Tuesday, September 9, 2014

Իրական պատմությունը պատմելու համար չափազանց բարդ է ու անձնական: Հիմա իմ պեսսիմիզմն ու վախերն իմ դեմ են աշխատում:

Հիվանդանոցում իրեն փնտրելիս անընդհատ գլխումս պտտվում էր՝ միայն թե չափազանցրած լինի ամեն ինչ, արդեն պալատ տեղափոխած չլինեն, միայն թե դեռ ռեանիմացիայում չլինի: Ռեանիմացիայի ընդունողն իմացավ, ում մասին է խոսքը: Առաջին պալատ, հերթով մտեք:

Համենայն դեպս, ուզում եմ հավատալ, որ ինձ ճանաչեց: Մատներն ուռել էին՝ տրախեոտոմիայի հետևանքով չգիտեմ, այդպես այտուցվում է մարմինը, թե ուրիշ բանից էր:

Ոչ մեկը ոչ մի հուսադրող բան չէր ասում:

Հիշում եմ, որ ինչ-որ բան էի ուզում ասել, լրիվ ուրիշ բան դուրս եկավ, խեղդված ձայնով: Լաց եղավ, ասացի, որ չհուզվի: Երբ ձեռքը բռնեցի, ժպտաց, փորձեց խոսել: Ասացի, որ խոսել ու հուզվել չի կարելի:

Արհեստական շնչառության սարքի սուլոցը, ռեանիմացիայի սարքերի ձայները: Կարծում եմ՝ վստահ չես, որ իրականում ենք եկել մոտդ:

Երեկ չէ առաջի օրը, երբ իմացա, եկա տեսնելու, բայց պարզվեց՝ ազգանունը չգիտեմ: Այսօր ասացին, որ հենց այդ օրն է կոմայից դուրս եկել:

Կնախընտրեի, որ ինձ թույլ տային իր մոտ հերթապահել, միևնույն է՝ չեմ կարողանում քնել:

Ուզում եմ մտածել, որ եթե կոմայից դուրս ես եկել, ամեն ինչ լավ է լինելու: Չհամարձակվես գնալ, խնդրում եմ:

Ներսս լրիվ փշրած ապակու զգացողություն է: Ու՞մ եմ ես պետք, եթե չեմ կարողանում նույնիսկ իմ ընկերներին պաշտպանել:

Որ ոտքս այսօր ռեանիմացիայից դուրս էի դնում, գլխումս սկսեց այս երգը հնչել, հետո ավտոբուսի կողքով մեքենա էր անցնում, ու էլի մեջը սա էր դրած, ու երևի իրոք, այս օրը նկարագրող երգ է:

Saturday, September 6, 2014

Մարդկային սիրո կլեպտոմաններ

Պատմություն պատմեմ: Մի օր մի բարի մարդ որոշում է գրական մրցույթ կազմակերպել՝ հայերեն անկախ ստեղծագործողներին մոտիվացնելու ու խրախուսելու նպատակով: Մրցույթն անց է կացնում հնարավորինս անկախ՝ նույնիսկ ժյուրի չկա, քվեարկում են ընթերցողները: Դե, բնական է, մարդը հիմար չի, կարողանում է գնահատել իր մրցույթին ուղարկված աշխատանքները: Ու այնպես է ստացվում, որ հաղթող պատմվածքի մակարդակից դատելով, այն գրել է հատուկ խնդիրներով երեխաների համար նախատեսված դպրոցի 11-13 տարեկան աշակերտուհի՝ լավագույն դեպքում:

Հիշու՞մ եք, որ նախորդ գրառման մեջ ֆիքսել էի՝ ոչնչությունները կոմպլեմենտար են: Ավելին, կոնֆորմիստները ոչնչությունների գոյության համար պարարտ հող են պատրաստում՝ առնվազն փորձելով դրանց հետ «լավ լինել»: Կոնֆորմիստները բոլորի հետ էլ փորձում են լավ լինել:

Դե ֆակտո, մեր բարի մարդը մոռացել էր, որ եթե ինչ-որ մեկը նման վատ աշխատանքն ուղարկել է մրցույթի, ուրեմն ինքը շրջապատված է իրենից ոչ պակաս ապուշներով, որոնք իր աշխատանքը գովել են: Ինչպե՞ս են գովել: Բնական է, աբսուրդ կլիներ գովել հերոսի կառուցումն ու զարգացումը, ոճական հնարքները, սրամիտ սյուժեն: «Եկեք ոռահան լինենք՝ լավ բան գտնենք» սկզբունքով, եթե լիքը «բարի» հնչող բառեր կան «ստեղծագործության» մեջ, ուրեմն «վույ ինչ բարի աշխատանք է, վույ ինչ բարի ես դու»: Եթե «տխուր» հնչող բառեր կան, չէ, կներեք, «թախծոտ», ուրեմն «վույ, ինչ խորը, թախծոտ աշխատանք է», իսկ եթե «գեղեցիկ» հնչող բառեր կան, ուրեմն աշխատանքը «վույ ինչ գեղեցիկ» է: Հեղինակն էլ հայ ավանդական ազգային-ազատագրական ԽԾԲ-ի սկզբունքով իր գովողներին ու չգովող, բայց չքֆրտողներին բոլորին հատիկ-հատիկ զանգել էր, ու խնդրել, որ քվեարկեն իր աշխատանքի օգտին:

Երկրորդ անգամ, իհարկե, նույն հնարքը չանցավ՝ «գաղտնիքը բացահայտվեց» ու «հեղինակին» դիսկվալիֆիկացրեցին:

Ես չեմ, որ պետք է բացատրեմ, թե սկսնակ հեղինակի համար ինչ է նշանակում գրական մրցույթում հաղթելը: Արդյունքում, առնվազն մեկ լավ սկսնակ հեղինակ մոտիվացիայի ու գնահատված լինելու զգացողության փոխարեն ստացավ գիտակցություն, որ իր աշխատանքը պարտվելու է մի մրցույթում, որտեղ կարող է հաղթել սովորական ապուշը:

Իսկ մեր «հեղինակը» շարունակում է իրար վրա բարդել «բարի», «թախծոտ» ու «գեղեցիկ» բառեր ու իսկական գանդիական համառությամբ փորձում է գոնե մի քիչ սիմպատիայի արժանանալ մարդկանց կողմից: Որովհետև եթե ինձ ու քեզ պետք է «ամեն ինչ կամ ոչինչ», ապա նման մարդիկ այդպիսի շռայլության կարիքը չունեն. մի փշուր փառք, թեկուզ չվաստակած կամ գոնե գողացած, թեկուզ ստորացումների ու բազմաթիվ մարդկանց հետև մտնելու գնով, թեկուզ հինգ րոպեով, թեկուզ մուրացած, բայց մի փշուր փայլուն, էժանագին փառք, ու հանուն դրան իրենք պատրաստ են ամեն ինչի, բացի այդ փառքն ազնիվ վաստակելուց:

Չգիտեմ, թե ինչպես անվանեմ այս մարդկանց, ճիշտն ասած: Մարդկային սիրո կլեպտոմաննե՞ր: Երևի հենց այդպես. մարդկային սիրո կլեպտոմաններ:

Thursday, September 4, 2014

Անդրադարձ Տեր Կյուրեղ քահանա Տալյանին

«Առավոտ» թերթի կայքում կարդալով հետևյալ հոդվածը, որը ներկայացնում էր «Ազդակ» ակումբում «ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը և դրա վտանգավորությունը» քննարկումը, մի քանի անհանգստացնող բան նկատեցի, որոնց չէի կարող չանդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, ես արդեն ձանձրացել եմ Գալաջյանին ու Ստամբոլցյանին ուշադրություն դարձնելուց, ու իրենց խոսքերը մեջբերելն առնվազն անլուրջ կլիներ:

Ինչևէ, Տեր Կյուրեղ քահանա Տալյանին կցանկանայի պատասխանել այստեղ՝ իմ սեփական պլատֆորմում, ոչ թե մի քննարկման շրջանակներում, որի վերնագիրն անգամ այն կազմակերպողների առողջ դատելու ունակության նկատմամբ կասկածներ է հարուցում:

Կյուրեղը փորձում է սենտիմենտներ առաջացնել, խոսում է հռետորաբանությամբ, ոչ թե փաստերով, նման երևույթն անգլերեն անվանում են «to incite the crowd», հայերեն երևի կլինի՝ «գրգռել ամբոխը»: Իմ հին «Ведьма» պատմվածքում այդ երևույթը բավականին լավ նկարագրված է: Ի տարբերություն սրբազանի, ես կխոսեմ փաստերով:

Վեհազանը կարող է պնդել, որ Նիդերլանդներում կա պեդոֆիլների կուսակցություն: Ես կֆիքսեմ, որ խոսքն ընդամենը երեք անդամ ունեցող «Partij voor Naastenliefde, Vrijheid en Diversiteit» կուսակցության մասին է, որի պլատֆորմի մեջ իրոք մտնում էր օրինականացնել սեռական հարաբերությունները՝ սկսած 12 տարեկանից: Ի՞նչ եղավ այդ կուսակցությանն «այլասերված Եվրոպայում»: 2006 թվականին ըստ հարցումների Նիդերլանդների բնակչության 82 տոկոսը ակտիվ կերպով պահանջում էր կառավարությունից արգելել PNVD-ին մասնակցել ընտրություններին: Կուսակցության անդամներից մեկը կորցրեց իր դասախոսի հաստիքը՝ կուսակցության հետ կապի պատճառով: Կուսակցության անդամները հակապեդոֆիլական կազմակերպությունների հսկողության տակ են:

Ինչու՞: Որովհետև ամեն երկրում էլ կան հիվանդ մարդիկ, ու ամեն տեղ դա տարբեր կերպ է արտահայտվում:

Ընդ որում, «անբարոյական Եվրոպաներում» պեդոֆիլիային «բարոյական Հայաստանից» շատ ավելի լուրջ են վերաբերվում ու շատ ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառում: Օրինակ, անչափահասի նկատմամբ սեռական բռնության համար Լեհաստանում (2009-ից) ու Էստոնիայում (2012-ից) որպես առավելագույն պատժամիջոց կիրառվում է ՀԱՐԿԱԴԻՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՍՏՐԱՑԻԱ: «Բարոյական Հայաստանում» բացենք ՀՀ Քրեական օրենսգիրքը, Գլուխ 18, Հոդված 138.
2. Բռնաբարությունը, որը՝
...
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
...
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Սրբազանագույնը նաև կցանկանա, ասենք, խոսել ինցեստի օրինականացման մասին. եվրոպական որ երկրի օրենսգիրքը բացեցի, ինցեստը քրեորեն պատժելի էր: «Բարոյական Հայաստանում ու Ռուսաստանում» ինցեստն օրենքով լրիվ թույլատրելի է:

Եթե հովվապետը համարում է, որ ամբոխի միջոցով լինչի դատաստանի ենթարկելն է խնդրի լուծում, ոչ թե օրենքը, ապա կցանկանայի ֆիքսել, որ ի մեծ դժբախտություն իրեն, մենք ապրում ենք ոչ թե 16-րդ, այլ 21-րդ դարում:

Բայց ես գրառումս վերևում ասվածի համար չէի սկսել: Իմ նպատակը լրիվ այլ էր:

