Wednesday, November 6, 2013

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը»

Ամեն սերունդ ունենալու է
իր միամիտը, որ ճշմարտությունն
ասի այնպես, ինչպես կտեսնի:

 - Բորիս Պաստերնակ

Շուրջ 15 տարի է, որ հայությունը ձեռք է բերել անկախություն և փորձում է կերտել սեփական պետությունը: Ահա այս տարիների ընթացքում, երբ ձևավորվում են պետությունը խորհրդանշող ինստիտուտներ, ցավոք, դրանից պետության որակը չի բարելավվում: Հայ մարդը դժգոհ է իր պետությունից. բոլորը մեղադրում են բոլորին: Այսպիսի իրավիճակը ոմանք մեկնաբանում են պետության երիտասարդ տարիքով, ոմանք՝ օրենքների անկատարությամբ, մյուսներն էլ նշում են հայության դարերով սեփական պետությունից զրկված լինելու հանգամանքը: Փաստորեն, հայը սեփական պետության թշվառությունը բացատրում է ամեն կերպ, բացի հիմնականից: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր պետության կայացածության աստիճանը պայմանավորված է այն ստեղծող ժողովրդի դավանած ազատության և արդարության իդեալների որակով: Այսօր հայությունն արդյո՞ք դավանում է ազատության և արդարության իդեալներ:

Վերլուծելով հայության այսօրվա ձգտումները՝ համոզվում ենք, որ նա վաղուց դադարել է հավատալ ազատության և արդարության իդեալներին և միայն հավատում ու ոգևորվում է նյութական «իդեալներով»: Այսինքն՝ ինչպես հայությունը, այնպես էլ նրա քաղաքական էլիտան, պատրաստ են զոհել ամեն ինչ՝ հանուն «կուշտ ուտելու», թեկուզև ստրկության մեջ: Այս երևույթը բնական և հատուկ է ոչ միայն հայությանը, այլև բոլոր մեռնող ժողովուրդներին: Ժողովուրդները մեռնում են այն ժամանակ, երբ կորցնում են հավատի զգացումն ընդհանրապես և հավատն ազատության իդեալի նկատմամբ՝ մասնավորապես: Ողբերգությունն այն է, որ մեռնող ժողովուրդները նախ վերածվում են նյութապաշտ զանգվածի՝ ուստի և անընդունակ են լինում զգալ բոլոր այն արժեքների կորուստը, որոնք դուրս են նյութական ոլորտից: Մարդն իր իդեալը կորցնում է այն ժամանակ, երբ կորցնում է իդեալի նկատմամբ ունեցած զգացողությունը: Նրանք, ովքեր մեռնող ժողովուրդների մեջ փորձում են խոսել իդեալների անհրաժեշտության մասին, ենթարկվում են ծաղրի կամ լավագույն դեպքում՝ լուռ անտարբերության: Ընդհանրապես, ցանկացած ժողովուրդ՝ իր մեծամասնությամբ անհաղորդ է բարձր իդեալներին: Սակայն միշտ գոյություն ունի նաև կազմակերպված իդեալիստ փոքրամասնություն, որը համախմբվելով որոշակի բարձր իդեալների շուրջ, իր հետևից տանում է անտարբեր մեծամասնությանը: Ցավոք, այսօր հայոց մեջ չի նշմարվում կազմակերպված այն իդեալիստ փոքրամասնությունը, որն իր շուրջը համախմբելով ողջ հայությանը՝ կկարողանա մղել դեպի բարձր իդեալներ կերտելու: Համոզված եմ, որ ինչպես ողջ մարդկության, այնպես էլ հայության համար իդեալը Ազատությունն է: Նաև կարծում եմ, որ միայն հավատն ազատության իդեալի նկատմամբ կօգնի հայությանը կերտել սեփական բարգավաճ պետությունն ու ապահովել ժողովրդի բարօրությունը:

Սույն գրքույկում վերոհիշյալ թեմայի անդրադարձը, հնարավոր է վիճարկելի թվա, քանի որ իդեալի դերն ու նշանակությունը հայության համար վաղուց անկարևոր է դարձել: Իսկ նրանք, ովքեր դեռ կարևորում են իդեալի դերը, ունեն իդեալի մասնավոր ընկալում: Փաստորեն, հայությանն անհրաժեշտ են ոչ միայն բարձր իդեալներ, այլև իդեալի հավաքական ընկալում:

Շանթ Հարությունյան, «Իմ Ազգային Իդեալը», Երևան, 2005

No comments:

Post a Comment