Thursday, September 4, 2014

Անդրադարձ Տեր Կյուրեղ քահանա Տալյանին

«Առավոտ» թերթի կայքում կարդալով հետևյալ հոդվածը, որը ներկայացնում էր «Ազդակ» ակումբում «ԼԳԵՓ ակտիվիստների ագրեսիվության աճը և դրա վտանգավորությունը» քննարկումը, մի քանի անհանգստացնող բան նկատեցի, որոնց չէի կարող չանդրադառնալ:

Ընդհանուր առմամբ, ես արդեն ձանձրացել եմ Գալաջյանին ու Ստամբոլցյանին ուշադրություն դարձնելուց, ու իրենց խոսքերը մեջբերելն առնվազն անլուրջ կլիներ:

Ինչևէ, Տեր Կյուրեղ քահանա Տալյանին կցանկանայի պատասխանել այստեղ՝ իմ սեփական պլատֆորմում, ոչ թե մի քննարկման շրջանակներում, որի վերնագիրն անգամ այն կազմակերպողների առողջ դատելու ունակության նկատմամբ կասկածներ է հարուցում:

Կյուրեղը փորձում է սենտիմենտներ առաջացնել, խոսում է հռետորաբանությամբ, ոչ թե փաստերով, նման երևույթն անգլերեն անվանում են «to incite the crowd», հայերեն երևի կլինի՝ «գրգռել ամբոխը»: Իմ հին «Ведьма» պատմվածքում այդ երևույթը բավականին լավ նկարագրված է: Ի տարբերություն սրբազանի, ես կխոսեմ փաստերով:

Վեհազանը կարող է պնդել, որ Նիդերլանդներում կա պեդոֆիլների կուսակցություն: Ես կֆիքսեմ, որ խոսքն ընդամենը երեք անդամ ունեցող «Partij voor Naastenliefde, Vrijheid en Diversiteit» կուսակցության մասին է, որի պլատֆորմի մեջ իրոք մտնում էր օրինականացնել սեռական հարաբերությունները՝ սկսած 12 տարեկանից: Ի՞նչ եղավ այդ կուսակցությանն «այլասերված Եվրոպայում»: 2006 թվականին ըստ հարցումների Նիդերլանդների բնակչության 82 տոկոսը ակտիվ կերպով պահանջում էր կառավարությունից արգելել PNVD-ին մասնակցել ընտրություններին: Կուսակցության անդամներից մեկը կորցրեց իր դասախոսի հաստիքը՝ կուսակցության հետ կապի պատճառով: Կուսակցության անդամները հակապեդոֆիլական կազմակերպությունների հսկողության տակ են:

Ինչու՞: Որովհետև ամեն երկրում էլ կան հիվանդ մարդիկ, ու ամեն տեղ դա տարբեր կերպ է արտահայտվում:

Ընդ որում, «անբարոյական Եվրոպաներում» պեդոֆիլիային «բարոյական Հայաստանից» շատ ավելի լուրջ են վերաբերվում ու շատ ավելի խիստ պատժամիջոցներ են կիրառում: Օրինակ, անչափահասի նկատմամբ սեռական բռնության համար Լեհաստանում (2009-ից) ու Էստոնիայում (2012-ից) որպես առավելագույն պատժամիջոց կիրառվում է ՀԱՐԿԱԴԻՐ ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՍՏՐԱՑԻԱ: «Բարոյական Հայաստանում» բացենք ՀՀ Քրեական օրենսգիրքը, Գլուխ 18, Հոդված 138.
2. Բռնաբարությունը, որը՝
...
3) կատարվել է անչափահասի նկատմամբ,
...
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
Սրբազանագույնը նաև կցանկանա, ասենք, խոսել ինցեստի օրինականացման մասին. եվրոպական որ երկրի օրենսգիրքը բացեցի, ինցեստը քրեորեն պատժելի էր: «Բարոյական Հայաստանում ու Ռուսաստանում» ինցեստն օրենքով լրիվ թույլատրելի է:

Եթե հովվապետը համարում է, որ ամբոխի միջոցով լինչի դատաստանի ենթարկելն է խնդրի լուծում, ոչ թե օրենքը, ապա կցանկանայի ֆիքսել, որ ի մեծ դժբախտություն իրեն, մենք ապրում ենք ոչ թե 16-րդ, այլ 21-րդ դարում:

Բայց ես գրառումս վերևում ասվածի համար չէի սկսել: Իմ նպատակը լրիվ այլ էր:

Ինչու՞ ենք մենք դատապարտում պեդոֆիլիան ու պայքարում դրա դեմ: Մի՞թե որովհետև այն «անբարոյական, հակաբնական, ինչ-որ աստծո անհաճո, դատապարտելի, տհաճ» երևույթ է: Իհարկե ոչ: Այդպես կարող է կարծել միայն մարդն, ում կրոնը մտրակի ու գազարի սկզբունքով է աշխատում. մեղավորներին պատժել, առաքինիներին պարգևատրել, զուտ հավատացյալի շահամոլությամբ: Բայց եկեք հիշենք, որ աշխարհիկ պետության օրենքները ստեղծված են ոչ թե մեղավորին պատժելու, այլ անմեղին պաշտպանելու համար: Հետևաբար, պեդոֆիլիայի դեմ պայքարը նպատակ ունի ոչ թե պատժել պեդոֆիլներին, այլ պաշտպանել երեխաներին: Դրա  համար մենք պեդոֆիլիան սահմանում ենք ոչ թե որպես սեռական հակում սեռական հասունացման չհասած անձանց նկատմամբ (դա պեդոֆիլիան կլինի՝ հոգեբուժության տեսանկյունից, սահմանված ICD-10 ու DSM-5 դասակարգումներում), այլ որպես սեռական գործողություններ անձանց նկատմամբ, որոնք դեռ չեն ձևավորել հասարակական ու սեռական վարքի նորմեր ու ի վիճակի չեն ադեկվատ արձագանք տառ իրենց նկատմամբ իրականացվող սեռական գործողություններին: Մենք պաշտպանում ենք երեխաներին սեռական շահագործումից, որի համար կարող է օգտագործվել նրանց անփորձությունը, ու հնարավոր ֆիզիկական ու հոգեբանական տրավմաներից, որոնց մի մասը կարող է անդառնալի լինել: Միգուցե փոքրիկ, վրիժառու, արյունարբու կրոնի ներկայացուցիչն ի վիճակի չի դա հասկանալ, բայց օրենքի նպատակը երեխաներին պաշտպանելն է, ոչ թե «անբարոյականներին» պատժելը: Պատիժն ընդամենը անհրաժեշտության ծնունդ է. եթե հնարավոր լիներ երեխաներին պաշտպանել՝ առանց պատժի անհրաժեշտության, ես երկու ձեռքով կքվեարկեի այդ եղանակի օգտին:

Եթե սրբագույնը նպատակ ունի ամբոխի մեջ ագրեսիա առաջացնել ցանկացած գնով՝ բերելով նույնիսկ իրականությանը չհամապատասխանող դրույթներ, ենթադրություններ ու սպեկուլյացիա, ապա նրա եղանակը կարող է գործել: Հակառակ դեպքում նա պարզապես մոլորվել է սեփական դոգմաների մեջ:

Իսկ այժմ՝ հարց կողքից դիտողին. արդյո՞ք դուք պատրաստ եք լսել մեկին, ով ձեր՝ իր կարծիքով թույլ կողմերն օգտագործելով (ծնողական զգացմունքներն, օրինակ), պաթոս ու այլ հռետորական  հնարքներ կիրառելով փորձում է ձեզ ծառայեցնել իր եկեղեցու նպատակներին, իր եկեղեցու դոգմաներին:

Տեր Կյուրեղ քահանա Տալյան, դուք չեք հոգում երեխաների բարօրության ու անվտանգության մասին: Դուք ստեղծում եք պանիկա ու ագրեսիա ամբոխի մեջ՝ նույնասեռականների ու վերջիններիս իրավունքները պաշտպանողների դեմ այն ուղղելու նպատակով: Միգուցե մակերևույթի վրա դուք հավատում եք, որ բարի գործ եք անում՝ թող ձեզ վերջում ձեր աստվածը դատի: Բայց քանի դեռ ես կամ, ձեր խոսքը բախվելու է իմ խոսքին, ու երկուսս էլ գիտենք, որ իմ խոսքը լինելու է շատ ավելի ծանր, հիմնավորված ու ամուր, քան ձեր խոսքը, ու որ ես ձեր խոսքը փշրելու եմ: Ավելին, ձեզանից շատ ավելի երիտասարդ լինելով, ես ձեզանից էլ, ձեր ասած խոսքերից էլ երկար եմ ապրելու: Դուք երբեք չեք կարող ինձ հաղթել:

Բարի խորհուրդ՝ խելամիտ ընտրեք ձեր հակառակորդներին:

No comments:

Post a Comment