Wednesday, June 15, 2011

Եվս մեկ ցավոտ թեմա

Այս տարին աչքի է ընկնում նրանով, որ ավելի ու ավելի հաճախ է քննարկվում մի թեմա. անչափահասների նկատմամբ բռնություն, անչափահասների մարմնավաճառություն և այլն:
Չեմ կարող ասել, վերոհիշյալ երևույթն է առավել մեծ տարածում ստացել, թե ականատեսներն ու զոհերն են դադարել լռել. ավելի հակված եմ երկրորդ տարբերակին:
Թեման ցավոտ է, այն դժվար է քննարկել, բայց անհրաժեշտ է: Լռությունն ամրացնում է տաբուն, տաբուն ստիպում է զոհերին ամոթահար զգալ, որ իրենց հետ նման բան է պատահել, նրանց մոտ խորացնում է զոհի հոգեբանությունն ու ստիպում է լռել:
Ստորև կբերվեն մի քահի ինտերնետային աղբյուրների հրապարակած նյութերն այս թեմայով: Իհարկե, նյութերի ամբողջականությունն ու հավաստիությունն աղբյուրների պատասխանատվությունն է, բայց ես փորձել եմ ընտրել հնարավորինս հեղինակավոր ու այլ աղբյուրների ներկայացրածի հետ քիչ բախումներ ունեցող տարբերակները:
  • Hetq.am - Գորիսում հայրը բռնաբարել է աղջկան: Նյութը տեղադրվել է մայիսի 31-ին: 14-ամյա աղջիկը հոր կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո, պարզվել է, որ հղի է: Ամսի 14-ի տվյալներով, ինչպես հայտնում է Epress-ը, աղջկա հղիությունն ավարտվել է, իսկ նրա հայրը դեռևս գտնվում է ազատության մեջ:
  • Դեռ 2010-ի դեկտեմբերի 3-ին Հրապարակը նյութ էր հրատարակել հասարակական խորհրդում պեդոֆիլի առկայության մասին: Նյութն, իհարկե, գտնել չհաջողվեց, բայց այս հոդվածում պատմվում է թե նյութի ճակատագրի, թե պեդոֆիլի ինքնության մասին: Խոսքը գնում է «Մետալ-Փրինս» պղնձաարդյունահանման ձեռնարկության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի մասին: Նյութը տեղադրվել է այս տարվա փետրվարի մեկին:
  • Առաջին լրատվականն այսօր (հունիսի 15-ին) հայտնում է, որ Աշտարակ քաղաքում 40-ամյա տղամարդու նկատմամբ, ով սեռական ոտնձգություններ էր իրականացրել 4-ամյա աղջկա նկատմամբ, քրեական գործ է հարուցվել: Հրապարակը նույնպես նշում է դեպքի մասին ու հայտնում, որ դատական բժիշկները, բուն բռնաբարության հետքեր չհայտնաբերելով աղջկա վրա, ապացույցներ չեն փոխանցել ոստիկանությանը, որոնց հիման վրա կարելի էր քրեական գործ հարուցել:
  • Ու կրկին առաջին րատվականը. հունիսի 13-ին տեղադրված նյութում նշվում է սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մերձակայքում տղամարդ-մարմնավաճառների «կլիենտ կպցնելու» վայրի մասին, ինչպես նաև անդրադառնում մարմնավաճառների մեջ 10 տարեկանից սկսած տղա երեխաների առկայությանը:
Կարծում եմ՝ սա իրական պատկերի չնչին մասն է. բլոգային հոդվածի ֆորմատն ինձ հնարավորություն տվեց միայն չորս դեպքի անդրադառնալ: Կարծում եմ՝ այս ամենը մեզ գոնե մտածելու տեղիք է տալիս: Այսքան մարդիկ կան, որոնք մեր օգնության կարիքն ունեն: Այսքան ակնհայտ չարիք կա հենց մեր կողքին: Իսկ ոստիկանությունն էմոներով է զբաղվում, կաթողիկոսը՝ աղանդավորականներով: Իսկ երեխաների մասին ո՞վ է հոգ տանելու:
Ձեր անկախ լրագրող՝
Բ. Պողոսյան

No comments:

Post a Comment