Friday, August 9, 2013

Սնոուդենի գործը, մաս առաջին. Patriot Act

Էդվարդ Սնոուդենի ինֆորմացիայի արտահոսքի գործն, իմ կարծիքով, բավականաչափ լուսաբանման չի արժանացել հայալեզու բլոգոսֆերայում: Այնպես որ, ես որոշեցի հոդվածների շարք նվիրել այս թեմային:

Նախ հասկանանք, թե ինչ է PRISM (SIGAD US-984XN) ծրագիրը, որն իրականացվում է Patriot Act օրինագծի շրջանակներում, որն ընդունվել է դեռ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված USA PATRIOT (Uniting (and) Strengthening America (by) Providing Appropriate Tools Required (to) Intercept (and) Obstruct Terrorism) օրինագիծն արձագանք էր Համաշխարհային Առևտրային կենտրոնի վրա 9/11-ի ու դրան հաջորդած սիբիրախտով վարակված նամակների միջոցով տեռորիստական հարձակումներին:

Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.


Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.
  • Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
  • Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
  • Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
  • Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
  • Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ
Patriot Act-ն, օրինակ, հնարավորություն էր տալիս անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալել ցանկացած իմիգրանտի կացության մեջ գտնվող մարդու:

9/11-ը նաև հնարավորություն տվեց Բուշի ու նրան հաջորդած Օբամայի ռեժիմին «տեռորիզմի դեմ պատերազմի» անվան տակ իրականացնել տարբեր ռազմական գործողություններ աշխարհով մեկ: Դրանցից ամենափոքրը չէին Աֆղանստանում և Իրաքում իրականացրած գործողությունները:

Կոնկրետ Իրաքում ռազմական գործողությունների բացատրությունը Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի արտադրությունն էր: Բրիտանացի գիտնական, բրիտանական Պաշտպանության նախարարության աշխատակից Դևիդ Կելլին 2003 թ. հուլիսի 15-ին BBC-ի լրագրող Դևիդ Գիլլիգանի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ բրիտանական կառավարությունն ու պրեմիեր-մինիստր Տոնի Բլերը տեղյակ էին, որ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին տվյալները կեղծված են, ու չնայած դրան՝ միացել են ԱՄՆ ռազմական գործողություններին: Բրիտանիայում քաղաքական փոթորիկ սկսեց:

Դևիդ Կելլիին գտան սպանված 2003 թ. հուլիսի 17-ին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես է CIA-ն լուծում իրեն անհանգստացնող մարդկանց հարցերը, բերեմ Օսվալդո Սանչես Կաբրերայի ու «Արագոնի» օրինակը: Երկուսն էլ КГБ-ի ագենտներ էին Կուբայում, ովքեր Կաստրոյի ռեժիմին զգուշացրեցին Խոզերի ծոցի ներխուժման մասին: Օսվալդո Կաբրերան բռնի մահով մահացավ ներխուժումից անմիջապես առաջ, «Արագոնը»՝ անմիջապես հետո:

(շարունակելի)

No comments:

Post a Comment