Ինչու՞ ենք մենք դատապարտում պեդոֆիլիան ու պայքարում դրա դեմ: Մի՞թե որովհետև այն «անբարոյական, հակաբնական, ինչ-որ աստծո անհաճո, դատապարտելի, տհաճ» երևույթ է: Իհարկե ոչ: Այդպես կարող է կարծել միայն մարդն, ում կրոնը մտրակի ու գազարի սկզբունքով է աշխատում. մեղավորներին պատժել, առաքինիներին պարգևատրել, զուտ հավատացյալի շահամոլությամբ: Բայց եկեք հիշենք, որ աշխարհիկ պետության օրենքները ստեղծված են ոչ թե մեղավորին պատժելու, այլ անմեղին պաշտպանելու համար: Հետևաբար, պեդոֆիլիայի դեմ պայքարը նպատակ ունի ոչ թե պատժել պեդոֆիլներին, այլ պաշտպանել երեխաներին: Դրա  համար մենք պեդոֆիլիան սահմանում ենք ոչ թե որպես սեռական հակում սեռական հասունացման չհասած անձանց նկատմամբ (դա պեդոֆիլիան կլինի՝ հոգեբուժության տեսանկյունից, սահմանված ICD-10 ու DSM-5 դասակարգումներում), այլ որպես սեռական գործողություններ անձանց նկատմամբ, որոնք դեռ չեն ձևավորել հասարակական ու սեռական վարքի նորմեր ու ի վիճակի չեն ադեկվատ արձագանք տառ իրենց նկատմամբ իրականացվող սեռական գործողություններին: Մենք պաշտպանում ենք երեխաներին սեռական շահագործումից, որի համար կարող է օգտագործվել նրանց անփորձությունը, ու հնարավոր ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներից, որոնց մի մասը կարող է անդառնալի լինել: Միգուցե փոքրիկ, վրիժառու, արյունարբու կրոնի ներկայացուցիչն ի վիճակի չի դա հասկանալ, բայց օրենքի նպատակը երեխաներին պաշտպանելն է, ոչ թե «անբարոյականներին» պատժելը: Պատիժն ընդամենը անհրաժեշտության ծնունդ է. եթե հնարավոր լիներ երեխաներին պաշտպանել՝ առանց պատժի անհրաժեշտության, ես երկու ձեռքով կքվեարկեի այդ եղանակի օգտին:

Եթե սրբագույնը նպատակ ունի ամբոխի մեջ ագրեսիա առաջացնել ցանկացած գնով՝ բերելով նույնիսկ իրականությանը չհամապատասխանող դրույթներ, ենթադրություններ ու սպեկուլյացիա, ապա նրա եղանակը կարող է գործել: Հակառակ դեպքում նա պարզապես մոլորվել է սեփական դոգմաների մեջ:

Իսկ այժմ՝ հարց կողքից դիտողին. արդյո՞ք դուք պատրաստ եք լսել մեկին, ով ձեր՝ իր կարծիքով թույլ կողմերն օգտագործելով (ծնողական զգացմունքներն, օրինակ), պաթոս ու այլ հռետորական  հնարքներ կիրառելով փորձում է ձեզ ծառայեցնել իր եկեղեցու նպատակներին, իր եկեղեցու դոգմաներին:

Տեր Կյուրեղ քահանա Տալյան, դուք չեք հոգում երեխաների բարօրության ու անվտանգության մասին: Դուք ստեղծում եք պանիկա ու ագրեսիա ամբոխի մեջ՝ նույնասեռականների ու վերջիններիս իրավունքները պաշտպանողների դեմ այն ուղղելու նպատակով: Միգուցե մակերևույթի վրա դուք հավատում եք, որ բարի գործ եք անում՝ թող ձեզ վերջում ձեր աստվածը դատի: Բայց քանի դեռ ես կամ, ձեր խոսքը բախվելու է իմ խոսքին, ու երկուսս էլ գիտենք, որ իմ խոսքը լինելու է շատ ավելի ծանր, հիմնավորված ու ամուր, քան ձեր խոսքը, ու որ ես ձեր խոսքը փշրելու եմ: Ավելին, ձեզանից շատ ավելի երիտասարդ լինելով, ես ձեզանից էլ, ձեր ասած խոսքերից էլ երկար եմ ապրելու: Դուք երբեք չեք կարող ինձ հաղթել:

Բարի խորհուրդ՝ խելամիտ ընտրեք ձեր հակառակորդներին:

Tuesday, September 2, 2014

... որտեղ տեսնում ենք, որ ոչնչությունները կոմպլեմենտար են

Գցեք մի սենյակ սեփական նշանակալիության զգացողության մեծության մանիայով, բայց լրիվ անընդունակ ոչնչություններ: Կտեսնեք, թե ինչպես են նրանք իրար էգոները շոյելով սեփական նշանակության իլյուզիա ստեղծում ու ինչ ագրեսիայով են վերաբերվում իրենց իրականություն վերադարձնելու փորձերին: Դրանից մի քայլ այն կողմ իրենց Նապոլեոն ու Հիսուս համարողներն ու Կոելիոյի/Ռիչարդ Բախի/Հարուկի Մուրակամիի ֆանատներն են:

Միանգամից հասկանում ես Հուլիոս Էվոլայի՝ պոպուլիզմի ժխտումն ու էլիտիզմի գաղափարների հակված լինելը: Հասկանում ես Հեսսեի միզանտրոպիան: Հասկանում ես Նիցշեի մարդկանց Übermensch-երի, միջակությունների և Untermensch-երի բաժանելը:

Ոչ մի ավելի վտանգավոր բան չկա, քան Untermensch-երի՝ ոչնչությունների ամբոխը: Իրենք ունեն ակտիվ ու պասիվ ագրեսիվ միջոցների ամբողջ հավաքածու՝ իրենց սեփական մանրության մասին հիշեցնողներին իզոլացնելու ու ոչնչացնելու համար: Երբ ուրիշ միջոց չի մնում, իրենք դառնում են եղաններով ու ջահերով զինված վհուկներ որսացողների ամբոխ:

Ընդհանուր առմամբ, Untermensch-ների իրար շոյելը հիշեցնում է փոխադարձ մաստուրբացիա:

Իրենց ու կոնֆորմիստների հաշվին է, որ մենք ունենք Հիտլեր, Ստալին, Պուտին, Սաշիկ, Քոչարյան և այլն:

Ի միջի այլոց, Քոչարյանի մասին: Եթե Քոչարյանի հանցագործություններն արդարացնում եք դրանց զոհերի նկատմամբ ձեր բացասական վերաբերմունքով, ձեզ հիշեցնեմ, որ Քոչարյանը ձեր վերաբերմունքի վրա թքած ունի, ու եթե դուք իր իշխանությանը սպառնալիք ներկայացնեք, նա չի նայի ձեր՝ ձեր կարծիքով շատ լավ ու հիանալի անձնավորություն լինելուն ու ձեր վրայով էլ կփորձի նույն կերպով քայլել: Եթե պատրաստվում եք հաշտվել նրա վերադարձի հետ կամ նույնիսկ աջակցել դրան, Քոչարյանի նախորդ ու սպասվող արարքների արյունն անձամբ ձեր ձեռքերի վրա է, ներառյալ նաև այն ամենն, ինչ ձեզ հետ կարվի:

Wednesday, August 6, 2014

Բարու ու չարի մասին

«Դար» ակումբի «Ինչո՞ւ լինել լավը, եթե Աստված չկա» թեմայի քննարկումներն ինձ միտք տվեցին հարցը բերել պարզ տրամաբանական խնդրի, իրոք հիմնավոր հարցին պատասխանելու համար:

Այնպես որ, եկեք հիմա խոսենք լավի, վատի (չարի, բարու) ու դրանց նշանակության համար: Լավի ու վատի հասկացություններն իրականում ավելի բարդ են, քան թվում է, ու իրենց շատ դժվար է սահմանել: Փորձենք ամեն ինչ կառուցել ամենապարզ կետից:

Լավն ու վատն, իրենց տարածված ընկալմամբ, դիխոտոմիա են: Հիմա կբացատրեմ: Դիխոտոմիան դա ամբողջը երկու չհատվող բազմությունների բաժանելն է: Այսինքն, բարին ու չարն, իրենց տարածված ընկալմամբ, ներառում են ամեն ինչ ու փոխադարձ մերժող են՝ «մոխրագույն տարածք» չեն թողնում: Եթե ընդունենք բարին ու չարը որպես մարդկանց վարքային ու մտավոր փոխհարաբերությունների նորմեր, տեսնում ենք, որ մենք գործ ունենք դուալիստական բարոյականության հետ, որն այլ կերպ անվանում են «սև-սպիտակ բարոյականություն»:

Վերևում իմ բերած դրույթը հաստատվում է նրանով, որ բարու-չարի դիխոտոմիան առաջին անգամ հիշատակվում է զրադաշտականության մեջ (որպես Ահուրա Մազդայի ու Անգրա Մաինյայի կոնֆլիկտի արտահայտում):

Երևույթը որպես բարի կամ չար որակելն անվանում են բարոյական դատողություն: Այսինքն, բարին կամ չարը դիտարկվում են որպես դատողության սուբյեկտի դրական կամ բացասական բարոյական արժեքի հատկանիշներ, + ու -:

Ու քանի որ բարոյականության հասկացությունն ունիվերսալ չի ու վերասահմանելի է՝ կախված տվյալ հասարակության նորմերից, հետևաբար, տարածված իմաստով բարին ու չարը նույնպես վերասահմանելի են: Այլ կերպ ասած՝ այն, ինչ բարի է շան տեսանկյունից, կարող է հանգիստ չար լինել այդ շան ականջին կպած տզի տեսանկյունից:

Եթե դիտարկենք այս դիխոտոմիայի ծագումը որպես ֆիզիոլոգիայի ազդեցություն մարդկային հոգեբանության նկատմամբ, ապա բարու ու չարի գիտակցությունը գալիս է նրանից, որ շրջակա աշխարհի հետ որոշ փոխազդեցություններ առաջացնում են անորոշ բարդության դրական էմոցիոնալ արձագանք, որոշները՝ բացասական արձագանք, ու պարզ ֆիզիոլոգիական արարածը հակված է անտեսել էմոցիոնալ արձագանք չառաջացնող փոխազդեցությունները: Բացասական արձագանքների օրինակներ են՝ ցավ, վախ, սով, ծարավ, սրտխառնոց, տհաճ հոտ, դրականների՝ հետաքրքրվածություն, սեռական ցանկություն, հաճույք, ֆիզիոլոգիական ցանկությունների բավարարում:

Իսկ հիմա փորձենք բացատրել, թե ինչու «չար-բարի բարոյական դիխոտոմիայի» չափանիշները չեն կարող լիարժեք բնութագրվել ֆիզիոլոգիայի հոգեբանության վրա ազդեցությամբ: Այս երևույթի բացատրությունն անվանում են «երեք կապիկների մեխանիզմ», որը բացատրում է, թե ինչպես են ձևավորվում բարոյական տաբուները: Պարզապես հետևեք մտքի տրամաբանական ընթացքին, և ամեն ինչ հասկանալի կդառնա:

Պատկերացրեք՝ ունենք վանդակ, որի կենտրոնում բանան է դրված: Վանդակում երեք կապիկներ են: Երբ կապիկներից որևէ մեկը փորձում է մոտենալ ու վերցնել բանանը, մյուս երկու կապիկներին ջրում են խողովակով: Արդյունքում ձևավորվում է գիտակցական ռեակցիա/պայմանական ռեֆլեքս համադրություն. երբ կապիկներից մեկը փորձում է մոտենալ բանանին, մյուս երկուսը հարձակվում ու ծեծում են նրան: Ինչ-որ ժամանակ հետո ունենք վանդակ, կենտրոնում բանան, ու երեք կապիկ, որոնք չեն փորձում մոտենալ բանանին:

Համակարգի փոփոխականներից երկուսը փոխում ենք. ջրով խողովակը հանում ենք, կապիկներից մեկին վանդակից հանում ենք, նոր կապիկ ենք դնում: Նշեմ, որ ջրելու վտանգ այլևս չկա, բայց երկու հին կապիկները դրա մասին չգիտեն: Նոր կապիկը չգիտի, թե ինչու չի կարելի մոտենալ բանանին: Նա փորձում է բանանն ուտել, մյուս երկու կապիկները հարձակվում են նրա վրա ու ծեծում: Որոշ ժամանակ անց համակարգը նորից կայունանում է. վանդակ, բանան, ու երեք կապիկներ, որոնք գիտեն, որ չի կարելի մոտենալ բանանին: Հին կապիկներից երկրորդին ենք փոխում, նորից կրկնվում է նույնը, համակարգը կայունանում: Փոխում ենք վերջին հին կապկին: Ցիկլը կրկնվում է:

Ստանում ենք վանդակ, բանան, երեք կապիկներ, որոնք գիտեն, որ բանանին չի կարելի մոտենալ, բայց երեքից ոչ մեկը, քանի որ չի ենթարկվել փորձի սկզբի «ջրելու» պրոցեսին, չգիտի, թե ինչու չի կարելի ուտել բանանը: Իրենք պարզապես գիտեն, որ բանանը չի կարելի ուտել: Բանանը տաբու է, նախնական տրամաբանական կառույցը, որ իրենց բերել է այդ տաբուին, խախտված է: Կապիկները ցուցաբերում են իռացիոնալ վարք:

Հիմա եկեք ավելացնենք այս մեխանիզմին իռացիոնալ վարքի ռացիոնալիզացման մեխանիզմը, որը Զիգմունդ Ֆրեյդը դիտարկել է Բերնհեյմի հետ աշխատելիս. մասնավորապես, «անձրևանոցի փորձը» (մեջբերվում է ըստ Մերոլդ Վեստֆալի «Կասկածն ու հավատը. ժամանակակից աթեիզմի կրոնական կիրառումները» գրքի):

Մարդն, ում հիպնոսի ժամանակ ներշնչել են, որ արթնանալուց հետո պետք է վերցնի անձրևանոցը, բացի այն, ու անձրևանոցը ձեռքին քայլի սենյակով: Արթնանալուց հետո այդ մարդը հենց այդպես էլ վարվում է: Երբ նրան հարցնում են, թե ինչ պատճառով է նա այդպես վարվել, մարդը ռացիոնալիզացնում է սեփական վարքը. պատճառաբանություն է ստեղծում: Տվյալ դեպքում, նա բացատրում է, որ անձրևանոցը վերցրել է, որ տեսնի, արդյոք այն փչացած չի:

Հետևաբար, նույնիսկ իռացիոնալ հավատը թողած մարդիկ հաճախ դեռ չեն ազատվել այդ հավատի կոնտեքստը կազմող ու նրա կողմից սահմանված բարոյական տաբուներից, ինչպես նաև այդ բարոյականության սահմանած բարու ու չարի հասկացություններից:

Այնպես որ, թեև չկա ոչ մի ռացիոնալ պատճառ «լավը լինել» քրիստոնեության կոնտեքստում, եթե չես հավատում քրիստոնեական աստծո գոյությանը, հաճախ քրիստոնեությունից դուրս եկած աթեիստները շարունակում են պահպանել քրիստոնեության բարոյական տաբուներն ու նույնիսկ ռացիոնալ պատճառներ են հորինում դրա համար:

Sunday, July 20, 2014

Ժամանակակից ֆեմինիզմի մասին

Նախ, որ ինձ սխալ չհասկանան, մի երկու խոսք ֆեմինիզմի ու մասին ընդհանրապես ու դրա անհրաժեշտության մասին:

Ֆեմինիզմն անհրաժեշտ է, երբ կոնկրետ հասարակության մեջ կանանց իրավունքները օրինաչափորեն խախտվում են: Ընդ որում, հենց նպատակային կերպով կանանց իրավունքները:

Ի՞նչ կերպ կարող են խախտվել կանանց իրավունքները: Երկու կերպ. առաջինը, երբ կանայք զրկվում են իրավունքներից, որոնք կազմում են ընդհանուր, մարդկային իրավունքների մասը (խոսքի, խղճի, հավատի ազատություն, կյանքի իրավունք, աշխատանքի իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք և այլն), երկրորդը՝ երբ կանայք զրկվում են իրենց սեռով պայմանավորված իրավունքներից (սեռական կյանքի, կանացի առողջության ու ռեպրոդուկցիայի հետ կապված իրավունքներ):

Առաջին՝ ընդհանուր իրավունքները, կարող են խախտվել նույնիսկ եթե դրանք երաշխավորված են օրենքով (օրինակ՝ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է բոլոր ՀՀ քաղաքացիների հավասարությունը, բայց հասարակության պատրիարխալ ու շրջակա մահմեդական մշակույթների ազդեցություն կրող լինելու հետևանքով հաճախ այդ հավասարությունը կրում է ձևական բնույթ):

Friday, July 4, 2014

Հրայր Մանուկյանը, որպես ԱԱԾ-ի աշխատակից ներկայացած Վալոդն ու նման բաներ

Սկսենք Հրայրից: Հրայրը Ժառանգություն կուսակցության վարչության նորընտիր անդամ է, ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը, Արարատնյուզ լրատվական կայքի աշխատակից: Ընդհանուր առմամբ, նա իրոք բավականին խոստումնալից երիտասարդ է:

Վալոդի (Վլադ Հակոբյան՝ անունը, որի տակ ներկայացել է սույն անձը) մասին կարող ենք դատել միայն ըստ ձայնագրված զրույցի ընթացքում նրա խոսքերի:

Անցնենք ԱԱԾ-ին: ԱԱԾ-ի գործառույթը պետական անվտանգության հարցերով զբաղվելն է: ԱԱԾ-ն աշխատակիցներ ձեռք բերելու համար չի շրջում փողոցներում ու մարդկանց առաջարկում գալ աշխատելու բավականին բարձր գաղտնիության ու կարևորության հիմնարկում: Դրա համար կա ԱԱԾ ամբողջ կրթական համակարգ, որտեղ պատրաստվում են համապատասխան կադրեր:

Saturday, June 28, 2014

Quoth the Raven

Գիտեմ, որ վաղուց չեմ գրել, բայց կարծես թե վերադառնալու ժամանակն է: Վերադարձս սկսենք այսպիսի լավ բանով.

Sunday, May 18, 2014

Ո՞ր ընկերություններն են պաշտպանում ձեր տվյալները. EFF-ի զեկույցը

Ներկայացնեմ Electronic Frontier Foundation-ի 2014 թվականի զեկույցը, որտեղ ներկայացվում է, թե որ ընկերություններն ու ինչ չափով են պաշտպանում ձեր ինֆորմացիոն անվտանգությունը կառավարական միջամտությունից: Նախնական նյութը հասանելի է այս հղմամբ: Զեկույցը հասկանալու համար նշեմ, որ այն անդրադառնում է նրան, թե ինչպես են զեկույցում նշված ընկերություններն արձագանքում, երբ կառավարությունը պահանջում է նրանցից ձեր անձնական տվյալներն, ինչպիսիք են էլեկտրոնային կամ ֆիզիկական հասցեները, նամակագրությունը և այլն:

Նախապես սպոյլեր անեմ՝ Apple ընկերությունը, որը դեռ մի տարի առաջ օգտագործողների անվտանգության համար պայքարում էր միայն Կոնգրեսում, այժմ դա անում է բոլոր կատեգորիաներում:

Ահա և զեկույցը.

Monday, February 10, 2014

Էլի երազ

Ուրիշ վերջերս տեսած երազ: Տնեցիքով ինչ-որ տարօրինակ խանութ էինք գնացել, ծնողներս իրենց համար դագաղներ էին ուզում վերցնել: Հորս դագաղը կամ բոյով չէր բռնում, կամ կոշիկները խանգարում էին կափարիչին: Տանը քույրս կատվիս ականջներին «каналка» էր արել, ինչ-որ փշերով վզնոց գցել վրան ու ծակերով անց կացրել: Կատուս էլ շուտով պիտի մեռներ: Ինչ-որ շուն ունեի, ինքն էլ:

Հետո Գայանեի հետ գնացի Վանաձոր, Մանուկյանն ինչ-որ խմբի հետ The Hives-ի երգ էր նվագում: Ասացի որ, The Hives-ն անասուն խումբ է, Գայանեն էլ պատասխանեց՝ «էլի դու քո կատեգորիկ բաներով» և այլն: Իսկ ես զգացի, որ ահավոր, աններելի ֆալշ են նվագում ու երգում, սկսեցի չարախնդալ: