Friday, August 9, 2013

Սնոուդենի գործը, մաս առաջին. Patriot Act

Էդվարդ Սնոուդենի ինֆորմացիայի արտահոսքի գործն, իմ կարծիքով, բավականաչափ լուսաբանման չի արժանացել հայալեզու բլոգոսֆերայում: Այնպես որ, ես որոշեցի հոդվածների շարք նվիրել այս թեմային:

Նախ հասկանանք, թե ինչ է PRISM (SIGAD US-984XN) ծրագիրը, որն իրականացվում է Patriot Act օրինագծի շրջանակներում, որն ընդունվել է դեռ Ջորջ Բուշի վարչակազմի օրոք:

2001 թվականի հոկտեմբերի 26-ին ընդունված USA PATRIOT (Uniting (and) Strengthening America (by) Providing Appropriate Tools Required (to) Intercept (and) Obstruct Terrorism) օրինագիծն արձագանք էր Համաշխարհային Առևտրային կենտրոնի վրա 9/11-ի ու դրան հաջորդած սիբիրախտով վարակված նամակների միջոցով տեռորիստական հարձակումներին:

Բուշի ռեժիմին ու 9/11-ի դեպքերին բավականին լավ անդրադարձել է Մայքլ Մուրն իր «Ֆարենհեյտ 9/11» վավերագրական ֆիլմում.


Ինչևէ, օգտվելով 9/11-ի ողբերգության առաջացրած բողոքի ալիքից, ընդունվեց Patriot Act-ը, որով փոփոխություններ մտցվեցին հետևյալ օրինագծերի մեջ.
  • Foreign Intelligence Surveillance Act of 1978 (FISA) / Արտասահմանյան Հետախուզության Դիտարկման Օրինագիծ, 1978
  • Electronic Communications Privacy Act of 1986 (ECPA) / Էլեկտրոնային Կապի Գաղտնիության Օրինագիծ, 1986
  • Money Laundering Control Act of 1986 / Դրամական Միջոցների Լվացման Վերահսկման Օրինագիծ, 1986
  • Bank Secrecy Act (BSA) / Բանկային Գաղտնիության Օրինագիծ
  • Immigration and Nationality Act / Իմիգրացիոն և Ազգային Պատկանելության Օրինագիծ
Patriot Act-ն, օրինակ, հնարավորություն էր տալիս անորոշ ժամկետով առանց մեղադրանք ներկայացնելու ձերբակալել ցանկացած իմիգրանտի կացության մեջ գտնվող մարդու:

9/11-ը նաև հնարավորություն տվեց Բուշի ու նրան հաջորդած Օբամայի ռեժիմին «տեռորիզմի դեմ պատերազմի» անվան տակ իրականացնել տարբեր ռազմական գործողություններ աշխարհով մեկ: Դրանցից ամենափոքրը չէին Աֆղանստանում և Իրաքում իրականացրած գործողությունները:

Կոնկրետ Իրաքում ռազմական գործողությունների բացատրությունը Սադամ Հուսեյնի վարչակարգի կողմից քիմիական զենքի արտադրությունն էր: Բրիտանացի գիտնական, բրիտանական Պաշտպանության նախարարության աշխատակից Դևիդ Կելլին 2003 թ. հուլիսի 15-ին BBC-ի լրագրող Դևիդ Գիլլիգանի հետ զրույցի ժամանակ պատմեց, որ բրիտանական կառավարությունն ու պրեմիեր-մինիստր Տոնի Բլերը տեղյակ էին, որ Իրաքում քիմիական զենքի առկայության մասին տվյալները կեղծված են, ու չնայած դրան՝ միացել են ԱՄՆ ռազմական գործողություններին: Բրիտանիայում քաղաքական փոթորիկ սկսեց:

Դևիդ Կելլիին գտան սպանված 2003 թ. հուլիսի 17-ին: Պաշտոնական վարկածը՝ ինքնասպանություն:

