Wednesday, February 29, 2012

Անդրադարձ անդրադարձներին. «Հայելի» ակումբ


Watch live streaming video from a1plus at livestream.com
Տեքստային տարբերակն՝ այստեղ: Իսկ հիմա տեսնենք, թե որքանով են ազնիվ իմ օպոնենտները: Մասնավորապես՝ «Առավոտը»: Եթե կարդաք սա, ապա կտեսնեք.
  • Նյութի տեքստն էական կերպով չի փոխված՝ միայն վերաձևակերպված է այնպես, որ ընթերցողի ուշադրությունը չկենտրոնանա առանձին տարրերի ու անհամապատասխանությունների վրա՝ փոխարենը կանգ առնելով «վերլուծության» վրա:
  •  Նյութը լրագրողի էթիկայի բռնաբարություն է, քանի որ լրագրողի վերաբերմունքն իրավունք չունի վերապահ լինել, իսկ հոդվածում անկողմնապահության նշույլ անգամ չկա:
  • Նյութի մեջ արված արտահայտությունները կամայականորեն վերադասավորված են, որպեսզի համապատասխանեն հոդվածի հեղինակի տեսանկյունին (օրինակ, Վարդան Դևրիկյանին անգրագետ ես անվանում եմ երկու անգամ լրիվ անհիմն կերպով «ձեր ասածն անգրագիտություն է» արտահայտությունը լսելուց հետո):
  • Բանավեճի էական ու բեկումնային կետերը չեն ներկայացված:
Այժմ անդրադառնանք բուն բանավեճին: Ես ոչ էթիկ համարեցի բանավեճի ժամանակ փորձել վարկաբեկել օպոնենտին, թեև կարող էի դա անել՝ նույնպես փաստերը մասնակի ներկայացնելով: Բայց հիմա ազնվորեն կներկայացնեմ, թե ինչ գիտեմ իմ օպոնենտի՝ Վարդան Դևրիկյանի մասին:

Օրվա երաժշտությունը

Zbignew Preisner, "Requiem for My Friend, Lacrimosa"

Tuesday, February 28, 2012

forever alone

Ժամանակն է կտրուկ փոխել կյանքս: Մի չարախնդացեք, խնդիրը գաղափարական չի:

Բարի գալուստ «forever alone» ակումբ:

Սրտովս արյուն է գնում, բայց կդիմանամ:

Sunday, February 26, 2012

Dochtar Goochani

Մարկետա Իրգլովայի սոլո ալբոմն էի լսում («Once» ֆիլմը տեսածներին երևի հոգեհարազատ կլինի Մարկետայի անունը), ու հանկարծ... պարսկական ժողովրդական երգ: «Dochtar Goochani», ցավոք, թեթև պարսկերենով, որը գիտեմ, միայն հասկանում եմ, որ նշանակում է «...(Goochan) ի դուստր»: Հետաքրքիր են համատեղվում ինչպես Մարկետայի ու նրա հետ միասին երգող/պերկուսիոնիստուհի Աիդա Շահղասեմիի ձայներն, այնպես էլ դաշնամուրն ու պարսկական ֆոլկը:

Երգը Մարկետայի 2011 թ. «Anar» («Նուռ», եթե թարգմանենք պարսկերենից) ալբոմից է:) մնում է գտնել բառերն ու թարգմանել:

Friday, February 24, 2012

Օրվա երաժշտությունը

Крематорий, "Сексуальная Кошка"

Վերադարձ

Երևի վերջին գրառումս չափազանց դրամատիկ հնչեց ինձ ու ազգականներիս ուղղված սպառնալից հաղորդագրությունների (որտեղ բռնեմ, մորթելու եմ, *** սատանիստ և այլն) և այլ, ավելի ակնհայտ ու տհաճ հետևանքների պատճառով:

Ցանկացած դեպքում, այդ պահին իմ հուսալքությունը երևի շատ մարդկանց հիմք տվեց ենթադրել, որ ես կարող եմ թույլ լինել: Ցավում եմ, բայց դա այդպես չէ:

Հատուկ շնորհակալություն բոլոր առաջադեմ անձանց ու լրատվամիջոցներին, ովքեր պաշտպանեցին ինձ կամ էլ քննադատեցին ըստ սեփական խելամտության, ոչ թե ստերեոտիպների: Բայց մի քանիսն էլ մի փոքր չափն անցան: Երկուսին՝ իմ հին անտիպատիաներին, կանդրադառնամ:

Տարօրինակ է, որ Օֆելի Մինասյանն իմ մասին արտահայտվել է ոչ թե իր անձնական բլոգում (ասել է թե՝ հայկական Կոսմոպոլիտենում, որի մասին ես մի քանի քաղցր խոսք հասցրել եմ ասել), այլ ֆեյսում: Հարգելիս, Պերուում շատ գեղեցիկ մի լեռնային գյուղ կա, Լագունա Լանգուի լճի մոտակայքում՝ լսած կլինես: Առաջարկում եմ այնտեղ արձակուրդ գնալ, կօգնի ցրվել ինձ գովազդելու մտքերից: Ասում են՝ դա Հարավային ամերիկայի միակ վայրն է, որտեղ ազատության մեջ փղեր են ապրում:

Բլոգը շուտով կվերադառնա իր սովորական գործունեությանը: Շնորհակալություն ուշադրության համար: Thundergod is back.

Wednesday, February 22, 2012

Պարզաբանում

Քանի որ երեկվա ակցիայից հետո եղավ մեծ արձագանք՝ թե դրական, թե բացասական, կարծում եմ, որ պարտավոր եմ պարզաբանում տալ երկու կողմերին էլ:

Նախ՝ նրանց, ում դա վերաբերում է: Եթե անձամբ ինձ հետ խնդիրներ ունեք, ապա տղամարդկություն ունեցեք ձեր խնդիրներն անձամբ ինձ հետ լուծել: Հանգիստ թողեք իմ ընտանիքին, ազգականներին, ընկերներին:

Երկրորդը: Շատ քննարկվեց իմ կրոնափիլիսոփայական ուղղվածությունն ու ես նույնիսկ մահվան սպառնալիքներ եմ ստանում (պատժելի ՀՀ Քրեական Օրենսգրքի գլուխ 17, հոդված 137-ով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել՝ պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»): Նախ, պահանջում եմ դադարեցնել իմ բլոգի նյութերը կիրառել լիցենզիայի խախտմամբ, հակառակ դեպքում ես ստիպված կլինեմ պայքարել դրա դեմ օրենքի ողջ խստությամբ: Այս հոդվածում ես կփորձեմ հայտնել այն ամենն, ինչ դուք պետք է իմանաք իմ մասին, ու սա վերաբերում է թե՛ ինձ բարեկամաբար, թե՛ թշնամաբար տրամադրված մարդկանց: Այս գրառման մեջ ես կկանգնեմ մերկ ու ի ցույց կդնեմ իմ թե՛ ուժեղ, թե թույլ կողմերը: Կարծում եմ՝ այգում ցրտին ինձ հետ միասին սեփական կամքով այսքան օրեր սառող մարդիկ գոնե վաստակել են այդ իրավունքը:

Ես սատանիստ եմ, ոչ սատանայապաշտ (չեմ պաշտում սատանային ու չեմ ընդունում նրան որպես իրական հոգևոր անձ): Թե ինչ է նշանակում սատանիզմ, կարող եք կարդալ իմ վերլուծական հոդվածում: Ես սիրում եմ կրոնական թեմաներով բանավեճեր, կարող եմ զրուցել բազմաթիվ կենդանի ու մեռած կրոններից, բայց չեմ զբաղվում կրոնական կամ սատանիզմի պրոպագանդայով: Ագրեսիա չեմ տածում քրիստոնյաների նկատմամբ, եկեղեցիների նկատմամբ վանդալիզմին դեմ եմ, կողմ եմ եկեղեցիների ու խաչքարերի պահպանմանը՝ որպես ազգային ու մշակութային արժեք: Դեմ եմ կոռուպցիային ու չարաշահումներին Հայ Առաքելական Եկեղեցու շարքերում, բայց չլինելով այդ կրոնի հետևորդ ինձ իրավունք չեմ վերապահում լուրջ միջամտությունների դիմել այդ հարցերում: Դեմ եմ ցանկացած կրոնական ուղղվածության քայլերի, որոնք սահմանափակում են մարդուն վերապահված իրավունքներն ու ազատությունները: Հնարավորինս մասնակցում եմ մարդասիրական ակցիաների, կերակրում եմ փողոցային կենդանիներին, քանի որ հավատում եմ իմ ու մնացած մարդկանց բարությանը:

Ինչպես երևի հասկացաք իմ վերոհիշյալ հոդվածից, սատանիզմը կրոն չի: Իմ կրոնական համոզմունքների մասին կարելի է առավել ճշգրիտ արտահայտվել, որ ես գնոստիկ-նեոպլատոնիստ եմ, ընդունում ու քննարկում եմ մարդու ու տիեզերքի ծագման մասին ակադեմիկ գիտության տեսանկյունները: Ես, ինչ էլ որ ասեն, գերեզմանոցներ գնում եմ միայն մահացած ազգականներիս, ընկերներիս և այլ ծանոթներիս այցելության: Մարդկային զոհաբերություններ, կրոնական ծեսեր, օրգիաներ և այլ նման երևույթներ չեմ իրականացնում: Եկեղեցական տոները՝ Զատիկը, Վարդավառը և այլն, անկախ իրենց ծագման, նշում եմ ըստ հանգամանքների, քանի որ ընդունում եմ, որ դրանք նաև իմ կյանքի ու ազգային գիտակցության մասն են կազմում, ու նրանց իմ կյանքից հանելը միայն քրիստոնյա չլինելու պատճառով ծայրահեղական ու ֆանատիկ երևույթ է:

Թմրադեղեր չեմ օգտագործում: Ալկոհոլ չեմ չարաշահում: Օրենքին հետևում եմ գիտելիքներիս չափով, այդ ոլորտում գիտելիքներս ձգտում եմ աստիճանաբար համալրել: Զբաղվում եմ գրական գործունեությամբ որպես գրող, ազատ լրագրող, բլոգգեր ու գրաքննադատ:

Քաղաքական որևէ կուսակցության կամ ճամբարի չեմ պատկանում, քննադատում եմ անկարգությունների և այլն բռնի միջոցների կիրառմամբ իրականացվող իշխանափոխության կամ քաղաքական ակտիվիզմի փորձերը: Քաղաքական ցույցերի չեմ մասնակցում: Չեմ հավատում, որ հակասահմանադրական միջոցներով կարելի է պաշտպանել ՀՀ Սահմանադրությունը:

Հետերոսեքսուալ սեռական ուղղվածության եմ, չեմ հպարտանում դրանով կամ ամաչում դրանից, քանի որ չեմ կարծում, թե սեռական ուղղվածությունը հպարտության կամ ամոթի պատճառ է: Հոմոֆոբ չեմ, ռասայական, սեռական կամ ազգային նախապաշարմունքներ չունեմ ու դեմ եմ ցանկացած խտրականության:

Պոլիգամ եմ ու հավատում եմ ազատ սիրո ու սեռական ազատության գաղափարին, բայց չեմ սիրում, երբ այն ընդունում է ցուցադրական, արհեստական ու ծայրահեղ տեսք, առավել կատարյալ եմ համարում 60-ականների հիպպիական կոմունաներում գործող տարբերակը:

Հոգեկան որևէ խանգարումով չեմ տառապում: Հակված եմ դեպրեսիվ ու ընկծված շրջանների: Ունեմ սրտամկանի նեյրոբլոկադա/դիոքսիա (նևրոզ), ստամոքսի էրոզիվ գաստրիտ/նախախոցային վիճակ, ստամոքսի վերին սֆինկտորի ռեֆլյուկս: Նյարդային խիստ լարված վիճակում ունենում եմ ուշագնացություններ: Կարճատես եմ (-6,5/-7):

Ծառայել եմ ՀՀ Զինված Ուժերում 2005-2007 թվականներին, չնայած առողջական վիճակս թույլ էր տալիս խուսափել զինծառայությունից: 2012 թվականին դուրս եմ գրվել պահեստազորից, քանի որ աստիճանաբար վատացող տեսողությունը բացառում է իմ օգտավետությունը ՀՀ Զինված Ուժերի կազմում: Անկախ դրանից, ռազմական գործողությունների վերսկսելու դեպքում պարտավորվում եմ մասնակցել երկրի պաշտպանությանը որպես կամավոր:

Բարձրագույն կրթություն չունեմ, չորրորդ (վերջին) կուրսի վերջին կիսամյակից ինքնակամ թողել եմ Եվրոպական համալսարանի կիրառական ծրագրավորման ֆակուլտետն անձնական ու կազմակերպչական խնդիրների պատճառով:

Ներկայումս եկամուտի աղբյուրներ չունեմ, բայց չունեմ նաև այնպիսի ծախսեր, որոնք չկարողանամ հոգալ: Ֆինանսական աջակցության կարիք չեմ զգում: Երեկվա իմ արարքի անհրաժեշտությունն ու նշանակությունը գիտակցելով, ես գիտակցում եմ, որ գործնականում ինքնաոչնչացման եմ գնացել ու չեմ կարողանա դիմադրել այն բոլոր ուժերին ու կազմակերպություններին, որոնք հիմա ինձ դեմ դուրս կգան: Սեփական ապագայի առումով գտնվում եմ խորը հուսալքության վիճակում, բայց ոչ ոքից պաշտպանություն չեմ խնդրում: Մաշտոցի այգու համար շարունակելու եմ պայքարել մինչև վերջ, քանի որ այդ գործն ավելի մեծ ու նշանակալի եմ համարում, քան ինքս ինձ: Հորդորում եմ բոլոր այնտեղ կանգնած մարդկանց չընկճվել, շարունակել պայքարը նույնիսկ եթե ես կամ մեկ ուրիշը հնարավորություն չունենա կանգնել իրենց կողքին:

Մարգարյան ծննդատան հարևանությամբ գտնվող այգու նստացույցին մասնակցում եմ սեփական որոշմամբ, ոչ թե ինչ-որ մեկի դրդմամբ ու անձամբ հաստատում եմ, որ ցույցը կրում է խաղաղ ու ինքնաբուխ բնույթ:

Եթե սա նույնիսկ իմ վերջին բլոգային գրառումը լինի, կցանկանայի տեղեկացնել, որ գտնվում եմ նորմալ առողջական վիճակում, չեմ պատրաստվում որևէ հուզական կամ այլ ծայրահեղ բնույթ կրող քայլերի գնալ, մասնավորապես՝ վնասել իմ կամ մեկ ուրիշի կյանքին: Չեմ վախենում իմ նկատմամբ բռնության հնարավոր փորձերից, քանի որ ձգտել եմ անել այն, ինչ ճիշտ եմ համարել ու իմաստ չունի ափսոսալ դրա համար:

Ազատ եք դատել ինձ կամ ընդունել այնպիսին, ինչպիսին կամ: Ցտեսություն:

Ավելացում. երեկվա դեպքերի հետևանքների պատճառով ստիպված եմ եղել խզել կապերս ընտանիքիս հետ: Երեկվանից ես մշտական բնակության վայր չունեմ:

Tuesday, February 21, 2012

Expect us.

Երեխեք, հարազատներս, եղբայրներս ու քույրերս, բոլորն, ովքեր պայքարում են Մաշտոցի այգու համար: Գիտեմ, որ ամեն ինչ շատ վատ է, բայց դուխներդ չգցեք հանկարծ: Մենք մենակ չենք: Օգնությունը ճանապարհին է:


Sunday, February 19, 2012

Նստացույց, օրեր 7-րդ և 8-րդ

Play the man, Master Ridley; we shall this day light such a candle, by God's grace, in England, as I trust shall never be put out.
Hugh Latimer

Այսպիսով, ցույցի յոթերորդ և ութերորդ օրերի մասին:

Օր Յոթերորդ
Օրը սկսում է ոստիկանների կողմից առավոտը շուտ նստացույցի մասնակիցներին բռնի կիսակառույց կրպակի կարկասից տեղահանելով, որտեղ մեր հավաքատեղին էր: Այդ ժամին ցուցարարների քանակը դեռ յոթ էր, ու նրանք փորձում են պատ կանգնել ու խաղաղ դիմադրել ոստիկանների կիրառած ուժին, բայց ոստիկանները նրանց հրմշտելով դուրս են գցում:

Բետոնախառնիչ մեքենան գալիս է, ինչպես նախորդ օրը: Ահա թե ինչ է տեսնում բետոնախառնիչ մեքենայի տակ պառկած մարդը.

Ուղիղ մեր աչքերի առաջ շարունակում է մոնտաժվել բուտիկների մետաղական կարկասը: Վերջապես «Մաշտոցի և Արայի փողոցների (չեմ հիշում մի քանի բառ) առընթեր կրպակների իրացման ու նորերի տեղադրման Երևանի քաղաքապետարանի նախագիծ» փաստաթուղթ են ներկայացնում, որը կտրուկ տարբերվում է նախորդ օրը բերված գրիչով ուղղումներով կեղծիքից, որը մեր ձեռքերում չհայտնվեց (այս մեկը մենք ունենք երկու պատճենով):

Friday, February 17, 2012

Մեմվեցինք, փաստորեն


Չմեռանք՝ մեմ էլ դառանք: Շնորհակալություն Սևակ Կիրակոսյանին:) Rage comic էլ սարքեցի Կիռայի առաջարկով.
Իսկ հիմա՝ օ՛ն դեպի Մաշտոցի այգին: Գոնե ջերմությունս իջներ: