Ոմն Հրաչուհի Փալանդուզյան հոդված էր գրել «Կտոր մը երկինք» ֆիլմի ու նրա «փուչ ու վտանգավոր» ողնաշարի մասին: Ինչպես երևի արդեն հասկացել եք, հիմար հոդվածներ գրելը հղի է վտանգներով, մասնավորապես՝ ես կարող եմ գտնել այդ հոդվածն ու հոշոտել այնպես, որ քիչ չթվա:
«Թորիկը մի ողորմելի մարդ է, ում աչքին անառականոցի մարմնավաճառը հրեշտակ է երևում: Ուր էլ փախչենք, թռչենք, գլուխկոնծի տանք՝ «Կտոր մը երկինք» կինոնկարի ողնաշարն այս փուչ ու վտանգավոր դասընթացն է», ահա թե ինչ թեզիսով է սկսում իր հոդվածը Հրաչուհին: Ես ենթադրում եմ, որ նման տեսանկյուն իրոք գոյություն ունի, և այն նույնիսկ ներառված է պատմվածքի մեջ.
Մի չարամիտ կին, որի երկու աղջիկները տանն էին մնացել, մրթմրթաց.
— Բոզու բախտ է։
Եվ սև քողի տակ նրա դեմքը դեղնեց նախանձից։
Ինչևէ, եկեք քննարկենք ֆիլմը և հերոսներին: Արդյո՞ք ողորմելի մարդ է Թորիկը: Թորիկը որբ ու միամիտ մարդ է, ում հասարակությունն ընդունում է միայն Գրիգոր աղայի հեղինակության հաշվին (քանի որ Գրիգորն աղա է), բայց առիթը բաց չի թողնում նրա միամտությունը շահագործելու համար: Գրիգոր աղայի մահվանից հետո, եթե հիշում եք, նույնիսկ արտաքնոց մաքրողը չի համաձայնում Թորիկին հարս տալ:
Ինչևէ, արդյո՞ք Թորիկը մնացածի նման պնակալեզ, քծնող ու երկերեսանի է: Բնավ ոչ: Ու հաշվի առեք, ես չեմ հիմնում իմ վերաբերմունքը Թորիկի նկատմամբ նրան ինքս ինձ հետ ասոցացնելու վրա. ցանկացած ինձ ճանաչող մարդ կասի, որ ես նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեմ: Ինչևէ, ես հարգում եմ Թորիկին՝ նա անհամեմատ ավելի մեծ և ուշադրության արժանի հերոս է, քան իրեն շրջապատող մանր քաղքենիությունը: Դժվար թե ինքը Նիցշե ու Կանտ կարդա, բայց հաստատ կարող ես ասել, որ լավ մարդ է: Ու, եթե ինչ-որ մեկը կվիճի, թե «լավ մարդը» չափազանց աբստրակտ է կատեգորիա լինելու համար, ավելացնեմ՝ նա պրիմիտիվ-ռեակցիոն հերոս չի, ու խայտառակ չի անում «ընկերոջն», ով սեփական անունը պահելու համար Թորիկին համընդհանուր ամոթանքի օբյեկտ է դարձնում («անառակին հրեշտակ մի ասա, մեղք է»): Ֆիլմն ամեն կերպ ցույց է տալիս, թե ինչպես Թորիկն ընդունակ չի անազնիվ արարքի:
Անժելին հանդիպելուց հետո Թորիկն աղջկան խնձոր է առաջարկում, իսկ Թուրիկ մայրիկին ներկայացնելուց արդարանում է՝ նա էլ ինձ պես որբ է:
Անժելն իր հերթին հասարակության կողմից մերժված անձ է: Որբ լինելով ու, ի տարբերություն Թորիկի, հոգատար խնամակալներ չգտնելով, նա արժանանում է այն բախտին, որին հաճախ արժանանում են որբ աղջիկներն աշխարհով մեկ: Նա ստիպված է մարմնավաճառ դառնալ: Ես վստահ եմ, որ վերոհիշյալ հոդվածի հեղինակը կպնդեր, որ ավեի շուտ սովից կմեռներ, քան մարմնավաճառությամբ կզբաղվեր, ինչպես և վստահ եմ, որ առավելագույն դեպքում մի շաբաթ սովելուց հետո իր երգը կտրուկ կփոխվեր: Ու ի՞նչ է զգում Թորիկը նրա նկատմամբ: Կարեկցանք: Հարազատություն: Հոգատարություն: Սեր: Իրոք, ո՞վ կարող է ավելի մերժված լինել ֆիլմում նկարագրված հասարակության մեջ, քան մարմնավաճառը: Նույնիսկ ու նամանավանդ այն մարդկանց կողմից, ովքեր օգտվում են նրանց ծառայություններից: Ու արդյո՞ք այն մարդը, որ հրաժարվում է մասնակցել այդ մերժմանը, ավելի բարձր չի հասարակությունից:
Անցյալ տարի ես ու իմ ռուս ընկեր Իգորը իջանք Բաղրամյան՝ այնտեղ կանգնած աղջիկների համար Крематорий խմբի «Сексуальная Кошка» երգը երգելու, որովհետև ցուրտ երեկո էր ու հենց այդ մարդկանց կյանքում հաճելի մանրուքներ հազադեպ են լինում: Ու այդ մարդիկ են հենց, որ առավել շատ են զգում մարդկային վերաբերմունքի կարիքը: Երբ աղջիկներից մեկն ինձանից սիգարետ է խնդրում կամ կրակ, ես հաճույքով տալիս եմ: Ինչ հոգ, որ հասարակությունն իրենց մերժել ու ստիգմատիզացրել է: Այդ մարդիկ ինձ երբեք ոչ մի վատություն չեն արել, ի տարբերություն հասարակության, որն ինձ նույնպես փորձում է ստիգմատիզացնել ու մերժել:
Բայց Հրաչուհու տրամաբանությունն ուրիշ բան է պնդում.
Մանավանդ, և սա նկատի ունեցեք, Մանոն Լեսկոյի կամ Մարգարիտ Գոթիեի նման ողբերգական չէ այս հերոսուհին, այլ երջանի՜կ: Սա կործանումից չի փրկվում, սրան տերերն ու հիվանդությունները չեն հալածում, պարզապես պարգևատրվում է, ախր երկնքի՜ կտոր է:
Հրաչուհին, փաստորեն, պատրաստ է թույլ տալ կարեկցանք մարմնավաճառի նկատմամբ (ինչպիսի մեծահոգություն), բայց... միայն եթե մարմնավաճառին հալածում են ու վերջինս անպայման ողբերգական վախճան է ունենալու:
«Կտոր մը երկինք» ֆիլմում իրականում հայի երկու արքետիպ կա, ու ես չէի սահմանափակի մարդկանց այդ երկու արքետիպերով: Բայց այս երկուսը պետք է քննարկել: Երկուսն էլ հայ են: Մեկը մենք ի նկատի ենք ունենում, երբ արցունքակալած աչքերով ասում ենք, թե հայերն աշխարհում ամենալավ մարդիկ ենք: Թորիկը դրա ներկայացուցիչ է, մարդ, ով ընկածին ձեռք է մեկնում ու դրանով երջանիկ է: Մյուսը մարմնավորում է Հրաչուհի Փալանդուզյանը. մարդդ, ում երջանկությունն ընկածին խփելն է:
Երկուսն էլ զուտ հայկական արքետիպեր են, երկուսն էլ ես ամեն օր տեսնում եմ շուրջս: Եթե հիմա մեկը հայրենասիրական պաթոսով ասի, որ մեկն իսկական հայկական տեսակն է, մյուսը՝ ոչ, ես կհակադարձեմ «no true scotsman»-ով: Ոչ, երկուսն էլ մեր դեմքն են ներկայացնում: Համենայն դեպս, մեր դեմքի մի մասը:
Եթե Հրաչուհին հպարտ է իրեն դասել այն մարդկանց խմբին, ում երջանկությունն է ընկածին խփելը, ես պատրաստ եմ հպարտորեն ինձ դասել անառակի մեջ հրեշտակ տեսնողների խմբին:
«Կցանկանայի» գրածս ավարտել պաթոսային ու բազմակետով վերջացող նախադասությամբ, ինչպիսին է «երեխաներն են մեղք...»-ը, բայց փոխարենը կասեմ հետևյալը. մարդիկ սիրում են դատել ուրիշ մարդկանց: Մարդիկ առավել սիրում են մեծ խմբով դատել ուրիշ մարդկանց, որովհետև քանակը կոմպենսացնում է ձվերի պակասը: Մարդիկ չեն սիրում, երբ իրենց մեծ խմբով կոմպենսացրածը կասկածի տակ է առնվում: Մարդիկ սիրում են, փոխարենը, իրենց գարշելի մտքերը քողարկել սիրուն բարոյախոսությունների օծանելիքի տակ:
Ինչպիսի՞ն էր «Կտոր մը երկինք» ֆիլմի ենթավերնագիրը: Հիշեցի: «Ապտակ»:
No comments:
Post a Comment