Եթե ձեզ հետաքրքիր է, թե ինչպես է CIA-ն լուծում իրեն անհանգստացնող մարդկանց հարցերը, բերեմ Օսվալդո Սանչես Կաբրերայի ու «Արագոնի» օրինակը: Երկուսն էլ КГБ-ի ագենտներ էին Կուբայում, ովքեր Կաստրոյի ռեժիմին զգուշացրեցին Խոզերի ծոցի ներխուժման մասին: Օսվալդո Կաբրերան բռնի մահով մահացավ ներխուժումից անմիջապես առաջ, «Արագոնը»՝ անմիջապես հետո:

(շարունակելի)

The Birth of a Nation/Ազգի Ծնունդը, 1915

Nihil novi sub sole, ու մեր նացիոնանիստներն էլ այդ հարցում բացառություն չեն:

Որպես ուսումնասիրության նյութ ներկայացնում եմ Դևիդ Լլևելին Գրիֆֆիթի «Ազգի Ծնունդը» ֆիլմը: Այո, այն ռասիստական է, հերոսական տոներով է ներկայցնում Կու Կլուքս Կլան կազմակերպությունը, սևամորթներն այս ֆիլմում «երկիրը քանդող, ազգը պղծող» տականքներ են: Գրեթե հարյուր տարի անց ֆիլմի պնդումները ծիծաղելի են թվում: Իսկ ժամանակին այս տեսանկյունին հակված մարդիկ մեծամասնություն էին կազմում: Առնվազն մինչև 60-ականները ռասիստ լինելը նորմալ էր ԱՄՆ-ում:

Մեր հոմոֆոբ-ռասիստ-նեոնացիստ մասսան իրականում գրեթե նույնությամբ կրկնում է ամերիկյան ռասիստների ուղին, իր բռի պրիմիտիվիզմով, դավադրությունների տեսություններով, փաստերի ու պատմության նկատմամբ կամայական ու անգրագետ վերաբերմունքով ու մարդկանցով, ովքեր իրենց ակտիվորեն կօգտագործեն սեփական շահերի համար:

Թիրախները փոխվում են, հիմարները մնում են նույնը: Մեզ մնում է միայն նվազեցնել նրանց հասցրած վնասը:

Wednesday, August 7, 2013

Ուրվականներ

Իմ ուրվականներն իմ ճանաչած բոլոր մարդկանց անդրադարձումներն են իմ մեջ: Միշտ կանգնած մեջքիս հետևում, մինչև հետ չնայեմ. հենց նայում եմ, կորում են: Մի մասն այնքան աննշան են, որ երևի միայն երազում զգամ իրենց մոտիկությունը:

Կան այնպիսիք, որ պակաս իրական չեն, քան ձեր իրականությունը: Կարևոր մարդիկ, ովքեր կամ հասցրել են մահանալ, կամ դեռ չեն հիասթափեցրել:

Ամեն ուրվական իրականում դուռ է դեպի իմ կյանքի մի հատված, որ ինձ թանկ էր: Բռնում եմ ձեռքն ու վերապրում ամեն ինչ:

Ես այլևս ոչ մի բանի մասին չեմ երազում: Ավելի լավ է նայել հետ, տեսնել այն, ինչ արդեն եղել է, ու դրանով արդեն անբաժանելի է: Ոչ ոք չի կարող ինձնից խլել այդ ամենը: Իսկ եթե խլի հիշողություններս, ինձ համար արդեն մեկ կլինի:

Ու ես երբեք մենակ չեմ:


Եթե ծառն ընկնի անտառում

Երբևէ ցանկացե՞լ ես սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

1տ DXM-ի ազդեցության տակ պառկած ես բազմոցին: Բոլորը մտածում են, որ դու չկաս:

Անունները փոխված են՝ մեղավորներին պաշտպանելու համար:

Աշոտի կյանքում, ինչքան իրեն գիտես, «սև շրջան է»: Այսօր նա փորձում է ֆլիրտ անել Գայանեի հետ: Վաղոն նրա ամենամոտիկ ընկերն է:

Վաղոն կարծես թե ուրախ է, որ Աշոտի մոտ ինչ-որ բան ստացվում է: Քաջալերում է:

