Tuesday, December 27, 2011

Չակ Պալանիկ. «Գրելու 13 խորհուրդներ»

Նյութը թարգմանել եմ դեռ 2010-ի սեպտեմբերին, տեղադրում եմ այստեղ: Այն կարող եք գտնել նաև Twisted Perception-ում ու Հայարտ գրական ցանցում:

Կարդալ այլ լեզուներով.





Քսան տարի առաջ Պորտլենդում ես ու ընկերուհիներիցս մեկն ամանորի նախօրեին քաղաք էինք իջել: Մեծ հանրախանութները՝ «Մեյեր էնդ Ֆրենկ», «Ֆրիդրիք էնդ Նելսոն», «Նորդսթորմս»... նրանց մեծ ցուցափեղկերից ամեն մեկն իրենից պարզ, գեղեցիկ տեսարան էր ներկայացնում. հագուստով մանեկեն կամ օծանելիքի շիշ՝ արհեստական ձյան մեջ: Բայց «Ջեյ Ջեյ Նյուբերիի» խանութի պատուհանները, գրողը տանի, նրանք ճխտված էին տիկնիկներով, փայլազարդերի, խոհանոցային պարագաների ու պտուտակահանների հավաքածուներով, բարձերով, փոշեկուլներով, պլասմասայե կախիչներով, մետաքսեծ աղիկներով, քաղցրավենիքով. կարծում եմ՝ հասկացաք, թե ինչ ի նկատի ունեմ: Հարյուրավոր տարբեր իրերից ամեն մեկի գինը նշված էր կարմիր ստվարաթղթի մաշված կտորի վրա: Եվ, երբ անցնում էինք մոտով, ընկերուհիս՝ Լորին, երկար հայացք նետեց ու ասաց. «Ցուցափեղկեր զարդարելու նրանց փիլիսոփայությունը երևի սա է՝ եթե ցուցափեղկը լավ չի նայվում, ավելի շատ բան դիր մեջը»:

Նա ամենաճիշտ պահին ամենաճիշտ մեկնաբանությունն արեց, ու ես երկու տասնամյակ անց էլ հիշում եմ այն, քանի որ ծիծաղեցրեց: Այն մյուս, գեղեցիկ ցուցափեղկերը... Համոզված եմ, նրանք բարձրաոճ ու ճաշակով էին, բայց իրականում չեմ էլ հիշում, թե ինչպիսի տեսք ունեին:

Այս էսսեի առումով, իմ նպատակն է՝ ավելի շատ բան դնել մեջը: Համատեղել գաղափարների ամանորյա պաշարի կարգի մի բան՝ հուսալով, որ ինչ-որ բան օգտակար կլինի: Կամ էլ, ասես ընթերցողների համար նվերների տուփեր փաթեթավորեմ, մեջը դնելով քաղցրավենիք, սկյուռ, գիրք, խաղալիքներ ու վզնոց, ես հույս ունեմ, որ բավականաչափ զանազանությունը կերաշխավորի, որ մի կողմից ինչ-որ բան այստեղ լրիվ էշություն դուրս կգա, բայց մեկ այլ բան կարող է լրիվ տեղին լինել:

Համար մեկ. երկու տարի առաջ, երբ ես այս էսսեներից առաջինը գրեցի, այն գրելու իմ «ձու խաշելու վայրկյանաչափի եղանակի» մասին էր: Էսսեն երբեք լույս չի տեսել, բայց ահա մեթոդը. երբ չես ցանկանում գրել, ձու խաշելու վայրկյանաչափը դիր մեկ (կամ կես) ժամվա վրա ու նստիր գրելու, մինչև վայրկյանաչափը չզրնգա: Եթե գրելը դեռ չի գալիս, մի ժամից ազատ ես: Բայց սովորաբար վայրկյանաչափի զրնգալու պահին դու այնքան խորասուզված կլինես քո աշխատանքի մեջ, այնքան կվայելես այն, որ կշարունակես գրել: Ձու խաշելու վայրկյանաչափի փոխարեն կարող ես հագուստ լցնել լվացքի մեքենայի կամ չորացուցիչի մեջ ու դրանք օգտագործել աշխատանքդ ժամանակագրելու համար: Գրելու մտավոր աշխատանքից փոխեփոխ անցնելով լվացքի կամ ափսեներ լվանալու մտավոր լարում չպահանջող աշխատանքներին, դու կունենաս այն ընդմիջումները, որոնք քեզ անհրաժեշտ են նոր գաղափարներ կամ տեսանկյուններ ունենալու համար: Եթե չգիտես, թե պատմվածքիդ մեջ հետո ինչ է տեղի ունենալու... Մաքրիր զուգարանը: Փոխիր անկողնու սպիտակեղենը: Աստծո սիրուն, մաքրիր համակարգչի վրայի փոշին: Ավելի լավ գաղափարներ կգան:

Համար երկու. քո լսարանն ավելի խելացի է, քան կարող ես պատկերացնել: Մի վախեցիր փորձեր անել պատմողական ձևերի ու ժամանակային տեղաշարժերի հետ: Իմ սեփական տեսությունն է՝ երիտասարդ ընթերցողները մերժում են գրքերից շատերը ոչ թե այն պատճառով, որ ավելի հիմար են, քան առաջվա ընթերցողները, այլ քանի որ այսօրվա ընթերցողն ավելի խելացի է: Ֆիլմերը մեզ պատմողական հարցերում ավելի փորձառու են դարձրել: Ու քո լսարանին շատ ավելի դժվար է ցնցել, քան երբևէ կարող ես երևակայել:

Համար երեք. նախքան տեսարանը գրի առնելու նստելը, մտքով անց կացրու այն ու գիտակցիր այդ տեսարանի իմաստը: Ի՞նչ ավելի վաղ նշված դրույթներ ի մի կբերի այդ տեսարանը: Ի՞նչ դրույթներ առաջ կբերի հետագա տեսարանների համար: Ինչպե՞ս այդ տեսարանն առաջ կտանի ձեր սյուժեն: Աշխատանքի, մեքենա վարելու, մարզվելու ընթացքում մտքումդ միայն այս հարցը պահիր: Նշումներ կատարիր, երբ գաղափարներ հայտնվեն: Ու միայն երբ արդեն համոզված կլինես տեսարանի կմախքի հարցում, նստիր ու գրի առ այն: Մի գնա ձանձրալի, փոշոտ համակարգչիդ մոտ, առանց մտքումդ ինչ-որ բան ունենալու: Ու մի ստիպիր ընթերցողիդ զխկալ տեսարանով, որում քիչ բան է տեղի ունենում (կամ ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենաում):

Համար չորս. անակնկալի բեր ինքդ քեզ: Եթե կարող ես պատմությունը հասցնել (կամ էլ թող այն քեզ հասցնի) մի տեղ, որ զարմացնի քեզ, ուրեմն դու կկարողանաս անակնկալի բերել նաև ընթերցողիդ: Այն պահին, երբ լավ պլանավորված անակնկալ տեսնես, նույնը կանի քո փորձառու ընթերցողը:

Համար հինգ. եթե «լռվես», վերադարձիր ու կարդա ավելի վաղ տեսարանները՝ փնտրելով լքված գործող անձ կամ մանրամասն, որը կարող ես վերակենդանացնել որպես «պահ տված հրացան»: «Մարտական» ակումբը գրելու վերջում միտքս ոչինչ չէր գալիս՝ ինչ անել օֆիսի շենքի հետ: Բայց, վերընթերցելով առաջին տեսարանը, ես տեսա հենց այնպես շպրտված մեկնաբանությունը նիտրոն պարաֆինի հետ խառնելու մասին, ու որ այն պլաստիկային պայթուցիկներ պատրաստելու հնարավոր եղանակ էր: Այդ հիմար շեղումը (...պարաֆինն իմ մոտ երբեք չի աշխատել...) կատարյալ «պահ տված հրացան» դուրս եկավ վերջում ու փրկեց իմ հեքիաթասաց հետույքը:

Համար վեց. գրելը որպես արդարացում օգտագործիր ամեն շաբաթ փարթի կազմակերպելու համար, նույնիսկ եթե այդ փարթիներն անվանում ես «արտադրական պրոցես»: Ցանկացած ժամանակահատված, որ կարող ես անց կացնել գրելը գնահատող ու գրելուն աջակցող մարդկանց հետ, կհավասարակշռի այն ժամերը, որ անց ես կացնում միայնակ՝ գրելով: Նույնիսկ եթե մի օր վաճառես աշխատանքդ, փողի ոչ մի քանակ չի կարող փոխհատուցել միայնակ անց կացրած ժամանակդ: Այնպես որ, «վճարդ» նախորոք վերցրու՝ գրելը պատրվակ դարձրու մարդկանց մեջ լինելու համար: Վստահիր ինձ՝ երբ հասնես կյանքիդ վերջին, ետ չես նայի, որ վայելես միայնակ անց կացրած պահերը:

Համար յոթ. թող, որ Չիմանալը մնա Չիմանալ: Այս խորհուրդը հարյուր հայտնի մարդկանց միջով է փոխանցվել, Թոմ Սփենբաուերի միջոցով անցել է ինձ, ու հիմա էլ՝ քեզ: Ինչքան ավելի երկար կարողանաս թույլ տալ պատմությանը, որ ձևավորվի, այնքան ավելի լավը կլինի վերջնական տեսքը: Մի՛ շտապիր, ավարտ մի՛ պարտադրիր պատմվածքին կամ գրքին: Միակ բանը, որ պետք է իմանալ, հաջորդ տեսարանն է, կամ էլ մոտակա մի քանի տեսարանները: Կարիք չկա ամեն պահն իմանալ մինչև վերջ. իրականում, եթե իմանաս, դժոխային ձանձրալի բան կլինի դա թղթին հանձնելը:

Համար ութ. եթե ավելի շատ ազատություն ես ունենում պատմվածքի կապակցությամբ, սևագրից սևագիր փոխիր գործող անձանց անունները: Քո հերոսներն իրական չեն, ու նրանք դու չես: Կամայականորեն նրանց անունները փոխելով կստանաս այն հեռավորությունը, որը քեզ անհրաժեշտ է գործող անձին իսկապես չարչարելու համար: Կամ, ավելի վատ, գործող անձին ջնջելու համար, եթե դա իսկապես այն է, ինչ անհրաժեշտ է պատմությանդ:

Համար իննը. խոսքի երեք ձև կա (չգիտեմ, ՃԻՇՏ է թե ոչ, բայց մի անգամ սեմինարի ժամանակ եմ լսել, ու խելքին մոտ էր հնչում): Այդ երեք ձևերն են. Նկարագրողական, Հրահանգչական, Արտահայտչական: Նկարագրողական. «Արևը բարձրացավ...» Հրահանգչական. «Քայլիր, մի վազիր...» Արտահայտչական «Վա՛խ...» Գրողների մեծ մասն օգտագործում է այս ձևերից միայն մեկը, լավագույն դեպքում՝ երկուսը: Ուրեմն՝ օգտագործիր երեքն էլ: Խառնիր իրար: Մարդիկ այդպես են խոսում:

Համար տասը. գրիր գիրք, որն ինքդ կցանկանայիր կարդալ:

Համար տասնմեկ. կազմի վրայի հեղինակի նկարները հիմա արա, քանի դեռ երիտասարդ ես: Ու վերցրու այդ նկարների նեգատիվներն ու հեղինակային իրավունքները:

Համար տասներկու. գրիր խնդիրների մասին, որոնք քեզ իսկապես մտահոգում են: Դա միակ բանն է, ինչի մասին արժե գրել: Իր «Գրելու վտանգները» դասընթացում Թոմ Սփենբաուերը շեշտում է, որ կյանքը չափազանց արժեքավոր է այն ընտանի, պայմանական պատմություններ գրելու վրա վատնելու համար, պատմություններ, որոնց նկատմամբ ոչ մի անձնական կապվածություն չունես: Այնքան բաներ կան, որոնց մասին Թոմը խոսեց, բայց ես միայն կիսով չափ եմ հիշում. «ազատագրման» (չեմ կարողանում արտասանել այս բառը) արվեստի մասին. ինչքան հասկանում եմ՝ հոգատարությունը, որով ընթերցողին անց եք կացնում պատմության պահերով: Եվ «sous conversation» («երկխոսության ներքո» ֆր., ծ. թ.), որը ես հասկացա որպես ակնհայտ պատմության մեջ թաքնված, թաղված իմաստ: Քանի որ ես այնքան էլ լավ չեմ զգում կիսով չափ հասկացած թեմաներ նկարագրելիս, Թոմը համաձայնել է գիրք գրել գրելու իր եղանակների ու իր սովորեցրած գաղափարների մասին: Աշխատանքային վերնագիրն է՝ «Անցք սրտի մեջ», ու նա նախատեսում է ձեռագիրը պատրաստել 2006-ի հունիսին՝ 2007-ի սկզբին տպագրելու մտքով:

Համար տասներեք. ևս մեկ ամանորյա պատուհանի պատմություն: Գրեթե ամեն առավոտյան ես նախաճաշս ուտում եմ նույն ճաշարանում, ու այսօր առավոտյան մի մարդ պատուհանները նոր տարվա պատկերներով էր զարդարում: Ձնեմարդիկ: Փաթիլներ: Զանգակներ: Ձմեռ պապ: Դրսում էր կանգնած՝ մայթի վրա, նկարում էր սառեցնող ցրտին, գոլորշի էր շնչում, փոխեփոխ վերցնում տարբեր գույնի ներկերով վրձիններ ու հոլովակներ: Ճաշարանի ներսում հաճախորդներն ու սպասավորները դիտում էին, թե ինչպես է նա կարմիր, սպիտակ ու կապույտ ներկի շերտեր շարում մեծ պատուհանների արտաքին կողմին: Նրա ետևում անձրևը փոխվեց ձյան, որը քամու հետ շեղ թափվում էր ցած:

Նկարչի մազերը մոխրագույնի բոլոր երանքների էին, դեմքը՝ հանգիստ և կնճռոտված, ինչպես նրա ջինսի սմփած քամակը: Գույների արանքում նա կանգ էր առնում, որ թղթե բաժակից ինչ-որ բան խմի:

Ներսից նրան նայող, ձու ու պաքսիմատ ուտող մեկն ասաց՝ ցուրտ է: Հաճախորդն ասաց՝ այդ մարդը հավանաբար հաջողության չհասած նկարիչ է: Բաժակում էլ երևի վիսկի է: Երևի ստուդիա ունի՝ լի չհաջողված նկարներով, ու հիմա ապրելու համար փող է վաստակում՝ զարդարելով էժանագին ռեստորանային ու նպարեղենի խանութների պատուհանները: Շատ, շատ, շատ տխուր է:

Նկարիչը շարունակում էր շարել գույները: Սկզբում՝ սպիտակ «ձյունը»: Հետո՝ կարմիր ու կանաչ պատկերներ: Հետո՝ սև ուրվագծեր, որոնք գունավոր պատկերները վերածում էին ամանորյա գուլպաների ու ծառերի:

Մի սպասավոր էր անցնում, մարդկանց համար սուրճ լցնում, ու ասաց. «Ինչ մռութ գործ է, ես էլ կուզեի դրանով զբաղվել...»

Ու, անկախ նրանից, նախանձում էինք այդ մարդուն, թե խղճում, նա շարունակում էր նկարել: Ավելացնելով մանրամասներ ու գույնի շերտեր: Ու ես համոզված չեմ, թե երբ դա տեղի ունեցավ, բայց ինչ-որ պահից նա այլևս չկար: Նկարներն իրենք այնքան հարուստ էին, այնքան լավ էին լցնում պատուհանները, գույներն այնքան վառ էին, որ նկարիչն անհետացել էր: Անհաջողակ էր, թե հերոս՝ էական չի: Նա անհետացել էր, չքվել ինչ-որ տեղ, ու միակ բանը, որ մենք տեսնում էինք, իր աշխատանքն էր:

Չակ Պալանիկը հայտնի ամերիկացի գրող է, կոնտրկուլտուրայի ներկայացուցիչ: Նրա հայտնի աշխատանքներից է «Մարտական Ակումբ» («Fight Club») վեպը, որը նաև էկրանավորվել է համանուն ֆիլմի տեսքով:
Թարգմանեց Բ. Պողոսյանը

No comments:

Post a Comment