Mediamax-ի Արա Թադևոսյանի հոդվածից իմացա, որ BlogNews.am-ին դատի են տվել: Դե, շատ չծավալվեմ Թադևոսյանի հոդվածի կապակցությամբ (սահմանափակվեմ ձեր առաջ գլխարկս հանելով, սեր), բայց մեկնաբանություն էի գրել, ու առավոտը որոշեցի այն կարգի բերել ու առանձին հոդված դարձնել: Ինձ առավել անհանգստացրեց Անտինյանի հոդվածի տակի ակտիվությունն ու հնչած կոչերը: Ու այն, որ Անտինյանի ճառին դրական արձագանք էին տալիս իմ կողմից հարգված բլոգգերներ, մասնավորապես՝ Գրիգոր Երիցյանը:
Ժողովուրդ, եթե չեք ուզում արժեզրկել խոսքի ազատությունը, թույլ մի տվեք, որ այն աջ ու ձախ շահարկեն: Մասնավորապես, թույլ մի տվեք, որ մարդիկ շահարկեն «խոսքի ազատություն» արտահայտությունն ու նրա առաջացրած արձագանքը՝ սեփական արարքների համար պատասխանատվությունից խուսափելու համար:
Նախ՝ եկեք հիշենք, որ խոսքի ազատությունը, որը տարածվում է անհատի վրա, չի տարածվում, ասենք, կազմակերպության վրա, ու լրիվ այլ է մամուլի խոսքի ազատությունը:
Նախ, Անտինյանը թող կողմնորոշվի, ի՞նքն է արել այդ արտահայտությունը, թե՞ BlogNews.am-ը: Եթե ինքն է, ապա կայքը գործի մեջ թող չխառնի, դատական գործն անձամբ իր նկատմամբ է: Եթե արտահայտությունն արել է BlogNews.am-ի անունից, ապա քննարկենք երկրորդ հարցն. ի՞նչ է BlogNews.am-ը, լրատվակա՞ն, թե՞ պրոպագատոր՝ վերլուծական սյունակով: Եթե պրոպագատոր է, ապա լրատվամիջոցների վրա տարածվող ազատություններից ոչ մի կերպ չի կարող օգտվել: Եթե լրատվամիջոց է, ապա ինչու՞ է զբաղվում զուտ պրոպագատորական գործունեությամբ: Ի վերջո, ես կասկածում եմ, որ BlogNews.am-ը լինի իրավականորեն գրանցված լրատվամիջոց: Ու եթե իմ կասկածները ճիշտ են, ապա Անտինյանի լրատվամիջոցի ազատության մասին բոլոր բոցաշունչ խոսքերը ոչ այլ ինչ են, եթե ոչ հասարակ սուտ՝ ուղղված մասսայի սենտիմենտի վրա ազդելու և մոլորության մեջ գցելու:
Երկրորդ, եկեք հիշենք, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկն օլիգարխ է, դա դեռ չի նշանակում, որ նրա արած ցանկացած արարք հակաօրինական է: Ու սա ես ասում եմ, լինելով Մաշտոցի այգու ակտիվիստ: Եթե ցանկանում եք պայքարել օլիգարխիայի դեմ, դա դեռ հիմք չի որոշել, որ երբ օլիգարխը շնչում է, խախտում է ձեր նասկի հագնելու ազատությունը: Արտակ Սարգսյանի մասին առաջին անգամ եմ լսում՝ երբեք առանձնապես չի հուզել, թե ով է SAS-ի տերը, բայց նա գործարար անձ է, որն ունի գործարար համբավ: Ու այդ գործարար համբավը նույնպես պաշտպանվում է: Ու եթե Արտակ Սարգսյանը համարում է, որ իր գործարար համբավին առանց իրական հիմքերի վնաս է հասցվել, ապա նա իրավունք ունի վիճարկել ռեաբիլիտացիայի ու կոմպենսացիայի հարցը դատարանում: Այսինքն, Արտակ Սարգսյանն, անկախ նրանից, թե որքանով էր ճշմարտացի Անտինյանի երշիկային հայտարարությունը, շարժվել է զուտ օրենքով: Եթե Անտինյանը դատարանում կարողանա ապացուցել, որ Արտակ Սարգսյանի հասցեին իր հնչեցրած մեղադրանքը ճշմարիտ է, ապա դատարանը հարցը կորոշի նրա օգտին:
Մտածեք, խնդրում եմ, ուշադրություն դարձրեք մանրուքներին. եթե Անտինյանն, ասած ինքը, «լրատվամիջոց» է, իսկ Սարգսյանն՝ օլիգարխ, ապա արդյո՞ք դա լրիվ, 100%-ով նշանակում է, որ Անտինյանի ցանկացած ասած Սարգսյանի հասցեին ճշմարտություն է: Իհարկե ոչ:
BlogNews.am-ը վաղուց էր ջան քաշում դատական գործի համար: Մի անգամ ինձ «համասեռամոլ» էին հայտարարել ու ես տատանվում էի Անտինյանին միջինից ցածր, բայց խիստ ստորացուցիչ մարմնական վնասվածքներ հասցնելու ու դատի տալու միջև: Բայց դե բուդդիստական ասացվածքն ասում է՝ մի՛ ատիր թշնամուդ, նստի՛ր գետի ափին, ու սպասիր, թե երբ գետը քո կողքով կքշի նրա դիակը:
Անդրարառնանք ընթացակարգին, երբ Ա լրատվականն ինֆորմացիա է ստանում, որ Բ մարդը Գ խանութից Դ է գնել, կերել ու թունավորվել: Այդ դեպքում պետք է.
- Նախ՝ ստուգի ինֆորմացիան, որովհետև լրատվականը շենքի տատերի բամբասանք չպետք է լինի՝ միգուցե Բն պարզապես մրսել է, բայց հայ ռազմահայրենասիրական դժգոհությունից դրդված՝ մեղադրում է նրան, ով առաջինը ձեռքն ընկավ:
- Շարադրի և ուղղորդի ինֆորմացիան ու հայտարարությունները երրորդ դեմքով: Որովհետև եթե նույնիսկ Բ մարդն իրավունք ունի համոզված լինել սեփական ճշմարտացիության մեջ, ապա Ա լրատվականը պետք է առնվազն համտեսի չարաբաստիկ նրբերշիկն ու թունավորվի, որ ձեռք բերի նույն համոզվածության իրավունքն ու հայտարարություններ անի առաջին դեմքով:
- Դատական հայց ստանալու դեպքում հայտի պատասխանի մեջ նշի, որ ինքն ընդամենը հրապարակել է 3-րդ անձից ստացած ինֆորմացիան ու ոչ մի կերպ պատասխանող կողմ լինել չի կարող:
Ինչքան էլ հեգնական չստացվի, բոլոր օլիգարխներին օլիգարխ դարձրած գիծն էլ տարբեր մեթոդներով օրենքը շրջանցելն ու փող աշխատելն է: Ո՞վ գիտի, մի օր էլ Մաշտոցի այգում ստիպված լինենք պայքարել Բլոգնյուզի Արամ անունով մի օլիգարխի տեղադրած կրպակների դեմ:
Բլոգնյուզը նման է բլոգոլորտի մեջ ընկած մոլախոտի: Ֆինանսական ներդրում ունենալով ու լավ գովազդվելով սոցիալական ցանցերում, այն դիտումներ է գողանում բլոգերներից՝ օգտագործելով նրանց իսկ նյութերը: Ուշադիր եղեք՝ բլոգերները հնարավորություն չունեն պահանջել իրենց նյութը հեռացնել կայքից: Ա-լյա «դուք գրեք, մենք միայն գովազդենք ու փող աշխատենք»: Արդեն սկսել է կիրառվել «հատուկ բլոգնյուզի համար» գրված նյութերի պրակտիկան, որը կարող է բերել բլոգոսֆերայի կենտրոնացման այդ պորտաբույծ կայքի շուրջ: Այդ կոնտեքստում ես կնախընտրեի, որ բլոգնյուզը չորանար, ինչպես պետք է չորանա ամեն մոլախոտ:
Հիմքեր կան ենթադրել, որ իմ այս գրառումը տեղ չի գտնի BlogNews.am կայքում :D
Հիմքեր կան ենթադրել, որ իմ այս գրառումը տեղ չի գտնի BlogNews.am կայքում :D
No comments:
Post a Comment