Անջատենք էմպատիկ կորրեկցիան (կբացատրեմ, թե ինչ է): Ամեն անգամ, երբ Աշոտը մոտենում է Գայանեին, Վաղոն հայտնվում է իրենց կողքը, կատակներ անում, ուշադրությունը շեղում իր վրա: Տարօրինակ օրինաչափությամբ:

Վաղոն համարում է, որ աշխարհն իր նկատմամբ անարդար է: Նա նախանձում է Աշոտին, չնայած իր անձնական կյանքը շատ ավելի լավ ստատուսում է: Իր ընկերուհին այդ օրն իրեն ցրել է ու չի եկել:

DXM-ի ազդեցության տակ արթնացած պարանո՞յա: Միգուցե: Բայց տեսնենք:

Էմպատիկ կորրեկցիան տականք երևույթ է: Երբ մարդու մասին պատկերացում ունես, սկսում ես նրա արարքները մեկնաբանել ըստ այդ պատկերացման: Ու հաճախ նաև ուղղորդել նրա արարքները, լրացնել նրա խոսքերն այնպես, որ նա բոլորի համար դառնում է այնպիսի մարդ, ինչպիսին դու նրան պատկերացնում ես:

Դրա համար էլ կարևոր է սենյակը տեսնել, երբ դու սենյակում չես:

Վաղոն իրեն լքված է զգում, սկսում է լաց լինել, բռունցքով հարվածել պատին: Այժմ նա բոլորի ուշադրության կենտրոնում է: Բոլորը պատրաստ են ենթարկվել նրա քմահաճույքներին: Ես անշարժ պառկած եմ բազմոցին:

Правда или действие են խաղում: Վաղոն իր ցանկություններով փորձում է ստորացնել ինչ-որ մեկին, ինչ-որ մեկի հագուստը հանել և այլն: Ես խեղկատակի կերպարի մեջ եմ մտել. խեղկատակին ամեն ինչ կարելի է: Հարամում եմ Վաղոյի բոլոր ցանկությունները: Երբ ալկոհոլն ու անհամբերությունը կանեն իրենց գործը, նա բացահայտ կխաղա:

Ամեն անգամ, երբ Վաղոն բորբոքվում է, ես կատակում եմ, բոլորին ծիծաղեցնում, ու նա ստիպված է հաշտվել իրավիճակի հետ: Որպեսզի մարդիկ խաղան, պետք է համապատասխանել իրենց տրամադրությանը:

Վերջապես: Վաղոն Աշոտին ասում է իր ցանկությունը. հանիր Գայանեի վերնազգեստը: Եթե անհրաժեշտ լինի՝ ուժով:

Լռություն է տիրում: Չլսված, անընդունելի ցանկություն է: Բայց խաղի ռիտուալը սրբության պես պահպանվում է: Ի՞նչ անել:

Ես սահում եմ Գայանեի կողմն ու ականջին ասում՝ վստահիր Աշոտին, նա քեզ չի վնասի:

Մի փոքր դրանից առաջ Աշոտը մրսող Գայանեի ուսերին էր գցել իր վերարկուն: Այժմ նա մոտենում է, վերարկուն վերցնում ու ասում.

- Ներեցեք, մադմուազել, բայց կարծում եմ՝ այս վերարկուն այլևս ձեզ չի պատկանում:

Ես առաջինն եմ ծափահարում: Մնացածը միանում են ինձ:

Վաղոն բողոքում է, սկսում է գոռալ, բայց ես իմպրովիզացիա եմ անում The Mask ֆիլմի միջի Cuban Pete-ի պարը, որին բոլորը միանում են, սկզբում գրեթե հարկադրաբար՝ նաև Վաղոն:

Վարագույր:

Emancipation

Ընդհանուր առմամբ, սովորաբար նման բաները ծանր եմ տանում, ու այս անգամ տարօրինակ թեթև էր: Հետո հասկացա, որ գիտեմ, թե կոնկրետ քանի ամիս է անցել:

Երևի պատճառն այն էր, որ դրանից մի քանի ժամ առաջ Հաուսի 5-րդ սեզոնի «Emancipation» սերիան էի նայել, ու երեխաներին հենց տեսա՝ համարյա ճանաչեցի: Աչքերս լցվեցին:

Դրա համար էլ, երբ խոսեցինք, պինդ էի:

Սովորաբար նման խոսակցությունների դեպքում ես արագ եմ կոտրվում: Եթե ինչ-որ մեկը կարողացել է այդ աստիճան մոտիկ լինել ինձ հետ, ես երևի ամբողջ կյանքում սրտից ու ուղեղից փափուկ լինեմ իր նկատմամբ: Այս անգամ ամեն ինչին դիմացա, սարկազմին էլ, մեղադրանքներին էլ:

«Կարոյի հետ էի խոսում, ասում էր՝ ինձնից հետո ութ հոգու փոխել ես»:

«Իրականում՝ շատ ավելի, Արև»:

Եթե քեզ համար դա նշանակություն չուներ, ի՞նչ իմաստ ուներ Կարոյի միջոցով (գրողը քեզ տանի, Կարո, ու դու ընկեր ես կոչվում) իմ անձնական կյանքը փորփրել: Եթե ուներ, ինչու՞ մի տարի առաջ չէիր ասում:

Ցանկացած դեպքում, դու ինձնից լավ գիտես, որ երկուսս էլ վերադարձող տեսակին չենք պատկանում:

Friday, July 26, 2013

Լուսանկարների թվային մշակում

Ընդհանուր առմամբ, թվային մշակումը մի բան է, որին որոշ լուսանկարիչներ, նամանավանդ Հայաստանում, մի քիչ վատ են նայում: Խնդիրն այն է, որ թվային մշակման միջոցով կարելի է, տեսախցիկի կարգավորումներին բավականին քիչ տիրապետելով, ստանալ բավականին բարձր արդյունք, ինչպես նաև շրջանցել տեսախցիկի որոշ տեխնիկական սահմանափակումներ, բայց մյուս կողմից՝ մեծ է գայթակղությունն անցնել բոլոր չափերն ու լրիվ անճաշակ բան ստանալ:

Ցանկացած դեպքում, դիտարկենք թվային մշակման դրական կիրառումը: Ահա մի լուսանկար, որ ես արել էի երկու տարի առաջ իմ Canon PowerShot A410-ով.
 

Տեսախցիկի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին ավելի լավ պատկեր ստանալ, ցավոք: Ակնհայտ թերություններից են՝ լուսանկարը չափազանց մուգ է, ինչից տուժում է տարածականությունը, ու կա անհամաչափ կապույտ color cast:

Փրկելու տարբերակ մեկ՝ լուսանկարը դարձնել մոնոխրոմատիկ.





Nik Color Efex Pro 4 փլագինը իր գործը բավականին լավ է արել (B/W Conversion ու Detail Extractor ֆիլտրերով + շատ քիչ Film Grain, բայց դա արդեն առանձին պատմություն է): Ինչևէ, ես ուզում էի պահպանել նկարի գույներն ու ազատվել color cast-ից: Photoshop-ով մոտ կես ժամ մշակելուց հետո ստացվեց այ այսպիսի արդյունք.




Իհարկե, կատարյալ չի, բայց երևի լավագույն արդյունքն է, որ կարելի է ստանալ նման լուսանկարից: Կարճ ասած՝ սպասեք նոր ուսուցողական նյութեր այստեղ:

Monday, July 22, 2013

Երթուղայինների մասին

Երևի գիտեք, ես ծայրամասային թաղամասում եմ ապրում, ոտքիս վիճակն էլ այն չի, որ ասեմ թքած՝ անցնեմ քայլելուն: Երթուղայիններն, ավտոբուսներն ու տրոլեյբուսի 15 համարն այս թաղամասը քաղաքի մնացած մասերի հետ կապող հիմնական միջոցն են:

Ամեն անգամ կենտրոն իջնելիս ես երթուղային եմ նստում: Այս երկու օրն էլ, որ նորից սկսել եմ տնից դուրս գալ: Մի մտածեք, թե ինձ համար ավելի հեշտ է վարորդին 100 դրամ տալ ու հետո բացատրել, թե ինչու: Նամանավանդ որ վարորդներից ոմանք նույն թաղամասի բնակիչներ են:

Բայց արդյո՞ք դա ավելի վատ է, քան հաշտվելը:

Երեկոյան կանգառում մի խումբ շատ լավ երեխաներ թռուցիկներ են փակցնում երթուղայիններին ու ավտոբուսներին: Եթե ընտրեմ «հեշտ ճանապարհն» ու 150 տամ, իրենց կողքով անցնելիս պիտի աչքերս կախեմ ու հուսամ, որ չեն նկատի ինձ: Ոչ, իմ արժանապատվությունն ավելին արժի, քան մի փոքրիկ վեճը վարորդի մեջ: Այն էլ երբ ես ճիշտ եմ:

Այդ երեխաներից շատերի կողքին ես պատիվ եմ ունեցել կանգնել Մաշտոցի պուրակում, Ազատության հրապարակում ու այլ պայքարների ժամանակ:

Կարծիք կա, որ այս պայքարից տուժում են երթուղայինների վարորդները, որոնք ընտանիք են պահում: Բայց ախր երթուղայինների ուղևորները նույնպես հավանաբար ընտանիք են պահում: Ու նրանց համար երևի ավելի հեշտ չէ ընտանիք պահելը, քան երթուղայինների վարորդների համար: Ո՞ր երթուղայինի վարորդը կարող է գիտակցաբար  իր երեխայի համար մի կտոր ավել հաց գնել, իմանալով, որ դրա պատճառով ինչ-որ մեկի երեխան լրիվ անարդար մի կտոր պակաս հաց է ուտելու:

Երթուղայինների վարորդները պետք է հասկանան, որ իրենց վրա պահանջներ դնելով՝ իրենց միջոցով են թալանում ժողովրդին: Իրենք գործիք են, ու մեղքի մի մասն էլ հենց իրենց խղճին է:

Բարեբախտաբար, վարորդների մի մասն ավելի մարդկային և ուժեղ է, քան կարելի էր սպասել: Չեն էլ պահանջում 150 դրամ վճարել, նույնիսկ քաջալերում են 100 դրամ վճարելը: Վարորդները պետք է հասկանան, որ 150 դրամանոց վճարողն է իրականում իրենց թշնամին. եթե բոլորը 100 վճարեին, երթուղայինների բոլոր գծերը կկանգնեին փակվելու վտանգի առաջ ու ուղեվարձն արդեն ՍՏԻՊՎԱԾ կիջեցնեին 100 դրամի:

Որոշ վարորդներ էլ հայհոյում են ուղևորներին, ովքեր 100 դրամ են տալիս: Ոչինչ, այդպիսիք էլ են պատահում: 100 դրամ վճարած մարդը տուն է գնում մի փոքր նյարդայնացած, բայց զգացողությամբ, որ մասնակցել է պայքարին: Իսկ երթուղայինի վարորդն, ով նրան այդ օրը հայհոյել է, գլուխը դնում է բարձին, գիտակցելով, որ ինքն ընդամենը մի խումբ օլիգարխների օգտագործած պահպանակն է, որը հենց պետք չլինի՝ կշպրտեն աղբարկղը:

Thursday, July 4, 2013

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու դեմ օրենքի մասին

Ինչը կարող էր ինձ երկարատև բլոգային արձակուրդից վերադարձնել՝ կամ քրիստոսը, կամ պուտինը:

Տվյալ դեպքում՝ երկուսը միաժամանակ:

Այս տարի գարնանը Պուտինը որոշեց քրեական կոդեքս մտցնել օրենք «հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար», որը նախատեսում էր մինչև 3 տարի ազատազրկում, մինչև 500,000 ռուբլի տուգանք և այլն: Իրականում օրենքը մերժեցին «համաձայնելով օրենքի քննադատների մտավախությունների հետ»... ու նույն պատժամիջոցները նույն պայմաններով մտցրեցին քրեական օրենսգրքի 148 հոդվածի մեջ («խղճի ու հավատի ազատությանը խոչընդոտելու համար»):

Եկեք պարզեցում մտցնեմ, որ ավելորդ նեղացած մարդիկ չլինեն. եթե դուք հավատացյալ եք, ու համարում եք, որ նման օրենքն ավելորդ, անմարդկային, ապուշ բան է, ապա ես ձեզ հարգում եմ ու հոդվածի շարունակությունը ոչ մի կերպ ձեզ չի անդրադառնում: Եթե դուք համարում եք, որ սա հիանալի օրենք է, ու որ Հայաստանում էլ է նման օրենք պետք, բացատրեմ, թե ինչպես կարելի է մեկնաբանել նման օրենքի ընդունումը.
  • տարբերակ 1. ձեր աստվածը փոքրիկ վախկոտ քած է ու ի վիճակի չի պաշտպանել սեփական հավատացյալների զգացմունքները
  • տարբերակ 2. ձեր աստվածը նման օրենքի պաշտպանության կարիքը չունի, բայց թքած ձեր աստծո կարծիքի վրա
  • տարբերակ 3. ձեր աստված գոյություն չունի, բայց նրան վիրավորել, միևնույն է, չի կարելի
Բեեե, սիրելիներս: Իսկ հիմա նայենք՝ ինչքան բաներ կարող են վիրավորել տարբեր հավատացյալների զգացողությունները: Աստվածաշունչը (այս անգամ մեջբերեմ Նոր Կտակարանից).
քանի որ Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը. որովհետեւ Աստուած իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպէսզի աշխարհը նրանով փրկուի։ Ով նրան հաւատում է, չպիտի դատապարտուի, եւ ով նրան չի հաւատում, արդէն իսկ դատապարտուած է, քանի որ Աստծու միածին Որդու անուանը չհաւատաց։
(Յհ 3:16-18)
Կամ կարող եք կարդալ Պողոս առաքյալի առաջին թուղթը կորնթացիներին, մասնավորապես՝ Ը գլուխը:

Ղուրանը.
Պայքարեք նրանց դեմ, ովքեր չեն հավատում Ալլահին ու Վերջին Օրվան, ոչ էլ պահպանում են արգելքները, որոնք դրվել են Ալլահի ու նրա Մարգարեի կողմից, ոչ էլ ընդունում են Ճշմարտության հավատը, (եթե նրանք նույնիսկ) Գրքի Ժողովուրդ են, մինչև նրանք կամավոր հնազանդությամբ Ջիզյա կվճարեն (անհավատների համար նախատեսված հատուկ հարկ ծ.թ.), ու իրենց ենթարկեցված կզգան:
9:29
Խոզի միս ուտելն ու ալկոհոլ խմելը, որովհետև դա վիրավորում է մահմեդականներին: Նույնասեռականությունն ու տարբեր կտորներից կարված շոր հագնելը, որովհետև դա վիրավորում է քրիստոնյաներին: Սպագետի ուտելը, որովհետև դա վիրավորում է պաստաֆարիաններին: Տավարի միս ուտելը, որովհետև դա վիրավորում է հինդուիստներին: Պետք է ջարդել բոլոր սրբերի ու աստվածների արձանները, որովհետև արաքյալականների մոտ դա կռապաշտություն է ու վիրավորում է իրենց զգացմունքները:

Իհարկե, հավատացյալների մեծ մասը կարծում է, որ հենց իրենց հավատն է միակ իսկականը, ու հենց միայն իրենց նուրբ զգացմունքներն է պետք պաշտպանել, իսկ մնացածի վրա թքած:

Այս դեպքում ձեզ նվիրվում է.
Օրինագծի լրիվ տեքստն՝ այստեղ:

Monday, May 20, 2013

Մառազմատիկ օրենք Ադրբեջանում. հայի հետ շփվելը՝ քրեական հանցագործություն

Kultura.az-ից հայտնում են՝ Ադրբեջանում առաջադրվել է «Ադրբեջանական հանրապետության օկուպացված տարածքների մասին» նոր օրինագիծ, ըստ որի Ադրբեջանի մասնավոր ու իրավաբանական անձանց արգելվում է որևէ համագործակցություն ունենալ Հայաստանի պետական, մասնավոր, առևտրային ու ոչ առևտրային որևէ սուբյեկտի հետ աշխարհի ցանկացած կետում: Կարճ ասած՝ նույնիսկ չբարևել հայերին, մինչև հայերն Արցախը հետ չտան:

Մոտ ապագայում օրինագիծն Ադրբեջանի պառլամենտում քննարկման կդրվի:

Կեցցե Անդրկովկասը՝ մարդու իրավունքների տեսանկյունից ամենադալբայոբ տարածաշրջանն աշխարհում:

Բռնություն Վրաստանում. Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը վերածվում է հոմոֆոբների տոնի

Իհարկե, մենք երևի արդեն հաշտվել ենք այն մտքի հետ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա ու մարդու իրավունքների ակտիվիստներին ընդունված է տալ «գրանտակեր» վիրավորական որակումը, բայց երեք օր առաջ Վրաստանը մեզ թքեց-անցավ: Ավելին՝ տեղական մաֆիան եկեղեցին նույնպես ցույց տվեց իր դեմքը (ինչը մեզ էլ պետք է նախազգուշացում հնչի՝ եթե եկեղեցին հնարավորություն ունենար վառել մարդկանց, որոնց նզովում է, նա դա կաներ):

Ինչպես հայտնում են մեր ընկերները Unzipped: Gay Armenia բլոգից (ու եթե ձեզ նեղում է այն փաստը, որ ես LGBT խնդիրներով զբաղվող բլոգն անվանում եմ ընկեր, давай до свидания), տեղական իրավապաշտպան ակտիվիստները մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, որոշել էին 30 րոպեանոց լուռ ֆլեշմոբ անել, որով ուշադրություն կգրավեին LGBT մարդկանց խնդիրների նկատմամբ:

Արդյունքում՝ որոշ հաշվարկներով մինչև քսան հազարի հասնող հոմոֆոբ ամբոխ, որոնց առաջնորդում էին ուղղափառ տերտերները (այսօրվանից վրացական տերտերներին ես անվանելու եմ «տաբուրետկա», ցույց կտամ, թե ինչու): Արդյունքում՝ բռնություն, կատաղած ամբոխ ու լիքը նման բաներ:
Լուսանկարը՝ Օննիկ Կրիկորյանի
Արդեն հայտնի «տաբուրետկայով հարձակվող» նկարը, աղբյուր՝ liberal.ge
Ինձ թվում է՝ ամոթանքի խոսքերը վրացական հանրությանն ու գերագույն տաբուրետկա պատրիարք Իլյային ուղղելն արդեն անիմաստ է, վրաստանի հոմոֆոբներն ու տաբուրետկաներն արդեն ապացուցել են իրենց անամոթ ու պադոշ լինելը: Բայց պետք է ֆիքսել, որ դրանով վրացական եկեղեցին ինքն իրեն դրել է նույն մակարդակի վրա, որին պատկանում են, ասենք, ամերիկյան անասուն կրոնական երևույթները՝ Wesboro Baptist Church-ն ու նման այլ զիբիլներ: Այլ կերպ ասած, այն կրոնական կառույցը, որն ԱՄՆ-ում շիզոների խումբ է համարվում, Վրաստանում գերիշխող կրոնական կառույց է:

Ամբողջ տարածաշրջանը վերածվում է մարդու իրավունքների դժոխքի: Համոզված եղեք, եթե այս երկրների կառավարությունները ստիպված չլինեին գոնե ցուցադրաբար ու գոնե էպիզոդիկ պահպանել ՄԻԵԿ դրույթները, այն բոլոր մեղադրանքները, որ հնչում են մուսուլմանական երկրների հասցեին, կարելի կլիներ հնչեցնել նաև մեր հասցեին:

2013 թ. մայիսի 17-ը վրացական պատմության մեջ կհիշվի որպես ամոթի ու ստորացման օր: Իսկ վրացական եկեղեցին՝ որպես անհանդուրժողականության, բռնության ու հալածանքի որջ:

Unzipped: Gay Armenia բլոգի երեք հոդվածներն այս թեմայով.