Wednesday, August 7, 2013

Եթե ծառն ընկնի անտառում

Երբևէ ցանկացե՞լ ես սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

1տ DXM-ի ազդեցության տակ պառկած ես բազմոցին: Բոլորը մտածում են, որ դու չկաս:

Անունները փոխված են՝ մեղավորներին պաշտպանելու համար:

Աշոտի կյանքում, ինչքան իրեն գիտես, «սև շրջան է»: Այսօր նա փորձում է ֆլիրտ անել Գայանեի հետ: Վաղոն նրա ամենամոտիկ ընկերն է:

Վաղոն կարծես թե ուրախ է, որ Աշոտի մոտ ինչ-որ բան ստացվում է: Քաջալերում է:

Անջատենք էմպատիկ կորրեկցիան (կբացատրեմ, թե ինչ է): Ամեն անգամ, երբ Աշոտը մոտենում է Գայանեին, Վաղոն հայտնվում է իրենց կողքը, կատակներ անում, ուշադրությունը շեղում իր վրա: Տարօրինակ օրինաչափությամբ:

Վաղոն համարում է, որ աշխարհն իր նկատմամբ անարդար է: Նա նախանձում է Աշոտին, չնայած իր անձնական կյանքը շատ ավելի լավ ստատուսում է: Իր ընկերուհին այդ օրն իրեն ցրել է ու չի եկել:

DXM-ի ազդեցության տակ արթնացած պարանո՞յա: Միգուցե: Բայց տեսնենք:

Էմպատիկ կորրեկցիան տականք երևույթ է: Երբ մարդու մասին պատկերացում ունես, սկսում ես նրա արարքները մեկնաբանել ըստ այդ պատկերացման: Ու հաճախ նաև ուղղորդել նրա արարքները, լրացնել նրա խոսքերն այնպես, որ նա բոլորի համար դառնում է այնպիսի մարդ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես:

Դրա համար էլ կարևոր է սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

Վաղոն իրեն լքված է զգում, սկսում է լաց լինել, բռունցքով հարվածել պատին: Այժմ նա բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը պատրաստ են ենթարկվել նրա քմահաճույքներին: Ես անշարժ պառկած եմ բազմոցին:

Правда или действие են խաղում: Վաղոն իր ցանկություններով փորձում է ստորացնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի հագուստը հանել և այլն: Ես խեղկատակի կերպարի մեջ եմ մտել. խեղկատակին ամեն ինչ կարելի է: Հարամում եմ Վաղոյի բոլոր ցանկությունները: Երբ ալկոհոլն ու անհամբերությունը կանեն իրենց գործը, նա բացահայտ կխաղա:

Ամեն անգամ, երբ Վաղոն բորբոքվում է, ես կատակում եմ, բոլորին ծիծաղեցնում, ու նա ստիպված է հաշտվել իրավիճակի հետ: Որպեսզի մարդիկ խաղան, պետք է համապատասխանել իրենց տրամադրությանը:

Վերջապես: Վաղոն Աշոտին ասում է իր ցանկությունը. հանիր Գայանեի վերնազգեստը: Եթե անհրաժեշտ լինի՝ ուժով:

Լռություն է տիրում: Չլսված, անընդունելի ցանկություն է: Բայց խաղի ռիտուալը սրբության պես պահպանվում է: Ի՞նչ անել:

Ես սահում եմ Գայանեի կողմն ու ականջին ասում՝ վստահիր Աշոտին, նա քեզ չի վնասի:

Մի փոքր դրանից առաջ Աշոտը մրսող Գայանեի ուսերին էր գցել իր վերարկուն: Այժմ նա մոտենում է, վերարկուն վերցնում ու ասում.

- Ներեցեք, մադմուազել, բայց կարծում եմ՝ այս վերարկուն այլևս ձեզ չի պատկանում:

Ես առաջինն եմ ծափահարում: Մնացածը միանում են ինձ:

Վաղոն բողոքում է, սկսում է գոռալ, բայց ես իմպրովիզացիա եմ անում The Mask ֆիլմի միջի Cuban Pete-ի պարը, որին բոլորը միանում են, սկզբում գրեթե հարկադրաբար՝ նաև Վաղոն:

Վարագույր:

No comments:

Post a Comment