Սկսեմ «հայ կնոջ կերպարի» ու դրան «հարիր/անհարիր» բաներից: Հայ կնոջ կերպարն, իրականում, նշանակում է երկու բան. ռացոնալ բացատրությամբ՝ այն բոլոր հայ կանանց հավաքական կերպարն է: Տարածված ընկալմամբ այն ստերեոտիպ է ու բանավեճի տեսանկյունից ընկնում է արգումենտացիայի «no true Scotsman» սխալ ձևի տակ: Այլ կերպ ասած, ինչ-որ մարդիկ ստեղծում են հայ կնոջ իրենց սուբյեկտիվ ընկալմամբ իդեալականացված պատկեր ու փորձում են այն պարտադրել բոլորին: Իրականում ստատիկ «հայ կին» հասկացություն գոյություն չունի: Ամեն կին առաջին հերթին անհատ է՝ իր անհատական առանձնահատկություններով, արժեքներով, նպատակներով, սեփական կյանքով: Ինչպես ես, դու կամ ցանկացած այլ մարդ: Ու եթե ինչ-որ մեկը համարում է, որ կինն, անկախ ազգությունից, մարդ չի, կամ մարդ է, բայց ոչ ամբողջությամբ, թող փորձի վիճարկել իմ բերած դրույթը:
Ինչ վերաբերում է «ավանդական արժեքներին», ապա դրանք նույնպես ստերեոտիպային հավաքական հասկացություններ են: Հայկական արժեքները կտրուկ տարբեր են եղել պատմության տարբեր պահերի: Մենք ունեցել ենք Աստարտեի/Աստղիկի տաճարներ հեթանոսական շրջանում, ինչից կարելի է հանգիստ հետևություն անել, որ այնտեղ եղել է ռիտուալային մարմնավաճառություն: Քրիստոնեական շրջանից պատրիարխալ մտածելակերպն ավելի և ավելի է ամրապնդվել մտածողական մոդելի մեջ, քանի որ աբրահամյան բոլոր կրոնները կնոջը համարում են երկրորդ կարգի, թերի մարդ: Գումարվելով սովետական շրջանի սեռական կոմպլեքսների հետ, ժամանակակից «ավանդական արժեքները» դարձել են խիստ սելեկտիվ երևույթ՝ գրեթե ամբողջությամբ կապված գենդերային դերերի ու սեռական կյանքի սահմանափակման հետ: «Ավանդական արժեքների» այս տարածված ընկալումը փորձում են շահարկել ինչպես աջ-պահպանողական, նացիոնալիստական-նացիստական թևերը ներառող քաղաքական ուժերը, այնպես էլ կրոնական կազմակերպությունները. ինչպես ՀԱԵ-ն, այնպես էլ այլ քրիստոնեական ու մահմեդական կառույցներ: Իրականում եթե ՀԱԵ-ն հանկարծ դադարեցներ իր պայքարն այլ քրիստոնեական կառույցների հետ ու միասին ճակատ կազմեր, մենք շատ ավելի լուրջ խնդրի առաջ կկանգնեինք:
Ծնողկոմիտեն, իր հերթին, սիտուատիվ կառույց է: Այն չունի գաղափարական հենք, որն իրեն երկարակեցություն ապահովի, բայց ունի ֆինանսական ու մարդկային ռեսուրս ու ներքին կազմակերպվածություն: Ծնողկոմիտեն ներկայումս իր քարոզարշավում շատ ավելի հաջողակ է, քան նրանց դեմ պայքարողները: Ծնողկոմիտեն ազատ աղավաղում է փաստերը, ատելություն է քարոզում, ու դրանից իրենց էֆեկտիվությունն աճում է, ոչ թե նվազում: Ինչու՞:
Որովհետև ծնողկոմիտեն գործում է մարդկանց մտածելակերպի զգայական կողմի վրա: Այն շահարկում է մարդկանց անվստահությունը սեփական ապագայի ու արտաքին քաղաքական ուժերի նկատմամբ: Այլ կերպ ասած, ծնողկոմիտեն խաղում է մարդկանց վախերի վրա, իսկ վախը դեռ քարի դարից եղել է միավորող ուժ: Վախեցած մարդիկ միավորվում են, որպեսզի պայքարեն արտաքին վտանգի դեմ, լինի այն իրական թե մտացածին: Դրա համար էլ ոչ մի տրամաբանական ապացույց, ոչ մի հերքում այնքան էֆեկտիվ չի լինի, ինչքան հասարակ «ամերիկացիները ֆրանսիային հարկադրում են երեխաներին գեյ դարձնել» ֆրանսիացի ռադիկալ աջերից ծագող ռուս պրոպագանդիստական մեքենայի տարածած սուտ լուրը:
Այլ կերպ ասած, քանի դեռ մարդիկ ստացվող ինֆորմացիան անալիզի ենթարկելու, վիճարկելու ու սեփական կարծիք կազմելու ունակություն չունեն ու իրենց թույլ են տալիս առաջնորդվել զգայական կողմով, մասնավորապես՝ վախերով, ծնողկոմիտեի էֆեկտիվությունը չի նվազելու, ինչքան էլ մենք տրամաբանենք, հերքենք:
Ի վերջո, սերը երբեք չի եղել մարդկանց միավորող ուժ: Նույնիսկ թաղումներին մարդկանց մի տեղ է հավաքում մահվանից կոլլեկտիվ վախը:
No comments:
Post a Comment