Ժող, ունեմ նորություններ:) նախ, դատը հետաձգվեց մինչև ամսի 16-ը: Երկրորդ, ու հանկարծ կտրուկ ռեակցիաներ չտաք, հակընդդեմ հայց են ներկայացրել իմ դեմ, իբր «Anti-Մեկ Ազգը» վիրավորել է Գոռին, Ադոլֆին ու Հայ Առաքելական Եկեղեցուն ու ես պետք է էջի անունից ներողություն խնդրեմ ու էջը լուծարեմ:
Տանձներիդ չեք դնում:) ֆեյսբուքյան էջը հասարակական նախաձեռնություն է, ու նրա ամեն անդամը պատասխանատու է իր սեփական արարքների համար: Խմբի անունից կատարված հայտարարությունները կատարվել են խմբի հինգ ադմինիստրատորների անունից, ու նույնիսկ իրենք՝ ադմինիստրատորները չեն կարող ասել, թե որը որի անունից է արվել, քանի որ նույնիսկ համարակալումը միշտ քաոսի է վերածվել: Ադմինիստրատորները խմբում կատարում են զուտ տեխնիկական ֆունկցիա ու ոչ թե պարտավորությամբ, այլ սեփական նախաձեռնությամբ ու համակարգի տրամադրած տեխնիկական հնարավորությամբ զբաղվում են հայհոյախոսությունների հեռացմամբ՝ հնարավորինս չճնշելով անդամների խոսքի ազատությունը, որն ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ:
Այլ կերպ ասած, հակընդդեմ հայցն ամենայն հավանականությամբ վարույթ չի ընդունվի, իսկ եթե ընդունվի էլ՝ չի հաղթի:
«Մեկ Ազգն» ընդունել է, որ իրենց կազմակերպության անդամներից մեկը՝ Կարապետ Թումանյանն է «ինքնագլուխ» արել «գռեհիկ արտահայտությունները»: Անձամբ իմ ենթադրությունն այն է, որ Կարապետին քավության նոխազի դիրքում են դրել ու լավ համոզել, որ «նա զոհաբերում է իր հպարտությունը հանուն դաշինքի հայրենանվեր գործի»: Եթե դա իրոք այդպես է, ապա ազնիվ հարց Կարապետին, որի պատասխանը ոչ թե ինձ պետք է տա, այլ ինքն իրեն. քեզ չի՞ թվում, որ Գոռ Թամազյանը պատրաստ է կազմակերպության ամեն անդամի ինքնազոհությունն ընդունել, բացի ինքն իրենից:
Մյուս կողմից՝ ինձ այնքան չեն նեղում «Մեկ Ազգի» «գռեհիկ արտահայտություններն», ինչքան փորձը՝ իմ գործունեությունը քաղաքական կոնկրետ կուսակցության կցել (մասնավորապես՝ Հայ Ազգային Կոնգրեսի երիտթևին) ու որպես քաղաքական ներկայացնել: Ենթադրում եմ՝ նման վարքը, մեկնաբանվելով ՀԱԿ-ի քաղաքականության գոռթամազյանական մեկնաբանության հիմնավորման տեսանկյունից, կարող է վնասել թե՛ իմ (ապաքաղաքականացված և անշահախնդիր գործունեությունը ներկայացվում է որպես քաղաքական մոտիվացիայով ու շահով ուղղորդված), թե՛ ՀԱԿ-ի (ներկայացվում է, թե ՀԱԿ-ն ունի գաղտնի հրեամասոնաիլյումինատասատանիստ երիտթևցիներ, որոնք ծպտյալ բարոյալուծում են Հայաստանը՝ բան, որը բավական է մեր ֆունդամենտալիստներին բիզ-բիզ կանգնեցնելու համար) հեղինակությանը վնասելու համար:
Ես պատրաստվում եմ դիմել Հայ Ազգային Կոնգրեսին, որպեսզի նրանք ելույթ ունենան պաշտոնական հայտարարությամբ, որ ես ՀԱԿ երիտթևի կամ որևէ այլ կառույցի անդամ չեմ ու երբևէ չեմ հանդիսացել: Բացի դրանից, կոչ եմ անում Հայ Ազգային Կոնգրեսին միանալ մեր իրավական հայցին ու կասեցնել անհիմն զրպարտանքների այն անձրևը, որն այդքան անպատասխանատու կերպով տեղում է «Մեկ Ազգ» կազմակերպությունների դաշինքը:
Էլի մի բան կա, բայց կպահեմ մինչև հակընդդեմ հայցի մասին ծանուցագիր ստանալը: Հզոր նորություն է:))) ու կարող է այս հարցը լուծել այժմ և առհավետ:
No comments:
Post a Comment