երևույթ է: Հասցե գրելու տողը վազում է վերևից ներքև տաբ բացելիս, լիքը կոճակներ՝ կասկածելի նշանակությամբ, իբր արագ, բայց շատ վատ ռենդերինգով, ու Blogger-ի WYSIWYG խմբագիրն անհասանելի է: Ընդհանուր առմամբ, նույնիսկ Internet Explorer-ը ավելի հարմար ծրագիր է ուրիշ բրոուզեր քաշելու համար: Բայց Edge-ը միանգամից դառնում է ձեր հիմնական բրոուզերը: Firefox-ը բացելիս բողոքում է, թե ոնց որ նախորդ անգամ ինքն էր հիմնականը: Ասում ես՝ խնդրեմ, նորից դարձիր: Չէ, պիտի մտնես ու կարգավորումներից փոխես հետ:

Կարճ ասած, Microsoft-ի աշխատակիցները, որ որոշել են սա անվանել «լավագույն Windows մինչ այժմ», կամ ստախոսներ են, կամ ֆեերիկ իդիոտներ: Հուսով եմ՝ մոտակա ժամանակներս կուղղեն, որովհետև այս պահի դրությամբ Windows 10-ը օգտագործելի չի: