Sunday, March 19, 2017

Կուսակցական պայքարի հիմնախնդիրները Հայաստանում

«Ես քեզ երբևէ ասե՞լ եմ խելագարության սահմանումը»
Հայաստանի Հանրապետությունը որոշակի պատմություն ունի՝ կապված իրար փոխարինող պոպուլյար ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնց նշանակալիությունը տևում է ընդամենը մեկ-երկու ընտրաշրջան:

1996 թվականին դա ԱԺՄ-ն էր՝ ի դեմս նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ ընդդեմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի:

1998 թ. Հայաստանի ժողովրդական կուսակցությունն առաջադրեց Կարեն Դեմիրճյանին, որը հետագայում Վազգեն Սարգսյանի հետ կազմեց «Միասնություն» դաշինքը: Կարեն Դեմիրճյանը նախագահի պաշտոնի համար պայքարում էր ՀՀ նախագահի պաշտոնակատար, վարչապետ Ռոբերտ Քոչարյանի դեմ:

2003 թ. Պետրոս Մակեյանը, Արամ Սարգսյանն ու Արշակ Սադոյանն ինքնաբացարկ հայտարարեցին՝ սատարելով Ստեփան Դեմիրճյանին, որը ներկայացնում էր Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Ստեփան Դեմիրճյանը նույնպես վիճարկում էր նախագահի պաշտոնն արդեն գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

2008 թ. նախագահական ընտրությունների պոպուլյար ընդդիմադիր թեկնածուն ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը հետագայում սկսեց ներկայացնել Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը: Իշխանության ներկայացուցիչն այս ընտրություններին վարչապետ Սերժ Սարգսյանն էր:

2013 թ. գործող նախագահ Սերժ Սարգսյանին և իր ներկայացրած Հայաստանի հանրապետական կուսակցությանը մարտահրավեր նետեց Ժառանգություն կուսակցությունն՝ ի դեմս նախագահական թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի:

Ընդդիմադիր կուսակցություններից ու խմբավորումներից միայն մեկին է հաջողվել որոշակի հաջողությունների հասնել՝ «Միասնություն» դաշինքին (1999 թ. ՀՀ ԱԺ երկրորդ գումարման խորհրդարանային ընտրություններում Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ ու Վազգեն Սարգսյանի ՀՀԿ կուսակցությունների դաշինքը ստացավ ձայների 41.69 տոկոսը): 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերը, կարծում եմ, կարիք չկա վերապատմել:

Ընդդիմության ներկայացուցիչները գրեթե միշտ վիճարկել են ընտրությունների արդյունքները (բացի 1998 թ. նախագահական ընտրություններից, երբ Կարեն Դեմիրճյանը որոշեց պաշտոնապես չվիճարկել): Մասսայական ցույցեր են հաջորդել 1996, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններին, ավարտվել են ոստիկանական բռնության տարբեր աստիճաններով, 1996 և 2008 թվականներին, մասնավորապես, բողոքի ցույցերը ճնշելու համար կիրառվել են ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ:

Այս բոլոր քաղաքական ուժերին, բացի իշխանության համար պայքարում անհաջողություն կրելուց, աստիճանաբար մոռացության մատնվելուց միավորել է ևս մի գիծ. նշված կուսակցություններն ու դաշինքներն ունեցել են պոպուլյար առաջնորդ(ներ), բայց միևնույն ժամանակ գրեթե անհնարին է եղել ձևակերպել այդ կուսակցությունների քաղաքական պլատֆորմը:

Այս բոլոր ուժերի քաղաքական պլատֆորմի մեջ ակնհայտ է եղել միայն մեկ որոշակի գիծ՝ պոպուլիզմը. նրանք արտահայտել են գաղափարներ, որոնք հաճելի կլինեն ինչպես ընտրազանգվածին, այնպես էլ, շատ դեպքերում, միջազգային քաղաքական ուժերին:

«Ճառ ասե՞մ, թե՞ զանգ կախեմ»
Եթե նույնիսկ որոշենք անտեսել այն կրիտիկական հարցը, որ կուսակցությունն ըստ սահմանման պետք է ձևավորվի քաղաքական, տնտեսական, հասարականան պլատֆորմի շուրջ գաղափարակիցների միավորման միջոցով, ոչ թե որպես ազդեցիկ քաղաքական գործչի/գործիչների շուրջ մարդկանց համախմբման, մենք պետք է հաշվի առնենք նաև այլ, պակաս տեսական գործոններ: Հայաստանի հանրապետության քաղաքացիների մեջ արմատավորված երևույթ է անվստահությունը քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ, և այդ անվստահության պատճառներից մեկը հենց անորոշությունն է քաղաքական պլատֆորմի հարցում: Չտեսնելով ֆիքսված կանոնակարգ, որով առաջնորդվել և առաջնորդվում է, ինչպես նաև հիմնավորում իր որոշումներն ու գործողությունները կուսակցությունը, ընտրողները հաճախ հակված են համարել, որ ցանկացած կուսակցություն կամ քաղաքական գործիչ պատրաստ է իրենց խոստումներ տալ, ոչ ավելին: Խոստումներ տվել են նաև Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու իրենց ներկայացրած քաղաքական ուժերը: 

Իզուր չի, որ մարդիկ լուրջ հարցերում իրար հետ օրենքով պարտավորեցնող պայմանագրեր են կնքում իրար հետ: Քաղաքական գործիչների չպարտավորեցնող, «ազնիվ խոսքի» վրա հիմնված խոստումներն են, որոնք իրականում անլրջացնում են ընտրությունների և ժողովրդի իշխանության իրականացման ինստիտուտների գաղափարները:

Ինչևէ, այստեղ էլ գործ ունենք մի շարք բարդությունների հետ. ստեղծելով որոշակի քաղաքական պլատֆորմ, քաղաքական կուսակցությունն իր պայքարը զուտ ընտրական դաշտից ընդլայնում է նաև դեպի քաղաքական դաշտ: Պոպուլիստական կուսակցությունները նպատակ ունեն իրենց շուրջ կոնսոլիդացնել հնարավորինս մեծ ընտրազանգված՝ անկախ այդ ընտրազանգվածի քաղաքական, հասարակական, տնտեսական հայացքներից: Ստեղծելով ֆիքսված քաղաքական պլատֆորմ, կուսակցության ընտրազանգվածը կսահմանափակվի միայն այդ քաղաքական պլատֆորմի կողմնակիցներով: Կուսակցությունը ստիպված կլինի իր պլատֆորմը տարածել հասարակության մեջ՝ այդ կերպ իր ընտրազանգվածը մեծացնելով: Սա մի կողմից նպաստում է կուսակցության երկարակեցությանը, մյուս կողմից՝ քաղաքական պայքարը դարձնում երկարատև ու ստրատեգիկ երևույթ, ավելի շատ ռեսուրսներ պահանջող, կանգնեցնում քաղաքական գործիչներին «ճառ ասել, թե զանգ կախել» դիլեմայի առաջ:

Պետք է նաև նշել հասարակական տարբեր խմբերի, ինչպես նաև արտաքին քաղաքական ուժերի շահերի բախումները, որոնք Հայաստանում բավականին բևեռացված են: Պլատֆորմի ֆորմատում պատասխանելով նույնասեռականների իրավունքների հարցին, կուսակցությունը ստիպված է լինում իրենից օտարել կամ հասարակայնորեն պահպանողական մեծամասնությանը, կամ լիբերալ փոքրամասնությանը: Մեկն առավել արժեքավոր է որպես ընտրազանգված, մյուսը՝ որպես ակտիվ մասսա, ու վտանգավոր՝ որպես հակառակորդ: Միևնույն ժամանակ, այստեղ բախվում են նաև եվրոպական և ռուսական ազդեցությունների շահերը: Արցախյան հակամարտության հարցում փոխզիջումների գաղափարը խիստ ոչ պոպուլյար է ժողովրդի, նամանավանդ՝ Արցախյան պատերազմի ազատամարտիկների մեջ, բայց անհրաժեշտ՝ միջազգային աջակցություն ստանալու համար:

Հաշվի առնելով, որ Հայաստանում քաղաքական կուսակցությունների նպատակն ամենից հաճախ առավելագույն ընտրազանգված ու միջազգային աջակցություն ստանալն է, հաճախ այդ կուսակցություններն ու իրենց ներկայացուցիչները նախընտրում են երկակի, խուսափողական կամ իրարամերժ պատասխաններ տալ՝ ձգտելով դրանով չզրկվել որևէ ուժի կամ հասարակական խմբի աջակցությունից, բայց արդյունքում էլ ավելի քայքայելով իրենց նկատմամբ վստահությունը:

Իմ կարծիքով, սրա այլընտրանքն է գաղափարական, սկզբունքային կուսակցությունը, որը եթե նույնիսկ խորհրդարանային նվազագույն ներկայություն ստանա հուսալի փոքրամասնության ձայների միջոցով, կարող է աճեցնել իր քաղաքական վարկանիշն ու, դրա շնորհիվ, նաև իր քաղաքական պլատֆորմի կողմնակիցների թիվն ու ընտրազանգվածը:

Սրան հակառակ ես լսել եմ կարծիք, որ Հայաստանում վիճակը չափազանց աղետալի է նման երկարատև ծրագրերի համար: Իմ կարծիքով, դանդաղ հաղթանակը ցանկացած դեպքում ավելի նախընտրելի է, քան արագ պարտությունների շարքը:

Կուսակցության քաղաքական պլատֆորմից պետք է բխեն ու քաղաքական պլատֆորմով պետք է հիմնավորվեն կուսակցության կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակները, որոնք իրենց հերթին պետք է ներկայացվեն կուսակցության նախընտրական ծրագրերում: Կուսակցությունը պետք է ներկայացնի նաև այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ռեսուրսներն ու ճանապարհային քարտեզն, ինչպես նաև դրանց տարբեր ասպեկտների ու փուլերի համար պատասխանատու անձանց ցանկ՝ ֆիքսված պատասխանատվություններով: Դա հաշվետու լինելու միջոց է և քաղաքացիների հետ փոխադարձ վստահություն կառուցելու ճանապարհ:

Եթե առաջին հայացքից իմ ասածը թվում է, թե բարդացնում է ամեն ինչ, ապա եկեք նայենք օրինակով: Մասնակցային ժողովրդավարության հիման վրա իր պլատֆորմը կառուցած կուսակցությունը ԵԱՏՄ մտնելու հարցը կպահանջեր լուծել հանրաքվեի, ոչ թե ներկայացուցչական ժողովրդավարության օրինակ հանդիսացող խորհրդարանական քվեարկության միջոցով: Եթե կուսակցությունը լիներ արմատական, իրենք նաև կտապալեին այդ հարցով խորհրդարանական քվեարկության փորձերը: ԼՂՀ տարածքային ամբողջականության հարցերի լուծման միջոցը կլիներ ԼՂՀ ժողովրդավարական մեխանիզմների ամրապնդումն ու միջազգային դիտորդների հսկողության տակ ԼՂՀ տարածքում հանրաքվեի անցկացումը: Լիքը խնդիրների լուծում կթելադրեր հենց պլատֆորմն, իմ օրինակի դեպքում՝ խնդիրների լուծումը կտեղափոխվեր հասարակական դաշտ, պատասխանատվության բեռը կփոխանցվեր քաղաքացիներին:

Եզրափակիչ խոսք
Արդյո՞ք իմ նշած ճանապարհը միանշանակ տանում է դեպի հաղթանակ: Բնավ ոչ: Կախված գաղափարներից, որոնց հիման վրա կկառուցվի պլատֆորմը, կախված  նրանից, թե այդ գաղափարներն ինչպես կընկալվեն ու կյուրացվեն քաղաքացիների կողմից, ինչքանով էֆեկտիվ կգործի կուսակցությունն, ինչ արտաքին գործոններ կմիջամտեն, հնարավոր են բազմաթիվ ելքեր: Բայց այս ճանապարհը կապահովի պայքարի շարունակականություն, ու պայքարը կլինի գաղափարական, ոչ թե կվերածվի քաղաքական կռապաշտության` «կուռքերի» հետագա հեղինակազրկմամբ ու մոռացմամբ:

Երբ կուսակցությունը կներկայացնի քաղաքական պլատֆորմ, ու հետամուտ կլինի նրան, որ իր գործունեությունը համապատասխանի իր քաղաքական պլատֆորմին, ես հնարավորություն կունենամ, որպես քաղաքացի և ընտրող, դատել, արդյոք այդ քաղաքական պլատֆորմը և այն ներկայացնող կուսակցությունը ներկայացնու՞մ են իմ շահերը:

Երբ կլինեն մեկից ավելի նման կուսակցություններ, ես կունենամ իրական ընտրության հնարավորություն:

Իսկ այն, ինչ մենք ներկայումս անվանում ենք ՀՀ խորհրդարանային կամ նախագահական ընտրություններ, իրականում ոչ թե ընտրություն են հիշեցնում, այլ ֆուտբոլային թիմի հաղթանակի վրա խաղադրույք դնել: Ընդ որում, մարդկանց մի մասը խաղադրույքը դնում է թիմի վրա, որն ակնհայտորեն հաղթելու է, իսկ մյուս մասը, նախապես գիտակցելով, որ թե՛ մրցավարը, թե՛ ամբողջ ֆեդերացիան ծախված են, դնում է հակառակ թիմի վրա, որպեսզի վերջում դուրս գա Ազատության հրապարակ ու գոռա՝ «սուձյա պիդառաս»:

Friday, November 18, 2016

Հակավակցինացիոն շարժման մասին, մաս 3. «Ես անտի-վաքսեր էի»

Մաս 1 | Մաս 2 | Մաս 3

Հակավակցինացիոն շարժումը շատ դեմքեր ունի՝ «es chem patvastelu im erexayin u es el patvastvac chem, im mayr@ bjishk e inqn el e dem» ասող մայրերից մինչև իսլամիստն զինյալներ: Օրինակ՝ Պակիստանը: Այնտեղ իսլամիստները համարում են, որ վակցինացիան արևմտյան դավադրություն է, որն ուղղված է երեխաներին անպտուղ դարձնելուն: Այն դեպքում, երբ Պակիստանը միակ երկու երկրներից է, որտեղ դեռ կա պոլիոմիելիտի օջախ: 2014 թվականին այնտեղ գրանցվել է պոլիոյի 300-ից ավել դեպք: Պոլիոյի վակցինացիա իրականացնող բժիկներին ստիպված են ոստիկաններ պաշտպանել, բայց երբեմն դա էլ քիչ է լինում: 2012 թ. դեկտեմբերին իսլամիստները սպանել են հինգ պոլիոյի վակցինացիա իրականացնող մասնագետների: 2014-ի նոյեմբերին՝ ևս չորսին: 2015-ի հունվարին իսլամիստ ահաբեկիչն ինքն իրեն պայթեցրել է վակցինացիոն կենտրոնի մոտ՝ սպանելով 15 մարդ: 2015-ի փետրվարին հայտնաբերվեցին իսլամիստների առևանգած չորս պոլիոյի վակցինացիա իրականացնող մասնագետի դիակները: 2016-ի ապրիլին ութ իսլամիստ զինյալ մոտոցիկլետների վրա կրակեցին վակցինացիա իրականացնող մասնագետների ու իրենց պաշտպանող ոստիկանների ուղղությամբ: Սպանվեցին յոթ մարդ:

Փորձենք հասկանալ վակցինացիոն շարժման մեջ մտած, ու շարժումից դուրս եկած մարդկանց՝ դա մեզ կօգնի ավելի լավ հասկանալ բուն շարժումը:
("What's behind the anti-vax movement?", BBC 2015) Ջունիպեր Ռուսսոն միայնակ մայր է ԱՄՆ Տեննեսի նահանգի Չատանուգա քաղաքում: Նա հակավակցինացիոն շարժման անդամ էր:
«Էնդրյու Վեյկֆիլդի ուսումնասիրությունն այն բաներից էր, որ ինձ իրոք վախեցնում էին: Հակավակցինացիոն շարժման մեջ մտնող մարդիկ մեծ մասամբ կարծում են, որ նրան լռեցրել են, ու որ նա իրականում շատ կարևոր բանի մասին խոսող հերոս էր»:
Լրագրող Բրայան Դիրի նման, Ջունիպերն էլ է բացասական արձագանքի ու անգամ սպառնալիքների արժանացել հակավակցինացիոն շարժման կողմնակիցների կողմից՝ իր տեսակետը փոխելու համար: Բայց կար ժամանակ, երբ իր մտքում կասկածներ չկային. նա համարում էր, որ վակցինաները դավադրություն են:
«Ես ընդամենը 20 տարեկան էի, երբ հղիացա, ու շատ երիտասարդ ու նաիվ էի, ու տարված էին այն աշխարհայացքով, թե բնությունը պարզապես հիասքանչ բան է, ու որ մեր մեծ, վախենալի, ինդուստրիալացված աշխարհի հետ կապված ամեն ինչ վատ է»:
«Կարծում էի՝ կառավարությանը պետք չի վստահել, ու հավատում էի այն գաղափարին, որ մեծ դեղագործական կազմակերպություն կա, որը պատրաստ է իմ երեխային վնասելու գնով փող աշխատել»:
«Միակ բանը, որ իմ մտքով անցնում էր, այն էր, որ ես ամեն ինչ անում էի իմ երեխային ժամանակակից բժշկության հրեշից պաշտպանելու համար: Ես չէի մտածում, որ մեկ ուրիշին վտանգում եմ, բայց հիմա ես դա գիտեմ»:
Ջունիպերի տեսանկյունը փոխվեց, երբ իր երեխային, ով երբեք վակցինացիա չի ստացել, աուտիզմ ախտորոշեցին:
«Ես դեմ առ դեմ դուրս եկա այն մտքին, որ ես սխալվել եմ՝ կարծելով, որ ամեն ինչ ճիշտ եմ արել, ու որ ոչ մի վատ բան չէր կարող պատահել իմ երեխաներին»:
«Ես հաճախ էի տեսնում թեման նորություններով, ու հիմա հասկանում եմ, թե պրեսսան ինչքան անպատասխանատու էր: Նրանք մի կողմից ներկայացնում էին Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության հետ աշխատող բժիշկ, ու նրա հետ բանավեճի էին դնում մի մայրիկի, ով պնդում էր, թե իր երեխան պատվաստումներից աուտիզմ է ստացել»:
«Ինձ համար շատ հեշտ էր ընդունել այն մարդու կողմն, ում հետ ավելի շատ ընդհանուր բան ունեի, ի հակադրություն բժշկի, ում, իմ այդ ժամանակվա կարծիքով, կաշառել էր պետությունը»:
Անտրոպոլոգ Հայդի Լարսոնը պնդում է, որ հակավակցինացիոն շարժման անդամների խնդիրն այն է, որ իրենք կարծում են՝ իրենց չեն լսում: Այդ տեսանկյունից նա համարում է, որ պարզապես ինֆորմացիա տրամադրելն իրենց (ու իմ այս հոդվածաշարն, այդ կոնտեքստում) արդյունավետ չի, ու որ առողջապահության ոլորտի աշխատողները պետք է սկսեն լսել մարդկանց, ում սպասարկում են:

Մեգան Սենդլինը 20-ամյա երկու երեխայով մայր է: Նա որոշել էր ծննդաբերել տանն ու առավել լիարժեք ծնող լինել իր երեխաների համար: Ու, բնականաբար, նա սկսեց շփվել մարդկանց հետ, որոնք նույնպես փորձում էին նույն մոտեցումը ցուցաբերել ծնողության նկատմամբ: Մեգանը նկատեց, որ իր ծանոթներից շատերը դեմ են վակցինացիային, ու հարցրեց դրանից իր ընկերներից մեկին: Ընկերն առաջարկեց կարդալ, թե ինչ բաղադրամասեր կան վակցինաների մեջ, կարդալ փաթեթների ներդիրներն ու հնարավոր կողմնակի էֆեկտների մասին: Մեգանը կարդաց... ու սարսափեց: Չնայած կարդացածի մեծ մասը չհասկանալուն: Հետո նայեց, թե ինչքանով են տարածված հիվանդությունները, որոնց դեմ պատվաստում են երեխաներին: ԱՄՆ-ում տարիներով դիֆտերիայով վարակվելու դեպք չէր եղել:

Մեգանի պատմությունը երկրորդ աղբյուրից հակավակցինացիոն գաղափարներ ձեռք բերելու դեպք է, երբ արդեն հակավակցինացիոն շարժման մաս կազմող մարդիկ խաղում են անփորձ ծնողների վախերի վրա ու նրանց մղում դեպի իրենց շարժումը:

Մեգանի ընկերներն իրեն համոզում էին չվստահել պաշտոնական կայքերին ու ինֆորմացիան փնտրել Google-ով որոնելու միջոցով ու ֆեյսբուքյան էջերից, ասում էին իրեն, թե ինչպես է իր մայրական կաթը երեխային պաշտպանում բոլոր հիվանդություններից, ամեն կերպ հոգեբանական աջակցություն ցույց տալիս ու ներկայացնում իր երեխային որպես իդեալական առողջ չվակցինացված երեխայի օրինակ: Դա հաճելի զգացողություն էր՝ երբ դու մի մեծ, բարեկամաբար տրամադրված հանրության մասն ես:

Ինչևէ, որոշ ժամանակ շարժման մեջ անց կացնելուց հետո Մեգանը, ով սկեպտիկ մարդ էր, նկատեց, որ շարժման մյուս անդամները հավատում են նաև այլ դավադրությունների տեսությունների, որոնք տրամաբանությունից ավելի հեռու են, քան հակավակցինացիոն գաղափարները: Օրինակ՝ «քիմիական հետքերի» դավադրությունների տեսությունն, ըստ որի ինքնաթիռների երկնքում թողած հետքերը ոչ թե դիզելային վառելիքի այրման հետևանքով արտանետված նյութերի շուրջ գոլորշու խտացման հետևանք են, այլ հատուկ քիմիական նյութեր, որոնք իշխանություններն օգտագործում են մեզ կառավարելու համար:

Կասկածները բերեցին ուսումնասիրությունների, իսկ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքը վակցինացիոն նյութերի բաղադրիչներից ավելի վախենալի էր: Ոչ, հիգիենան չէր պատասխանատու հիվանդությունների նվազման համար՝ դա վակցինացիայի շնորհիվ էր: Ոչ, վակցինացիոն նյութերը չէին գերբեռնում իմունային համակարգը՝ ժամանակի հետ կատարելագործվելով, իրենք ավելի քիչ անտիգեներով պաշտպանում էին ավելի շատ հիվանդություններից: Ոչ, աուտիզմը կապ չուներ պատվաստումների հետ:

Երբ Մեգանի փոքր աղջիկը տաս ամսեկան էր, նա որոշեց վերսկսել պատվաստումները: Երբ դրա մասին հայտնեց Ֆեյսբուքում, կորցրեց միանգամից 50 ընկեր: Մարդիկ, ովքեր ողջունում էին նրա երեխա տանն ունենալու միտքը, ասում էին, որ ինքը հիանալի մայր է ու ոգեշնչող մարդ, պարզապես ջնջեցին իրեն: Մեգանին հեռացրեցի խմբերից, արգելափակեցին մարդիկ, որոնց ինքն ընդհանրապես չէր ճանաչում:

Ինչևէ, Մեգանի երեխաներն այժմ վակցինացված առողջ երեխաների փայլուն օրինակներ են, իսկ դա երևի ամենակարևորն է: Ամբողջ պատմությունն անգլերեն կարող եք կարդալ այստեղ:

Նաոմի Մյուրրեյը հակավակցինացիոն շարժման անդամ դարձավ Ջեննի ՄակԿարթիի գիրքը կարդալուց հետո (ևս մեկ արգումենտ ի օգուտ նրա, որ ֆոտոմոդելը չի կարող ձեզ ավելի լավ առողջապահական խորհուրդներ տալ, քան բժիշկը): Ամուսինը կարողացավ նրան համոզել երեխային վակցինացիայի ենթարկել, ու դա, հավանաբար փրկեց երեխայի կյանքը:

Չորս ամսեկանում Նաոմիի աղջիկը վարակվեց կապույտ հազով, որի դեմ պատվաստված էր: Կապույտ հազը վարակիչ օդակաթիլային հիվանդություն է, որի ժամանակ մարդն այնքան է հազում, որ օդը լքում է նրա թոքերը: Փոքր երեխաների դեպքում դա առավել վտանգավոր է՝ 2000-2014 թթ. 241 երեք ամսեկանից փոքր երեխա է ԱՄՆ տարածքում մահացել այդ հիվանդությունից: Վակցինացիայի շնորհիվ, հիվանդության ընթացքը թեթև էր ու հիվանդությունը բարդացումների չբերեց (կարող է թոքաբորբ առաջանալ ու նույնիսկ ուղեղի վնասվածք թթվածնային քաղցից):

Այժմ Նաոմին վիրավորական է համարում, որ մարդիկ կարող են գիտակցաբար հրաժարվել վակցինացիայից: Հակավակցինացիոն շարժման անդամ ընկերների արձագանքը, բնականաբար, կանխատեսելի  ագրեսիվ է: Բայց երեխային շատ վտանգներ այլևս չեն սպառնում:

Ես բերեցի երեք լրիվ տարբեր ծնողների օրինակներ: Երեքն էլ իրենց կյանքի ինչ-որ շրջան եղել են հակավակցինացիոն շարժման մասնակիցներ, երեքն էլ գիտակցաբար լքել են շարժումը: Երեքն էլ բախվել են գրեթե կրոնական աղանդ ի ռեակցիա հիշեցնող արձագանքի՝ տարբեր չափերով: Իսկ ամենասկզբում ես ցույց տվեցի, թե ինչպիսի ծայրահեղական մարդիկ են մտնում հակավակցինացիոն շարժման մեջ:

Շարքի հաջորդ մասում ես կանդրադառնամ շատ ծանր թեմայի՝ դեպքերի, երբ երեխային պատվաստված լինելը կարող էր փրկել:

Հակավակցինացիոն շարժման մասին, մաս 2. Բարի նկատառումներով

Մաս 1 | Մաս 2 | Մաս 3

«Դժոխքի ճանապարհը սալահատակված է բարի նկատառումներով», ասում է հայտնի ասացվածքը: Վստահ եմ՝ այն ծնողները, որոնք չեն ցանկանում, որ իրենց երեխաները պատվաստումներ ստանան, կարծում են, որ առաջնորդվում են իրենց երեխաների շահերով: Ինչևէ, շարժման պնդումները, թե վակցինաներն առաջացնում են այլ կամ այն հիվանդությունը, դժվար թե բխեին հենց ծնողներից: Այնպես որ, փորձենք վերլուծել ու հասկանալ հակավակցինացիոն շարժման ծագումն ու բնույթը, պահանջներն ու նպատակները, պահպանելով լրագրողական անաչառությունն ուսումնասիրության սուբյեկտի նկատմամբ:

Ինչ վերաբերում է երեխաների շահերով առաջնորդվելուն, այստեղ վիճակագրությունը խոսում է իմ փոխարեն: Զարգացած երկրներում, հակավակցինացիոն շարժման տարածմանը զուգընթաց, աճում են կարմրուկով վարակման դեպքերը, որոնք մինչ այդ միայն նվազում էին: Իսկ կարմրուկի ու իր վտանգների մասին ես արդեն խոսել եմ շարքի առաջին մասում: Քիչ պատվաստումներ՝ շատ հիվանդներ: Ամեն ինչ հնարավորինս պարզ է: Ու խնդիրը միայն այն չի, որ պատվաստումներից խուսափող ծնողները վտանգում են իրենց երեխաների կյանքն ու առողջությունը: Նույնիսկ պատվաստումներ ստացած երեխաները 100% պաշտպանություն չունեն հիվանդությունից ու կարող են վարակվել չպատվաստվածներից, եթե վերջիններս վարակվեն: Այնպես որ, իրենց երեխաներին չպատվաստող ծնողները վտանգում են նաև շրջակայքի մնացած երեխաներին:

Ինչպես ցանկացած դեղամիջոց, պատվաստանյութերը փոքր քանակի մարդկանց մոտ կարող են բարդություններ ստեղծել, ու ես ինքս այդ մարդկանցից մեկն եմ. պատվաստանյութերի մի մասն ինձ մոտ սուր ալերգիկ ռեակցիա է առաջացնում՝ ընդհուպ մինչև անաֆիլակտիկ շոկ, ու կարող է մահվան պատճառ դառնալ: Դրա համար էլ ես միշտ պնդել եմ, որ պատվաստելու կամ չպատվաստելու որոշումը պետք է կայացվի բժշկի հետ խորհրդակցելուց հետո ու բժշկի հսկողության տակ: Պատվաստումն իրենից ներկայացնում է երեխային վարակել հիվանդության թուլացրած կամ մահացած հարուցիչներով: Բնականաբար, գրեթե ցանկացած երեխա մի երկու օր կարող է ջերմել ու վատ տրամադրություն ունենալ պատվաստումից հետո: Սա լրիվ բնական ռեակցիա է, ու իրենից վտանգ չի ներկայացնում: Պատվաստումներից բարդություններ առաջանում են ահավոր քիչ մարդկանց մոտ այն դեպքում, երբ դրանց կանխած հիվանդությունների ընթացքն ու հետևանքներն անհամեմատ ավելի վտանգավոր են:

Կա նաև հասարակ ծնողական բնազդի գործոնը՝ պատվաստման պրոցեսը գրեթե բոլոր երեխաների համար տհաճ է, որոշների համար՝ նույնիսկ ստորացուցիչ: Երեխան լացում է, դիմադրում, երկու օր ջերմում հանուն մի արդյունքի, որը դրսևորվում է միայն հիվանդությամբ չվարակվելու տեսքով (ծնողներն էլ հաճախ մտածում են՝ իսկ միգուցե չէր էլ վարակվելու): Ոչ մի նորմալ ծնողի դուր չի գալիս, երբ իր երեխային տհաճություն են պատճառում օտար մարդիկ: Իհարկե, նման ծնողներից շատերը չեն խորշում իրենց երեխաներին ծեծել ջղայնացած ժամանակ, բայց այս հոդվածում մենք ընտանեկան բռնությունը չենք քննարկում:

Սև ծաղկի վակցինան մշակվել է 1700-ական թվականներին, բայց միայն մասսայական մանկուց վակցինացիայի շնորհիվ է հաջողվել հիվանդությունը հաղթահարել: Նույնիսկ ունենալով գործող վակցինա, հիվանդությունը վակցինայի հայտնաբերումից 300 տարի անց՝ 20-րդ դարում 300-500 միլիոն մարդ է սպանել: Սա՝ որպեսզի հասկանաք, թե ինչու են երեխաներին վակցինացիա անում մասսայական ու մանկուց:

Բայց հակավակցինացիոն շարժման կողմնակիցներն առաջ կբերեն պնդում, որ վակցինացիան կարող է մանկական աուտիզմի պատճառ դառնալ:

Աուտիզմը սարսափելի դիագնոզ է, ու երբ երեխային նման դիագնոզ են դնում, ծնողները պատրաստ են ամեն ծեղից կախվել, որպեսզի մեղավոր գտնեն: Զայրույթը, վախը ելք են փնտրում: Բայց մենք փորձենք հասկանալ, թե որտեղից է գալիս աուտիզմի ու վակցինացիայի կապի մասին ինֆորմացիան: Չէ՞ որ չկա ոչ մի վիճակագրական կապ աուտիզմով տառապող ու վակցինացիա ստացող երեխաների քանակների միջև:

Աուտիզմն ու վակցինացիան առաջին անգամ իրար հետ կապել է The Lancet ընդհանուր բժշկական գրախոսվող շաբաթաթերթում 1998 թ. հրապարակված մի ուսումնասիրություն, որի գլխավոր հեղինակն էր բժիշկ-գաստրոէնտերոլոգ Էնդրյու Վեյկֆիլդը: Վեյկֆիլդի ուսումնասիրությունը պնդում էր, որ 12 երեխաներ Լոնդոնի հյուսիսի հիվանդանոցներից մեկում ստացել են ԿԿԽ (կարմրուկ-կարմրախտ-խոզուկ) վակցինացիա, ինչից 14 օր հետո հետո երեխաներից 8-ի մոտ արտահայտվել են աուտիզմի սիմպտոմներ ու որովայնի բորբոքային հիվանդություն: Հոդվածը միանգամից աղմուկ բարձրացրեց, հեռուստատեսությամբ սկսեցին հարցազրույցներ վերցնել Վեյկֆիլդից, առաջացավ պանիկա ու ծնողները սկսեցին մասսայական հրաժարվել ԿԿԽ վակցինացիայից: Նրանց կարելի էր հասկանալ. The Lancet-ը հարգված պարբերական է, իսկ ուսումնասիրության արդյունքը՝ բավականին վախենալի:

Ինչևէ, նրանից հետո, ինչ ուրիշ ուսումնասիրողներ չկարողացան ստուգել Վեյկֆիլդի պնդումները, ցնցող հայտնագործությունը վերածվեց կասկածելի հայտնագործության: Հետագա ստուգումը ցույց տվեց, որ Վեյկֆիլդն ուսումնասիրության ժամանակ խախտել մասնագիտական էթիկան ու կեղծել բազմաթիվ տվյալներ: The Lancet-ը 2010 թ. փետրվարի 2-ին ամբողջությամբ հերքեց Վեյկֆիլդի հոդվածն ու հրապարակեց իր 13 համահեղինակներից 10-ի եզրակացությունն, ըստ որի ԿԿԽ վակցինացիան ու աուտիզմը ոչ մի կերպ կապված չեն:

Հետաքրքիր կերպ է աշխատում հասարակական ուշադրությունը. եթե Վեյկֆիլդը հայտարարած լիներ, որ ինքը ՁԻԱՀ-ի դեղ է հորինել, հետո դուրս գար, որ իր ուսումնասիրությունը կեղծված է, մարդկանց մեծ մասը կկենտրոնանար սկանդալի վրա, ու մի փոքր հատված էլ դավադրությունների տեսություններ կմշակեր նրա մասին, թե ինչպես են դավադիր մասոնաիլյումինատներն աշխարհը կառավարելու համար ստեղծել ՁԻԱՀ-ն ու խանգարում են այն բուժելու բոլոր փորձերին: Բայց քանի որ Վեյկֆիլդի ուսումնասիրությունն ուղված էր բժշկական կոնկրետ պրակտիկայի հեղինակազրկմանը, Վեյկֆիլդի ուսումնասիրության հերքումն այնքան մեծ աղմուկ չբարձրացրեց, ինչքան բուն ուսումնասիրությունը:

Նման նյութերն ինտերնետ մտնելուց հետո սկսում են իրենց կյանքով ապրել: Տարբեր դեղին պրեսսայի ներկայացուցիչներ, տեսնելով, որ թեման «տրենդային» է, սկսում են իր վրա վարիացիաներ անել (հայկական «168 ժամ» ինտերնետային լրատվականը դրա լավ օրինակ է՝ նույնիսկ բազմիցս զգուշացվելուց հետո շարունակում է վիտամիններով քաղցկեղ բուժել): Հետո ուրիշ դեղին պրեսսա պատճենահանում է նյութն, ավելացնելով իր հյութեղ մանրանասները, որպեսզի իր նյութը մրցակիցներից ավելի ուշագրավ լինի: Մի մասը հնարավորինս սրտաճմլիկ վերնագրեր են ավելացնում («այն, ինչ կատարվեց հետո, շատ հուզիչ էր»), բացականչական նշաններ, դեպքերը տեղափոխում են իրենց երկիր: Միանում են «ալտերնատիվ բժշկության» կողմնակիցները, որոնց առիթ է պետք գիտական բժշկությունը հեղինակազրկելու համար (մի տիկին մի անգամ իմ ներկայությամբ ասաց, որ հին ժամանակներում բժշկությունն ավելի լավն էր, իսկ ինչ կատարվեց հետո՝ շատ հուզիչ էր. ես թվարկեցի բուբոնային ժանտախտի արդյունքում մահացածության վիճակագրությունը 14-րդ դարից մինչև 18-րդ դար): Ծնողները, որոնց երեխաների մոտ աուտիզմ է ախտորոշվել, նման նյութ կարդալիս երբեմն որոշում են, որ գտել են իրենց երեխայի հիվանդության պատճառը. աուտիզմի գործողության մեխանիզմը դեռ լրիվ բացատրված չի, և այդ անորոշությունը ծնողների համար հիվանդության չափ սարսափելի է: Ու սկսում են միանալ իրենց պատմություններով, թե ինչպես իրենց երեխան պատվաստումներից հետո սկսեց սիմպտոմներ դրսևորել:

Արդյո՞ք այս իրավիճակում մեղադրանքը պետք է գցել ծնողների վրա: Դեպքերի մեծ մասում՝ ոչ: Ծնողներն անհանգստանում են իրենց երեխայի համար ու ցանկանում են ընտրել լավագույն, ամենաանվտանգ տարբերակը: Իհարկե, կան ծնողներ, ում համար հակավակցինացիոն շարժումը գաղափարախոսություն է, ու իրենք գտնվում են գիտակից տգիտության վիճակում, նույնիսկ այստեղ՝ Հայաստանում: Ես ինքս տեսել եմ բազմիցս, ինչպես է ծնողներին տեղեկացնելու փորձը վերածվում կատաղի վեճի ու անձնական վիրավորանքների, ինչպես են մարդիկ իրենց տգիտությունը փորձում փաթաթել ուրիշներին: Նման ծնողները, կարծում եմ, վտանգ են ներկայացնում ինչպես իրենց երեխաների, այնպես էլ ուրիշ ծնողների համար: Չէ՞ որ ծնողը բժիշկ չի ու երեխան իր խոցելի տեղն է: Լսելով երեխային սպառնացող վտանգի մասին, ծնողը բնական ռեակցիա է տալիս՝ անհանգստանում է: Սկսում է կարդալ առավել տարածված նյութերը թեմայով, որոնք, ցավոք, դեղին պրեսսայինն են: «168 ժամ» ինտերնետային լրատվականի կտավատի ձեթով քաղցկեղ բուժելու մասին հոդվածը դիտվել է 83,000-ից ավել անգամ, ունի ավելի քան 16,000 լայք: Նման նյութերը լրատվականին դիտումներ, հետևաբար՝ նաև եկամուտ են բերում: Իմ հոդվածը լավագույն դեպքում կկարդա 300 մարդ, որոնցից երևի 200-ը կհամարեն, որ իրենք այս թեման բոլորից լավ են հասկանում, ու որ ես հիմար եմ: Ինչևէ, եթե նույնիսկ մի երեխայի այս նյութով հաջողվի պաշտպանել վակցինացիայից խուսափելու հետևանքներից, ես կհամարեմ, որ իմ աշխատանքն իզուր չէր:

Բրայան Դիրը՝ հետաքննող լրագրողը, որի աշխատանքն էական դեր ունեցավ Վեյկֆիլդի ուսումնասիրությունը հերքելու հարցում, չի ստանում երախտագիրության նամակներ ծնողներից, ում ինքը պաշտպանել է մասնագիտական կեղծիքից: Հակառակը, իր էլեկտրոնային փոստարկղը լի է հայհոյանքներով, դեղագործական ընկերությունների կողմից կաշառված լինելու մեղադրանքներով, սպառնալիքներով, մարդիկ հարցնում են՝ իր արածից հետո ինքն ինչպես է քնում գիշերները: Հիմար մարդիկ միշտ էլ իրենց կարծիքն ավելի բարձրաձայն են արտահայտել:

Նյութի հաջորդ մասում կքննարկենք այն մարդկանց փորձն, ովքեր եղել են հակավակցինացիոն շարժման անդամներ ու լքել են այն: Առողջ եղեք:

Հակավակցինացիոն շարժման մասին, մաս 1. Մի հիվանդության պատմություն

Մաս 1Մաս 2 | Մաս 3
Վակցինացիաների ու հակավակցինացիոն շարժման մասին խոսելուց առաջ պետք է հիշել մի կարևոր փաստ: 1916 թ. միայն ԱՄՆ-ում գրանցվել էր պոլիոմիելիտի 27,000 դեպք ու 6,000 մահ: Ինչպես 17-րդ դարի ժանտախտի համաճարակի ժամանակ, վարակվածների դռներին նշաններ էին փակցնում, որոնցով մարդիկ կարող էին իմանալ այդ տանը հիվանդ լինելու մասին, իսկ ընտանիքը կարանտինի էր ենթարկվում: Վարակվածների զգալի մասը Նյու Յորք քաղաքում էր: Մարդիկ քաղաքներից փախչում էին առավել առանձնացված լեռնային հանգստավայրեր, կինոթատրոնները փակ էին, հասարակական հավաքներ տեղի չէին ունենում: Շատ կարևոր է հասկանալ, թե ինչքան լուրջ էր իրավիճակն, ու ինչու ես այն համեմատեցի հենց բուբոնային ժանտախտի հետ: Զոհերի մեծ մասը երեխաներ էին, ինչի պատճառով պոլիոմիելիտը հայտնի էր որպես «մանկական կաթված»:

Նկարագրեմ հիվանդությունը. պոլիովիրուսով վարակվելուց հետո, վարակվածների 0,5%-ը մկանային թուլություն է ունենում՝ այն աստիճանի, որ մկանները դադարում են գործել: Կարող են ախտահարվել ինչպես վերջույթների մկանները, այնպես էլ սիրտը, ստոծանին, և այլն՝ մկանային թուլությունը կարող է բերել սրտի կանգի, շնչառության կանգի և այլ բարդությունների: Թվում է՝ 0,5%-ը շատ փոքր թիվ է, ու հիվանդությունն այնքան էլ վտանգավոր չի: Այժմ նայեք 1916-ի մի մեջբերած թվերին (հիվանդությունը գրանցվում էր միայն սիմպտոմների ի հայտ գալու դեպքում), ու մահացածների քանակին: Սա կարևոր է երկու պատճառով՝ նախ, քանի որ այդ թվերը մեր ժամանակագրության մեջ աճելու են, թողնելով հաշմված ու մահացած մարդկանց մռայլ հետք պատմության մեջ, հետո՝ քանի որ անդրադառնալու ենք մեկ այլ հիվանդության, որը ծնողները հաճախ լուրջ չեն ընդունում: Կարմրուկին:

Մկանային թուլություն ունեցող հիվանդների զգալի մասը լիարժեք վերականգնվում է, բայց ոչ բոլորը: Այդ սիմպտոմներն ունեցող երեխաների 2-5%-ը, մեծահասակների՝ 15-30%-ը մահանում է: Հիվանդության զարգացումը կարող է տևել մի քանի ժամից մինչև մի քանի օր:

1916-ից սկսած, ամեն ամառ տեղի էր ունենում պոլիոմիելիտի համաճարակ: 1949 թ. ԱՄՆ-ում գրանցվեցին պոլիոմիելիտի 42,172 դեպք, ու հիվանդությունը տարածվեց Կանադա ու Միացյալ Թագավորություն: Պետք է նշել, որ այդ երկրների կառավարությունները տեղում նստած չէին ու փորձում էին ինչպես դեղորայքներով, այնպես էլ սանիտարիայի միջոցով պայքարել պոլիոմիելիտի դեմ: Իսկ հիվանդությունը շարունակում էր տարածվել:

1952-ի համաճարակի ժամանակ ԱՄՆ-ում վարակվել էին 57,628 մարդ, մահացել՝ 3,145 մարդ, իսկ 21,269-ը հիվանդության արդյունքում մնացել էին տարբեր աստիճանի կաթվածներով:

Ընդհանուր, 1940-50-ական թվականներին պոլիոմիելիտն աշխարհում սպանում էր տարեկան մոտ կես միլիոն մարդ:

Դեռ 1935 թ. Մորիս Բրոդին փորձեց պոլիոմիելիտի վիրուսը ֆորմալդեհիդով սպանելու միջոցով վակցինա ստանալ: Փորձն ավարտվեց անհաջողությամբ: Վիտամին C-ի միջոցով իմունիտետն ակտիվացնելը նույնպես անհաջող էր: Պոլիոյից բուժված մարդկանց արյունից հանած հակամարմինները մարդկանց 80 տոկոսին իմունիտետ էին տալիս, բայց, ցավոք, ընդամենը երկու շաբաթով:

Ամեն ինչ փոխեց Ջոնաս Սալկի դեակտիվացված պոլիովիրուսի վակցինան (IPV), որը պարունակում էր մահացած վիրուսներ: Սալկն այն առաջին անգամ փորձարկեց 1952 թ., հայտարարեց վակցինայի մասին 1955 թ., իսկ դրան հաջորդած մասսայական վակցինացիայից հետո 1957 թ. պոլիովիրուսով վարակման դեպքերը 58,000-ից իջան 5,600-ի՝ այն էլ մեծ մասամբ իզոլացված, չվակցինացվող համայնքներում: Սալկի վակցինայի հայտնագործությունից 8 տարի հետո Ալբերտ Սաբինը ստեղծեց օրալ վակցինա՝ կենդանի, բայց թուլացրած պոլիովիրուսով: 1961 թ. ԱՄՆ-ում գրանցվեց պոլիոմիելիտի ընդամենը 161 դեպք:

Ինչպե՞ս են աշխատում այս վակցինաները: Ձեզ տալով սպանված կամ թուլացված պոլիովիրուս, որոնք վտանգ չեն ներկայացնում, ձեր օրգանիզմին համոզում են, որ դուք վարակվել եք: Օրգանիզմը սկսում է հակամարմիններ մշակել՝ պոլիովիրուսի դեմ պայքարի համար: Թուլացված կամ սպանված վիրուսը հաղթահարելուց հետո, օրգանիզմը որոշ ժամանակ մնում է պատրաստ վարակի նոր ներթափանցմանը, ինչի պատճառով նման պատվաստումները պետք է պերիոդիկ կատարվեն:

Հիշեք. Ջոնաս Սալկն ու Ալբերտ Սաբինը կարող էին պատենտավորել իրենց վակցինաներն ու օգտագործման իրավունքը վաճառելու միջոցով միլիարդատերեր դառնալ: Բայց նրանք որոշեցին, որ պոլիոյի վակցինան պետք է հասանելի լինի բոլորին:

Իսկ հիմա՝ մտածեք: Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել պոլիոմիելիտ տարած մարդու: 1988 թ. աշխարհում 350,000 մարդ դեռ տառապում էր պոլիոմիելիտով: 2015 թ.՝ 74 մարդ: Ու սա՝ համատարած վակցինացիայի շնորհիվ:

Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության վակցինացիոն ջանքերի շնորհիվ 1979 թվի տվյալներով իսպառ ոչնչացված է սև ծաղիկ հիվանդությունը: Այն 20-րդ դարում դարձել է 300-500 ՄԻԼԻՈՆ մահերի պատճառ: Իսկ հիմա իրենից այլևս վախենալու կարիք չկա: Մի քանի բառով սև ծաղկի մասին. այն երևի պատմականորեն ամենաշատ մարդ սպանած հիվանդությունն է: Հաղթահարվել է մասսայական վակցինացիայի շնորհիվ:

Ուրեմն անդրադառնանք այնպիսի հիվանդությունների, որոնք դեռ կան ու տարածված են: Կարմրուկն, օրինակ: Ում էլ հարցնեք՝ կասեն, որ այն համեմատաբար ողորմելի հիվանդություն է: Ջերմություն, ցան, երկրորդ անգամ չես հիվանդանում: Որոշ ծնողներ իրենց երեխաներին տանում են կարմրուկով հիվանդ երեխաների հետ խաղալու (ինչպես խոզուկի ու ջրծաղիկի դեպքում), որ երեխաներն ավելի մեծ տարիքում ու ավելի ծանր չտանեն այն:

Իրականում կարմրուկը մնում է մանկական մահացածության հիմնական պատճառներից մեկը: Աշխարհում տարեկան 2,6 միլիոն մարդ կարմրուկից մահանում էր մինչև 1980 թիվը: 545,000 երեխա մահացել է 1990 թվականին: 2013 թ.՝ 96,000 մահ: Ու երբ ինչ-որ ծնող որոշում է, որ ինքը բոլորից լավ գիտի, ու հրաժարվում է կարմրուկի վակցինացիայից, կամ վակցինացիան փոխարինում է երեխային նպատակային վարակելով, հիշեցրեք իրեն, որ վակցինացիայի դեպքում երեխայի կենդանի մնալու հավանականությունը գրեթե 100% է, ու իմ նշած մահերի վիճակագրության նվազումը պայմանավորված է հենց վակցինացիայով:

Հոդվածի հաջորդ մասում կգրեմ հակավակցինացիոն շարժման ներկայացուցիչների բերած դրույթների մասին ու դրանք կհամադրեմ այս մասի տեղեկությունների հետ: Առողջ եղեք:

Monday, November 7, 2016

Ուշացած գրառում սատանիստական հելլոուինի մասին

Գրառումը կլինի կարճ, կոնկրետ, ջղային, ու ի նկատի կունենա, բայց չի չարաշահի ոչ նորմատիվ լեքսիկա: Հելլոուինից հղիներին, գլխից հիվանդներին, կրոնից թույլերին խնդրում եմ հեռացնել էկրաններից:

Պատկերացրեք՝ մեր Վարդավառը, սբ. Սարգիսը, Տրնդեզը կամ այլ քրիստոնեացված հեթանոսական տոներ մարդիկ որոշում են դարձնել միջազգային մշակութային երևույթ: Մարդիկ սկսում են Նյու Յորքում դուրս գալ ու Տրնդեզ տոնել: Մեր Հելոուին քրֆողների ամերիկյան համարժեքները սկսում են նույն կարգի հաչալ, թե կրակի վրայով թռնելը սատանիստական ռիտուալ է, Տրնդեզը՝ սատանիզմ: Ու, եթե իրենց հաջողվի հասնել մեր հելոուինաֆոբների էրոտիկ երազներում տեսած պետական միջամտությանն ու արգելքին տոնը նշել, Տրնդեզը կմտցնեն այն տոնել փորձողների հետևը: Ինչը կլինի բավականին ապուշ ու տխուր բան՝ մեր մշակութային ժառանգությունը, որը կարող էր համաշխարհային մշակութային ժառանգության մասը դառնալ, բռնությամբ կզրկվի այդ հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ, սատանիզմն ու Հելոուինը ոչ մի կապ չունեն՝ ավելին, այն քրիստոնեացված հեթանոսական տոն է, ինչպես իմ նշած հայկական տոները: Այն գալլական/վալիական ծագում ունի, ու մարմնավորում է արևմտյան քրիստոնեական դոգմայի ու ֆոլկլյորի բախումն ու միահյուսումը:

Մոտիվացիաների առումով: Բնականաբար՝ եկեղեցին կցանկանա պահպանել տոների նկատմամբ իր մոնոպոլիան, քանի որ եկեղեցական վերահսկողության տակ գտնվող տոները եկամտաբեր բիզնես են: Տո մեռելոց, մկրտություն, սուրբ ծնունդ, եկեղեցուց մոմ տանել, հարսանիք, մոմ վառել, ուխտի գնալ: Իսկ ներկայումս ցանկացած տոն կարող է մոնետիզացվել: Հելոուինի դիմակների ու հագուստների, տարբեր ատրիբուտների վաճառքը նույնպես բիզնես է: Որը եկեղեցին չի կարող մոնետիզացնել ու մոնոպոլիզացնել (ինչպես, ասենք, մոմավաճառությունը, «դրսից գնված մոմերի ոչ աստվածահաճո լինելու» մասին հայտարարություններն էլ դրա ամենակոմեդիկ արտահայտումներից են): Իզոլյացիոնիստներն էլ «պայքարում են գլոբիալիզացիայի դեմ»: Բա մնացածի՞դ քյարը որն է: Թե՞ ընդամենը թիրախ է պետք, որ ձեր քսենոֆոբիան ու ատելությունն ուղղեք իր դեմ:

Ու եթե կարծում եք, որ եկեղեցու մոնոպոլիան հակահելոուինյան տրամադրությունների հետ կապ չունի, հիշեք, որ ինչ-որ հրաշքով Վալենտինն էլ է շատ վատ, չար տոն, իսկ սբ. Սարգիսը՝ կոշեր, ռազմահայրենասիրական, աստվածահաճո: Շոկոլադը Սատանայից է, աղի բլիթը՝ Տեր Հիսուս Քրիստոսից (ընդունեք, որ Սատանան առնվազն ավելի լավ ճաշակ ունի ուտելիքի հարցում):

Այնպես որ, եթե չեք ցանկանում նշել տոնը, դա ձեր գործն է: Եհովայի վկաները նույնպես լիքը քրիստոնեական ու ոչ քրիստոնեական տոներ չեն նշում: Իսկ հիմա պատկերացրեք, որ Եհովայի վկաները ոչ թե պարզապես չնշեն, այլ սկսեն ագրեսիվ պայքարել ձեր տոներն արգելելու ուղղությամբ:

Քանի որ տոնն անգլիական է, մասոնական իմ օթյակ վերադառնալուց ու ևս մի բաժակ սուրճ դավադրելուց առաջ ավարտեմ գրառումս բավականին տեղին անգլիական ասացվածքով. մինչև գլուխդ ոռիցդ չհանես, սուրճի հոտը չես զգա: Մի եղեք համբալներ, ու բարի օր ձեզ:

Wednesday, July 13, 2016

«Գիտություն և Հավատք», կամ իլյումինատները, նացիստներն ու կոմունիստները

Եկեք հասկանանք մի կարևոր բան. եթե դուք հետաքրքրվում եք մասոններով, դուք կամ մասոն եք, կամ պատմության ու մարդաբանության էնտուզիաստ, կամ դալբայոբության որոշակի ու, հավանաբար, աճող չափաքանակ ունեք: Ընդ որում, տարբերակներն իրար չեն հակասում: Եթե դուք մի հատ էլ մասոններին կապում եք իլյումինատների հետ, ապա մնում է միայն երրորդ տարբերակը: Մյուս կողմից, եթե դուք համոզված եք, որ հրեամասոնաիլյումինատառեպտիլոիդներն իրոք աշխարհին իշխող դավադրություն ունեն, ուրեմն նրանք ամենայն հավանականությամբ հիմա լսում են ձեր մտքերը: Ամեն անգամ մտածելուց առաջ հագեք ֆոլգայից գլխարկ՝ անպայման այն հողանցելով: Դա կստեղծի ֆարադեյի վանդակ ձեր գլխի շուրջ, ու թույլ չի տա դրսից կարդալ ձեր ուղեղի էլեկտրամագնիսական ալիքները: Ահա ինչպիսի տեսք ունի ֆոլգայից գլխարկը.


Ինչու՞ այսօրվա գրառումը սկսեցի մասոններից ու ֆոլգայից գլխարկներից: Ֆեյսբուքյան «Գիտություն և Հավատք» խումբն  (այո, էջի հասցեն պարունակում է «ֆիլոկալիա» բառը) աթեիզմի ու քրիստոնեության մասին նյութ էր գրել, որը մեջբերել էր CrossNews.am կայքը:

Ես, բնականաբար, մարդկային լեզվով, ոչ թե տերմիններով, փորձել էի բացատրել, որ argumentum ad consequentiam որպես սեփական կրոնի ճշմարիտ լինելու հիմնավորում բերելն առնվազն ապուշություն է: Ինչևէ, որոշեցի գնալ «Գիտություն և Հավատք» էջն ու պարզել, թե այն ինչ կապ ունի գիտության կամ հավատքի հետ: Պարզեցի, որ.
[...] Մի քանի դար տևած հալածանքներից հետո, երբ Քրիստոնեությունն իր արժեհամակարգի ու սիրո ուժով հաղթանակում է, միևնույն հալածանքներով չի պատասխանում հեթանոսներին և հասարակական գետնի վրա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի պահպանվեն նախաքրիստոնեական քաղաքակրթության բոլոր բարի ու գեղեցիկ ձեռքբերումներն ու սովորույթները: Բայց կային դեպքեր ու պարագաներ, որոնց հանդեպ անհնարին էր չեզոք դիրքորոշում պահպանել:
Ինչքան ինձ հայտնի է՝ քրիստոնեությունը սիրո ուժով հեթանոսների բացարձակ մեծամասնությանը վառել է, կախել, խեղդամահ արել, կաշիները կենդանի քերթել, խաշել, տապակել և այլ կերպ սպանել: Հիպաթիա Ալեքսանդրիացին ու նույն քրիստոնեության միջի հերետիկոսները կկարողանային սա հաստատել: Եթե իրենց բոլորին ամենայն բարությամբ ու սիրով չսպանեին: Ինչպես Մեքսիկայի հավատափոխ լինելուց հրաժարված հնդկացիներին, սաքսոնացիներին, Ջորդանո Բրունոյին ու մնացած հերմետիկներին, նեոպլատոնիստներին, պավլիկյաններին, թոնդրակյաններին, ալբիգոյցիներին, Քրիստոսի օրինակի վրա եկեղեցուց աղքատություն պահանջողներին, հայկական նախաքրիստոնեական հավատի հետևորդներին ու էլի անթիվ-անհամար այլախոհների: Ու սրանք բոլորը բավականին լավ պատմականորեն հիմնավորվող դեպքեր են:

Բայց ոչ «Գիտություն և Հավատք» ֆեյսբուքյան էջի ու mashtoz.am կայքի վարող Վահե «Մաշտոց սարկավագ» Ղազարյանի համար: Ինքը պնդում է, որ քրիստոնյաների՝ այլահավատների հալածանքները, նույնիսկ նրանք, որոնց մասին գրել են իրենց սեփական պատմիչները, ընդամենը իլյումինատա-նացիստա-կոմունիստական դավադրության արդյունք են, ու որ նացիզմը, կոմունիզմն ու իլյումինատները հնագույն գաղափարներ են՝ նոր պատկերով ու մնացած ուղեղի սուր ֆիմոզի սիմպտոմները դրսևորեց:

Մեծարգո Մաշտոց սարկոֆագի գանգի պատերի հաստությունն ու «չի եղել նման բան, աստված ճիշտ է, ու եթե մի տեղ ասել է մարդկանց սպանել, ու դա օրենքին հակառակ է, ուրեմն աստված միտքը փոխել է հիմա» արգումենտացիան այնքան սարսափելի չէին, ինչքան նույնիսկ ամենացիվիլ քննադատների մեկնաբանությունները հեռացնելն ու մեկնաբանության իրավունքից էջի վրա զրկելը:

Այսպիսով, մենք հասանք նրան, ինչից սկսել էինք. երբ մարդը չունի բավարար մտավոր ունակություններ իր բերած տեսանկյունը հիմնավորելու համար, ու բավարար գիտակից չի, որպեսզի գիտակցի դա, ինքն ամեն ինչ բացատրում է մասոններով, իլյումինատներով, կոմունիստներով, նացիստներով, ռեպտիլոիդներով, վակցինացիայով, ֆոլաթթվի ավելացմամբ, ԳՄՕ-ներով, Նիբիրու թաքուն մոլորակի ազդեցությամբ, Ատլանտիդայի խորտակմամբ, այլ մոլորակներով (c) և այլն:

Ու արդյունքում բանավեճից հետո ինքը կքաշվի իր գանգի հաստ կաղապարի ներսն ու կհպարտանա հերթական հաղթանակով:

Ես, իմ հերթին, կնշեմ իմ եզրակացությունը: Այո, հայ առաքելական եկեղեցին որոշ հոգևորականների ուղարկել է ինտերնետ՝ պրոպագանդա տարածելու նպատակով: Պրոպագանդիստները զբաղված են տգիտություն ու դավադրությունների տեսություններ տարածելով, որովհետև ո՞վ կարող է հոգևորականների հետ մրցել պղտոր ջրում ձուկ որսալու մեջ: Դա կեղտոտ մեթոդ է, իհարկե, բայց ես այդ մեթոդին ծանոթ եմ ու գիտեմ, թե ինչպես իրեն հակազդել: Այնպես որ, բարի գալուստ ինտերնետ, Մաշտոց սարկավագ: Here there be dragons.

Tuesday, July 12, 2016

«Բանալնի ստոռ», կամ հայկական scam-երի շուկայի մասին:


Այսօր բախվեցի մի դեպքի հետ, երբ մի երիտասարդ իր սեփական, ոչ կեղծ պրոֆիլից փորձում էր scam իրականացնել Armenian Gamers Community ֆեյսբուքյան խմբում: Իսկ ինչու հենց scam, հիմա ցույց կտամ:

Աջ կողմում դուք կարող եք տեսնել երիտասարդի հայտարարությունը, որտեղ նա նկարագրում, գովազդում է իր բիզնեսը: Մի կողմ թողնենք տեքստի սարսափելի անգրագիտությունն (չնայած «10% Զեղջ»-ի ու նրա փոքրիկ ընկերների պատկերներն ինձ երևի հետապնդեն իմ ամբողջ հետագա կյանքում) ու անդրադառնանք պարունակությանը:

«Բոլորս էլ ուզում ենք ունենալ օրիգինալ խաղ գնված Steam-ից»՝ «Steam-ից գնված օրիգինալ խաղ» ասելով, երևի հեղինակն ի նկատի ունի օրինականորեն գնված խաղ: Որովհետև ոչ օրինական «օրիգինալ» խաղը տորրենտներով քաշած «pirated» տարբերակի նկատմամբ ոչ մի առավելություն չունի: «Երբեմն այն լինում է ավելի թանկ, քան մեր տեսաքարտը» (ես ինձ իրավունք եմ վերապահում մեջբերելիս ուղղել սխալները, որովհետև Grammatik über alles)՝ վերջին սերնդի թողարկված խաղերի լիարժեք գինը $60 է, ու ես դժվարությամբ եմ պատկերացնում $60-ից էժան տեսաքարտ, որի վրա հնարավոր լիներ այդ խաղերը խաղալ, այնպես որ, ենթադրենք, որ հեղինակը պատկերավոր արտահայտություն է օգտագործել: Բայց նույնիսկ դա չի էական:

«Դուք գնելու եք account՝ գնված Steam-ից շատ էժան գնով»: Սա բացահայտ սուտ է: Նախ, Steam-ն account-ներ չի վաճառում, Steam-ում գրանցումն անվճար է: Երկրորդ՝ Steam-ի բաժանորդագրման համաձայնությունն ուղիղ տեքստով արգելում է վաճառել, վարձով տալ, փոխանակել account-ներ ու բաժանորդագրություններ.

C. Your Account
When you complete Steam’s registration process, you create a Steam account ("Account"). Your Account may also include billing information you provide to Valve for the purchase of Subscriptions, Content and Services and Hardware. You may not reveal, share or otherwise allow others to use your password or Account except as otherwise specifically authorized by Valve. Any use of your Account with your login and/or password is deemed made by you and you are responsible for it and for the security of your computer system. Valve is not responsible for the use of your password and Account or for all of the communication and activity on Steam that results from use of your login name and password. You may not sell or charge others for the right to use your Account, or otherwise transfer your Account, nor may you sell, charge others for the right to use, or transfer any Subscriptions other than if and as expressly permitted by this Agreement (including any Subscription Terms or Rules of Use) or as otherwise specifically permitted by Valve.
Ընդգծված հատվածի թարգմանությունը՝
Դուք իրավունք չունեք վաճառել, վճարի փոխարեն թույլ տալ ուրիշներին օգտվել ձեր գրանցումից կամ այլ կերպ փոխանցել ձեր գրանցումը, ոչ էլ իրավունք ունեք վաճառել, վճարի փոխարեն թույլ տալ օգտվել, կամ փոխանցել որևէ բաժանորդագրություն բացի այս համաձայնությամբ հատուկ թույլատրված դեպքերից (ներառյալ բաժանորդագրության պայմաններն ու օգտագործման կանոնները) կամ երբ Valve ընկերությունը հատուկ թույլատրում է դա:
Ոչ համաձայնության մեջ, ոչ Valve-ի պրակտիկայի մեջ չկան դեպքեր, երբ թույլատրվի իրականացնել account-ների վաճառք կոմերցիոն նպատակներով:

Երբ ես Valve-ի բաժանորդագրության համաձայնությունը ներկայացրեցի Արթուրին, ինքը պնդեց, որ սա հիմնավորում չի: Մի փոքր ճնշումից հետո Արթուրը հայտարարեց, որ իրենք account-ները գնում են խաղերի արտադրողներից: Երբ ես նշեցի, որ ոչ ոք, ներառյալ խաղերի արտադրողներին, չի կարող զբաղվել account-ների կոմմերցիոն վաճառքով, Արթուրը փոխեց իր հիմնավորումը. հիմա, պարզվում է, իրենք արտադրողներից գնում են Steam Key-եր, Steam-ում account են բացում, վրան ակտիվացնում key-ը, ու վաճառում account-ը:

Արտադրողից (երևի հրատարակչից) steam key-եր գնելը նշանակում է, որ Banali Store-ը գրանցված retailer է, ու իր նշած հրատարակիչների, ինչպես նաև Valve-ի բիզնես-գործընկեր: Ես, բնականաբար, հարցում եմ ուղարկել Bethesda Softworks LLC-ին (The Elder Scrolls V: Skyrim), Rockstar Games-ին (GTA V) ու Valve-ին, ստուգելու համար, արդյոք իրենք համագործակցում են նման retailer-ի հետ, ու ինչպես են վերաբերվում իրենց պրոդուկտի նման վաճառքին:

Շատ հետաքրքիր փաստ. եթե նույնիսկ մի կողմ թողնենք այն, որ account վաճառելն ակնհայտորեն ապօրինի է, Արթուրը պնդում էր, որ account-ը գնորդին փոխանցվում է նախքան վճարումը, ու չվճարելու դեպքում խանութը կարող է account-ը վերադարձնել (ինչն իր հերթին նշանակում է, որ account-ների վրա steam guard է միացրած ու ոչինչ չի կարող խանգարել խանութին account-ները վերադարձնել վճարումից հետո):

Եթե երեք բառով նկարագրենք այս բիզնես մոդելը, կստացվի՝ խուճուճ, մութ, լպրծուն: Ասենք, երբ փողոցի մութ անկյունում ձեզ առաջարկում են «վերջին iPhone»-ից գնել՝ «անհավանական էժան գնով», «հորս արև իսկական ա, գողացած չի, վիզ փող ա պետք» պատճառաբանությամբ:

Ու, ինչպես տեսնում եք երկրորդ նկարում, դա բնականաբար բերեց Արթուրի մեջ «հայու գենի սպոնտան ակտիվացման սինդրոմի» արտահայտման (ենթադրում եմ, որ դա պայմանավորված է վերջին շրջանում տարածված GGվիրուսի համաճարակով):


Ինչու՞ ես որոշեցի ժամանակ ու ջանք տրամադրել Արթուրին ու իր փոքրիկ բիզնեսին: Գեյմերները սպառողներ են: Իրենց զգալի մասը տեղյակ է իր իրավունքներից ու պարտավորություններից: Ինչևէ, կարող են լինել մարդիկ, ովքեր կխաբվեն «էժան օրիգինալ խաղեր» խոստումից ու կկորցնեն ժամանակ ու փող: Մյուս կողմից, ինձ անհանգստացրեց հայալեզու ինտերնետում նման scam-երի տարածման փաստը:

Ապօրինի գնված Steam account-ները Valve-ը իրավունք ունի սեփական հայեցողությամբ ապաակտիվացնել, ու դուք այդպիսին ունենալու դեպքում անվերադարձ կկորցնեք թե՛ account-ը, թե՛ խաղերը, թե՛ փողը: Վաճառվում են հիմնականում գողացված և VAC ban ունեցող account-ներ (երբ ինչ-որ մեկը խաղի մեջ cheat է օգտագործել, Valve Anti-Cheat-ը բռնել է դա ու նա արգելափակվել է խաղից, ու իր պրոֆիլի վրա դա երևում է): Մյուս կողմից, եթե գնում եք steam key անհայտ աղբյուրից, այդ key-ը ձեզ վաճառողը կարող է Valve-ին ներկայացնել գնման ապացույց հանդիսացող չեկը որպես ապացույց, որ ձեր account-ը պատկանում է իրեն ու գողանալ ձեր Steam account-ը:

Եղեք զգոն, իմացեք ձեր իրավունքները, գնահատեք ձեր գումարն ու ժամանակը:

Շնորհակալություն կարդալու համար:

Tuesday, May 10, 2016

Նրա մասին, թե ինչ եմ ես նշում մայիսի 9-ին

Կարճ պատասխանը կլինի՝ ոչ մի բան:

Նախքան «սատանիստը նաև ռուսոֆոբ ֆաշիստ է, վառել վհուկին» կամ նման մի բան գոռացողներին միանալը, շարունակենք քննարկումը:

Մայիսի 8-ին ես նշում եմ 1992 թ. Շուշիի ազատագրումն, ինչպես նաև 1945 թ. նացիստական Գերմանիայի կապիտուլյացիայի ու Եվրոպայում ռազմական գործողությունների ավարտի օր: «Հայրենական մեծ պատերազմ» հասկացությունն ինձ համար երբեք գոյություն չի ունեցել, եղել է, ինչպես ամբողջ ոչ սովետական աշխարհում, արևելյան ռազմաճակատ:

Եկեք խոսենք Երկրորդ համաշխարհային պատերազմից, որն, ի միջի այլոց, սկսել է 1939 թ. սեպտեմբերի 1-ին ու ավարտվել 1945 թ. սեպտեմբերի 2-ին՝ Ճապոնիայի կապիտուլյացիայով:

Սովետական ապոլոգետները պնդում են, որ ՍՍՀՄ-ը ներխուժեց Լեհաստան նացիստական Գերմանիայի առաջխաղացումը կասեցնելու համար: Այդ դեպքում ինչու՞ Լեհաստանի օկուպացիայի ավարտից հետո 1939 թ. սեպտեմբերի 22-ին (Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից 22 օր անց) Բրեստում համատեղ հաղթական շքերթ անց կացրեցին:

Մինչև այսպես կոչված «Հայրենական մեծ պատերազմի» սկիզբը (1941 թ. հունիսի 22-ը) ՍՍՀՄ-ը հանդիսանում էր նացիստական Գերմանիայի «ստրատեգիական գործընկերը»:


1939 թ. նոյեմբերի 30-ից 1940 թ. մարտի 13-ը տևած խայտառակ անհաջող «Ձմեռային պատերազմը» ՍՍՀՄ-ի ու Ֆինլանդիայի միջև նացիստներին համոզեց, որ ՍՍՀՄ-ը թույլ դաշնակից է ու հեշտ զոհ: Բլիցկրիգը, որն իրենք ձեռնարկեցին 1941 թ. հունիսի 22-ից (ռուսներն այն անվանում են «Հայրենական մեծ պատերազմ», մնացած աշխարհը՝ «Արևելյան ճակատ»), ապացուցեց, որ իրենք սխալ չէին:

Ինչևէ, դաշնակից երկրները սկսեցին ՍՍՀՄ-ին տրամադրել զենք, զինամթերք, ժամանակակից ռազմական տեխնիկա ու սնունդ՝ «լենդ-լիզի» պայմանագրերի շրջանակներում: Ի հակադրություն տարածված պրոպագանդայի, օգնությունը ոչ թե պատերազմի ուշ շրջանում տեղի ունեցավ, այլ պատերազմի առաջին իսկ օրվանից՝ հունիսի 22-ից (նախա-լենդլիզ): Ընդհանուր, ՍՍՀՄ օգնություն ուղարկվել է հետևյալ հինգ պրոտոկոլներով.

  • «նախա-լենդլիզ»՝ 1941 թ. հունիսի 22-ից սեպտեմբերի 30
  • առաջին պրոտոկոլ՝ 1941 թ. հոկտեմբերի 1-ից 1942 թ. հունիսի 30
  • երկրորդ պրոտոկոլ՝ 1942 թ. հուլիցի 1-ից 1943 թ. հունիսի 30
  • երրորդ պրոտոկոլը՝ 1943 թ. հուլիսի 1-ից 1944 թ. հունիսի 30
  • չորրորդ պրոտոկոլ՝ 1944 թ. հուլիսի 1-ից, պաշտոնապես ավարտվել է 1945 թ. մայիսի 12-ին, բայց ՍՍՀՄ-ը, պարտավորվելով Եվրոպայում պատերազմի ավարտից հետո 90 օր հետո մտնել Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ, շարունակել է օգնություն ստանալ մինչև 1945 թ. սեպտեմբերի 20-ը:

Այսինքն՝ պատերազմի ամբողջ ընթացքում ՍՍՀՄ-ը դաշնակիցներից ստացել է չընդհատվող օգնություն: Ու սա՝ չհաշված Արևմտյան ճակատը, Միջերկրածովյան, Խաղաղօվկիանոսյան, գաղութային ռազմական գործողությունները, Բրիտանիայի համար ճակատամարտը, Էնիգմայի կոդը ջարդելը, գերմանական միջուկային ծրագրի բազմաթիվ սաբոտաժները, ներառյալ Նիլս Բորի էվակուացիան, ծանր ջրի նորվեգական սաբոտաժը, «Ալսոս» միսիան:

Մայիսի 9-ի մասին: Գեներալ Ալֆրեդ Յոդլն ու ֆելդմարշալ Վիլհելմ Կայտելը ստորագրել են Գերմանիայի կապիտուլյացիան 1945 թ. մայիսի 7-ին, որն ուժի մեջ է մտել մայիսի 8-ին: Հենց այդ ժամանակ է ամբողջ աշխարհում նշվում Եվրոպայում պատերազմի ավարտը: Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց, ինչպես նշեցի, 1945 թ. սեպտեմբերի 2-ին:

Դուք դեռ համարու՞մ եք, որ հենց ՍՍՀՄ-ն է մայիսի 9-ին հաղթել Երկրորդ համաշխարհային պատերազմում (կամ գոնե Հայրենական մեծ պատերազմում), միայնակ կանգնած թշնամու դեմ:

Ու ֆիքսեմ, որ ես նշում եմ ոչ թե հաղթանակը, այլ պատերազմի ավարտը: Երկու կողմերի կորուստներն ու ռազմական հանցագործությունները չափազանց սարսափելի էին հաղթանակ տոնելու համար: Մի կողմից՝ նացիստների կազմակերպած Հոլոքոստը, լեհերի էթնիկ մաքրումներն, այլ ջարդեր, մարդկանց նկատմամբ փորձեր, Չինաստանում ճապոնացի զինվորականների արածները, և այլ իրոք սարսափելի արարքներ: Մյուս կողմից՝ Դրեզդենի նապալմով ռմբակոծությունը, Հիրոսիման, Նագասակին, Կատինի ջարդը, սովետական զինվորների կողմից լեհ ու գերմանացի կանանց մասսայական բռնաբարությունները, «այրված հողի ստրատեգիայի» շնորհիվ սպանված կամ պրո-նացիստական «Անտառային եղբայրների» կողմից փրկված էստոնացի գյուղացիները, և այլն: Երկրորդ համաշխարհային պատերազմը «բարի ընդդեմ չար» սև ու սպիտակ տրամաբանությամբ չէր ընթանում: Երկու կողմերն էլ ունեցել են իրենց մութ ու լուսավոր կողմերը (թեև նացիստական կողմում լուսավորն, անկասկած, շատ ավելի քիչ էր): Ու եթե դասավորենք պատերազմի մասնակիցներին առավել «չարից» դեպի առավել «բարի», իմ կարծիքով, նացիստական Գերմանիային անմիջապես կհաջորդի ՍՍՀՄ-ը:

Մայիսի 8-ի միակ հաղթանակն ինձ համար Շուշիի ազատագրումն է:

Friday, April 29, 2016

Բավականին շարքային գրառում

Եթե իմ բլոգ մտել եք վերլուծություն, կարծիք, կամ հետաքրքիր բան կարդալու համար, այս գրառումը դրանցից չի, ու հանգիստ կարող եք բաց թողնել: Հիշենք, որ իմ բլոգը նաև իմ օրագիրն է, որտեղ ես երբեմն գրում եմ իմ կյանքի մասին:

Եթե դեռ շարունակում եք կարդալ, հիշեք, որ ես զգուշացրել եմ:

Ընդհանուր առմամբ, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ ես լավ բնավորություն չունեմ: Մեղմ ասած: Չեմ պատրաստվում արդարանալ՝ ես չեմ ասում դժգոհությանս իրական պատճառը ժամանակին, հենց մղում եմ ունենում ինչ-որ մեկին քրֆել, մոտ տաս րոպե զսպում եմ ինձ ու բավարարվում պասիվ ագրեսիայով, սպասելով, որ արածը կշտկի, իսկ երբ չի շտկում, կոնֆրոնտացիան տեղի է ունենում, ու առանց կոմպրոմիսների, ու մենք լիքը բաներ ենք իրար ասում, որոնց մասին դիմացինը հետագայում ափսոսում է:

Իհարկե, դա ամբողջ պատմությունը չի: Կախված վերջին մի քանի օրերից էմոցիոնալ վիճակից, իմ դժգոհությունը կարող է տատանվել «արի ես բացատրեմ, թե ինչու է քո ասածն իմ կարծիքով սխալ»-ից մինչև «մեր մեջ ասած, դու բութ անասուն ես, ում կարծիքը ես լուրջ չեմ կարող ընդունել», ու, եթե ազնիվ լինենք, իմ կոնտեքստում երկուսն էլ նույն բանն են նշանակում ու միակ տարբերությունն այն է, արդյոք ես ուզում եմ շարունակել զրույցը, թե համարում եմ, որ դիմացինը չափազանց համառ ու լպրծուն է, ես էլ՝ նյարդային, որ ինչ-որ բան համոզելը հնարավոր/իմաստավորված լինի:

Լպրծունության մասին: Լպրծուն բանավիճողներ ես անվանում եմ նրանց, ովքեր փաստարկի վրա դրույթ են կառուցում, փաստարկը ժխտում ես՝ ուրիշ փաստարկ են բերում, դա էլ ես ժխտում՝ ուրիշ փաստարկ, ու էդպես մինչև հասնեն կանխատեսելի «էդ ամեն ինչը սուբյեկտիվ է» (relativist fallacy) պղտոր ջրերին: Այսօր, օրինակ, մի լպրծուն բանավիճող փորձում էր պնդել, որ ակադեմիկ քննադատությունն ավելի վատ բան է, քան ցենզուրան, դիտարկելով երևույթի մոտիվացիան, ոչ թե արդյունքը: Երբ մենք ինչ-որ երևույթի արդյունքն ենք քննարկում, այդ ad hominem-ով ոչ մեկին չես զարմացնի:

Ու սա էլ իմ բնավորության վատ կողմերից մեկն է: Ես նոր երկու տերմին նշեցի լրիվ գիտակցելով, որ ընթերցողների բավականին փոքր տոկոսն է իրենց հասկանում: Բացատրելու հավես չկար ու այս գրառման նպատակը չէր, իսկ գուգլել :)) եթե մարդիկ գուգլեին իրենց չիմացած բոլոր բաների մասին, ինտերնետը շատ ավելի խելոք տեղ կլիներ:

Բայց ես օգտագործեցի տերմինները, որովհետև դրանք առավել ճիշտ էին իրավիճակը նկարագրում, առանց սպասելու, որ ինչ-որ մեկը կհասկանա գրածս:

Արդյունքում՝ գիշերվա ժամը չորսին ես մենակ նստած եմ, նյարդայնությունից ոչ աշխատել է լինում, ոչ ինչ-որ ուրիշ բան, ու գրում եմ բլոգային գրառում, որն ավելի շատ ինձ պիտի օգնի մտքերս հավաքել, քան ձեզ ինչ-որ բան պատմի:

Ողջ եղեք:

Friday, April 15, 2016

Զինվորների մասին

Տեսնում ես Վայոց Ձորի մարզի Կարմրաշեն գյուղի զինվոր Արմենակին, վիրավորված, չի քայլում, բայց քարի պես պինդ: Սպաներին ու զինվորներին, որ ասել են՝ տղերք, դուք նահանջեք, մենց իրենց կպահենք: Էն եզդի երեխա Քյարամին, որ սպային ասել է՝ կամանդիր, քեզ մենակ չեմ թողնի: Զոհվածներին ու նրանց, ովքեր բախտավոր են եղել կենդանի մնալ: Անհամեմատ գերակշռող թշնամու դեմ կանգնած ու գիծը պահած տղերքին: Գյումրու դոմիկների մեջ 28 տարի մնացած, թալանված, ծեծված, խաբված ժողովրդի երեխեքին: Երբ իրենց զենքն ու հացը լափել էին, ու իրենց թողել գծի վրա, որովհետև զենքը փող արժի, իսկ զինվորը ձրի է:

Ի՞նչ սրտով են իրենք կռվել ու պահել գիծը, որտեղի՞ց իրենց մեջ էդքան քաջություն: Փոքր Մհե՞րն էր Ագռավաքարից դուրս եկել ու իրենց կողքը կանգնել: Որտեղի՞ց մեր մեջ այդքան արժանավոր զավակներ, ի՞նչ ենք արել, որ արժանանանք իրենց նման եղբայրներ ունենալու պատվին:

Կաթողիկոսի աղոթքներն ու պաշտոնյաների ցավակցության, քաջալերող խոսքերը գրողի ծոցը գնան՝ լափողների, զինվորին մահվան ուղարկողների: Բայց դրանք այնպիսի մանրուքներ են, որ տղերքի հիշատակը չեն կարող պղծել:

Նույնիսկ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ քառօրյա պատերազմի ընթացքում: Երբ մնացածը մուկ էին տշում ու ավելի ամաչացնում մեզ, Արծրուն Հովհաննիսյանն ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ: Ինչքան էլ այսօր Հրապարակ.am-ն ու ուրիշները հաչան իր վրա, այդ չորս օրն իր տված տեղեկատվությունը ձայն էր մի տեղից, որտեղ մեզ համար անորոշություն ու վախ էր: Արցախի ոստիկանությունը շտապ օգնության դեր էր վերցրել իր վրա ու էլի ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ: Ժողովուրդը Մաշտոցի պուրակում հավաքված օգնության ձեռք էր փորձում մեկնել սահմանին ու էլի ԱՇԽԱՏՈՒՄ ԷՐ: Առանց հրամանների, կոչերի ու լոզունգների, առանց ղեկավարների, թագավորների ու նախագահների: Երևի հասկացել են, որ մեր հույսը մենք ենք:

Ու էական չի, թե ովքեր կգնան ու սահմանի վրա սելֆիդայի կխաղան, ովքեր իրար մեդալներ կշնորհեն, ովքեր կստորանան թշնամուն հարձակվողական զենք վաճառողի առաջ, ովքեր լափողների շուրջ միավորվելու կոչեր կանեն:

Դուք մեր տանձին չեք: Դուք մեզ պետք չեք: Եթե միավորվենք, մենք կմիավորվենք սահմանին կանգնած հայ զինվորի շուրջ: Դուք մեզ թալանել եք, մենք մեր հացից կկտրենք զինվորի համար: Ու եթե դուք զինվորի արյունով գնածը ռուսի դրամով վաճառեք, երևի ստիպված լինենք ձեզ օձիքից բռնած քարշ տալ դեպի լույսը:

Մենք չենք կոտրվի, մենք չենք հանձնվի, մենք չենք նահանջի, որովհետև տղերքն ավտոմատի դեմ չեն կոտրվել, չեն հանձնվել, չեն նահանջել:

Ձեր տիրու մերը էն բանից: Ալիևի տիրու մերը էն բանից: «Քոսոտ Ադրբեջանի դեմ էդքան զոհ եք տվել, ինչի եք դուք ընդունակ» ասող հայ ռուսուլմանների տիրու մերը էն բանից: Զինվորի արյան գինը չգնահատողի տիրու մերը էն բանից:

Կ’ասեն` տարին էրկու անգամ
Էդ քար իրարուց կը բացվի.
Մեկ անգամ Վարդևորին,
Մեկ անգամ՝ Համբարձման։
Որ քար կը բացվի, Մհեր՝
Քառսուն ավուր ճամփա մեկ ժամվա կ’էրթա.
Քառսուն օր վեր քարերին կ’էրթա,
Ինչ հողի վերան ընկնի՝ ձին կը խանդկի,
Չը կարնա քելի, ետ կը դառնա։
Կ’ասեն՝ մեկ Համբարձման գիշեր
Հովիվ կ’էրթա էդ քարի առաջ,
Մհերի քար իրարուց կը բացվի,
Հովիվ ներս կը մտնի, կը տեսնի՝
Հսկա մարդ մի էդտեղ նստած.
Հովիվ կը հարցու.
— Մհե՛ր, դու ե՞րբ տ’էլնիս էդտեղեն։
Մհեր կը դառնա՝ կ’ասի.
— Ես որ էլնեմ էստեղեն,
Հողն ինձ չի պահի։
Քանի աշխարք չար է,
Հողն էլ ղալբցեր է,
Մեջ աշխրքին ես չեմ մնա։
— Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,
Եբոր ցորեն էղավ քանց մասուր մի,
Ու գարին էղավ քանց ընկուզ մի,
Էն ժամանակ հրամանք կա, որ էլնենք էդտեղեն։
Հովիվ որ դուրս կ’էլնի,
Քար կը գա, կը հասնի իրարու։
Ուրբաթե ուրբաթ,— կ’ասեն,—
Ջուր կը գա, կաթի էդ քարեն։
Կ’ասեն՝ Մհերի ձիու ջուրն է։
Ու ամեն ճամփորդ՝ ուրբաթ օրեր
Կը լսի Քուռկիկ Ջալալու խրխնջոցն էդ քարեն։

Կներեք, կուտակվել էր: